Ամեն մի հասուն անհատի, իսկ առավել եւս մտավորականի կենսափիլիսոփայության կարեւորագույն բաղադրիչներից է ազգայինի եւ համամարդկայինի հարա-բերակցության սեփական ըմբռնումը: Եվրոպայում կրթություն ստացած, այլազգինե-րի մեջ երկար տարիներ ապրած Ավետիք Իսահակյանն այդ հարցում ունի միան-գամայն հստակ, անսասան դիրքորոշում, այն է՝ «կոսմոպոլիտիզմը ֆալշ է եւ չոր», քանի որ ամբողջ աշխարհը որպես մարդկության բնակության վայրը եւ հայրենիքը որակապես տարբեր իրողություններ են: «Մարդ կարող է թափառել աշխարհի ամեն կողմերը, օտար երկրներ, ուրիշ ժողովուրդների մեջ, իբրեւ ճանապարհորդ, ուսում-նասեր եւ այլն, բայց հայրենիքը՝ այդ նրա տունն է, իր հայրենի, պապական օջախը. ինչպես որ մարդ միայն տանը իրեն լավ է զգում, ազատ է զգում, համարձակ ու ապա-հով, ու հարազատ, ընտանի, այնպես էլ մարդ իր հայրենիքումն է զգում այդպես, իր հայրենակիցների, իր ընտանիքի մեջ, մոր, հոր, քույր-եղբայրների մեջ»:
Ավետիք Իսահակյանի համար սա ոչ թե սոսկ խոսք է եղել, այլ գերագույն արժեք, աշխարհզգացողություն, եւ երբ նա հայտնվում է դաժան երկընտրանքի առջեւ՝ դրսո՞ւմ հրատարակել իր ամենից երկարատեւ աշխատանքի պտուղը՝ «Ուստա Կարո» վեպը (ինչը առկա ձեւով փակելու էր վերադարձի ճանապարհը), թե՞ վերա-դառնալ հայրենիք՝ 15 տարվա բացակայությունից հետո, վճռում է հօգուտ վերջինի:
1915 թ. եղեռնը կործանարար եղավ նաեւ մեծ քնարերգուի համար: Հայրենի եզերքի եւ հայոց երկնքի, ծառ ու ծաղկի, սիրո եւ ջահելության, նվիրվածության եւ հավատարմության երգիչն ահավոր ցնցում ապրեց թուրք գազանների ոճիրից եւ քրիստոնյա աշխարհի դավադիր անտարբերությունից: Քնարերգությունն ինքնին դարձավ անիմաստ ու անհանդուրժելի: Բնության հրաշալիքների անզուգական երգիչը չի կարողանում ներել նույնիսկ… անմեղ բնությանը. «Կտրեցե՛ք, կտրեցե՛ք թռչունների լեզուները, որոնք հանդգնում են գարնանը երգել մեր մորթված մա-նուկների անթաղ, ցիր ու ցան ոսկորների վրա, որոնց ծածկել են անգութ, անզգա, անտարբեր, սինքլոր ծաղիկները»:
Բանաստեղծի սիրտն անզոր է տանելու հայոց տառապանքը, արտահայտելու անհուն վիշտը. հիրավի, սա համատիեզերական աղետ է, որն անհնարին է ո՛չ զգալ, ո՛չ ըմբռնել, ո՛չ արտահայտել, ո՛չ, առավել եւս, դիմանալ. «Ինչպե˜ս դիմանալ. հայը տիեզերքից մեծ սիրտ պիտի ունենա, որ կարողանա տիեզերքի չափ այս ցավերին դիմանա…»: Եվ տիեզերական ներդաշնակության քարոզիչը «Հիշատակարանում» ինքն իրեն շիփ-շիտակ խոստովանում է. «Իմ եւ աշխարհքի մեջ չկա ներդաշնակու-թյուն: Մի քացի, մի հարված տամ եւ գահավիժեմ երկրագունդը անդունդի մեջ՝ իր մորալով, օրենքներով…»:
Եվ բնական է նաեւ, որ Ավետիք Իսահակյան փիլիսոփան փորձում է հասկանալ ողբերգության պատճառները: Ինքն իրեն, իր ժամանակակիցներին ու մեզ՝ իր հետ-նորդներին է ուղղում մինչ օրս սպառիչ պատասխան չստացած հիմնական հարցը. «Քեզ ի՞նչ պատահեց, իմ անմա՛հ ժողովուրդ, ինչո՞ւ թողեցիր, որ քո հնձանները երե-խաների արյունով լեցվի, հանգչի քո երդի հուրը, խորտակվի քո բերդի դուռը…»:
1915-1916 թթ. արված այս գրառումները վկայում են, որ Իսահակյան քնարերգուն այլեւս չի կարող նախկինը լինել, որ փորձ էլ չի անելու այդկերպ արտահայտել հայոց մեծ վիշտը: Բանաստեղծը, կարծեք, գիտակցաբար խեղդում է իր քնարի ձայնը: Սասնա Մհերի պես (պատահական չէ, ուրեմն, «Սասնա Մհեր» պոեմի իսահակյանական մշակումը) քնարերգուն փակվում է ժայռի մեջ, մինչեւ այն պահը, երբ Հայոց դատն արդար լուծում կստանա:
Էապես փոխվում է Ավետիք Իսահակյանի մոտեցումը իրողությանը: Մասնավորապես, եթե մինչեւ 1915 թիվը նրա խոհափիլիսոփայական բնույթի դատողությունների հիմքը համամարդկային է (ցայտուն օրինակն է «Աբու Լալա Մահարին»), ապա դրանից հետո ազգային եւ ազգայնական հայացքներն են դառնում գերիշխող: Բա-նաստեղծն արձանագրում է հայերիս բնորոշ միամտությունը, այլասիրությունը, հա-րեւանների խարդավանքներին ամեն անգամ դյուրին զոհ դառնալը: Եվ մենք շա-րունակում ենք աշխարհին մոտենալ վերացական արժեքներով խանդավառ, համա-մարդկային կարգախոսներին հավատարիմ: Պատժվում ենք չարաչար, բայց դարձյալ դաս չեք առնում: Հենց նման եզրակացության է հանգում Իսահակյանը 1922 թ.. «Դո՛ւ՝ եսապաշտ, նյութապաշտ, եսամոլ, շահամոլ Եվրոպա՛, արյունարբու, խա-բեբա, խարդախ…. Դո՛ւ՝ իմ ժողովուրդ, սո՛ւրբ, մաքո՛ւր, միամի՛տ ժողովուրդ, զոհ քո հավատքին դեպի մարդը, եղբայրը, մարդկայինը, սերը, ազնվությունը, գութը, համա-մարդկայինը, արդարությունը եւ վեհ իդեալները…. Դու քո ջարդված, ճղակոտոր, հաշմ տեղովդ բարձր ես բոլորից, բոլորից»:
Եվ, ուրեմն, դարձյալ չխաբվելու, մյուս ազգերի հետ արդարացի եւ ազգաշահ փոխհարաբերություններ հաստատելու գլխավոր պայմաններից մեկն ազգային ինքնաճանաչումն է, մի հարցադրում, որին հայոց մեծերը մշտապես անդրադարձել են՝ Միքայել Նալբանդյանը, Ղազարոս Աղայանը, Ռափայել Պատկանյանը, Եղիա Տեմիրճիպաշյանը, Ստեփանոս Պալասանյանը, Րաֆֆին, Հովհաննես Թումանյանը, Լեւոն Շանթը, Գարեգին Նժդեհը, Հայկ Ասատրյանը…
Որքա՛ն ստույգ է ախտորոշում Ավետիք Իսահակյանը մեր աշխարհաքաղաքական վիճակը. «Մենք՝ հայերս, կես-արեւելքցի, կես-արեւմուտքցի ենք. բայց քրիստո-նեությամբ կապված արեւմուտքի հետ, եւ դարերով կռվել ենք արեւելքի հետ, եւ միշտ դավաճանվել ենք Արեւմուտքից….»: Հույսեր չկապել այլոց հետ, չհավատալ սին խոստումներին, հավատարիմ մնալ սեփական ուղուն. սա՛ է Իսահակյանի մտորում-ներից ամփոփում-հրամայականը. «Իմ ժողովուրդ, գոտիդ կապի՛ր, եւ հավատարիմ մնա դու քեզ…»:
Ավետիք Իսահակյանի ազգայնական խոհերի պսակը հայոց լեզվին նվիրված մտքերն են: Մեծ հայը լավ է իմացել հայ մնալու պարզ ու մատչելի գաղտնիքը: Դիմե-լով ամերիկահայերին (1956 թ.)՝ նա հիշեցնում է. «Հայոց լեզուն եւ տոհմիկ գրա-կանությունը դարերի երկար ընթացքում պահել-պաշտպանել են հայերիս. այժմ էլ մենք պիտի պահպանենք նրանց, որ նրանք էլ այսուհետեւ, կատարեն իրենց փրկա-րար դերը»:
Ազգային ինքնատիպության, ազգի տոկունության եւ գալիք բարգավաճման հիմքն ու գլխավոր պայմանը հարազատ լեզվի պահպանումն է ու հզորացումը. սա՛ է անդուլ հիշեցնում Ավ. Իսահակյանը. «Սիրեցե՛ք հայ լեզուն, հայ կուլտուրան, եւ հայ ժողովուրդը չի կորչի. ազգերը ֆիզիկապես չեն ոչնչանում, ֆիզիկապես նրանց չեն կարող ոչնչացնել. ազգերը ջնջվում են միայն ինքնասպանությամբ»: Որքա՛ն խորն է ըմբռնել հայրենի լեզվի դերը մարդու ամբողջական աշխարհզգացողության մեջ. «Ականջդ օրեցօր, ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան լցվում է հայությամբ ու հայերով: Ականջդ միալար հայության մեջն է, հայերենի մեջ: Պառկում ես եւ լսում ես՝ ծառերը հայերեն են սոսափում, թռչունները հայերեն են ծլվլում, առվակները հայերեն են խոխոջում: Ամեն քար ու իր, աստղ ու երկինք հայերեն, հայկական, հայաշունչ»:
Ավետիք Իսահակյանին, բնականաբար, անհանգստացրել է հայոց անմիաբա-նությունը, հատկապես մտավորականության շրջանում: Այդ մասին է նա 1936 թ. գրել ֆրանսահայ գրող Վահան Մալեզյանին. «Թվում է ինձ՝ անհատական վրեժխնդրու-թյունը մեծ դեր է խաղում, մանավանդ գրական գործիչների մեջ, ու անտաղանդ մար-դիկ ստոր միջոցներով հարվածում են տաղանդավորներին: Ցավալի է շատ, որ համերաշխություն չկա հայերիս մեջ, մի պատմական ունակություն, որից չարաչար տուժել ենք: Հույս ունեմ, որ շուտով կիրքը տեղի տա զգաստության, կյանքը մտնի իր հունի մեջ, խաղաղվի հուզված երկիրը, եւ ստեղծագործ աշխատանքը շարունակվի»: Մեծ ազգասերի, հայոց միաբանության ջատագովի այս խոսքը, կարծում եմ, հարկա-վոր է պարբերաբար հիշեցնել ինքներս մեզ՝ հանուն խաղաղ եւ ստեղծագործ աշխա-տանքի:
Ավարտին էլ հիշեցնեմ գրողի, հեղինակի առաքելության մասին Ավետիք Իսա-հակյանի ձեւակերպումը, որը, ըստ իս, փիլիսոփայող գրողի հավատամքի անզուգա-կան ձեւակերպումն է. «Գրելու ու ստեղծելու ասպարեզը պիտի մտնեն այն մարդիկ, որոնք իրենց մեջ մի ուժ, մի պահանջ են զգում գրելու ու ստեղծելու: Գրելու ցանկու-թյունը զուտ, մաքուր ու աբսոլյուտ լինի՝ անկախ նյութական եւ այլ գծուծ դիտում-ներից՝ փող կամ հարգանք ձեռք բերելու ձգտումից: Ո՛չ, գրողը պիտի գրիչ վեր առնե՝ ոգեւորված այն խորը մտքով, որ նա անդամահատում է տիեզերքը հավիտենակա-նության համար եւ ո՛չ թե մարդկանց զվարճության ու զբոսանքի: Պիտի գրել ողջ էու-թյամբ, գրելու ժամանակ պիտի ապրել՝ ողջ տիեզերքի հետ»:
Եվ գրողի սեփական կյանքն ու գործը լավագույն հաստատումն են իր իսկ պատվիրանի: Տարիներ առաջ մի առիթով զուսպ ու հակիրճ ձեւակերպել է իր «ես»-ի գնահատականը. «Ես ինձ գիտեմ, ես իմ արժեքը գիտեմ, եւ դա բավարար է»:
Հիրավի, Ավետիք Իսահակյանի ասածը մեկ ուրիշի շուրթերին այլ կերպ կհնչեր. միայն հանճարը իրավունք ունի ինքն իրեն այդպես գնահատելու՝ դրանով իսկ իր առջեւ կյանքի եւ ստեղծագործության գերագույն պահանջները դնելու: Նման պահանջկոտությունը շիտակ ստեղծագործողի, ազգի հոգեւոր զարգացման նվիրյալի լավագույն ինքնաբնութագիրն է: Ինչպես խոստովանել է բանաստեղծը իր սրտակից բարեկամներից մեկին, «եթե իրոք իմ հարյուրավոր գրածներից միայն մեկը պիտի ապրի մեր լեզվի մեջ, բավ է. կնշանակե արդարացած է իմ գոյությունը եւ իմ տագնապները՝ լիուլի վճարված»:
Եվ, ահավասիկ, մենք՝ մեծ հայորդու ազգակիցներս, տարիների հեռվից վավե-րացնում ենք Ավետիք Իսահակյանի հավիտանական ներկայությունը մեր կյանքում:
Մենք երախտապարտ ենք, Վարպե՛տ, քո արարած աշխարհի համար, ուր ամեն անգամ մուտք գործելիս ավելի ենք հագենում հայկականության ոգով, լցվում ենք ազգային արժանապատվությամբ եւ հպարտությամբ, վստահաբար ենք նայում թե՛ ամեն մեկիս անհատական կյանքի, թե՛ մեր հավաքականության ապագային:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
փ.գ.դ., պրոֆեսոր