Լրացավ հայ մանկագրության նշանավոր դեմքերից մեկի՝ անվանի բանաստեղծ ու երգահան, հասարակական գործիչ, արցախյան շարժման ռահվիրա Գուրգեն Գաբրիելյանի ծննդյան 95-ամյակը: Անուրանալի է նրա դերը հայ մանկագրության ավանդույթների զարգացման, ժողովրդական երգերի մշակման ու նորերի հեղինակման, ազգային արժեքների պահպանման, գրական երիտասարդ սերնդի «հերթափոխի» պատրաստման գործում: Նրա չորս տասնյակից ավելի ժողովածուները, շուրջ 50-ի հասնող երգերը, այդ թվում հանրահայտ «Ղարաբաղի հորովելը», որ վստահաբար Արցախի այցետոմսն է դարձել, հանրության շրջանում մեծ սեր են վայելում: Սիրված բանաստեղծի ծննդյան 95-ամյակի կապակցությամբ Արցախի գրողների միության կողմից կազմակերպված հուշ-ցերեկույթը լավ առիթ էր մեծարելու երջանկահիշատակ գրչընկերոջը, արժեւորելու նրա անցած ստեղծագործական փառավոր ճանապարհը, պատմելու Գուրգեն Գաբրիելյան գրող-մանկավարժի մասին «ժողոված» իրենց հուշերը…
Իմ առաջին հանդիպումը սիրված մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի հետ ճակատագրական նշանակություն ունեցավ մեր միջեւ սերտ բարեկամության հաստատման, մասնավորապես իմ ստեղծագործական ճանապարհի «ուրվագծման» առումով: 1968 թ. գարնան սկզբներին էր, երբ մի խումբ գրողների հետ իմ հայրենի գյուղ (Այգեստան) հանդիպման եկավ Գ. Գաբրիելյանը: Այն ժամանակ ութերորդ դասարանի աշակերտ էի ու մեկ-մեկ փոքրիկ նյութեր, երբեմն էլ ոտանավորներ էի տպագրում «Խորհրդային Ղարաբաղ» թերթում: Մեր դպրոցի մայրենի լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ռոզա Պետրոսյանը, «ոգեւորված» գրական իմ առաջին փորձերից եւ օգտվելով այն հանգամանքից, որ Գուրգեն Գաբրիելյանն իր կուրսընկերն է եղել, ու ջերմ մտերմություն է հաստատված հարազատ եղբոր՝ ճանաչված գեղանկարիչ Սուրեն Պետրոսյանի եւ բանաստեղծի միջեւ, երեկոյան մշակույթի տանն ընթերցողների հետ կայացած սրտառուչ հանդիպումից հետո, թեւս քաշելով, ինձ հորդորեց հետեւել իրեն…
Ես երկյուղած, դանդաղ քայլերով առաջ եկա, սակայն չհամարձակվեցի մոտենալ հսկա մանկագրին: Ամոթխած բարեւեցի նրան ու գլուխս կախ լուռ կանգնեցի: Նա, ժպտալով, զորեղ ձեռքն ինձ մեկնեց ու նկատելով թեւիս տակ «պատսպարված» ոտանավորների տետրը՝ ասաց.
-Տուր տեսնեմ, բանաստեղծը պիտի համարձակ ու խիզախ լինի, եթե, իհարկե, լավ բաներ է գրում…
Հետո անուն-ազգանունս բարձրաձայն ընթերցելով՝ նկատեց.
-Այդ դո՞ւ ես մեզ գրում (խոսքը «Խորհրդային Ղարաբաղի» խմբագրությանն էր վերաբերում), ա խոխա… Դե, արի, արի ծանոթանանք:
Ուրախությունից եւ հուզմունքից շփոթվել, կորցրել էի գլուխս… Հետո աչքի անցկացրեց իմ գրածներն ու հավանելով «Հավիկը» մանկական ստեղծագործությունը՝ խորհուրդ տվեց.
-Փոքրիկների համար այսպես պետք է գրել՝ պարզ, մատչելի լեզվով: Այլապես նրանք չեն կարդա, ուր մնաց, թե անգիր անեն…
Ապա արհեստավարժին հատուկ իրավունքով մի քանի «վարժանքներ» կատարեց ոտանավորներիս վրա՝ էջերին խնամքով թողնելով իր կարծիքն ու մտերմիկ դիտողությունները, որոնք հետագայում ինձ օգնեցին ճիշտ կողմնորոշվել եւ ավելի լրջորեն վերաբերվել գրականությանը:
Այդ օրվանից մենք անբաժան բարեկամներ էինք, եւ դասեր առնելու համար հաճախ էի նրան այցելում, ականջիս օղ անում իմաստուն մարդու եւ տաղանդավոր գրողի խորհուրդները: Տարիներ անց, խորհրդային բանակի շարքերից զորացրվելուց հետո, իմ «որոնումները» դարձյալ խմբագրություն էին տանում, որտեղ հաղորդակցվում էի այն տարիներին Արցախի սահմաններից դուրս անուն հանած անհատականությունների՝ Գուրգեն Գաբրիելյանի, Ժան Անդրյանի, Լազր Գասպարյանի, Աբգար Դանիելյանի, Մաքսիմ Հովհաննիսյանի, Վազգեն Օվյանի, Հրաչյա Բեգլարյանի, Յուրի Ապրեսյանի եւ ուրիշների հետ: Հետագայում (Գ. Գաբրիելյանի միջնորդությամբ) աշխատանքի հրավիրվելով «Խորհրդային Ղարաբաղի» խմբագրություն՝ ինձ հնարավորություն ընձեռվեց երկար ճանապարհ անցնել Վարդան Հակոբյանի եւ Նվարդ Ավագյանի հետ, որոնց աճին եւ ստեղծագործական վերելքին հետեւում էի անթաքույց ուրախությամբ եւ, բնականաբար, համատեղ աշխատանքի ժամանակ ավագներից եւ նրանցից շատ բան սովորեցի:
Դե, գաղտնիք չէ, որ Գուրգեն Գաբրիելյանն իր բացառիկ տաղանդի ու բազմաշնորհ մյուս դրսեւորումների «մեղքով» մշտապես մեր ուրախ, թե տխուր պահերի, բոլոր շարժառիթների դիրիժորն էր ու անփոփոխ խմբավարը, երիտասարդների խորհրդատուն ու հովանավորը, մեր սրտակից բարեկամը: Ինձ բախտ է վիճակվել աշխատել նրա հետ (գրականության եւ արվեստի բաժնում), մշտապես հաղորդակցվել եւ հնարավորինս լավ ճանաչել շռայլ հոգու տեր մարդուն, որ բազմազբաղ լինելով հանդերձ, այնուամենայնիվ, հասցնում էր համբերությամբ ունկնդրել յուրաքանչյուրին եւ մշտապես հասու լինել… Դա պարզապես բնավորություն, կենսակերպ էր նրա համար: Ու հազիվ թե այն ժամանակ որեւէ երիտասարդ ստեղծագործող նրա բարի խոսքի եւ խորհրդի կարիքը չունենար, նրա աջակցությամբ հարթած չլիներ իր ճանապարհը:
Ես մեկն եմ այն անձանցից, որոնց բանաստեղծությունների առաջին շարքերն ընթերցողներին են ներկայացվել «Խորհրդային Ղարաբաղում»՝ նրա բարեմաղթանքների ու ակնկալիքների խոսքերով, եւ ամբողջանալով բողբոջել, պտղավորվել ու սեղանի գիրք դարձել: Ես միաժամանակ հպարտ ու երախտապարտ եմ այն բանի համար, որ Գուրգեն Գաբրիելյանը «Մեղրագետ» մանկական բանաստեղծություններիս ժողովածուի խմբագիրն է եւ իր ծանրակշիռ խոսքով արժեւորել, ողջունել է գրքի ծնունդը:
Գաբո-Ապերը երբեմն այնքան էր անկեղծանում, որ ինձ դիմելիս պարտավորեցնող խոսքեր էր ասում, հորդորում սթափ ու զգաստ մնալ՝ չմոռանալով հիշեցնել, որ իր հոգեզավակն եմ եւ նեղանալու իրավունք չունեմ: Նա իրավացի էր: Չէ՞ որ իմ հարսանիքի սեղանապետն է եղել եւ օրհնանքի խոսքերի հետ նորապսակներիս միացումն «ամրապնդելու» համար իր խրոխտ ձայնով հնչեցրել է բոլորիս հպարտությունը՝ «Ղարաբաղի հորովելը»…
Այսօրվա պես հիշում եմ՝ հայրենի ծննդավայր Խանցք գյուղում Հայաստանի գրողների միության Ստեփան Զորյանի անվան մրցանակին արժանանալու կապակցությամբ գրական երեկո էր կազմակերպվել ի պատիվ Գուրգեն Գաբրիելյանի: Դահլիճ շտապող մի խումբ մանուկների շարքում իմ ուշադրությունը գրավեց գարունաչյա մի շեկլիկ աղջնակ: Նա փամփլիկ թաթիկների մեջ էր առել հազարավարդի ու մանուշակի ցողոտ փունջը եւ իր հուշիկ քայլերով, վարդ-շուրթերով, ուռենու վարսերով մի սքանչելի հեքիաթ էր հիշեցնում… Իմ համոզմամբ՝ նա այդ պահին ներկայացավ որպես Գուրգեն Գաբրիելյանի ստեղծագործությունների գլխավոր հերոսուհի, որպես ներշնչանքի աղբյուր, որպես գարնան ավետաբեր թռչնակ: Չէ՞ որ նա գարնան առաջին ծաղիկներն էր բերել սիրելի մանկագրին…
Հանդիսությունը համընկել էր գարնանամուտի հետ, եւ Գուրգեն Գաբրիելյանն իր գրական շքախմբով սիրելի համագյուղացիներին հանդիպելու էր եկել գարունքին: Նայում էր դահլիճում հավաքվածներին ու նրանց հայացքներում անսահման ուրախություն, տագնապ ու կարոտ էր «ընթերցում»: Չեմ հիշում, թե երբեւէ այդ աստիճան ջերմ ու սրտառուչ անցներ երեկոն, որքան որ վարպետ-մանկագրի ծննդավայրում, հարազատների շրջանում: Դա ապացույցն է այն ճշմարտության, որ ժողովուրդը սիրում է իր «հրաշամանուկ» զավակին, մեծ մանկագրին, շնորհաշատ երգչին, նկարչին, երգահանին… Ու այդ սերը խորն է անսահման, լեռան աղբյուրի պես զուլալ եւ հորդաբուխ:
Համատեղ աշխատանքի ժամանակ բազմիցս համոզվել եմ, թե նա որքան ուշադիր եւ պահանջկոտ է հեղինակների (առանձնապես երիտասարդների) նկատմամբ: Ու այդ հոգատարությունն ու պահանջկոտությունը Գուրգեն Գաբրիելյանն այնպես էր նրբորեն շաղկապում, միահյուսում իրար, որ երիտասարդներից ոչ ոք նրանից վիրավորվելու առիթ երբեք չէր ունենում: Գաբո-Ապորից նեղանալ կլինի՞…
Խոսքս ուզում եմ ավարտել Գուրգեն Գաբրիելյանին նվիրված մի բանաստեղծությամբ:
Որպես մեղրահացեր
Դու երգեր ես հունցում
Արեւից
Եվ որպես մեղրահաց մատուցում մանուկներին:
Լույսը ծովանում է նրանց աչքերում
Ու դառնում հրավառ կանթեղ,
Եվ թիթեռները
Խենթացած պարում են նրա ցոլքերի տակ
Ու չեն հոգնում,
Չե՜ն հոգնում…
Գիշերը երկարում է անվերջ:
Լուսինն ամաչկոտ ժպտում է ծաղիկներին,
Որոնց շուրթերն այրվում են մանկանց կարոտից
Ու երազում…
Լույսը խայտում է կրկին,
Եվ դառնում արեւ ու երգ,
Եվ աղավնիները,
Կտուցներին առած քո երգերը,
Մանուկներին են տանում
Որպես… մեղրահացեր: