«Սյունիք աշխարհի ձորերում ծնած, անմեղ, դեռ թոթով մանկան շուրթերի աղերսը լսեց Ազատն Աստված: Մուրճն էր պողպատե աղերսը իրեն: Օրեր, ամիսներ, տարիներ բազում անցել-գնացել, ետ չեն դառնալու: Կնճիռն է ճակտին, հայացքում՝ խռովք: Ձեռքին է մուրճը և չի ժանգոտվում… Պարտքն է իր եղել հավերժին հանձնել քարե կերտվածքը ազգի մեծերի, դարերի խորքից մեր օրը բերող կամուրջ է կապել, արթուն է պահել հավատքը ազգի, որ ապրում այսօր և հավերժ կապրի կապույտ երկնի տակ հայրենի երկրի: Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ է քանդակագործը՝ օժտված բացառիկ տաղանդով և եզակի հմտությամբ աստվածատուր իր կոչումի…»:
Ղուկաս ՉՈՒԲԱՐՅԱՆ
Քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ
Այո, տաղանդավոր մարդկանց պարագայում աստծո մատը հաստատ խառն է, և մուսաները Պառնասից հովանավորում են նրանց՝ արվեստների կենտրոն քաղաքում ծնված լինեն այդ օրհնյալները, թե հեռավոր ու անհայտ ինչ-որ շենում:
Այդ հովանավորչության արժանավորներից է Պարսկաստանի Սալմաստ գավառի Սավրա գյուղի Խաչատրյան տոհմից սերված, ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանը, որի նախնիները եկել ու իրենց բույնն էին հյուսել Սյունյաց աշխարհի Սառնակունք գյուղում: Դպրոցավարտ ապագա արվեստագետն սկսելու էր բանվորությունից, հետո բացահայտվող ընդունակությունները նրան տանելու էին գեղագիտության դարբնոց Թերլեմեզյանի անվան ուսումնարան: Երկրորդ կուրսից շնորհառատ ուսանողին գործուղելու էին Լենինգրադ՝ ուսանելու Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում: Դա անցյալ դարի 60-ականների սկիզբն էր, երբ մասնագիտական կատարյալ կրթություն ստացած սառնակունքցի քանդակագործի «պողպատե մուրճն» սկսում է իր առաքելությունը: Թերևս, ժամանակների գաղափարախոսության հանգամանքն էր պայմանը, որ հայրենիք վերադառնալուց մեկ տարի անց հեղինակում է «Կարլ Մարքս» բազալտակուռ կիսանդրին: Բայց գաղափարախոսական զսպաշապիկը տեղի էր տալու արարման ազգային ոգուն, և մայրաքաղաքի սրտում հառնելու էր մեծն Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը՝ իր երազած ու նախագծած արևային քաղաքի քարտեզին հակված: Օղակաձև զբոսայգում «վերակենդանանալու» էր Արմեն Տիգրանյան տաղանդավոր երաժիշտը, երկրորդ աշխարհամարտում նահատակված հին արաբկիրցիների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը, Սիսիան քաղաքի մուտքի արծիվը, «Օրբելի եղբայրներ» հարթաքանդակը՝ Ծաղկաձորում, Երևանի Սբ Սարգիս եկեղեցու բարձրաքանդակները, Մայր Աթոռի վեհարանի բակում կանգնեցված խաչքարը, կոնյակի գործարանի համտեսի սրահի բարձրաքանդակները և կոնյակագործ Մ. Սեդրակյանի հուշահամալիրն ու մյուս երախտավորների հուշարձան-կիսանդրիները՝ նույն գործարանի տարածքում: Քանդակագործն իր անջնջելի ձեռագիրն էր թողնելու մայրաքաղաքի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում՝ այն զարդարելով էպոսաշունչ ինքնատիպ ու խոսուն բարձրաքանդակներով: Իսկ երբ Արցախյան առաջին հերոսամարտում հայ քաջազուններն իրենց կյանքի գնով կռեցին դարերով երազած հաղթանակը, Արտաշես Հովսեփյանը ազգաշունչ քանդակագործը հասնելու էր մեր հերոսական լեռնակղզի՝ մահարձաններով անմահացնելու Բեկոր Աշոտի՝ Աշոտ Ղուլյանի, Արթուր Մկրտչյանի հավերժախոս հիշատակները մայրաքաղաք Ստեփանակերտում: Կերտելու էր ժամանակավորապես շան բաժին դարձած Քաշաթաղի եկեղեցու բարձրաքանդակները, հայահոծ Ջավախքին իր հանճարեղ զավակի՝ Ջիվանու հուշակոթողն էր ընծայաբերելու:
Սյունյաց աշխարհի տաղանդավոր զավակը հեղինակել է նաև մի քանի հարյուրի հասնող գրաֆիկական աշխատանքներ, ստեղծել հաստոցային քանդակներ՝ «Սևահողը», «Եղիշե Չարենց»: Արել է Նյու Յորքի Սբ Վարդան գեղաշուք եկեղեցու ճակատի բարձրաքանդակների էսքիզները:
Հայրենիքի, իր ժողովրդի հանդեպ հոգու պարտքը լիուլի մատուցած արվեստագետ է Արտաշես Հովսեփյան՝ Ազատն Աստծուց «պողպատե մուրճ» հայցած մոնումենտալիստ-քանդակագործը: Նրա ստեղծագործություններից շատերն են շարունակելու զարդարել հայ քանդակագործության կենսադաշտը և չեն խունանալու գալիք ժամանակների հոլովույթում: Սա արդեն նվաճում է: Սա արդեն՝ անմահություն ու հաղթանակ: