19-20-րդ դարերին Շուշին եղել է Կովկասի մշակութային-կրթական կենտրոններից մեկը: Հայ եւ ինչո՞ւ ոչ՝ համաշխարհային մշակույթի մեծ թվով կարկառուն գործիչներ ծնունդով հենց այս քաղաքից էին: Իմ խորին համոզմամբ, Շուշին իրավամբ կարող է համարվել ողջ հայության մշակութային մայրաքաղաքը: Եվ բնավ ո՛չ ադրբեջանցիներինը:
Շուշիի մասին այս հոդվածս վաղուց էի պատրաստվում գրել: Այն ցանկանում էի նվիրել մի անվանի հոգեւորականի հիշատակին, ով երկար տարիներ (1920-ականների կեսերից մինչեւ իր կյանքի վերջը, մահկանացուն կնքել է 1980-ականների սկզբին) ապրել է Ղարաբաղում: Երբ մահացավ, իրեն Շուշիում հողին հանձնեցին: Այդ հոգեւորականը տատիկիս եղբարն էր: Նա 15 տարեկան հասակում լքեց հայրական տունն ու իր ամբողջ կյանքը նվիրեց Հայ առաքելական եկեղեցուն ծառայելուն: Եվ այնպես ստացվեց, որ տատս այս կյանքում իր եղբորն այլեւս չհանդիպեց…
1980-ականների սկզբին հորեղբայրս ու իր որդիները հատուկ մեկնել էին Շուշի՝ հոգեւորականի գերեզմանին այցելելու նպատակով: Երբ վերադարձան, իրենց հետ բերեցին մի քանի սեւ-սպիտակ լուսանկար, որոնց վրա պատկերված էր հոգեւորականի գերեզմանին տեղադրված մեծ հայկական խաչքար՝ պատրաստված բնական բազալտից:
Շուշիի ազատագրումից հետո՝ 1992 թ. ազգականներս մեկ անգամ էլ գնացին այդ քաղաքը: Բայց գերեզմանն արդեն չգտան: Ավելի ճիշտ՝ գտան միայն դատարկ, մեռած ու քարուքանդ արած գերեզմանոցը… Վերադարձան եւ պատմեցին տեսածի մասին: Բոլորս պարզապես ցնցված էինք: Հայրս ու հորեղբայրս (երկուսն էլ, ցավոք, արդեն ոչ եւս են) դեռ երկար թախծոտ վրդովվում էին, վեճի բռնվում այն մասին, թե ադրբեջանցիներին քանի օր էր պահանջվել այդ բազալտե խաչքարը կռաններով ու լինգերով կոտրել-ջարդելու համար: Ես նրանց խոստացա, որ մի օր անպայման գրելու եմ այդ ամենի մասին: Հիմա կատարում եմ տված խոստումս…
Նախ մի քանի խոսք Շուշիի մասին:
Ըստ Ռուսաստանի կայսեր՝ Թիֆլիսում (Թբիլիսի) կովկասյան կուսակալի դիվանատան կողմից հրատարակված «1917 թվականի Կովկասյան օրացույցի»՝ 1916 թ. դրությամբ «Շուշիում հաշվվում էր 43.869 բնակիչ (25.404 տղամարդ, 18.465 կին), որոնցից 23.396 հոգի (13.937 ար., 9.459 իգ.) կազմում էին հայերը (53.3 տոկոս) եւ 19.121 հոգի (10.521 ար., 8.600 իգ.)՝ թաթարները (43.6 տոկոս)»:
1920 թ. մարտի 23-ին Արցախի մայրաքաղաքում տեղի ունեցավ հայ բնակչության զանգվածային կոտորած: Հայաբնակ թաղամասերը ավերվեցին եւ հրի մատնվեցին: Կովկասյան թաթարները (ներկայիս ադրբեջանցիները) ոչնչացրեցին շուրջ 20 հազար հայ: Մազապուրծ եղածները ստիպված էին լքել հայրենի Շուշին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության ջոկատների կողմից Շուշին 1992 թ. մայիսի 9-ին ազատագրելու հիմնական դրդապատճառներից մեկն այն էր, որ ռազմական հենակետ դարձրած այդ բերդաքաղաքից ադրբեջանական կողմը հակամարդկային, հիրավի ֆաշիստական եղանակներով, ռազմական տեխնիկայի տարբեր տեսակների, այդ թվում՝ համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգերի կիրառմամբ պարբերաբար հրետակոծում էր ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը: Յոթ եւ կես ամիս շարունակ արկակոծվող Ստեփանակերտի տասնյակ հազարավոր բնակիչներ դուրս չէին գալիս ռմբապաստարան ծառայող նկուղներից: Ապրում էին առանց էլեկտրականության, ջրի, կենցաղային տարրական պայմանների: Մի կերպ գոյատեւում էին…
Արդի վավերագրերը վկայում են 20-րդ դարի 1990-ականներին հարբած եւ թմրամիջոցներ լիուլի օգտագործած ադրբեջանցի վայ-մարտիկների «սխրանքների» բազմաթիվ փաստերի մասին: Այդ վայ-մարտիկները միայն իրենց հաճույքի եւ զվարճանքի համար, ընկերների հռհռոցի ուղեկցությամբ, ցանկացած պահի կարող էին սկսել Ստեփանակերտի գնդակոծումը: Եվ նրանք թքած ունեին, թե միջազգային մարդասիրական նորմեր գոյություն ունեն, որ համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգերի կիրառումը խաղաղ բնակչության դեմ արգելված է, որ արկերից ոչ թե զինվորականներ, այլ խաղաղ մարդիկ, ծերեր, կանայք, երեխաներ են մահանում ու վիրավորվում…
2020 թ. նոյեմբերին Բաքու-Անկարա-միջազգային ահաբեկիչներ եռյակ դաշինքի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով, ադրբեջանաթուրք «ենիչերիները» կրկին զավթեցին Շուշի քաղաքը: Եվ այն ներկայումս մնում է օկուպացված: Մասնավորապես, 2020 թ. հոկտեմբերին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) Մայր տաճարը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթարկվեց բացարձակ ու ցուցադրական հրթիռակոծման: Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցինիկաբար հայտարարեց, թե դա «հավանաբար հայերն են արել»:
Ողջ աշխարհով մեկ տարածվեցին տաճարին բարբարոսական նպատակաուղղված հրթիռային հարվածներով պատճառված ավերումների լուսանկարներն ու տեսահոլովակները: Ընդ որում, երկրորդ այդպիսի հարվածը հասցվել էր, երբ տաճարում էին ռուսաստանյան լրագրողները, որոնցից Յուրի Կոտենոկը ծանր վիրավորվեց: Այդ ահաբեկչական ակտից հետո ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանի հովանավորյալ, գործակալության բարձրաստիճան պաշտոնյա Սաադատ Կադիրովան հրապարակախոս Վլադիմիր Սոլովյովի «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումներից մեկի ընթացքում Ղազանչեցոց քրիստոնեական տաճարը լկտիաբար համեմատեց «արտաքնոցի» հետ: Այդ խայտառակ ելույթից հետո Կադիրովան կարծես թե հեռացվել է աշխատանքից…
Ներկայումս, Բաքվի վարչակարգի նորօրյա սուլթան Ալիեւ Բ-ի հրահանգով ընթանում է Շուշիի հայ պատմական ժառանգության ակտիվ ոչնչացումը: 21-րդ դարի վայրագները նպատակաուղղված «ձեռնամուխ են եղել» այդ գործընթացին օկուպացված ողջ տարածքներում. արդեն մասնակի ոչնչացվել է Կանաչ Ժամ եկեղեցին, պղծվում է հայ Շուշվա խորհրդանիշը՝ Ղազանչեցոց Ամենափրկիչ տաճարը, որի գմբեթը հանել-ոչնչացրել են: Համեմատեք եւ զգացեք առկա քաղաքակրթական անդունդը: Իմիջիայլոց. Արցախի իշխանությունները 2020-ի աշնան ագրեսիայից քիչ առաջ վերանորոգել էին Շուշիի այսպես կոչված Վերին Գովհար-աղա մզկիթը:
Իսկ ադրբեջանական ռեժիմը դեռ 1960-ականներին՝ ԼՂԻՄ-ի օրոք քանդեց Շուշիի միակ ռուս ուղղափառ եկեղեցին, որը կառուցվել էր 19-րդ դարի 30-ական թթ. Շուշիի Ղումլուղ թաղամասում՝ ռուս զինվորականների հանգանակած միջոցներով: Իսկ այսօր Ադրբեջանի իշխանությունները ջանում են բարբարոսության մեջ մեղադրանքները բարդել հայերի վրա, քաղաքի վերին՝ հայկական մասում գտնվող Սբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին առանց խղճի խայթ զգալու ներկայացնելով որպես «հայերի կողմից յուրացված Սուրբ Գեւորգ եկեղեցին», որն իրականում քաղաքի ստորին՝ մուսուլմանական մասում էր եւ նրանց կողմից ավերվող Կանաչ ժամ տաճարի հետ ոչ մի կապ չունի:
Շարունակելի
Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հասարակական գործիչ, հրապարակախոս, Մոսկվայի լրագրողների միության անդամ