Հակոբավանքի հիմնանորոգման մասին խոսակցություններն արդեն շուրջ մեկ տարի է, ինչ շրջանառվում են ամենատարբեր ատյաններում, ու այդ նպատակով առաջին հանգանակությունները, որ արվել են առանձին անհատների, բարերարների եւ հասարակական կազմակերպությունների կողմից, ծրագրի մեկնարկի համար լավ շարժառիթ են: Դրանում համոզված են թե երկրի իշխանությունները եւ թե Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորները, ովքեր ողջունել են աստվածահաճո այդ ձեռնարկումը:
Գրեթե 150-ամյա լռությունից հետո «խախտվել» է համալիրի անդորրը: Այստեղ էին եկեղեցականներ, բազմաթիվ ուխտավորներ Արցախից ու Հայաստանից, հյուրեր՝ արտերկրից: Խունկի բույրը երկինք է բարձրանում: Տաճարի կամարների տակ վերստին աղոթքներ ու շարականներ են հնչում, եւ Արցախի հոգեւոր թեմակալ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ եւ հանդիսապետությամբ պատարագ է մատուցվում: Ասել է թե՝ Հակոբավանքը, որ 7-րդ դարի պատմաճարտարապետական կառույց է, վերստին վերականգնում է իր հոգեւոր դիմագիծը, եւ, հավատարիմ քրիստոնեական ավանդույթներին ու սովորություններին, այստեղ այսուհետ աղոթք է բարձրացվելու առ Աստված՝ ննջեցյալների, Արցախյան երեք ազատամարտերում նահատակված հայորդիների հոգու հանգստյան, նրանց հիշատակի համար:
Պատարագին, որին ներկա էր նաեւ ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը, նոր նվիրատվություններ եւ հանգանակություններ եղան: Երկրի ղեկավարը վերահաստատեց իր պատրաստակամությունը՝ անձնապես նպաստել վանական համալիրի վերականգնման ծրագրի իրագործմանը: Նա հավաստիացրեց, որ այդ նպատակով արդեն հանձնարարական է տրված պետբյուջեից որոշակի գումար հատկացնելու վերաբերյալ: Նախնական տվյալներով, վանքի եւ տարածքում գտնվող օժանդակ շինությունների նորոգման համար 210 մլն դրամ կպահանջվի: Սակայն վերահաշվարկից հետո պարզվել է, որ լրացուցիչ գումարներ կպահանջվեն շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար: Մանավանդ որ ենթակառուցվածքները նույնպես պիտի կարգի բերվեն: Արդեն սկսված է մայրուղուց Հակոբավանք ձգվող ճանապարհի շինարարությունը: Ծրագրվում է ջրատար անցկացնել, ինչպես նաեւ լուծել համալիրի տարածքի լուսավորման խնդիրը:
«Սրբավայրում այսօր պատարագի մատուցումը պատահական չէ,- իր խոսքում նշեց տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: – Այն համընկնում է Հոգեգալստյան տոնի հետ, որ խորհրդանշում է կիսավեր հոգեւոր տաճարի վերածնունդը: Այստեղ մեր նախնիները կաթողիկոսական աթոռ են հիմնել, մշակույթ զարգացրել, աղոթք բարձրացրել հայ ժողովրդի, Արցախի անվտանգության համար»: Սրբազանը հույս հայտնեց, որ Հակոբավանքի վերածնունդը կմիավորի մեր ժողովրդին, համատեղ ուժերով վիրավոր Արցախը ոտքի կկանգնի եւ կբուժի վերքերը, Աստծո օրհնությամբ հոգեւոր ուժ կառնի եւ կպահպանի որդիների արյամբ ձեռք բերված ազատությունն ու անկախությունը: