Ինչ ճանապարհ է անցել «Հայկական հանրագիտարանը» նախորդ տասնամյակներում, ովքեր են այն երախտավորները, որոնք կանգնած են եղել դրա ակունքներում: Ժամանակներ են անցել, ներկա իրողությունները համեմատելի չեն նախկինի հետ: Ինչպես, ինչ պարբերականությամբ է այժմ լույս աշխարհ գալիս մեծարժեք այս գրքի յուրաքանչյուր հատորյակ, եւ ինչպիսի դժվարություններ են հաղթահարվում այդ ճանապարհին: Այս եւ հարակից այլ հարցերի շուրջ է «ՀՀ» օրաթերթի «Հյուրասրահում» զրույցը հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ:
-Պարոն Այվազյան, խնդրում եմ հակիրճ պատմել «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» անցած ուղու մասին:
-Հայկական հանրագիտարանը ծնունդ է առել մեր ժողովրդի զարթոնքի տարիներին՝ Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի նախապատրաստության շրջանակներում: 1964 թ. հոկտեմբերի 6-ին ՀԿԿ Կենտկոմի բյուրոն որոշում է ընդունել Հայկական սովետական հանրագիտարան (ՀՍՀ) հրատարակելու մասին: ՀԿԿ Կենտկոմի եւ Նախարարների խորհրդի հաջորդ համատեղ (01.06.1966-ի № 232) որոշումով Գիտությունների ակադեմիայի նախագահությանը կից ստեղծվել է հատուկ գիտական խմբագրություն, որի իրավահաջորդն է ներկայիս «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը»:
Հանրագիտարանի նախապատրաստման աշխատանքները կատարելու համար ընտրվել է ժամանակի բազմաթիվ երեւելի մտավորականների խումբ՝ ԳԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ, նաեւ խմբագրության աշխատակազմ (շատերի ընտրությունը կատարել է անձամբ Վիկտոր Համբարձումյանը, ինչը երանելի հուշեր է արթնացնում նաեւ այսօր): Նախապատրաստական աշխատանքը, որի ընթացքում կազմել են հանրագիտարանի բառացանկն ու մեթոդական ցուցումները, տեւել է ավելի քան 7 տարի. 1-ին հատորը լույս է տեսել 1974-ին՝ Վիկտոր Համբարձումյանի ստորագրությամբ, իսկ ամբողջ՝ 12-հատորյա հրատարակությունն ավարտվել է 1987-ին՝ «Սովետական Հայաստան» հատուկ հատորով:
ՀՍՀ տպագրության համար մշակվել է հատուկ տառատեսակ՝ «հանրագիտարանային» (հեղ.՝ Հենրիկ Մնացականյան): Հատորների տեքստերը տպագրվել են հանրապետության պոլիգրաֆ կոմբինատում, քարտեզները՝ Մինսկում, իսկ ներդիր պատկերազարդումները՝ Մոսկվայում: Այդ ընթացքում խմբագրության աշխատանքը հաջորդաբար ղեկավարել են գլխավոր խմբագիրներ, պատմաբաններ Աբել Սիմոնյանը (հ. 2-4) եւ Մակիչ Արզումանյանը (հ. 5-12+1), իսկ Վիկտոր Համբարձումյանն աշխատանքները վերահսկել է արդեն որպես գիտահրատարակչական խորհրդի անփոփոխ նախագահ: Հայկական սովետական հանրագիտարանի բազմահատորյակը ժամանակին շատ բարձր է գնահատվել եւ 1988-ին արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի՝ ի դեմս գլխավոր խմբագիրներ Վիկտոր Համբարձումյանի եւ Մակիչ Արզումանյանի, գլխավոր խմբագրի տեղակալ Ջավադ Թորոսյանի եւ պատասխանատու քարտուղար, գրող Հայկ Խաչատրյանի:
Երախտագիտության խոսքի ու շնորհակալության արժանի են, անշուշտ, բոլոր նրանք, ովքեր աշխատակցել, իրենց եռանդով ու նվիրումով նպաստել են այս հրատարակության իրականացմանը՝ հոդվածների ու քարտեզների 700-ից ավելի հեղինակները, հանրագիտարանի խմբագրության (հրատարակչության) 200-ից ավելի աշխատակիցները:
ՀՍՀ հատորներում առաջին անգամ մեկտեղվել են հայոց պատմության, գիտության, մշակույթի, արվեստի, պետության, առողջապահության, տնտեսության, Եկեղեցու, սփյուռքի եւ բազմաթիվ այլ ոլորտների պատկերն ու ձեռքբերումները, որոնք յուրատեսակ չափանիշ են քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերվելու եւ սեփական ժողովրդի նկարագիրն ամբողջացնելու առումով: Այդ հրատարակությունն անառարկելիորեն խոշոր նվաճում էր հայ գրահրատարակչության պատմության մեջ. տպագրվել է աննախադեպ՝ 100 հազ. տպաքանակով:
ՀՍՀ բազմահատորյակի հրատարակության ավարտից հետո հրատարակչությունը գլխավոր խմբագիր, պատմաբան, մշակութաբան Կոստանդին Խուդավերդյանի գլխավորությամբ (1988-98) սկսել է թեմատիկ, մանկական եւ այլ բնույթի հանրագիտարանների հրատարակումը, որոնք այսօր արդեն զգալի թիվ են կազմում՝
* «Ի՞նչ է, ո՞վ է» մանկական հանրագիտարան (4 հատոր), 1984-87 թթ.
* «Ոսկեփորիկ» մանկական հանրագիտարան (3 հատոր), 1990-99 թթ.
* «Հայկական համառոտ հանրագիտարան» (4 հատոր), 1990-2003 թթ.
* «Հայկական հարց. հանրագիտարան», ռուս.՝ 1990 թ., հայ.՝ 1996 թ.
* «Տնային տնտեսության հանրագիտարան», 1997 թ.
* «Հանրամատչելի բժշկական հանրագիտարան», 2001 թ.
* «Հայաստանի բնաշխարհ. հանրագիտարան», 2002 թ.
* «Քրիստոնյա Հայաստան. հանրագիտարան», 2002 թ.
* «Հայ Սփյուռք. հանրագիտարան», 2003 թ.
* «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-94» հանրագիտարան, 2005 թ.
* «Ով ով է. հայեր» կենսագրական հանրագիտարան (2 հատոր), 2005-07 թթ.
* «Դպրոցական մեծ հանրագիտարան» (2 գիրք, 4 հատոր), 2007-10 թթ.
* «Հայաստան. հանրագիտարան», 2012 թ.
* «Հայ գրատպության եւ գրքարվեստի հանրագիտարան», 2015 թ.
* «Գյուղատնտեսական հանրագիտարան», 2015 թ.
* «Հանրագիտական բառարան» (2 հատոր), 2016-18 թթ.
* «Հայ երաժշտության հանրագիտարան», 2019 թ.
* «Հովհաննես Թումանյան. հանրագիտարան», 2020 թ.:
Հայկական հանրագիտարանը վաղուց դարձել է հայալեզու լավագույն տեղեկատվական միջոցներից՝ հավաստի եւ ճշգրիտ գիտելիքի յուրօրինակ շտեմարան, որից առանց բացառության օգտվում է ամբողջ հայությունը՝ հայրենիքում եւ սփյուռքում: Նրա նյութերի զգալի մասն այսօր լայնորեն զետեղվել է նաեւ հայալեզու համացանցում:
-Ինչպե՞ս եք կազմում հանրագիտարանների հրատարակման հաջորդականությունը:
-Հանրագիտական հրատարակության պատվիրատուն անցյալում պետությունն էր, եւ աշխատանքը կատարվում էր աչալուրջ վերահսկողության պայմաններում: Հրատարակչությունն այդպես աշխատել է շուրջ 20 տարի: Իսկ ՀՍՀ-ին հաջորդած «Հայկական համառոտ հանրագիտարանի» (4 հատոր) ստեղծումը մի տեսակ պահանջված էր. այնտեղ հավաքված են այդ համապարփակ հանրագիտարանի՝ հայ աշխարհին ու հայ իրականությանը վերաբերող նյութերը: Այդպիսի պրակտիկա կար դեռեւս խորհրդային տարիներին. համապարփակ հանրագիտարանների ավարտին տպագրվում էին նման՝ ազգային ուղղվածության համառոտ հանրագիտարաններ: Եթե այդ քառահատորը ժամանակին թարգմանվեր օտար լեզուներով, կարծում եմ՝ մենք այսօր շատ ավելի շահեկան վիճակում կլինեինք քաղաքակիրթ աշխարհում:
Համառոտ հանրագիտարանին հետեւել են մի շարք ճյուղային հանրագիտարաններ. նախ՝ դպրոցականների համար, ապա՝ նաեւ ընդհանուր ճանաչողական բնույթի, որոնք հավասարապես օգտակար են եւ՛ մեծերին, եւ՛ փոքրերին: Դրանց ընտրությունը կատարել է հրատարակչությունը: Նկատեմ, որ մեր «Դպրոցական մեծ հանրագիտարանը» ժամանակին մեծ պահանջարկ ուներ, եւ մտածում եմ, որ այն այսօր էլ շատ օգտակար է մեր աշակերտներին:
Ունենք նաեւ որոշ հոբելյանական երանգ ունեցող հանրագիտարաններ, ինչպես, օրինակ, «Քրիստոնյա Հայաստանը» (նվիրված է Հայոց քրիստոնեական դարձի 1700-ամյակին), «Հայ գրատպության եւ գրքարվեստի հանրագիտարանը» (հայ գրատպության 500-ամյակին) եւ այլն: Ուշագրավ է նաեւ երկհատոր «Հանրագիտական բառարանը», որը պատրաստվել է հայտնի բառարանների օրինակով եւ ունի համապարփակ ընդգրկում:
Թեմատիկ հանրագիտարաններից կուզեի առանձնացնել վերջերս տպագրված «Հայ երաժշտության» եւ «Հովհաննես Թումանյան» հանրագիտարանները: Ընդ որում, վերջինը գրական-կենսագրական հանրագիտարանի հաջողված առաջնեկն է մեր իրականության մեջ, որ կարող է լավ շարունակություն ունենալ:
-Ի՞նչ նոր անելիքներ եք ծրագրել, որոնց մասին կուզեիք խոսել այսօր:
-Գիտեք, հանրագիտարան ունենալու հանգամանքով քաղաքակիրթ աշխարհը բաժանվել է 2 մասի՝ հանրագիտարան ունեցող եւ չունեցող երկրների: Հասկանալի է, որ հանրագիտարան ունենալը դիտվում է որպես մշակութային նոր հարթակ, նոր նվաճում: Դրանով երկրներն իրարից տարբերվում են լավ իմաստով: Մենք այդ հնարավորություններն ունեցել ենք եւ պիտի շարունակենք հանրագիտարանային ավանդույթները՝ արդեն ժամանակակից պահանջներին ու իրականությանը համապատասխան:
Հիմնարար համապարփակ հանրագիտարանները վերահրատարակվում են, որպես կանոն, 25-30 տարի պարբերականությամբ: Դրա օրինակները բազմաթիվ են: Մենք վաղուց ավարտել ենք ՀՍՀ հրատարակությունը (արդեն 35 տարի առաջ), իսկ այդ ընթացքում հայտնի է, որ հեղաշրջումային իրադարձություններ են տեղի ունեցել մեր երկրում՝ ՀՀ անկախացում, ԼՂՀ-ի անկախության հռչակում, հասարակարգի եւ պետության վերակառուցում, արտաքին քաղաքական դաշտում կողմնորոշվելու եւ սեփական հետագիծն ունենալու խնդիրներ, նոր ժամանակների եկեղեցի ու սփյուռք, արցախյան պատերազմներ, նոր դեմքեր ու դեպքեր եւ բազմաթիվ այլ հարցեր, որոնք նորովի պիտի լուսաբանվեն հայկական հանրագիտական գրականության մեջ: Նոր համապարփակ հանրագիտարանի անհրաժեշտությունը վաղուց է հասունացել: Սա չի նշանակում, սակայն, որ թվարկածս խնդիրները չեն արտացոլվել մեր տարբեր հանրագիտարաններում: Բայց նոր համապարփակ հանրագիտարանի կարգավիճակն ուրիշ է: Մենք այդ մասին բազմիցս դիմել ենք եւ՛ ներկա, եւ՛ անցյալ իշխանություններին, բայց, ինչպես ասում են, այդ ըմբռնումը դեռեւս վերջնականապես չի ձեւավորվել:
Բայց դա չի խանգարում մեր գալիք աշխատանքը ծրագրելուն. մենք արդեն սկսել ենք կազմել նոր հայկական համապարփակ հանրագիտարանի (8-10 հատոր) բառացանկը, որը ներառելու է շուրջ 60 հազ. բառ-եզրույթ:
-Տեղյակ ենք, որ սակավաթիվ է հանրագիտարանի ներկա խմբագրակազմը: Հատկապես ի՞նչ մասնագետների կարիք ունեք:
-Որպեսզի ավելի պատկերավոր լինի մեր խմբագրակազմի այսօրվա վիճակը, ասենք, որ խորհրդային տարիներին ունեցել ենք մինչեւ 160 աշխատող, որի կեսից ավելին խմբագրակազմն էր, իսկ այսօր աշխատակազմը շուրջ 25 հոգի է, խմբագրակազմը՝ 10-ից պակաս: Եվ արվում է այն, ինչ հնարավոր է այդ աշխատակազմով: Հրատարակչությանն անհրաժեշտ աշխատակազմի քանակն ու որակական կազմը բավական հարաբերական են՝ կախված հրատարակության պատրաստվող հանրագիտարանի բնույթից:
Ճյուղային (թեմատիկ) հանրագիտարանների պատրաստման համար անհրաժեշտ է ընդամենը տվյալ ոլորտի մասնագետ հեղինակների մի թիմ եւ մի քանի (3-4) մասնագետ խմբագիրներ՝ գիտահրատարակչական անձնակազմի հետ միասին: Այդպես պատրաստվեցին, օրինակ, «Հայ երաժշտության» եւ «Հովհաննես Թումանյան» հանրագիտարանները, համապատասխանաբար՝ Հայաստանի կոմպոզիտորների միության, կոնսերվատորիայի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի մասնագետների եւ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի, ԵՊՀ-ի ու տարբեր հաստատությունների բանասեր-գրականագետների, լեզվաբանների աշխատակցությամբ: Իսկ հիմնարար համապարփակ հանրագիտարան կարելի է ստեղծել միայն բազմատեսակ ու բազմաթիվ մասնագետների աջակցությամբ, ինչպես նաեւ նյութատեխնիկական ու ֆինանսական եւ այլ միջոցների առկայությամբ, որոնց պակասը վաղուց է զգացվում հրատարակչությունում: Դեռ չեմ խոսում այն չնչին աշխատավարձերի մասին, որոնք սահմանված են ներկա սակավաթիվ աշխատակազմի համար:
Ես մնում եմ այն համոզման, որ հիմնարար հանրագիտարանի պատրաստումը համազգային գործ պիտի լինի. մենք նման զգացում ունեցել ենք առաջին համապարփակ հանրագիտարանի պատրաստման տարիներին: Ուզում եմ հավատալ, որ նման երանելի ժամանակներ դեռ լինելու են, եւ մեր հրատարակչությունը նոր զարթոնք է ապրելու:
Մեծ՝ համապարփակ հանրագիտարանի պատրաստման աշխատանքներին զուգընթաց՝ պետք է հիմնովին համալրել նախ՝ աշխատակազմը, ապա՝ նաեւ գիտախմբագրական ու տեխնիկական հնարավորությունները, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների ու բուհերի գիտնականներից կազմել գիտաճյուղային մասնագիտական խմբեր՝ հոնորարային հիմունքներով: Այլ կերպ այդ հսկայական աշխատանքը կատարելը շատ դժվար, եթե չասենք՝ անհնար կլինի: Այսօր մեր պատմության բազմաթիվ հարցեր սկզբունքորեն նորովի ներկայացման կամ առաջին անգամ շարադրման կարիք ունեն, ինչը կարող է անել միայն ոլորտի մասնագետը: Դա էլ հանրագիտարանի պատրաստումը դարձնում է համազգային գործ: Իսկ համազգային գործը պիտի լինի համազգային եւ համապետական ուշադրության դաշտում:
Ավելացնեմ, որ, ավանդույթը չխախտելով, զուգընթաց պատրաստվում է նաեւ «Հայաշխարհ» հանրագիտարանը, որը լինելու է Հայկական համառոտ հանրագիտարանի ժամանակակից տարբերակը:
-Ինչպիսի՞ գրականություն է պետք այսօր հայ մարդուն:
-Հասկանալիորեն, բարձրարժեք գրականությունը միշտ պահանջված է, բայց շատ հաճախ մարդիկ պարզապես ժամանակ չեն գտնում դրանք ընթերցելու: Այսօր, ցավոք, այն ժամանակը, որ կարելի էր հատկացնել գրականությանը, ընթերցողը լցնում է լավագույն դեպքում համացանցային խառնիճաղանջ տեղեկություններով, իսկ ավելի հաճախ՝ բամբասանքներով ու բանսարկություններով, որոնք ավելի գրավիչ են…
Իսկ թե ինչ գրականություն է պետք հայ մարդուն այսօր, վաղը… միշտ, ապա, իմ խորին համոզմամբ, դա պիտի լինի մեր ազգային նկարագրի ճանաչմանը նպաստող, մեր ներքին կարողությունների առավել արդյունավետ դրսեւորմանը օժանդակող, երիտասարդությանը հայրենասիրության ոգով դաստիարակող գրականություն: Այսօր մենք դրա կարիքը շատ ունենք:
Հանրագիտարանը, լինելով համակողմանի գիտելիքի շտեմարան, մեծ հաշվով լավագույնս կարող է ծառայել նաեւ այդ նպատակին, բայց այն գեղարվեստական կամ ամենօրյա օգտագործման գրականություն չէ, նրան ներկայացվող պահանջները հասկանալիորեն այլ են:
-Շնորհակալություն:
Հ. Գ.- Հայկական հանրագիտարանի հրատարակչությունում կան մեր հրատարակած գրքերի պահեստավորված որոշ քանակություններ, որոնք կարող ենք նվիրատվության կարգով տալ հանրապետության գրադարաններին եւ մշակույթի տներին: Դիմե՛ք մեզ: