«Դուք, որպես վավերական բանաստեղծուհի, ձեր գրչով եւ ազնիվ ներշնչումներով հայ եւ օտար ընթերցասերներին հաղորդակից դարձրիք մեր նախնիներից ժառանգած մեր հոգեւոր եւ ազգային հարստություններին ու վսեմ ձգտումներին»:
Վազգեն Ա
Ուսանողական հանրակացարանում յուրատեսակ մի մրցույթ էր. հաղթող նա էր ճանաչվելու, ով ավելի շատ բանաստեղծություններ կասմունքեր։ Վերջում երկուսն էին մնացել՝ Իրինա Բարսեղյանը եւ ապագա Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը։ Առաջինը հայ հեղինակների ստեղծագործություններն էր ներկայացնում, երկրորդը՝ հենց իր գրածները։ Դա միակ դեպքն էր, թերեւս, որ մեր քաջն անսպասելիորեն պարտություն կրեց, որպեսզի… Շատ չանցած՝ «հակառակորդի» սիրտն արդեն նվաճի։ Իսկ հաղթանակ բերած քնարը Ալիսիա Կիրակոսյանի գործերից մեկն էր, որ թնդում էր ամենուր, եւ որ երիտասարդ ուսանողուհին արտասանեց բարձրաձայն.
Այնպես ուզում եմ
անունդ թողնել
կեսգիշերային
ավազի վրա…
Թաթուլը, հուզված, չհապաղեց իր մրցակցին պարի հրավիրել եւ առաջին հայացքից սիրահարվելու խոստովանությունն արեց։ Իսկական հեքիաթի նման պատմությունը նրանց ամուսնությանը հանգեցրեց։ Ո՛վ կպատկերացներ, որ հեռավոր սփյուռքում ապրող եւ կերտող սիրված պոետի տողերը մի անհաշտ պայքարի ընթացքում հզոր զենքի կվերածվեն, միեւնույն ժամանակ՝ մի նոր միության կնքման մասին ազդարարելով։ Իր օտար ափերից (եւ մինչ հոգու խորքը հուզող երգերով) նա մի հրաշալի ծանոթության պատճառ դարձավ, որից հետո մեկ երջանիկ զույգ եւս ավելացավ այս աշխարհում։
* * *
Գրողները, թերթերն ու այլեւայլ հրապարակումներ այնքան մանրամասն են խոսել այս ընթացքում հեղինակավոր բանաստեղծուհու հարուստ հեղինակային աշխարհի մասին, որ թվում է՝ անհնար է այլեւս որեւէ բան ավելացնել։ Ավելի քան 20 գրաքննադատական աշխատություններում, ի թիվ արդի այլ հեղինակների մեծ տեղ է հատկացվել նաեւ կիրակոսյանական քնարերգությանը։ Օրերն էին (1967 թ.), երբ մասնակցել ու մրցանակ էր ստացել Պոեզիայի միջազգային մրցույթում։ Մեր երկրում (շնորհիվ բազմատաղանդ գրող Վահագն Դավթյանի հրաշալի թարգմանության) եւ Լատինական Ամերիկայում արդեն համբավ վայելած անունը առաջին անգամ մուտք է գործում Եվրոպա։ Հայաստանից բացի, նրա կենսագրական տվյալները հայտնվում են նաեւ Հունաստանի հանրագիտարանի էջերում։
Անթիվ-անհամար կարծիքներ են բազմանում իր չափածոների կապակցությամբ եւ ստորագրությամբ ժամանակակից հայտնի դեմքերի ու հասարակ ընթերցասերների, ովքեր իրենց անդրադարձն ունեցան ուրույն ներշնչանքներով հանդես եկած այս հայտնության վրա։ Այդպես՝ Նոբելյան մրցանակակիր Դալայ Լաման, օրինակ, «Խաղաղություն քվանտայինով» էր հիացած։ «Այսպիսի հատորները,- նշել էր,- պիտի նպաստեն խաղաղությունը սփռելու աշխարհի վրա, ու ես կուզեի զորավիգ դառնալ»։
Ամենից արտահայտչականն է, ըստ իս, համաշխարհային համբավի արժանացած Ժակ Պրեւերի հայացքը (անշփոթ պրեւերական իր ոճով). «Ալիսիա Կիրակոսյան՝ մի գիսավոր աստղ, մի արեւ, բանաստեղծության լավ պահը»։ Մինչդեռ բրազիլացի մրցանակակիր բանաստեղծ Ժիլբերտո Մենդոսա Տալեսն էլ ընդգծել էր. «Արտահայտչական անհուն կարողություն եւ արդի տեսողականություն. կշռույթի զգայարանք եւ կերպարների բացառիկ ստեղծագործություն»։ Թեեւ ավելի կարճ, բայց ըստ էության էր իր գնահատականը տվել անմահ Վիլյամ Սարոյանը. «Մեծ հիացում եմ զգում Ալիսիա Կիրակոսյանի հանդեպ»։ Շարունակությամբ. «Զգալի է, որ նա ճշմարտությունն է գրում» (Խորխե Լուիս Բորխես)։ Երկար է ցուցակը՝ Ս. Կապուտիկյան, Գ. Էմին, Հովհ. Շիրազ, Զահրատ…
Տարիների հոսանքի մեջ նրա խոսքը վերածվեց նաեւ արվեստի գործերի եւ դարձավ երգ ու բեմադրություն (ինչպես «Պեդրո Ամոր» պոեմի պարագայում, որի համար երաժշտություն գրեց հռչակավոր Աստոր Պյացոլան)։
* * *
Թվում է մի պահ՝ ավելացնելու բան չկա։ Իսկապես, ի՞նչ հավելել։ Եթե չմեջբերեինք անգամ վերոհիշյալ մանրամասնությունները, բավարար կլիներ ցանկացած երկտող՝ ով որը սիրում է։ Իսկ երբ նորից նրա «Ամբողջական երկերն» ես ձեռքդ վերցնում, միանգամից ակնհայտ է. ասելիք կա, սակայն, չգիտես ինչու, լռություն է դեռ պահպանվում։
Վերջին անգամ տարված էի գեղեցիկ մի շարքով, որը մեր նյութի հերոսն իր հղիության շրջանում էր գրել։ Անակնկալ բացահայտում, որի շուրջ, կարծում եմ, վաղն են արձագանքներ լինելու։ Համոզված եմ նաեւ, որ իսպաներեն, հայերեն եւ անգլերեն տպագրված հեղինակային բոլոր երկերում այդ մեկը իրոք, ամենագեղեցիկ ու երբեւէ չտեսած թագն է։ Ինչ ազգի, կրոնի եւ դավանանքի էլ պատկանեն, որքան մայրեր կան աշխարհում՝ միտքը լավ են հասկանում։ Եվ, որքան երաժշտահաններ են մեր այս Երկրագնդի վրա արարում՝ այս համոզմունքի հետ դարձյալ համամիտ կլինեին, եթե գեթ մեկ անգամ նշած ժողովածուն ընթերցելու հնարավորություն ստանային։ Պարզապես…
Երեխա սպասող կինն ու հնչյունների միջոցով վերջինիս դիտող կոմպոզիտորներն են ի վիճակի ունկնդրել ոչ երկնային մեղեդիների ծնծղան, որոնք նկարագրության չեն ենթարկվում։ Վերապրվում են։ Պահերի մեջ՝ ամբողջ կյանքի տեւողության համար։ Այդ առումով, եթե որպես երկ չհասցրիր անմահացնել զգացումները, ամբողջը կարող է նույնքան արագ չքանալ, որքան անսպասելի հայտնվել է։ Հղի կինը, որ ձեռակերտի հեղինակն է նաեւ, կատարելապես ներառել է իր մեջ ողջ տիեզերքը՝ փայփայելով բառացիորեն նոր կյանքը։ Եվ մինչդեռ Աստծո հետ զրույցներ էր վարում, ով գիտի, թե ո՞ր երաժշտի համար այլ տողեր եկան սպիտակ թղթին հանձնվելու.
Վաղը կդառնանք մենք
երկու հոգի,
Սակայն ոչ մեկս չի մոռանալու,
Որ մեկ էինք մենք,
որ դեմդիմաց քեզ նայելու տեղ
հայացքս շրջում էի դեպի ներս,
գուշակելու համար աչքերդ
եւ կարդալու քո մեջ
զարմանքը լինելիության…
* * *
Լսարանն իր խոսքի պահանջն ուներ։ Փնտրում էր այն։ Նա էլ, իր հերթին, որ պոեզիայի էջերն անկրկնելի իր գրչով լրացրեց (կյանք տալով այդչափ սիրված ստեղծագործություններին), ինչպես գիտենք, հուսախաբ չի արել։ Հրամցրել է մինչ ֆիզիկական կյանքի վերջին շունչը։
Այսօր էլ շատերս մի հստակ կետից ճամփա ենք ընկնում, որ նրա ուղեկցությամբ եւ հետեւությամբ անծայրածիրի ինչ-որ աշխարհների հասնենք։ Աշխարհներ, որոնք մուսաների ներշնչմամբ մեր գրողը վաղուց էր արդեն բացահայտել։ Հապա, հիասքանչ նույն ճախրանքների մեջ՝ երկար ճանապարհն ենք զննել ուշադիր։ Այն, որ արեւի ճառագայթ է պահանջվում Երկիր մոլորակին հասնելու համար։ Համահունչ պահերին կեցությունների միջեւ միջնորդ հոգու այս թարգմանը՝ Ալիսիա Կիրակոսյան անունով, ցնցող ինչպիսի՛ տեսարանների վրա է մատնացույց անում, որոնց ներազդեցությամբ, արհամարհելով ամեն կարգի այլեւայլություն, վեհն ես միայն նկատում։ Վեհը՝ իբրեւ ձգտում։ Վեհը՝ իբրեւ նախազգուշացում. մարդիկ, չցածրանա՛ք հանկարծ մինչեւ մանրէի աստիճան։ Աստված պահպանում է մտային մեր կարողություններն ու չի պակասեցնում կյանքը տարբեր կողմերով զգալու առավելությունը, որպեսզի որքան հնարավոր է երկար մտապահվեն դեպի բարձունքներ տանող ուղիները։ Բարձունքներ, որտեղ հասնում ենք նաեւ կիրակոսյանական քնարի թեւերին։ Գրողի զրույցներն այդ միջոցին Բարձրյալի, անսահմանի, հրեշտակների հետ՝ ժամանակից դուրս են ու արտասովոր.
Եվ Աստված
առանց հողաթափերի
իմ ննջարանը մտավ գիշերով,
ոտնահետքերը թողնելով
իբրեւ քանդակված պատգամ…
Աստծուն հարցազրույցի կանչած Ա. Կիրակոսյանի այն գործն է, որի կապակցությամբ Պարույր Սեւակը չի թաքցնի իր հիացմունքը. «Ես կյանքումս ոչ ոքի չեմ նախանձել, բայց երբ կարդացի Ալիսիայի «Ոտաբոբիկ Աստվածը», խանդ զգացի, որ նա կին է։ Միայն մի կին, մի խորունկ կին կարող է այդ տողերը գրել»։
* * *
Ամպերի մեջ լինեն, Պառնասի վրա թե խորաններում՝ երկնքից անդին են խոսքերը։ Ինչի՞ մասին։ Նրա, ինչ մեկն է գուցե պատի վրա գրում, թե. «Ա» (Ալիսիա ասենք) + «Կ» (Կիրակոսյան) = «Սեր»։ Այն, ինչ երգել է իր կյանքում անդադար։
Եվ քանի որ ստացվեց սկզբնական արդյունքը՝ առաջ է գալիս հաջորդ բանաձեւը. «Սերն», այո, = «Ներում» + «Խաղաղություն»։
Իսկ խնդրո վերջնական լուծումը, որ ընդգծվում է նրա երկերի մի էջի վրա, գրեթե բոլորի կողմից ճանաչվել է վաղուց որպես թեորեմ ու մեկնաբանության կարիք էլ չունի.
Սերը գոյության հանճարն է միակ.
սիրո հակառակն ամենեւին էլ չսիրելը չէ,
մահն է պարզապես…
Մի՞թե բան կա հավելելու։ Հիշես մի պահ ու որ գործն էլ կարդաս, այնտեղ ես։ Բայց եթե դրանից հետո անգամ չընկալեցիր… Է՛հ, ի՞նչ արած.
Գիտեմ, որ երբեմն
նույնիսկ բառերը խորքով
չեն հասնի իրենց նպատակին,
քանզի նրանք,
ովքեր չեն հասկանում
առանց խոսքերի՝
կարող է եւ չհասկանան
խոսքերով…
Սրանից քանի՞ տարի առաջ էր գրել։ Չգիտեմ։ Եվ մի՞թե կարեւոր է այդքան իմանալ։ Իսկ եթե հարցը իրոք, այդտեղ է, ապա կարող եմ ասել՝ «մի հավերժության համար»։ Ժամանակների, երբ այս լինելիության մեջ իսկապես ինչ-որ բան փոխելու հնարը լինի (ինչպես եւ բոլոր պոետներն են ցայսօր երազել)։ Մի բան կստացվի այդ դեպքում։ Կսովորենք ըստ հարկի ու ըստ էության հարգել դարերով սրբագրած ճշմարտությունները։ Աներդում հավատարմությամբ, հենց այդ առաքելությանը ծառայելու համար չէ՞ր եկել, ի վերջո, ինքը՝ Ալիսիան, գերբնական բոլոր ուժերին օգնության կանչելով։ Նրա գեղեցիկ, ներազդեցիկ ու խոր իմաստներ հաղորդող քերթվածքներն անհրաժեշտ առիթ են (այդպես կուզենայի ասել) մեր ներքին «ես»-ի բնույթն ու իսկությունը առաջին, քսաներորդ կամ վերջին անգամ վերլուծելու։ Եվ ինչպես հիմա է ընդունված ասել՝ նրա գործերը նախատեսված են բոլոր տարիքների համար՝ զրոյից, որ դեռ լույս աշխարհ չի եկել, մինչեւ՝ հարյուրամյակ բոլորած ծերունի։
Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ