Պատերազմից հետո մշակութային բնագավառում առաջին մեծածավալ միջոցառումը կարելի է համարել Համազգային հայ կրթական մշակութային միության ԱՀ գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում մեկնարկած գրական-մշակութային օրերը, որն անցկացվում է «Ապրելու ձայնը» խորհրդանշական խորագրով: Ստեփանակերտ ժամանած հյուրերից նշենք Հայաստանի ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Լիբանանի ճեմարանի տնօրեն Տիգրան Ջինբաշյանին, Կանադայի «Հորիզոն» թերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանին, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանին, «Արմավ» գրահրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արմեն Ավանեսյանին, այլ անվանի գրողների, արվեստագետների՝ Հայաստանից եւ սփյուռքից:
Գրական-մշակութային օրերը հանրապետությունում մեկնարկել են տոնակատարության մասնակիցների՝ Ստեփանակերտի հուշահամալիր եւ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների պանթեոն այցելությամբ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նահատակված տղաների հիշատակը եւ ծաղիկներ խոնարհել: Նշենք, որ նրանց թվում են նաեւ Արցախի գրական ընտանիքի անդամներ Կոմիտաս Հակոբյանը, Հայասեր Հովսեփյանը եւ Հայկ Լալայանը: «Եվրոպա» հյուրանոցի մեծ դահլիճում, որտեղ կայացել է միջոցառման հանդիսավոր բացումը, Համազգային հայ կրթական մշակութային միության Արցախի գրասենյակի ղեկավար Հերմինե Ավագյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Ապրած յուրաքանչյուր օրվա համար մեզնից յուրաքանչյուրը պարտք է հայրենիքի համար ընկած մեր քաջարի տղաներին, ովքեր կրծքով պաշտպանել են մայր հողի վրա ապրելու իրավունքը»: Հ. Ավագյանի խոսքով՝ անկախ ներկա մարտահրավերներից, թեկուզեւ վիրավոր, Արցախի սիրտը բաբախում է, արցախցին շարունակում է ապրել, արարել եւ պայքարել իր ազատության ու անկախության համար: «Արցախում ստեղծվող գրականության մասին պետք է խոսել ոչ միայն հայրենիքում, այլեւ նրա սահմաններից դուրս,- կարծում է նա:- Պատերազմը միայն սահմանին չէ: Սահմանից այս կողմ մեկ այլ պատերազմ է՝ մշակույթի, գրականության ազգային արժեքների պահպանման համար: Ու արցախցին շարունակում է արժանապատվորեն պայքարել հանուն ինքնության եւ հող հայրենիի պահպանման»:
Գրական-մշակութային օրերի շրջանակը բավական հագեցած է, ընդգրկուն. ցուցահանդեսներ, գրքերի քննարկումներ, գրական բանավեճեր եւ քննարկումներ, գիտաժողովներ, համերգներ, որոնք ծրագրվում են անցկացնել ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, այլեւ շրջաններում, գյուղական բնակավայրերում:
«Արդի հայ գրականությունը եւ Արցախը» թեմայով առաջին հանդիպումը կայացել է մայր բուհում: Պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, ով գիտական մի շարք աշխատությունների, մասնավորապես՝ բանահյուսական ժողովածուների հեղինակ է, ողջունելով հյուրերին՝ կարեւորել է նման միջոցառումների անցկացումը գրական-մշակութային կյանքի աշխուժացման տեսանկյունից, համոզմունք հայտնել, որ ժամանակակից գրականության շուրջ ծավալվող քննարկումները կլինեն բաց եւ անկաշկանդ, բանախոսներին հնարավորություն կտան համահայկական գրական դաշտում դիտարկել հետպատերազմյան շրջանում արցախցի գրողների կողմից հրատարակված ստեղծագործությունները, որոնցից շատերը, անկասկած, գրական արժեք են ներկայացնում եւ լայն արձագանք են գտել:
Իրենց ելույթներում Էդվարդ Միլիտոնյանը, Տիգրան Ջինբաշյանը, Վահագն Գարագաշյանը, Դավիթ Գասպարյանը, Արմեն Ավանեսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը եւ այլք այն միտքը շեշտեցին, թե իրականացնելով գրական խոսքի կերտման եւ մշակութային ավանդույթների պահպանման ու զարգացման առաքելություն՝ Արցախում ապրող ու ստեղծագործող գրողը, արվեստագետը, մանկավարժն իրենց ստեղծագործություններով ոգեշնչում են ժողովրդին, կրթում եւ սերունդներ դաստիարակում՝ սերմանելով ազգային եւ համամարդկային արժեքներ՝ պայմանավորված երկրում եւ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակներով: Արցախում այսօր գրիչն ու զենքը շարունակում են անվտանգության եւ կայունության պահպանման բաղադրիչներ մնալ, քանի դեռ արցախյան հիմնախնդիրը տակավին լուծված չէ, եւ փխրուն խաղաղության մեջ հարցականների շարանը երկարում է:
Գրեթե նույն ձեւաչափով է անցել «Գրիգոր Նարեկացի» համալսարանում Արցախի գրողների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողության՝ հյուրերի հետ կայացած հանդիպումը: ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը «մարտնչող» Արցախում պահանջված է համարել գրական-մշակութային օրերի անցկացումը, ինչը լավ առիթ է համախմբելու երիտասարդ գրողներին եւ աջակցելու նրանց մտահղացումների իրագործմանը, ունկնդրելու առաջարկները եւ նրանց ձայնը հասանելի դարձնելու համայն հայության համար: «Արցախի բարեբեր հողը ոչ միայն հերոսների երկիր է, այլ նաեւ հարուստ մշակույթի, պոեզիայի, երգի ու երաժշտության օրրան, որից սնվում են սերունդները եւ հագեցնում իրենց ծարավը,- նշեց Վ. Հակոբյանը:- Այսօր երիտասարդներն ավագ սերնդի արժանի փոխարինողներն են, ովքեր շահագրգռված են, որ բազմաչարչար Արցախում այլեւս ռազմական գործողություններ չծավալվեն, որպեսզի ոչ մի մայր այլեւս զավակ չկորցնի, եւ մանուկներ չորբանան: Արցախի ժողովուրդը միշտ էլ քաղաքակրթության, մշակույթի եւ արվեստի, գրականության զարգացման ջատագով է եղել եւ կարեւորելով ազգային արժեքների ստեղծումն ու պահպանումը՝ ոսոխի դեմ կռվել է զենքով ու գրչով: Այսօր էլ, ցավոք, այդ ճակատագրին է նա դատապարտված»…
Արցախի ճակատագրի, գրականության շուրջ արտահայտելով իրենց կարծիքներն ու տպավորությունները՝ մտահոգության հետ մեկտեղ բանախոսներն ընդգծեցին այն լավատեսությունը, որ գոյություն ունի ստեղծագործ մարդկանց շրջանում: Չնայած պատերազմի արհավիրքներին, ժողովուրդը չի վհատվում, շարունակում է կառուցել, գրական ուշագրավ գործեր են արարվում, ստեղծվում են գեղարվեստական արժեք ներկայացնող կտավներ ու քանդակներ, որոնցում արտահայտվում են երիտասարդ գրողների եւ նկարիչների, երաժիշտների ընկալումները տարածաշրջանում, երկրում տեղի ունեցող իրադարձությունների, մարդկային փոխհարաբերությունների վերաբերյալ: Արցախում արձանագրվող գրական գործընթացները դիտարկելով համահայկական գրական դաշտում՝ բանախոսները կարեւորեցին գրական ընտանիքների միջեւ հետզհետե ամրապնդվող համագործակցությունը, որը միայն արգասաբեր պտուղներ է տալիս: Ողջունվեց երիտասարդ գրողների նկատմամբ ցուցաբերվող հոգատարությունը, եւ կոչ արվեց առավել մեծ ուշադրություն դարձնել նրանց գրական գործերի հրատարակմանը: Վերջում Էդվարդ Միլիտոնյանն ու Արմեն Ավանեսյանը գրքեր նվիրեցին Արցախի գրողների միությանը: Իսկ գրական վաստակի համար Էդվարդ Միլիտոնյանը գործընկերոջ՝ Վարդան Հակոբյանի կողմից պարգեւատրվեց Գրիգոր Նարեկացու հուշամեդալով:
«Ապրելու ձայնը» խորագրով գրական-մշակութային օրերի ակորդները հնչեցվել են նաեւ «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում, որտեղ ակտիվ քննարկումներ են ծավալվել հայ դասականների, մասնավորապես Եղիշե Չարենցի գրական ժառանգության շուրջ (գլխավոր բանախոս՝ Դավիթ Գասպարյան): Միջոցառման մասնակիցները հանդիպումներ են ունեցել նաեւ Մարտունու շրջանի Նորշեն, Աշան գյուղերի բնակչության հետ, այցելել են երջանկահիշատակ գրող, բանահավաք Լեւոն Հարությունյանի տուն եւ ծանոթացել նրա հարուստ գրադարանին, անտիպ ստեղծագործություններին: