Ամեն ինչ սկսվեց 1970 թ. հունվարին, երբ ինձ՝ Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքի 5-րդ կուրսի ուսանողիս, բաժին ընկավ կուրսային աշխատանքի մի այնպիսի թեմա, որից բոլորը հրաժարվել էին: Եվ քանի որ թեմաների բաշխման ժամանակ ես բացակայել էի, ստիպված էի համաձայնել: Իսկ թեման սարսափ էր՝ «Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի տաղաչափությունը»: «Գիրք ճանապարհին»՝ հայ պոեզիայի ամենաբարդ գիրքը, տաղաչափությունը՝ գրականության տեսության ամենաբարդ բնագավառը: Դե, արի, գլուխ հանիր… Հանդիպեցի գիտական ղեկավար Էդվարդ Ջրբաշյանի հետ, ստացա հանձնարարականներ եւ անցա գործի:
Եվ սկսվեց… Չարենցի «Երկերի ժողովածու»-ի վեցհատորյակը (1962-1968) եւ հատկապես 4-րդ հատորը, որի մեջ նաեւ «Գիրք ճանապարհին» էր, դարձան իմ սեղանի գրքերը: Սկսեցի պարզել Չարենցի խոսքի ռիթմիկայի գաղտնիքը, այսինքն՝ տողի ու կշռույթի համապատասխանության միմիկրիան, որ նրա այդ վերջին գրքում իր արդիական բազմաշերտ որոնումների եւ միջնադարյան տաղերգության ավանդույթների համադրություն էր: Կարդացի տեսական-տաղաչափագիտական հսկայական գրականություն՝ Մխիթարյաններ Էդվարդ Հյումյուզյանից ու Արսեն Բագրատունուց սկսած մինչեւ Ավետիք Բահաթրյանի «Հին հայոց տաղաչափական արվեստը» (Շուշի, 1892), Մանուկ Աբեղյանի «Տաղաչափություն (Մետրիկա)» (Երեւան, 1933): Տանը ունեինք շատ հարուստ գրադարան, բայց տան գրադարանն արդեն չէր բավարարում: Օգտվում էի համալսարանի եւ հանրային գրադարանների ունեցվածքից: Գրքերը կուտակում էի եւ օրերով տնից դուրս չէի գալիս: Չէի էլ սափրվում: Հայրս կատակի էր տալիս՝ «Հոգեւորական ես դարձել», տատս ավելացնում էր՝ «Աչքերիդ լույսն ափսոս է, այդքան չեն կարդա»:
Հինգերորդ կուրսի երկրորդ կիսամյակին դասեր չկային. ժամանակը հատկացված էր պետական քննություններին նախապատրաստվելու եւ դիպլոմային աշխատանքները գրելու համար: Գրեցի՛: Պատրաստվեցի՛: Եկան դիպլոմայինի պաշտպանության եւ պետական քննություններ հանձնելու օրերը: Պաշտպանեցի՛: Հանձնեցի՛: Թե ինչպես եղավ, ինչ կատարվեց, առանձին խոսակցության նյութ է:
Ահա «գերազանց» գնահատականի արժանացած այդ դիպլոմային աշխատանքից էլ սկսվեց իմ չարենցապատումը:
1971 թ. հունվարից աշխատանքի անցա ԳԱ գրականության ինստիտուտում: Թեկնածուական ատենախոսությունս՝ «1940-1970-ական թթ. խորհրդային պոեզիայի տաղաչափությունը»: Գրեցի՛: Պաշտպանեցի՛: Նոր թեման՝ «1920-1930-ական թթ. խորհրդային պոեզիայի տաղաչափությունը»: Գրեցի՛: Հանձնեցի՛: Այստեղ անփոփոխ օգտագործեցի նաեւ իմ դիպլոմային աշխատանքը: Աշխատանքի երկու մասերը՝ 20-30-ական եւ 40-70-ական թվականները միավորվեցին, դարձան ամբողջական մենագրություն, եւ «Սովետահայ պոեզիայի տաղաչափությունը» վերնագրով ԳԱ հրատարակչությունը հրատարակեց 1979 թ.: Խմբագիրը ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանն էր: Իրեն իմ մակագրած գիրքը հանգիստ թերթելով՝ ասաց. «Ոչ ոք այսպիսի մուտք չի ունեցել, ապրե՛ս»: Վազգեն Մնացականյանը, որ այդ ժամանակ փոխտնօրենն էր, գիրքը վերցրեց, նայեց, տնտղեց եւ ասաց. «Կարող ես ներկայացնել դոկտորական ատենախոսության»: Պատասխանեցի. «Չէ՛, նոր բան կգրեմ»: Եղան բազմաթիվ գրախոսություններ: Ռաֆայել Պապայանը գիրքը գրախոսեց Մոսկվայի «Вопросы литературы» հանդեսում. չուշացավ նաեւ միջազգային համբավի լեզվաբան, պոետիկայի տեսաբան, ստրուկտուրալիստ Ռոման Յակոբսոնի դրական արձագանքը՝ կարդացել էր գրախոսությունը եւ ինձանից խնդրել ատենախոսության ռուսերեն սեղմագիրը: Գրքում ամբողջ խորհրդային պոեզիայի տաղաչափության վերլուծությունն էր, բայց բոլորը հատկապես անդրադառնում էին Չարենցի «Գիրք ճանապարհի»-ի տաղաչափության առեղծվածի բացահայտմանը, որ ներկայացրել էի ճշգրիտ հաշվարկներով, աղյուսակներով ու գծապատկերներով:
Չարենցի հետ հաջորդ հանդիպումը նորագույն շրջանի պոեզիայի պատմություն գրելու առիթն էր: Աշխատում էի մի բաժնում, որտեղ եւ՛ խորհրդային շրջանի, եւ՛ Չարենցի ժառանգությամբ զբաղվող լավագույն մասնագետներն էին՝ բաժնի վարիչ Սուրեն Աղաբաբյանը, Ալմաստ Զաքարյանը: Ընդգրկված էի հեղինակային խմբում. ես գրեցի 1920-ական թվականների եւ 1954-1970 թվերի պոեզիայի պատմությունը: «Հայ սովետական պոեզիայի պատմություն» (1987) վերնագրով եւ իմ խմբագրությամբ գիրքը լույս ընծայեց ակադեմիայի հրատարակչությունը: Այս աշխատանքի հետ մեկտեղ ձեւավորվեց նաեւ իմ դոկտորական ատենախոսությունը՝ «Եղիշե Չարենցը եւ 1920-ական թվականների սովետահայ պոեզիան», որ դարձյալ ակադեմիայի հրատարակչությամբ լույս տեսավ 1983 թ.: Խմբագիրը Սուրեն Աղաբաբյանն էր: Գրքի ուղղվածությունը հնարավորություն տվեց Չարենցին դիտելու ժամանակի հայ, ռուս եւ միութենական պոեզիայի ու գեղարվեստական բուռն որոնումների համապատկերում: Պաշտպանեցի 1984 թ.: Դրանից հետո Չարենցի շնորհիվ եւ հանուն Չարենցի 1920-1930-ական թթ. դարձան իմ հետաքրքրությունների շրջանը: Կարեւոր դարձան Չարենցի ժամանակն ու ժամանակակիցները:
Եվ 1985-ից, երբ կյանքը փոխվեց, առաջինը ես էի, որ հանդգնեցի արխիվներում ուսումնասիրել մեր գրողների հետ կապված իրողությունները: Արդեն կարելի էր. փակ դռները դանդաղ, բայց աստիճանաբար բացվում էին: Մամուլում հրապարակեցի ոչ թե բազմաթիվ, այլ հարյուրավոր վավերագրեր, ճշտեցի, բացահայտեցի գրողների կենսագրական շատ տվյալներ, հայտնաբերեցի ու տպագրեցի գեղարվեստական նորանոր էջեր: Այդ որոնումների առաջնեկը իմ «Ողբերգական Չարենցը» (1990) գիրքն էր, որը լույս տեսավ 15.000 տպաքանակով եւ սպառվեց օրերի ընթացքում: Ժողովուրդը դեռեւս հետաքրքրվում էր գրականությամբ: Այդ հետաքրքրությունից ծնվեց նաեւ իմ «Փակ դռների գաղտնիքը: Չարենցը, Բակունցը եւ մյուսները…» (1994) աշխատությունը:
Ամեն ինչ պտտվում էր ժամանակի գլխավոր գործող անձի՝ Չարենցի անվան ու գործի շուրջ: Հեռախոսազանգերը, նամակները, հանդիպումներն ու քննարկումներն անպակաս էին: «Արմենիա» հեռուստատեսությամբ սկսեցի վարել «Փակ դռների գաղտնիքը» հաղորդաշարը: Կենդանի եթեր էր: Հաղորդումից վերադառնալիս մեր բակի ժողովուրդը, հաղորդումը ուշադիր դիտած, ինձ էր սպասում, հավաքվում էինք բակի տաղավարում: Աստիճանաբար նոր դեմքեր էին ավելանում: Եվ սկսվում էին հարցերը՝ հետո ի՞նչ եղավ, ինչպե՞ս եղավ, ո՞վ իրեն ինչպես դրսեւորեց: Հատկապես Չարենցի կյանքն ու գործը բոլորի ուշադրության կենտրոնում էին: Այդ զրույցները տեւում էին մինչեւ ուշ գիշեր: Եվ այդպես՝ յուրաքանչյուր հաղորդումից հետո, որ տեւեց մի քանի ամիս: Ժողովրդի պատկերացումների մեջ Չարենցը երեւում էր հերոսի կերպարանքով, ինչն էլ հետաքրքրասեր հանրությանը մղում էր կարդալու եւ՛ նրա գործերը, եւ՛ նրա մասին թարմ գրականություն:
Չարենցյան որոնումները շարունակվեցին եւ պսակվեցին նոր ձեռքբերումներով՝ իմ աշխատասիրությամբ հրատարակեցի Չարենցի անտիպների երկու գիրք՝ «Նորահայտ էջեր» (1996), «Գիրք մնացորդաց» (2012, 2017), Չարենցին նվիրված հուշերի երկու հրատարակություններին (1961, 1986) ավելացրեցի եւս երկուսը՝ «Չարենցի հետ: Հուշեր» (1997, 2008): Իմ չարենցյան հետազոտություններն ի մի բերեցի «Եղիշե Չարենց: Հայոց բանաստեղծության մայրաքաղաքը» գրքում (1996): Չարենցյան իմաստախոսություններից ծնունդ առավ իմ «Չարենցյան ասույթներ» (Բեյրութ, 1997) գիրքը, որ մի ամբողջ տարի տպագրվում էր «Կանչ» թերթի էջերում:
Ազատ Գասպարյանի առաջարկությամբ (ուզում էր թատրոնում Չարենց խաղալ) փաստական նյութի հիման վրա գրեցի մի շատ իրական, իրատեսական ու վավերական ողբերգություն՝ «Եղիշե Չարենցի հավատաքննությունը կամ Բանաստեղծի վերջին աղոթքը», տպագրվեց 2003-ին: Հարցաքննությունների դատապարտված Չարենցն է, հավատաքննիչներն են, բանտն է, ամեն ինչին աննկատ հետեւող պատմության վկան է: Վահե Շահվերդյանը, որ այն ժամանակ Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր բեմադրիչն էր, ծանոթացավ գործին եւ ինձ ու Ազատին ասաց՝ պայմանական ներկայացում կանեմ՝ ես Ստալինի, Բերիայի, Մուղդուսու կերպարներն ինչպե՞ս ստանամ: Պայմանական բեմադրություն չէր լինի, առարկեցինք, նոր ձեւ գտնելու հույսով հրաժեշտ տվեցինք, այդպես էլ մնաց:
Կազմեցի եւ հրատարակեցի Չարենցի քառահատոր ժողովածու՝ նաեւ վերջին շրջանի գործերի զետեղումով ու արձակ երկերով («Անտարես», 2012-2015): Չարենցյան ներշնչանքով է տոգորված եւ պայմանավորված իմ «Հայկական ապագայապաշտություն» (2009) մենագրությունը: Տպագրվեց գրական այդ ուղղության ստեղծման 100-ամյակի կապակցությամբ եւ Չարենցի անվան շուրջ ի մի բերվեց իտալական եւ ռուսական ֆուտուրիզմի համաշխարհային փորձը:
Չարենցը ամենուր է իմ գրքերում, այդ թվում «Հայ գրականություն» մատենաշարի վեց հատորներում (2000-2017), «Երկնային շուշան» (2004) ժողովածուի մեջ, որոնցում հրապարակել եմ ոչ միայն վերլուծականներ, այլեւ բնագրեր: Հանուն Չարենցի ուսումնասիրեցի նաեւ նրա գրական շրջանակի գրողների ստեղծագործությունները եւ միանգամայն նոր փաստերով հրատարակեցի «Ակսել Բակունց» (2009), «Գուրգեն Մահարի» (2013) մենագրությունները, այլեւայլ գրքեր: Այդպե՛ս, որովհետեւ Չարենցը ժամանակի շարժիչ ուժն է:
Այժմ տպագրության եմ պատրաստում «Եղիշե Չարենց» մենագրությունը երեք հատորով. առաջինը՝ կյանքը եւ ժամանակը, երկրորդը՝ ստեղծագործությունը, երրորդը՝ արվեստը: Այսինքն՝ Ինքը, Ինչը, Ինչպեսը: Առաջին հատորը ավարտվել է եւ պատրաստ է տպագրության:
Դավիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր