Հակոբ Հակոբյանի «Մայրը երեխային կերակրելիս» կտավը, իհարկե, կերակրող մոր ռաֆայելյան հովվերգական պատկերների հետ չի համեմատվի… Եթե ռաֆայելյան գեղանկարները կրծքով կերակրող մոր պաշտամունքն են արտահայտում, նրա հպարտությունն ու բնազդային անհանգստությունը որդու ճակատագրի հանդեպ, ինչը հայտնի է դեռեւս հազարամյակների պատմություն ունեցող՝ կանացիության ու մայրության իդեալը մարմնավորող հին եգիպտական Իսիդիս աստվածուհու առասպելական կերպարից, Հակոբյանի մոր պատկերը խտացնում է հայ ժողովրդի ողբերգական շրջանի պատմության ցավն ու անդարմանելի վիշտը, ապրելու կամքը…
Հակոբ Հակոբյանն իր մասին ասում է. «Ես մեծ նկարիչ մը չեմ, նշանավոր, ինչպես Սարյանը, այդպես չէ, ամեն մարդ չի կրնա մեծ ըլլալ, ամեն գրող չի կրնա Չարենց ըլլալ: Ինձ համար իմ չափովս աշխատում եմ, նկարում, ու մարդիկ հավատում են, դժգոհ չեմ կյանքիցս»: Արձանագրենք միայն, որ արվեստը նման համեմատություններ չի սիրում, քանզի եթե կա արվեստ, այն այլ կտրվածքով է համեմատելի՝ արտահայտչամիջոցներով, կերպով, նպատակով. ինչպես որ մարդն է տարբեր, այնպես էլ նրա աշխարհայացքը, գործը, եւ բազմազանությունն է կյանքի հետաքրքրությունը, առաջ մղող ուժը. անհնար է անվերջ հիանալ կամ սնվել միայն ռաֆայելյան կտավներով, Սարյանի գույներով կամ Հակոբյանի տոնայնությամբ, ինչպես որ անհնար է անվերջ Չարենց կամ Տերյան ընթերցել… Արվեստի աշխարհն անսպառ է որպես կյանքը, եւ յուրաքանչյուրն այնտեղ իր ասելիքն ունի, այդ աշխարհն ամբողջացնելու իր մասնիկը՝ անկախ նրանց տրված այս կամ այն, հաճախ՝ սուբյեկտիվ գնահատականներից, մեծ ու փոքր աստիճաններից։
Հակոբ Հակոբյանի գունապնակը առավել հարազատ է թերլեմեզյանականին, սակավ գույներով շատ բան ասելու վարպետությանը։ «Ես օժտված չեմ գունային մեծ դիապազոնով, ինչպես, օրինակ, Սարյանը, Մինասը, Կալենցը: Իմը շատ սահմանափակ դիապազոն է` սպիտակ, մոխրագույն, օխրա… այդպես: Եթե փորձեմ կարմիր-կապույտ` չի ստացվի, կեղծ բան կըլլա: Բայց երբ ես նկարում եմ սեւով, սպիտակով, օխրայով, մարդիկ սա ընդունում են: Սա իմ նկարչությունն է»,- այսպես է բնութագրում իր արվեստը նկարիչը։ Եվ, իսկապես, այն, ինչ վրձնում է Հակոբյանը, անհնար է պատկերացնել վառ գույներով, ինչպես «Ո՛չ նեյտրոնային ռուբին», «Վիշտ», «Մայրը երեխային կերակրելիս», «Եգիպտացի կնոջ նստած ֆիգուր», «Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս», «Հայելիով կինը» եւ այլն։
Հակոբ Հակոբյանի սյուրռեալիստական նկարներում ու քանդակներում հաճախ բացակայում է մարդը, նրա դեմքն ու գլուխը, անգամ մարմինը, ներաշխարհը, որ խորհելու, մտածելու տեղիք է տալիս։ «Ո՛չ նեյտրոնային ռումբին» պլակատային գործը մի ողջ փիլիսոփայություն է ամփոփում դասական ոճի հագնված ամբոխի բացակայող մարմիններով, բացակայող մտքի բացակայող գլուխներով. նեյտրոնային ռումբի գաղափարն ու ներդրումը ինքնաոչնչացում է, մարդու տեսակի ոչնչացում. շենքերը կանգուն են, գեղեցիկ ու դատարկ. ոչ ոք չկա, որ ապրի… Մենակություն, բանտվածություն, անհուսություն, անելանելիություն, անկարեկից թախիծ, հոգս ու ցավ, կյանքին կառչելու ճիգեր. այս պատկերներն են մեզ նայում Հակոբյանի կտավներից ու վկայում նկարչի հուզառատ հոգու, մարդու հանդեպ սրտացավության մասին։ Ցնցող է հատկապես «Մայրը երեխային կերակրելիս» վերը հիշատակված գործը. այստեղ բացակայում է նորածնին կերակրող մոր երջանկությունը, նրա ճակատագրի հանդեպ մայրական սրտից բխող սովորական անհանգստությունը, ու եթե ուշադիր նայենք՝ նորածինն այնքան էլ նորածին չէ, սակայն բոլորովին մերկ, կմախքացած, թույլ ու անօգնական մանկիկին ապրեցնելու այլ ճար չկա, քան նույնքան մերկ, անօգնական ու կմախքացած մոր՝ ցամաք ստինքով կյանք ներշնչելը… Չկա հեռապատկեր, ինչպես որ չկա հեռանկար. պատ է ու մենություն, անհուսությունից պոկվելու վերմարդկային ճիգ… Սա այն է, ինչ ապրել է հայ ժողովուրդը եղեռնական իր օրերում, այն է, ինչ զգացել է նկարիչը Դեր Զորում նահապակված մեծ հոր կարոտից, ում բախտ չի վիճակվել տեսնել, հանդիպել կյանքում… Սա Արեւմտյան Հայաստանն է, թուրքի յաթաղանին զոհ գնացած Հայաստանը, որ չի կորցնում վերածնվելու, ապրելու կամքը…
Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923 թ. մայիսի 24-ին Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ծանր մանկությունը տպավորվել է որպես մեծ, ազգային ողբերգություն, որ չի լքել նրան իր օրերում, դարձել անհատի բողոքի, պայքարի, արարումների առարկա։ Առաջին նկարը, որ տեսել ու զարմացել է, հոր նկարած նապաստակն էր. հինգ տարեկան էր, բայց տեղնուտեղը կրկնեց հորը՝ այս անգամ էլ ինքը զարմացնելով նրան, սակայն բախտը չժպտաց հոր եւ որդու ընկերությանը. տասնմեկ տարեկան էր, երբ հայրը վախճանվեց՝ ընտանիքի հոգսը թողնելով երեք զավակների մորը, ու թեեւ կանայք այդ ժամանակ չէին աշխատում, մայրն ստիպված էր աշխատել։ Մոր հոգսը թեթեւացնելու համար Հակոբը խնդրեց Մելգոնյան գիշերօթիկ դպրոց ուղարկել իրեն։ Այնտեղ մնաց յոթ տարի, չավարտեց՝ թե՛ ընտանիքից էր հեռու, թե՛ բանտային ուսուցում ու պայմաններ… Մասնագիտացավ Կահիրեի գեղարվեստի եւ Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում։ Արդեն փարիզներում ապրած հայտնի նկարիչ էր, համաշխարհային փառատոների, ցուցահանդեսների, բիենալեների մասնակից ու մրցանակակիր, երբ 1962 թ. ընտանիքով եկավ մեկընդմիշտ բնակվելու հայրենիքում. «Օտարությունից եմ եկել իմ հայրենիք: Սա նշանակում է, որ Հայաստանն իմ վերջին հանգրվանն է»,- ասաց նա, ու այդպես էլ եղավ։ Հայաստանը նոր գույներով դիմավորեց, բայց նկարիչը իրեն հարազատ գույներով տեսավ նրան։ «Հայաստանն անվերջ նյութ է նկարչի համար. ամեն մեկն իր գույնն է վերցնում: Ես վառ գույների նկարիչ չեմ»,- մեկ անգամ եւս խոստովանեց ու բնութագրեց իր վրձինը տաղանդավոր նկարիչը: Մարտիրոս Սարյանը վկայեց նրա մասին. «Նա կարողանում է զրուցել բնության հետ»: Իսկ նկարչությունը մարդուն տրված է բնությունից, համոզված է Հակոբ Հակոբյանը. «Նկարչությունը տարիք չունի: Քարայրերում արված նկարները չեն հնանում. հիմա նույնպես արժեք ունեն: Նկարիչը մշտապես մի պատմություն է պատմում իր նկարներում»։ Այո, նրա նկարչությունը գույների խաղ չէ. այնտեղ մարդկային կյանքն է ու կյանքի մեծ փիլիսոփայությունը։
Հակոբ Հակոբյանի վերջին հանգրվանը Կոմիտասի անվան պանթեոնում է՝ մեր մեծերի միջավայրում, ուր հավերժության թագավորությունն է…