«Կարեւոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջեւ. ես մնում եմ հայ, բայց՝ եվրոպացի հայ, ոչ ասիացի հայ: Ուրիշ հայ կոմպոզիտորների հետ մենք կստիպենք Եվրոպային եւ աշխարհին լսելու մեր երաժշտությունը: Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում…»:
Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Վրաց մայրաքաղաքին մերձակա Քոջորիում հանգրվանած գիրք կազմող Եղիայի հարկի տակ աչքերը բացած համաշխարհային երաժշտության դասականը միայն տասնինը տարեկանում էր ծանոթանալու նոտաներին, իսկ մինչ ա՞յդ. 1913-ին ընդունվել է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»՝ հոգու խրքում, սակայն, փայփայելով երաժշտությունը, ինքնուրույն փողային գործիքներ նվագել է սովորել, ապա ընդունվել փողային նվագախումբ: 1915-ին, երբ թուրք բորենիական ոհմակը հայ բնօրրանում սկսել էր հոշոտել արեւմտահայությանը, Խաչատրյանների ահաբեկված ընտանիքը, թողնելով ողջ ունեցվածքը, գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար), որտեղ ապրում էր նրանց ավագ որդին: Բարեբախտաբար, ենիչերական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս, եւ նրանք տուն են վերադառնում: 1921-ին Սուրեն եղբայրը 18-ամյա Արամին տանում է Մոսկվա, որտեղ էլ շողարձակելու էր նա տաղանդը: Ընդունվում է Գնեսինի երաժշտական քոլեջը՝ նոր-նոր ծանոթանալով երաժշտության այբուբենին: Շնորհիվ բարեբեր միջավայրի, շուտով բացահայտում է իր երաժշտական տաղանդը: Գնեսինն առաջարկում է իր սանին հաճախել կոմպոզիտորական վարպետության դասերի, որից հետո նրա առջեւ դռներն էր բացելու Մոսկվայի կոնսերվատորիան: Փայլուն գնահատականներով ուսումնառության եւ իր առաջին խոշոր ստեղծագործության՝ «Առաջին սիմֆոնիայի» ավարտ: Այդ ժամանակահատվածում գրում է երաժշտություն նաեւ թատրոնի համար՝ «Վալենսիական այրի» շարքը եւ աշխարհահռչակ «Դիմակահանդես»-ը, ինչպես նաեւ «Դաշնամուրի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը:
1939-ին կոմպոզիտորը ստեղծում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչում է «Ուրախություն»: Հետագայում այն վերանայելու էր եւ վերանվանելու…«Գայանե»:
Հանճարեղ երաժշտի կյանքում ստեղծագործական առատ հունձքի ժամանակներ էին՝ երաժշտություն դրամատիկ ներկայացումների ու ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն, «Ջութակի համերգ»-ը, «Երկրորդ սիմֆոնիան», «Թավջութակի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, «Երրորդ սիմֆոնիան», «Պոետիկ սիմֆոնիան»: Երաժշտական աշխարհում սկսվել է խաչատրյանական երաժշտության հաղթարշավի ժամանակաշրջանը՝ համերգային շրջագայություններ խարհրդային անծայրածիր երկրի տարածքով մեկ՝ Լենինգրադ, Կիեւ, Երեւան, Թբիլիսի, Սոչի, Խարկով: 1950-ին՝ Հռոմ, որը դառնում է Արամ Խաչատրյանի համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը: Այնուհետեւ հաղթարշավներ բոլոր մայրցամաքների 42 երկրներում, հանդիպումներ մշակույթի աշխարհահռչակ բազում դեմքերի հետ՝ Սիբելիուս, Հեմինգուեյ, Չապլին, Դալի, այլք…
Մեծահամբավ կոմպոզիտորը 50-ականներից սկսում է զբաղվել նաեւ մանկավարժությամբ՝ դասավանդում է իր ուսանած կրթօջախներում՝ Գնեսինի ինստիտուտում, Մոսկվայի կոնսերվատորիայում: Հետագայում նրա հայ, ռուս եւ այլազգի ուսանողներից շատերը անվանի արվեստագետներ էին դառնալու, երախտագիտությամբ ու հպարտանալով էին տալու իրենց մեծանուն ուսուցչի անունը:
1956-ին բեմադրվում է աշխարհի բեմերի զարդը դարձած «Սպարտակ» բալետը, որի առիթով է, գուցեեւ, ազատության հանրահայտ մարտիկ Էռնեստո Չե Գեւարայի հիացական խոսքը. «Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է: Դրանում հայ ժողովրդի ոգին է՝ պայքարի եւ հաղթանակի ոգին…»:
Տեղին է վերհիշել երաժշտության դասականներից մեկ-երկուսի մեծարանքի խոսքերը նույնպես: «Երբ խորհում ես Խաչատրյանի մշակութային մեծության շուրջ, հասկանում ես, որ արմատները նրա նկարչական տաղանդի, ազգային պատկանելության, նորարարական մտքի եւ միեւնույն ժամանակ դասական ավանդույթներին հավատարիմ մնալու յուրահատուկ համադրության մեջ են».- այսպես է բնութագրել ռուս հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար Դմիտրի Շոստակովիչը: Իսկ բալետմայստեր եւ պարուսույց Յուրի Գրիգորովիչը գրել է. «Խաչատրյանը երեւան բերեց էներգիայով, խառնվածքով, հզորությամբ, ռիթմերի բազմազանությամբ, գույների առատությամբ լի նոր հնչյուններ, որոնք բնորոշ էին իր տաղանդին: Երաժշտության մեջ նա պահպանել է հարավի ամբողջ ջերմությունը: Խաչատրյանի գործերը զարմանալիորեն բալետային են եւ շուտ են մերվում պարին: Դրանք կայծակնային արագությամբ նորանոր պլաստիկ շարժումներ ու կերպարներ են ստեղծում, հուշում ու ներշնչում: Նման ձիրք քչերն ունեն, ոչ բոլորն են կարողանում, այսպես կոչված, պլաստիկ երաժշտություն ստեղծել…»: Ունկնդրենք նաեւ համաշխարհային ճանաչման ջութակահար Դավիթ Օսյտրախին. «Արտասահմանում մեծ ճանաչման համար պարտական եմ Արամ Խաչատրյանին ու նրա Ջութակի կոնցերտին: Այդ ստեղծագործությամբ ինձ ջերմ ու գրկաբաց ընդունում էին անգամ այնտեղ, որտեղ նախկինում բախտ չէի ունեցել ելույթ ունենալ…»:
Ինչպես Մարտիրոս Սարյանի կախարդական վրձնով, այնպես էլ խաչատրյանական տիեզերահունչ երաժշտության շնորհիվ քաղաքակիրթ մարդկությունը գորովալից հայացքով նայեց աշխարհի քաղաքական քարտեզում գրեթե աննշմարելի Հայաստան երկրին: Այս տեսանկյունից առավել քան հնչեղ է Համո Սահյան բանաստեղծի մարգարեական դիտարկումը. «Արամ Խաչատրյանը դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում, դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու խորհրդանիշ. դարձել է մեր քաղաքակրթության վկայականը…»:
Ամեն ինչ ասված է՝ ի հեճուկս բարբարոսների:
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ