Մարդկային կյանքը մեծագույն պարգեւ է՝ Աստծուց կամ բնությունից: Եվ կյանքը ստանալով որպես պարգեւ, աշխարհ գալով՝ մենք հնարավորություն ենք ունենում վայելելու այդ հեքիաթ-աշխարհը՝ «անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական»:
Բայց, ավա˜ղ, մեզանից շատերն այդպես էլ չեն ընկալում իրենց համար հյուսված այդ շքեղ հեքիաթը, դեռ ավելին՝ ոչ միայն իրենք չեն վայելում, այլեւ զրկում են կենսական շիտակ վայելքից «մի բուռ լավերին», քանզի իրենց վարքուբարքով ա-պականում են, պղծում, աշխարհը դարձնում իսկական դժոխք: Եվ Ավետիք Իսահակյանը անողոք բնութագրումներով տալիս է «տխեղծ մարդու» ամբողջական պատկերը. «Աղքատության մեջ քծնի, վաճառվող, թշվառության մեջ՝ վախկոտ, դավաճան, // Հարստության մեջ՝ լկտի, չարախինդ, ե՛ւ վրիժառու, ե՛ւ ամբարտավան»:
Հեռանալ մարդկանց ապականված միջավայրից դեպի անապատի խորքերը՝ մտածող եւ տառապող մարդու ինքնակամ ընտրությունն է: Անշուշտ, դյուրին չէ հրաժեշտ տալ անցյալ կյանքին, առավել եւս ինքն իրեն խոստովանել, թե «ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում»:
Իրականության եւ իրական մարդկանց համակեցության բոլոր դրսեւորումների մերժում՝ ա՛յս ճանապարհն է ընտրում Աբու-Լալա Մահարին, նույն ինքը՝ Ավետիք Իսահակյանը: Վերջինիս կյանքն արդեն այնքան դառնություն էր պատճառել թե՛ անձ-նապես (ցարական ոստիկանության հսկողություն, անհիմն դատական մեղադրանք, բանտարկություն, աքսոր, կենսական անապահովություն, հիվանդություններ, վտա-րանդի դառնալու անխուսափելիություն) եւ թե՛ հանրային, ազգային կյանքի առումով (հայկական դպրոցների փակում, ազգային եւ սոցիալական անարդարություն, աշ-խատավոր ժողովրդի ծանր վիճակ, Արեւմտյան Հայաստանում հայերի հալածանք-ներ), որ նրա զայրույթը, անտարակույս, միանգամայն ընդոծին էր, բնավ կարիք չու-ներ նմանակելու մեկ ուրիշին կամ ինչ-որ բան վերցնելու Ֆ. Նիցշեի «գերմարդուց»:
Եվ բնավ դա չէր Իսահակյանի պատկերացրած «գերմարդը». մինչ 1909 թ. արարված պոեմը (մի շնչով, ընդամենը երեք օրում. ասել է թե՝ ասելիքը կուտակվել, հասունացել էր)՝ արաբ բանաստեղծի կերպարի հետ ինքնանույնացման հիմքով եւ մարդկանց հասարակության էկզիստենցիալ մերժման հանճարեղ պատկերի ստեղ-ծումը, ավելի վաղ, 1902 թ. արդեն նա իր սեփական, ավարտուն ըմբռնումն ուներ հե-րոսի եւ զանգվածի փոխհարաբերության, հատկապես՝ իրական հերոսի առաքելու-թյան մասին: Գաղափարանվեր, գործունակ, աշխարհը վերափոխող, պայքարող մարդու տեսակն այլ է. տեսնելով նույնիսկ կախաղանի ուրվականը՝ Ավ. Իսահակյանի հերոսը չի ընկրկում, նույնիսկ հասկանալով սեփական խոսքի հասցեատիրոջ՝ «թշվառ եւ ունայն» ամբոխի հոգեվիճակը, այդ հերոսը գաղափարի աննկուն զինվոր է, եւ այդ գաղափարն ուզում է հասցնել մարդկանց հոգուն ու մտքին. «Եվ խոսքըս մուրճ էր, եւ խոսքըս՝ հըրդեհ, // Ես փշրում էի սրտերը մարդկանց. // Եվ խոսքըս մուրճ էր, եւ խոսքըս՝ հըրդեհ // Ես այրում էի սըրտերը մարդկանց»:
Գրողի ստեղծագործության մեջ, այսպիսով, արտացոլվել են նրա անձնական կյանքի, հայության վիճակի, պետության վարած քաղաքականության, տնտեսական փոխհարաբերությունների, գրական աշխարհի ամենատարբեր երեւույթները: Պարզ է, որ կյանքի տարբեր պահերին արտաքին աշխարհի իրադարձությունների անձնային արձագանքը տարբեր է լինում, նաեւ՝ հետադարձ կերպով ազդում է ստեղծագործողի աշխարհզգացողության վրա: Բայց վերջինիս միջուկը, մարդու խորքային «ես»-ը գրեթե անփոփոխ է լինում:
Ահա եթե հանրագումարի բերենք Ավ. Իսահակյանի կենսափիլիսոփայությունը, ապա առավել սեղմ եւ տպավորիչ արդեն արտահայտված է 1894 թ. Լայպցիգում գրված մի բանաստեղծության մեջ. «Կենսական ծովի հույզերի միջին // Ես ժայռի նման կանգնած եմ ամուր…. // Ինձնի՛ց բռնեցեք, խորտակվող մարդիկ»:
Սա հերո՞ս է, գերմա՞րդ, թե՞ սովորական մարդ, որը հաղթահարել է ոչ միայն գալիք մահվան վախը, այլեւ բաց է ներկայի արհավիրքների դեմ-հանդիման, տարերքի փորձությունը վերածում է սեփական կայունության միջոցի: Ամենահաղթ կենսա-փիլիսոփայության մի պատկեր է մեզ մատուցվում՝ սովորական մարդուց գերմարդ դառնալու գրավիչ ուղին: Եվ մի՞թե հենց այսպիսին չպիտի լինի իրական հերոսը, մի մարդ, որը պատրաստ է օգնելու այլոց եւ անվարան հրավիրում է թույլերին, կենսա-կան հույզերի ծովում խորտակվողներին ապավինելու իրեն:
Ավետիք Իսահակյանի «գերմարդը» մտահոգ է մարդկանց համակեցության ստվերոտ կողմերով, տեսնում է անցանկալի շատ բան, ուստի եւ իր պարտքն է համարում նախազգուշացնելու «Ոգու սովի» անխուսափելի գալստյան վտանգի մասին: Հատկապես նախազգուշացնում է, այլ ոչ թե մարդկանց արհամարհոտ դատապար-տում, քանզի վստահ է՝ մարդը ներքնապես, իր էութենական բնութագրով կոչված չէ սոսկ «հափրած որկորով» ապրելու, այլ իսկապես կարոտ է «հըրեղեն խոսքի, վեհ խոսքի»:
Ահա թե ինչու այդ բանաստեղծության եզրափակիչ տողերը խոսում են հօգուտ այն բանի, որ մարդ արարածն ի վերջո հասկանալու է ոգեղեն խոսքի արժեքը. «Եվ մուրացկի պես փշրանքի համար // Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…»:
Եվ ի˜նչ փառահեղ տողեր է գրում Իսահակյանը, հիրավի տիեզերական ընդգրկման մտքի տեր, իր զորեղ հոգով ամենուր սավառնող, բայց ազգակիցներից երբեք չկտրվող բանաստեղծը, որքա˜ն խորն է ըմբռնել իր մարգարեական առաքելությունը. «Ոգու հարության լույսն եմ ձեզ բերում….// Եվ մարգարեի հուրն է իմ կըրծքում, // Սուրը իմ ձեռքում, բարբառըս՝ ազատ. // Եվ ինձ հավիտյան անմահ եմ զգում, // Եվ երկրի վերա քայլերըս հաստատ…»:
Իհարկե, Ավետիք Իսահակյան գրողը կարող է հանճարեղորեն կերպարանափոխվել եւ արաբ բանաստեղծի դերում իսպառ դատապարտել ու արմատապես մերժել մարդուն եւ մարդկային կյանքը, բայց Իսահակյան մարդը չէր կարող իրական կյանքում չտեսնել եւ արժանին չհատուցել իր հանդիպած արժանահարգ մարդկանց, նրանց, ովքեր իրենց կենսակերպով պատիվ են բերում մարդկային ցեղին, դրանով իսկ լիուլի հակադարձում հոռետեսության փիլիսոփայությանը:
Մի՞թե այդպիսի հերոս չէ Շաքրո Վալիշվիլին, հարստահարված ժողովրդի շահերի անձնվեր պաշտպանը, ազատության դրոշակակիը: Որքա՛ն ջերմորեն է Ավ. Իսա-հակյանը պատկերում ծերունի գարիբալդիականին, որքա՛ն խորն է հասկանում նրա հոգին եւ սրտալից խոստովանությունը. «Ա˜խ, ինչքա˜ն լավ է, վեհ է կռվել հայրենիքի համար լավ ընկերների հետ մեկտեղ, մեռնել հայրենիքի համար լավ ընկերների գրկում…»:
Իսկ երկրորդ աշխարհամարտում զոհված հայ զորահրամանատարի՝ Սիմոն Զա-քիյանին նվիրված ջերմ բանաստեղծության վերջին տողերով Իսահակյանը իմաս-տավորում է հերոսական մահվան երեւույթը. «Քե՛զ հավերժ փառք… հանգչի՛ր խաղաղ ու անդորր. // Նոր հերոսներ կկայծակեն քո հետքով. // Հայաստանը կբողբոջի նորից նոր, // Կզարդարե քո շիրիմը վարդերով»:
Իսկ հանճարեղ «Կտակ» բանաստեղծությո՞ւնը: Սա մի ամբողջ կենսական իմաստություն է, կյանքն արժանավայել ապրելու յուրատեսակ վարքականոն, որ փորձառությամբ իմաստնացած տարեցի հոգատար խրատների ձեւով ծավալվում, մատուցվում է պատանուն (մանկիկին): Սա, իհարկե, բավական տարածված հնարք է համաշխարհային գրականության մեջ, սակայն Իսահակյանի բանաստեղծությունը հազվադեպ է ասելիքի նման սեղմությամբ, աֆորիստիկ ոճով: Եվ դարձյալ՝ բանաս-տեղծը պարզ ու անպաճույճ խոսքով ստիպում է մեզ տեսնել կյանքի պարադոքսները եւ նաեւ առաջարկում՝ սեփական կյանքի աշխարհայացքային հիմքը ինքնուրույն ձեւակերպել, օրինակ՝ մարդու վարվելակերպի մեջ հուզականի եւ խելամտության հարաբերակցության հարցում. «Զգացմունքն է գերիշխանը, խելքը՝ նրա լոկ ծառան. // Բայց դո՛ւ խելքդ վրադ պահի՛ր, ինչպես պողպատ կուռ վահան»:
Եվ կամ հոգու անտրտմության, տոկունության, լավատեսության, աներեր ընթացքի իսահակյանական հորդորը. կյանքում, արդարեւ, ձախողումներն անխուսափելի են, ամենքիս ճանապարհին բազում խոչընդոտներ եւ խոչընդոտողներ կան, դրանց մի մասը հաղթահարում ենք, մյուսը՝ ոչ: Եվ քանի որ բոլոր տեսակի խաղերում մշտապես հնարավոր չէ հաղթել, ուստի այդ փիլիսոփայությամբ տոգորված՝ կարող ենք ամեն մի խաղի էլ մասնակցել. «Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս, // Զվարթ եղի՛ր, ու այդպիսով բախտի վրա կըխնդաս»:
Եվ ո՞ւմ կարող է անտարբեր թողել «ատելու չափ սիրի՛ր մարդկանց» անսպասելի, բայց անվերապահ նրբաբանության հրամայականը. հիրավի, որքա՛ն կենսական եռանդ ենք մենք երբեմն զուր մսխում ատելության վրա՝ թողած սիրելու հնարավո-րությունը:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր