Մայիսի 25-ին, կյանքի 84-րդ տարին չլրացած, իր մահկանացուն կնքեց Ղազախստանի հայ համանքի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ թատերական ռեժիսոր եւ մանկավարժ, պրոֆեսոր Ռուբեն Անդրիասյանը:
Ծնունդով՝ Նալչիկ քաղաքից, նա ստացել է երկու բարձրագույն կրթություն, երկուսն էլ՝ Հայաստանում: Նախ ավարտել է Երեւանի պետհամալսարանը, հետո գեղարվեստա-թատերական ինստիտուտը (ուսանում էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանի խմբում): Այնուհետ իր կյանքը կապեց Ղազախստանի հետ, որտեղ դարձավ թատերական ռեժիսուրայի արտասովոր վարպետ: Աշխատանքը սկսեց Կզիլ-Օրդայի մարզային դրամատիկական թատրոնում՝ որպես գլխավոր ռեժիսոր: Հետո տարբեր տարիներին ղեկավարում էր Կուստանայի Մ. Գորկու անվան մարզային դրամատիկական թատրոնը, Կարագանդայի Կ. Ստանիսլավսկու անվան մարզային դրամատիկական թատրոնը, Մ. Լերմոնտովի անվան Հանրապետական ռուսական դրամատիկական թատրոնը, Ալմաթիի ՊՀԹ-ը: Վերջին ժամանակաշրջանում Մ. Յու. Լերմոնտովի անվամ Պետական ակադեմիական ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր:
Անդրիասյանը երկար տարիներ դասավանդել է Ղազախստանի արվեստների ազգային ակադեմիայում՝ դերասանի վարպետության եւ ռեժիսուրայի ֆակուլտետում, ղեկավարում էր Ղազախստանի թատերական գործիչների միության ռեժիսորական լաբորատորիան, վարպետության դասեր էր անցկացնում հանրապետության թատրոններում:
Ղազախստանի ու ԱՊՀ երկրների թատրոններում նա բեմադրել է ավելի քան հարյուր ներկայացում: 1986 թ. Ռուբեն Անդրիասյանը դարձել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետ: Հետխորհրդային շրջանում արժանացել է Ղազախստանի ժողովրդական արտիստի կոչման, դարձել Ղազախստանի պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է ռուսաստանյան Բարեկամության շքանշանի՝ Ռուսաստանի ու Ղազախստանի միջեւ բարեկամության եւ մշակութային համագործակցության գործում մեծ ավանդի համար, ղազախական «Պարասատ» շքանշանի: Երկրի մշակույթի, թատերական արվեստի զարգացման գործում ներդրած բացառիկ ավանդի եւ ստեղծագործական երկարամյա գործունեության համար մեր հայրենակիցը պարգեւատրվել է Ղազախստանի բարձրագույն պարգեւներից մեկով՝ Հայրենիքի շքանշանով:
Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ