Ադրբեջանի կողմից Արցախի բռնագրավված տարածքներում պատմամշակութային հուշարձանների, վանքերի ու եկեղեցիների սրբապղծումն այս երկրի իշխանությունների հայատյաց քաղաքականության անբաժան մաս է դարձել: Օգտվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների՝ Արցախ կատարելիք այցի «տեխնիկական» ձգձգման հանգամանքից՝ այստեղ ավելի են սաստկացրել քարոզչությունը միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով՝ ջանալով սեփականաշնորհել դարերի ընթացքում ստեղծված պատմամշակութային արժեքները, այն ամենը, ինչը հայկական է, քրիստոնեական: Այդ հանցավոր գործողությունը վերջերս իր գագաթնակետին հասավ, երբ Սբ Հարության տոնի կապակցությամբ ադրբեջանցիները, զավեշտական մի նոր բացահայտում կատարելով, իրենց երկրի ուդիների համայնքի հոգեւորականներին «նվիրաբերեցին» Հադրութի Սբ Աստվածածին եկեղեցին: Հատկանշական է, որ ազերի «հնագետները» պնդում են, թե անգամ եկեղեցու շրջապատի միջնադարյան հին տապանաքարերի գրություններն են, իբր, հայերի կողմից կեղծված, եւ թե դրանք «աղվանական» ծագում ունեն…
Զարմանալով ադրբեջանցի «գիտնականների» հերթական «բացահայտումների վրա»՝ ակամա հիշեցի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի այն խոսքը, թե «մեր հարեւաններն այնքան ինքնավստահ են, սանձարձակ, որ նույնիսկ փորձել են Ամարասի վանքն ադրբեջանացնել…»: Տիգրանակերտի հնագիտական արշա-վախումբը, որի աշխատանքները գլխավորում էր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, 2014 թ. ԱՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջու-թյան ու պատմական միջավայրի պահպանության վարչության համաձայնությունն ստանալուց հետո ձեռնամուխ եղավ Ամարասի վանքում պեղումներ իրականացնելու աշխատանքներին: Ինչպես արշավախմբի ղեկավարն է խոստովանում, տեղանքում պա-տասխանատվության բարձր զգացումով, ուժերի գերլարումով են աշխատել հնագետնե-րը: Չէ՞ որ հոգեւոր, պատմամշակութային անփոխարինելի արժեքներից մեկին են հաղոր-դակցվել, եւ յուրաքանչյուր սանտիմետր պեղելու ժամանակ բացառիկ զգուշավորություն էր պահանջվում նրանցից: Առաջին արդյունքները գերազանցեցին խմբի անդամների ակնկալիքները: Վաղ քրիստոնեական երկրորդ եկեղեցու խորանի տակ դամբարանի հայտնաբերումը հուշեց եկեղեցական մեկ այլ խորանի տակ գտնվող դամբարանի՝ Ամա-րասի Ս. Գրիգորիսի դամբարանի մասին, որն իր ընդգծված խորհրդավորությամբ միշտ էլ գայթակղել է հնագետներին: «Գոցված» դամբարանի վերաբերյալ տեղաբնակների բազ-մաթիվ ավանդազրույցներն այսօր էլ ակտիվորեն շրջանառվում են ժողովրդի մեջ՝ փո-խանցվելով սերնդեսերունդ:
Ոգեւորված վանքի տարածքում կատարված պեղումների արդյունքներից՝ հնագիտական արշավախմբի անդամների ջանքերի շնորհիվ եկեղեցու արեւելյան պատի մոտ արված աշխատանքները պսակվեցին հաջողությամբ: Գիտնականների համար վաղուց ակնհայտ էր, որ Ս. Գրիգորիսի դամբարանի ճարտարապետական կերպը խիստ խեղաթյուրված է: Հ. Պետրոսյանի խոսքով՝ Ամարասի վանքում նախկինում էլ պեղումներ արվել են, ընդ որում՝ ադրբեջանցիների կողմից: Սակայն ազերի գիտնականներն առավել շահագրգռ-ված էին պատմական հուշարձանն ադրբեջանականացնելու, քան գիտական որեւէ նորու-թյուն հանրությանը ներկայացնելու: Ասել է թե՝ հուշարձանը նրանց համար պարզապես սիրողական մակարդակի առարկա է եղել, ինչի մասին վկայում է եւ Հ. Պետրոսյանը: «1989 թ. ադրբեջանական ինչ-որ արշավախմբի կողմից, իբր, պեղումներ են իրականաց-վել վանքում,- ասում է նա:- Մեզ առնվազն տարօրինակ է թվում, որ նրանց աչքը ոչինչ չի տեսել: Այստեղ աշխատելու ժամանակ հողից հանվել է մի շիշ, որի մեջ նույն արշավախմ-բի կողմից այսպիսի գրություն էր թողնվել. «Պեղեցինք ու այդպես էլ ոչինչ չգտանք»: Ու մտածում ես, մի՞թե կարելի է այդքան թերահավատ լինել ու զավեշտական ենթադրություն անել: Ըստ երեւույթին՝ նրանց ձեռնտու չի եղել հայկական որեւէ հետք տեսնել ճարտա-րապետական այս հզոր կառույցում եւ, հասկանալի պատճառով, խուսափել են շարունա-կել որոնումները»:
Տիգրանակերտի արշավախմբի ղեկավարի հավաստմամբ՝ հաջողվել է պեղումների արդ-յունքում հայտնաբերել մատուռի արեւելյան հատվածի համարյա ողջ կառուցվածքը: Հատկանշական է, որ Ս. Գրիգորիսի դամբարանի նորահայտ մասը եկեղեցու ժամանակա-կից բակից ավելի քան 2.5 մետր ցածր մակարդակի վրա է, ինչը, Հ. Պետրոսյանի համոզ-մամբ, նշանակում է, որ դարեր առաջ սրբավայրն ավելի ցածր տեղադրություն է ունեցել, եւ հետագա կառուցապատումները, այդ թվում եւ ներկա եկեղեցին, կառուցվել են հենց դրանց վրա: Մատուռն ավելի ընդարձակ է եղել՝ արեւելքից արեւմուտք ձգված, սակայն 9-րդ դարում, երբ կառուցվում էր ժամանակակից եկեղեցին, խորանի տակ առնվեց մատու-ռի միայն մի մասը: Եվ հնագետը կարծում է, թե «շինարարները ստիպված են եղել կիսել կառույցը, որովհետեւ հնարավոր չէր այն ամբողջապես ներառել բեմի տակ, քանի որ կխախտեր եկեղեցու ծավալաճարտարապետական լուծումը»:
Պեղումներից հետո, երբ արդեն բացվել է Ս. Գրիգորիսի մատուռի արեւելյան մասը, բնա-կանաբար, հարցականներն ավելացել են, քան պատասխանները: Դեռեւս լիովին բացա-հայտված չեն բոլոր մատուռները, որ արեւելյան մուտք են ունեցել: Հաջորդ առեղծվածը կապված է մատուռի արեւելյան մուտքի առջեւ լայնորեն բացված սալահատակի հետ: Հ. Պետրոսյանի խոսքով՝ նույնիսկ վաղ քրիստոնեական ամենաշքեղ տաճարներն այդպիսի սալահատակ չունեին: Նման նյութը խորհելու առիթ է տալիս: Հնագետը համոզված է, որ դեպի արեւելք պեղելու դեպքում հնարավոր է ուրիշ կառույցներ էլ գտնել: Ուստի ավելի է հավանական դառնում այն հիմնավորումը, թե Սբ Գրիգորիսի մատուռ-դամբարանը կա-ռուցապատման եւ ծիսական արարողությունների մի բաղկացուցիչ մասն է եղել: Պեղումներից հայտնաբերված նյութերից գիտնականը մասնավորապես առանձնացնում է մարդու կմախքի մնացորդները, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ս. Գրիգո-րիսի մասին շրջանառվող ավանդազրույցների «համայնապատկերում»:
Հատկանշական է, որ Ամարասի եկեղեցու խորանի տակ գտնվող տապանաքարը տե-ղադրվել է 19-րդ դարում, իսկ կմախքի առաջին ուսումնասիրությունները կատարել է Տիգ-րանակերտի արշավախմբի մարդաբան Պոլ Բեյլին: «Ավանդույթի համաձայն՝ խոսքն այս-տեղ 25 տարեկանից բարձր չափահաս մարդու ոսկորների մասին է,- նշում է Համլետ Պետրոսյանը:- Իսկ թե դրանք որքանով կարող են առնչվել 5-րդ դարի իրողությունների հետ, այդ ուղղությամբ ուսումնասիրությունների շարունակությունը ցույց կտա»:
Կարեւորելով պեղումների ուսումնասիրությունների անհրաժեշտությունը. գիտնականները պակաս շահագրգռված չեն համալիրի հիմնանորոգմամբ: ԱՀ կառավարության աջակցությամբ տարիներ առաջ մասնակի նորոգումներ իրականացվել են այստեղ: Սակայն վանական համալիրում պատկերն էապես վերափոխվեց, երբ «Լույս» հիմնադրամի միջոցներով 2019-ին լայն թափով մեկնարկեցին վերականգնողական աշխատանքները:
«Գարդեն» ընկերության աշխղեկ Արման Գաբրիելյանի հավաստմամբ՝ ծրագրի ավելի քան 60 տոկոսն արդեն իրագործված է, եւ ներկայում ավարտական փուլի աշխատանքներ են տարվում վանքի շրջակայքում: Նրա տեղեկացմամբ՝ «օժանդակ շինությունները» հիմնականում վերականգնված են, եւ նոր տանիք է տեղադրվել: Բարելավվել են նաեւ ենթակառուցվածքները, սալապատվել է ինչպես վանքի, այնպես էլ շրջակա կառույցների հատակը: Նորոգվել են չորս բուխարիներ, վերականգնվել շարքից դուրս եկած սրբատաշ անկյունաքարերն ու որմնախորշերը, բացակայող պատուհաններին եւ դռներին փոխարինել են նորերը, որոնք պատրաստվել են հատուկ փայտանյութից: Հատկանշական է, որ պատերի նորոգումն ու հարդարումը կատարվել է տեղական շինանյութերով, եւ, մասնագետների համոզմամբ, «դրանք բավական դիմացկուն են ու երկար կյանք կունենան»…
Ըստ Ա. Գաբրիելյանի, վերականգնողական յուրաքանչյուր աշխատանք իրականացվում է «սիրով եւ գուրգուրանքով, Աստծո հանդեպ նվիրումով»: Շինարարները քաջ գիտակցում են իրենց ստանձնած առաքելության կարեւորությունը եւ ձգտում են հավատարիմ մնալ նախագծի պահանջներին, աշխատել բծախնդրությամբ, անել հնարավորը, որպեսզի պահպանվի վանական համալիրի ամբողջական նկարագիրը, եւ «Ամարասի դեմքը չխաթարվի»… «Լույս» հիմնադրամի պատասխանատուների հավաստմամբ՝ 2023 թ. աշնանը լիովին ավարտված կլինեն Արցախի պատմամշակութային հուշարձանների գլուխգործոց համարվող հինավուրց վանքի վերականգնման աշխատանքները, եւ նորոգ, վերածնված Աստծո տունն իր դռները կբացի ուխտավորների առաջ…