Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Մեզ համար անչափ կարեւոր էր հոբելյանի անցկացումը մայր հայրենիքում»

Հայ ավետարանական եկեղեցու առաքելությունը հայրենիքում եւ նրա սահմաններից դուրս

Հունիսի 30, 2022
Մշակույթ
«Մեզ համար անչափ կարեւոր էր հոբելյանի անցկացումը մայր հայրենիքում»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
372
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ ավետարանական եկեղեցին, իր հիմնադրման օրվանից, բոլորանվեր գործունեությամբ է ծառայել ազգաշահ հավատավորի իր առաքելությանը: Անցյալ տարի այն բոլորեց 175-ամյա իր կենսագրությունը: Շուքով պիտի նշվեր այդ հոբելյանը, սակայն մարդկությանը պատուհասած համավարակը խոչընդոտեց: Դա է պատճառը, որ հոբելյանը նշվում է այսօր, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում: Եվ այժմ, երբ բաց են հայրենիք բերող ճանապարհները, բազմաթիվ պատվիրակներ կժամանեն բոլոր մայրցամաքներից՝ մասնակիցը լինելու յուրատեսակ այս տոնախմբության: Հոբելյանի առիթով է «ՀՀ» օրաթերթի հարցազրույցը Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն, Հայ Ավետարանական եկեղեցու 175-ամյակի գործադիր հանձնախմբի ատենապետ Զավեն ԽԱՆՋՅԱՆԻ հետ:

-Պարոն Խանջյան, նախ թույլ տվեք ողջունել Ձեր հերթական այցը հայրենիք եւ ապա հարցնել՝ ինչո՞վ է պայմանավորված հանդիսության անցկացման նախընտրած վայրը՝ Հայաստան:

-Երբ Հայ ավետարանական եկեղեցու համաշխարհային խորհուրդը սկսեց մտածել եւ ծրագրել 175-ամյակի հիշատակման մասին, երկմտանք չկար, թե այն որտեղ պիտի կայանար՝ աշխարհի տարբեր հեռուներից պիտի հավաքվեինք այստեղ՝ մայր հայրենիքում: Պատճառն հստակ է՝ աշխարհի տարբեր կողմերում գործող ավետարանական բոլոր մեր կառույցները, որոնք կազմում են Հայ ավետարանական համաշխարհային խորհուրդը, դրա անդամների ոչ հեռավոր նախնիները, ճակատագրի բերումով, մայր հողից են հեռացել եւ գտել տարբեր հանգրվաններ: Ուստի, մեզ համար անչափ կարեւոր էր հոբելյանի անցկացումը հայրենիքի սրտում: Եվ հիմա արդեն բոլորը ժամանել են՝ մասնակցելու եռօրյա մեր հանդիսություններին:

-Ո՞ր երկրներից են ժամանել Ավետարանականի մեր հայրենակիցները:

-Հայ ավետարանական եկեղեցին բաժանված է հինգ եկեղեցական միությունների: Պատմականորեն առաջինը Մերձավոր Արեւելքի Հայ ավետարանական եկեղեցիների միությունն է, որը կազմավորվել է Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո, երբ մահապուրծ հայության բեկորները հանգրվանվեցին արաբ ասպնջակ ժողովրդի կողմից, եւ եկեղեցին առաջին տունն էր, որ կառուցեցին նրանք: Այս միությունն  ունի 25 եկեղեցի, 9 դպրոց, մեկ համալսարան, աստվածաբանական ճեմարան, հանգստի երկու ճամբար, պատանեկան տուն: Երկրներն են՝ Ավստրալիա, Եգիպտոս, Թուրքիա, Իրան, Իրաք, Հորդանան, Սիրիա, Լիբանան, Կիպրոս, Հունաստան: Հաջորդը Ֆրանսիայի ՀԱԵ  միությունն է՝ իր 10 եկեղեցիներով: Ունի երկու ճամբար՝ «Լա Ֆոնթանել» եւ «Լա Սուրս»: Այսօր այստեղ են Ֆրանսիայի հայ ավետարանականների բոլոր հոգեւոր հովիվները: Այս հանդիսությունների շրջանակում նրանք նշում են նաեւ «Հույս Հայաստանի»՝ եկեղեցու բարեգործական թեւի՝ Հայաստանում գործունեության  30-ամյակը: Ապա գալիս է Հյուսիսային  Ամերիկայի համանուն միությունը: Ի դեպ, վերջերս դրանում ընդգրկվեց նաեւ Հարավային Ամերիկայի միությունը: Նշենք, որ միայն Հյուսիսային Ամերիկայի ՀԱԵ միությունն ընդգրկում է 33 եկեղեցի, ունի «Արեւելք» եւ «Արեւ» ճամբարները, «Շարլոթ եւ Էլիզ» ՀԱՄ վարժարանը: Նշենք Եվրասիայի ՀԱՄ-ի մասին՝ Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի՝ թվով 15 եկեղեցիների ընդգրկումով: Եվ վերջապես՝ Հայաստանի եւ Արցախի Հայ ավետարանական եկեղեցիների միությունը, որն ստեղծվեց մեր երկրի անկախացումից անմիջապես հետո՝ 1991 թվականին: Այն միավորում է 23 եկեղեցի, գործում են «Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների» անվան դպրոցը, «Շիին Շողիկ» ճամբարը՝ հայ մանուկների համար: Այսօր կայանալիք տոնախմբությանը ներկա կգտնվեն այս բոլոր միությունների ներկայացուցիչները՝ թե հոգեւոր եւ թե աշխարհական մարդիկ: Ավելացնեմ նաեւ, որ Եվրոպայում, բացի Ֆրանսիական միությունից, ունենք մի խումբ անկախ հայ ավետարանականների, որոնք միություն չեն կազմել, բայց համախումբ են: Այդպիսիք կան Գերմանիայում, Բուլղարիայում, Հոլանդիայում, Հունաստանում: Այս եկեղեցիների ներկայացուցիչները եւս հայրենիքում կլինեն:

-Խոսենք այս միությունների բուն առաքելության մասին…

-Հայ ավետարանական եկեղեցին հոգեւոր հաստատություն է, այն  առնչվում է հայ մարդու կրոնի, հավատքի հետ եւ հաստատված է հենց այդ հիմքերի վրա: Այս օրերի մեր հանդիսությունների կարգախոսն է՝ «Անխախտ պահենք մեր հայրերի հավատքը»: Այնպես որ, մեր առաջին եւ գլխավոր նպատակը, առաքելությունը Եկեղեցին եւ հայ մարդուն իրեն ստեղծողին մոտ պահելն է: Որեւէ մահկանացու, Աստծո որեւէ ստեղծած կարիք ունի անմիջականորեն հարաբերվելու իր արարչի հետ՝ որպես հիմք ունենալով «Աստվածաշունչը»: Ավետարականների խորին խորհուրդն է Աստծո խոսքը, խոստումը, բարի լուրը հասանելի դարձնել մեր ժողովրդին: Չմոռանանք, որ անատոլիական շրջաններում մեր ժողովուրդը գտնվում է հոգեւոր սովի պայմաններում, եւ պատահական չէր, որ 19-րդ դարում Սուրբ գիրքը թարգմանվեց աշխարհաբար: Հոգեւոր սով էր նաեւ հայրենիքում, երբ 70 տարի շարունակ իշխում էր համայնավարական գաղափարախոսությունը:

-Դժբախտաբար, մեր երկրի ու ժողովրդի ճակատագրից գրեթե մշտապես անբաժան են եղել ողբերգական իրադարձությունները՝ եղեռն, տեղահանություններ, աշխարհացունց երկրաշարժ, պատերազմներ…

-Հայ ավետարանական եկեղեցին եւ Հայ ավետարանչական ընկերակցությունը 1988-ի երկրաշարժի առաջին իսկ օրվանից եղան հայրենիքում, որպեսզի իրենց կարողությունների սահմաններում մեղմեն մեր ազգին պատուհասած կորուստն ու ցավը: Դրանից ի վեր մեր ներկայացուցիչնեը այստեղ գտնվեցին, եւ առաջին ձեռքմեկնումն այն եղավ, որ հատուկ ծրագրով մեր հովանավորության տակ վերցրինք շուրջ 2000 երեխաների՝ նրանց ամեն կերպ օգտակար լինելու նպատակով: Հովանավորչական այդ ծրագիրը եղավ շարունակական եւ ժամանակի ընթացքում մատուցեց իր ծառայությունները նշյալ մարզերում: Ավետարանական եկեղեցու եւ Ավետարանչական ընկերակցության գործունեությունն, ընդհանուր առմամբ, միտված է չորս ուղղության: Առաջինը, ինչպես նշեցինք, հոգեւորն էր, երկրորդը՝ կրթական համակարգը: Ուրախությամբ ասեմ, որ, խորապես կարեւորելով կրթության դերը, տարբեր մարզերում ստեղծել ենք մանկապարտեզներ, կրթական հաստատություններ ու նաեւ դպրոց՝ «Ավետիսյան» վարժարանը՝ վստահաբար հավատալով, որ կրթությունը մեր ժողովրդի զարգացման, երկրի առաջընթացի կարեւորագույն կռվաններից մեկն է: Սրանցից զատ, կարեւորել ենք նաեւ արտադպրոցական կրթական կենտրոնների ստեղծումը: Դրանք անվանել ենք «Շող» կենտրոններ, որոնք թվով վեցն են՝ Հայաստանում եւ Ացախում: Երրորդը երիտասարդական ծառայություններն են՝ հիմնականում  ճամբարների միջոցով. Հանքավանում ունենք մի հրաշալի ճամբար, որտեղ ամառային շրջանում հանգստանում են հազարավոր երեխաներ, դպրոցականներ, վայելում Աստծո կատարյալ ստեղծագործության՝ բնության հրաշալիքները, դաստիարակվում են ու կոփվում ֆիզիկապես: Այդպիսի ճամբար ունեինք նաեւ Շուշիում, որը, ցավոք, մնաց թշնամու տիրապետության տակ: Ունենք նաեւ կիրակնօրյա դպրոցներ, պատանիների, երիտասարդական ցերեկային կենտրոններ ու այլ ծառայություններ՝ եկեղեցիների շրջանակներում:

Չորրորդը մարդասիրական ծառայությունն է. Արցախյան առաջին պատերազմից հետո մեր այս երկրամասում ստեղծեցինք մեր կենտրոնը՝ ժողովրդին օգտակար լինելու, նրա կենսամակարդակի բարձրացման, կրթության խնդիրներին աջակից լինելու մտահոգությամբ: Այս վերջին պատերազմից հետո էլ մեր մարդասիրական ծառայությունները ակտիվորեն շարունակվում են, որպեսզի հնարավորինս աջակցենք իրենց բնօրրաններից հեռացած մեր հայրենակիցների վերադարձին: Այդ նպատակով նաեւ բնակարանների, նոր մանկապարտեզների խնդիրներ ենք ջանում լուծել եւ Ստեփանակերտում, եւ Նախիջեւանիկ գյուղում, այլ շեներում: Խիստ կարեւոր է, որ Արցախը մնա հայաբնակ, մնա հայկական, մեր բոլորի փափագն է, որ մնա նաեւ ինքնիշխան: 

-Հետաքրքիր է, թե վերջին անգամ ե՞րբ եք եղել մեր հերոսական լեռնակղզում:

-Ուղիղ մեկ տարի առաջ: Այցելել եմ մեր բոլոր կենտրոնները, վերանայել, վերամշակել ենք մեր ծրագրերը, եւ սա այն դեպքում, երբ մարդիկ տարակուսում են Արցախում ներդրումներ անել-չանելու շուրջ, մինչդեռ մենք վերստին շարունակում ենք նոր ներդրումներ անել այնտեղ: Ներդրումներ՝ հանուն հայ մարդու, հանուն այսօրվա ու վաղվա Արցախի:

-Այսօր շարունակվու՞մ է այդ նախաձեռնությունների ընթացքը:

-Այո, իհարկե: Այսօր զբաղված ենք Ստեփանակերտում նոր մանկապարտեզի նախագծման աշխատանքներով, որոնք գրեթե արդեն պատրաստ են, եւ շուտով կանցնենք գործի: Ի դեպ, Արցախի մայրաքաղաքում մենք մեկ մանկապարտեզ վաղուց ունենք, բայց այս մեկը նախորդից մեծ կլինի մոտ երեք անգամ: Այն նախատեսված է շուրջ 200 երեխաների համար:

-Իսկ Ձեզ համար, մանավանդ այսօր, դժվարություններ չե՞ն առաջա, եթե կամենաք հերթական անգամ լինել Արցախում:

-Ինձ համար այդպիսի դժվարություններ գոյություն չունեն: Ես միշտ մեծ փափագ ունեմ Արցախ այցելելու: Ավելին՝ մեր կազմակերպության իմաստով մենք այնքան ներկայություն ունենք Արցախում, որ իմ ներկայությունն այնտեղ պարտավորության չափ է: Սակայն, ափսոս, այս անգամ երեւի չկարողանամ՝ առողջական խնդիրների պատճառով:

-Վերջում՝ Հայ ավետարանական եկեղեցի-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հարաբերությունների մասին…

-Մայր եկեղեցին մնում է հենց այդպիսին՝ մայր եկեղեցի: Ամեն դեպքում, մենք ծնունդ ենք առել նրանից, եւ մեր միջեւ եղած կապը անքակտելի է: Առավելապես մեր մտածումներում, մեր գիտակցության մեջ զորավոր է այդ կապը՝ պատշաճ, սիրալիր, քաղաքավարի եւ համագործակցությամբ: Ամենուր է այդպես՝ եւ հայրենիքում՝ Էջմիածնում, եւ Անթիլիասում, եւ մնացյալ բոլոր գաղութներում, որ սփռված են բոլոր մայրցամաքներում:

Թեգեր: Զավեն ԽԱՆՋՅԱՆ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist