Դասականները դեռ կենդանության օրոք այդպիսին են հռչակվում: Մարտիրոս Սարյանը եկավ եւ հաստատեց ասվածի ճշմարտությունը: Հայոց աշխարհի արեւային գույները կախարդվեցին նրա վրձնով, դարձան անգերազանցելի բնանկարներ, ապշեցրին հայրենի եւ օտար արվեստաբան-արվեստասերներին՝ առավել տեսանելի դարձնելով մեր երկիրն ու նրա զարմանահրաշ բնության գեղեցկությունները՝ ընգծելով մեր տեղն աշխարհի քարտեզի վրա: Եվ մարդկությունը հային ճանաչեց նաեւ շնորհիվ Սարյան հանճարի: Այսօր էլ շարունակում են ճառագել նրա վրձնի հրաշակերտումները՝ հայտնվելով անկանխատեսելի ոլորտներում, այս դեպքում՝ ժամացույցի թվատախտակին:
«Լուչ». այս հայտնի ժամացույցն արտադրվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Ժամագործները տարիների ընթացքում բազմաթիվ հավաքածուներ են ստեղծել՝ նվիրված բելառուս հայտնի արվեստագետներին, գործիչներին, մարդկանց, ովքեր անուրանալի վաստակ ունեն՝ հանդեպ իրենց հայրենիքը: Հերթական անգամ Հայաստանի «հոգին պատկերող» Մարտիրոս Սարյանին էր վերապահված այդ պատիվը: «Այս տարի երկար մտածեցինք, թե ինչպիսի հավաքածու կարող ենք թողարկել՝ կապված ջերմության, վառ ու պայծառ գույների, ամառային եղանակի հետ: Հայաստանն այս հատկանիշներով է ասոցացվում մեր ընկալումներին: Եվ մեր անելիքը հստակեցնելու համար կապվեցինք դիզայներ Աննա Բաղդասարյանի հետ, քննարկեցինք, թե ինչ կցանկանայինք տեսնել «Լուչ»-ի էկրանին: Աննան հրաշալի թեմա առաջարկեց՝ ընտրել Մարտիրոս Սարյանի կտավներից»,- ասում է «Մինսկի ժամացույցների գործարան» ԲԲԸ-ի զարգացման գծով փոխտնօրեն Ռաֆիկ Սարգսյանը:
Եվ փորձառու, բարձրակարգ արվեստի նրբություններին քաջատեղյակ դիզայները Հայաստան ժամանած հյուրերին առաջարկում է սարյանական երեք կտավ՝ «Հայաստան», «Լոտոս» եւ «Հեքիաթ», արարումներ, որոնք շնչում են հայկականությամբ: «Երբ ինձ առաջարկեցին նախագծել հայկական մշակույթի թեմայով ժամացույց, ես անմիջապես մտածեցի Վարպետի մասին. չէ՞ որ ոչ մեկը սարյանական վրձնի կախարդանքով չի ներկայացրել մեր հայրենիքը՝ պայծառ, տպավորիչ, գունեղ, ընկալելի»,- այսպես է մեկնաբանում իր ընտրությունը դիզայներ հայուհին:
Նախագծի վրա աշխատելիս դիզայներներին օժանդակել է նկարչի թոռնուհին՝ Ռուզան Սարյանը, ով երկար տարիներ տնօրենն է աշխարհահռչակ իր պապի տուն-թանգարանի, որտեղ իմ այցի ժամանակ էլ այցելուների պակաս չկար:
«Ես անսահման երախտապարտ եմ Մինսկի ժամացույցների գործարանի տնօրինությանը, այս գործը նախաձեռնած մարդկանց, ովքեր գիտեն իսկական արվեստի արժեքը, որը հավիտենական է: Այն, որ պապիս նկարները թվատախտակի վրա են, մեկ անգամ եւս ապացուցում է, որ նրա գործերը ժամանակի օրենքներին չեն ենթարկվում, դրանք անվախճան են»,- իր խոսքն է ասում Ռուզան Սարյանը եւ հավելում, որ նախատեսված է եղել ոչ թե երեք, այլ չորս ստեղծագործություն: Բայց հետագայում պարզվել է, որ վերջին՝ չորրորդ՝ «Կակաչներ» կտավը կեղծված տարբերակից են ընտրել, ինչը եւ մերժվել է դնել կիրառման:
Մինսկի սույն գործարանի ներկայացուցիչները «Հայաստանի գույներ» ժամացույց են նվիրել այն մարդկանց, ովքեր առնչվել, իրենց նպաստն են բերել հավաքածուում սարյանական արվեստով շքեղացած ժամացույցի թողարկմանը: Ի դեպ, այն թողարկվել է երեք մոդելով՝ յուրաքանչյուրից 100 օրինակ: Ժամացույցի պատյանը պատրաստված է չժանգոտվող պողպատից, կափարիչի հետեւում նկարչի ազգանունն է, սլաքներն արծաթագույն են, թեւկապը բնական կաշվից է, որի գույնը ներդաշնակվում է նկարի թեմային: Առկա է նաեւ վարպետի դրոշմատիպ ստորագրությունը: Ասել է, թե արվեստասերը, կրելով այս ժամացույցը, Հայաստան է տեսնելու օրվա ժամն ամեն անգամ նայելիս, առնչվելու է իր դարի մեծագույն արվեստագետներից մեկին՝ Մարտիրոս Սարյան հավերժախոս անունով:
Երախտիքի խոսք այն նախաձեռնողներին: