Ճակատագիրը հաճախ է մտածել տալիս իր մասին՝ մա՞րդն է ճակատագրի տերը, թե՞ ճակատագիրը՝ մարդու, եւ արժե՞ այն շրջել գլխիվայր, փոխել պատմության ընթացքը, երբ առանց այն էլ կյանքի հարափոփոխ հորձանուտում հաճախ են մարդն ու ճակատագիրը հանդիպում հեգնորեն ու դասեր տալիս միմյանց…
Սերգեյ Մերկուրովի եւ նրա ստեղծագործության ճակատագրի առիթով խոսքը ոչ միայն նրա մասին է, այլեւ մի ողջ դարաշրջանի (էպոխա), որում ապրեցին, արարեցին այդ ժամանակի նվիրյալները։
1918 թ. ապրիլի 12-ին Ռուսաստանի ժողկոմխորհը դեկրետ ընդունեց «Հանրապետության հուշարձանների մասին», իսկ հուլիսի 30-ին հաստատեց պատմական անձանց ցանկը, ում հուշարձանները պետք է տեղադրվեին Ռուսաստանի քաղաքներում։ Այդ ցանկից Մերկուրովն արդեն ուներ երկու պատրաստի գրանիտե քանդակ՝ Լ. Ն. Տոլստոյի (1912 թ.) եւ Ֆ. Մ. Դոստոեւսկու (1914 թ.)։ Ա. Վ. Լունաչարսկու գլխավորած հատուկ հանձնաժողովը ընդունեց երկու քանդակներն էլ, թեեւ որոշ ժամանակակիցներ քննադատաբար վերաբերվեցին հատկապես Դոստոեւսկու արձանին. ոմանց դուր չէր եկել, որ քանդակագործն աշխատում էր գրանիտով։ Իսկ ցանկում միայն մշակույթի գործիչները չէին. առաջին տեղում, իհարկե, հեղափոխության առաջնորդն էր, ում ժամանակին ոչ միայն հավատում ու վստահում էին, այլեւ մեծարում առանձնահատուկ կերպով։ Մերկուրովն անձամբ էր ծանոթ ստեղծագործական նյութի հերոսներից շատերին, այդ թվում եւ Լենինին։ Հեղափոխության, այսպես կոչված, կարկառուն գործիչների քանդակները վստահեցին Սերգեյ Մերկուրովին։ Լենինի ամենամեծ արձանը բարձրացավ Երեւանի կենտրոնում՝ Լենինի անվան հրապարակում, այնուհետեւ՝ Դուբնայում, Մոսկվայում, Ուֆայում եւ այլուր. շատ քաղաքներում տարածվեցին դրանց կրկնօրինակները. հեղափոխական աշխարհը շնչում էր առաջնորդի կերպարով…
Ամենաազդեցիկը, թերեւս, «Առաջնորդի մահը» խմբաքանդակն է, որի վրա Մերկուրովն աշխատել է շուրջ 25 տարի՝ 1924-49 թթ., օրը 14 ժամ։ Հղացումը քիչ էր. անհրաժեշտ էր իրականացման ուղիներ որոնել, գտնել բնորդներ, առաջնորդի հետ անմիջական շփվողների վկայություններ, նկարագրություններ, հավաքել ամենատարբեր նյութեր… Նախնական տարբերակը գիպսից էր, բնորդները՝ մերկ, ինչն արժանացավ քննադատության, եւ խմբաքանդակը հանվեց ցուցահանդեսից։ Մերկուրովը սովորաբար նախ աշխատում էր մերկ ֆիգուրի վրա, որպեսզի մարմինն ընդգծվի, մկանները երեւան, հետո «հագցնում» էր։ Եվ, իսկապես, վերջնական տարբերակում, որ արդեն կարմիր գրանիտից էր, առաջնորդի մարմինը տանող ութ բանվորների հագուստի տակից ընդգծվում են ջղուտ մարմինները՝ մերկության տպավորություն ստեղծելով։ Կոմպոզիցիան ներդաշնակ ու ազդեցիկ էր։ Քանդակագործն այդ մասին հիշում է. «Այս խմբի սխեման կառուցված էր նոտային գամմաների թվային հարաբերության հիման վրա»։ Արվեստագետները դա մեկնաբանում են որպես մինորային գամմաների թվային հարաբերության օգտագործում բանվորների ֆիգուրների տեղադրման մեջ։ Այդպես խորհրդային դիրիժոր, կոմպոզիտոր Ռայնհոլդ Գլիերը, մոնումենտալ քանդակը տեսնելով, բացականչել է. «Ես լսում եմ սգո քայլերգի հնչյունները»։ Մերկուրովնն հասել է իր նպատակին՝ առաջնորդի մարմինն ուսերի վրա տանող վշտակիր բանվորները ընկալվում են շարժման մեջ, իսկ առաջնորդի դեմքը հանգիստ է, անվրդով. մահն անխուսափելի է, բայց այն վախճան չէ. կյանքը չի ավարտվում… Ժամանակի արվեստագետները Մերկուրովի մոնումենտալ գործերը համեմատել են «ասորա-բաբելոնական» զորության հետ։
1931 թ. Երեւանում տեղադրվեց առաջին կոթողային հուշարձանը՝ միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչ, մարքսիստ-տեսաբան, սոցիոլոգ, լրագրող, հրապարակախոս Ստեփան Շահումյանի 3.5 մետրանոց գրանիտե արձանը։ Մերկուրովն այս դեպքում էլ յուրօրինակ լուծում է գտել. հագուստի տակից ընդգծվում է կոփված մարմինը, գլուխը մի կողմ թեքած, ձեռքերը կրծքին խաչած մտածող մարդու կերպար, իսկ բաց գույնի գրանիտը՝ որպես մարմարը, լույս է ճառագում ու պայծառություն հաղորդում դիտողին՝ մերձենալով նրա հոգուն…
Ինչպես խորհրդային ժամանակներում բարբարոսաբար ավերվեցին բազմաթիվ հոգեւոր կառույցներ, այնպես էլ Միության փլուզումից հետո խորհրդային առաջնորդների մոնումենտալ շատ արձաններ նույնպիսի տխուր վախճան ունեցան. մի մասը ոչնչացվեցին՝ հաշվի չառնելով դրանց՝ արվեստի գործ լինելու հանգամանքը, մի մասը տեղ գտան թանգարաններում, եւ միայն որոշ մասը պահպանվեց իրենց տեղում, բայց եւ եղան դեպքեր, որ ավելի ուշ քանդվածները վերականգնվեցին, ինչպես որ Ուֆայում 2011 թ. դրվեց Լենինի նախկին արձանի կրկնօրինակը։ Ստալինի արձաններն ավելի շուտ գահընկեց եղան, քան կփլուզվեին խորհրդային կարգերը, իսկ Լենինի արձաններն անցան պատմության գիրկը խորհրդային կարգերի վերանալուն պես. ամենայն քաղաքականությունը, ինչպես բոլոր ժամանակներում եւ ամենուրեք, նույնպես եւ խորհրդային շրջանում, այնպես էլ դրանից հետո իր կամքն է թելադրում թե՛ կյանքին, թե՛ արվեստին, մինչդեռ Սերգեյ Մերկուրովն անկեղծորեն ընդունում էր մարքս-լենինյան գաղափարախոսությունը, անգամ բանավիճում հոր հետ, ինչն էլ պատճառ է դառնում հոր եւ որդու անհաշտության: Վիրավորված հայրը, որոշակի գումար տալով որդուն, առաջարկում է հեռանալ տանից. առաջին գիլդիայի վաճառականն ուղղակիորեն է ընկալում բուրժուաների հասցեին արված ակնարկները… Սերգեյը ստիպված էր հեռանալ հայրական տնից, այն տնից, որտեղ 1881 թ. նոյեմբերի 7-ին ծնվել էր, եւ որը հետագայում վերածվելու էր Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի, իսկ տունը կառուցել էր պապը՝ Ֆյոդր Մերկուրովը, 1869 թ.: Մերկուրովները հունադավան հայեր էին. շատերը նրանց հույն էին համարում, իսկ նրանք, ինչպես եւ Մերկուրովը, խոսում էին գյումրեցու բարբառով, քանզի ծնվել ու ապրում էին Ալեքսանդրապոլում (Երեւանի նահանգ, Կովկասյան փոխարքայություն, Ռուսական կայսրություն)։ Նրանց տոհմից էր եւ մեզ հայտնի Գեորգի Գյուրջիեւը։
Մերկուրովն առավել լայնամասշտաբ արվեստագետ ու մտածող էր, քան սոսկ հեղափոխության գաղափարակից. դա ընդամենը առիթ էր մարդուն ներկայացնելու, մարդ կերտելու համար. նա ստեղծել է մշակութային բազմաթիվ գործիչների ամենատարբեր քանդակներ։ Ուշադրության են արժանի հետմահու դիմակների քանդակները, որոնք Մերկուրովը հասցրեց բարձրագույն տեխնիկայի։ Առաջին հետմահու դիմաքանդակը Խրիմյան Հայրիկինն էր, որը ստեղծելու նպատակով էլ 1907 թ. Փարիզից վերադարձել է Հայաստան։ Այնուհետեւ պատվերները հերթ չէին տալիս մեկը մյուսին, եւ այդպես ստեղծվեցին 300-ից ավելի հետմահու դիմաքանդակներ, որոնցից են նաեւ տուն-թանգարանում տեղ գտած Լեւ Տոլստոյի, Հովհաննես Թումանյանի, Լենինի, Ալբերտ Էյնշտեյնի եւ այլոց դիմաքանդակները։
Մերկուրովն ստեղծել է նաեւ խոհափիլիսոփայական բնույթի, խորհրդանշական քանդակներ, ինչպես «Վիշտ» քանդակը, որ գրավում է հուզականությամբ, մարմնի պլաստիկայի արտահայտչականությամբ. մենակություն, անհուսություն արտահայտող մերկություն, անհաղորդ, ծնկաչոք կքած, գլուխը ափերի մեջ առած, ինքն իր մեջ ներքաշված տղամարդու անփարատելի վիշտ… Իսկ «Միտք» քանդակը, որ ասես կյանքի ու մահվան, հավերժի ու անցողիկի խորհրդածություն լինի, դրված է հեղինակի գերեզմանին… Սերգեյ Մերկուրովը վախճանվել է Մոսկվայում, 1952 թ. հունիսի 8-ին, հուղարկավորվել Նովոդեւիչյան գերեզմանատանը։