«Բառերի միջոցով մենք կարող ենք հասկացողություն կազմել որեւէ ժողովրդի քաղաքակրթության ընթացքի մասին… Եթե հնարավոր լիներ հայոց լեզվի այնպիսի մի բազմահատոր բառարան կազմել, որի յուրաքանչյուր հատորը պարունակելիս լիներ յուրաքանչյուր դարում լեզվի մեջ գործածված բոլոր բառերը, սկսած ութերորդ դարից Քրիստոսից առաջ մինչեւ մեր օրերը, ապա այդ 27 հատորները միմյանց հետ համեմատելիս մենք կկարողանայինք ճշգրիտ գաղափար կազմել, թե որ դարում ազգը ինչ բանում ինչ առաջադիմություն կամ ինչ հետադիմություն է արել եւ որ դարում ո՛ր ազգի ազդեցության է ենթարկվել։ Բայց այսպիսի բառարան մինչեւ հինգերորդ դարը Քրիստոսից հետո՝ ունենալ չենք կարող… Հինգերորդ դարից հետո արդեն կարելի է դարից դար բառարաններ կազմել եւ նրանց միջոցով ուսումնասիրել ազգի քաղաքակրթության եւ կրած ազդեցությունների ընթացքը»։
Ստեփան Մալխասյանց
1910 թ. Թիֆլիսում մի դասախոսության ժամանակ բառարանների կարեւորության մասին արտահայտած գաղափարը սոսկ ըղձական բնույթ չուներ Մալխասյանցի համար եւ ոչ էլ իրենից դուրս էր պատկերացնում այն. բառարան կազմելը ոչ միայն իր սերն ու ցանկությունն էր, այլեւ սրբազան պարտքը, որ լեզվաբանն սկսեց իրագործել 1922 թ. հունվարի 1-ից՝ 64 տարեկանում, եւ ավարտեց 1935 թ. մայիսի 24-ին. տասներեք տարվա ջանասիրության արդյունքում ծնվեց նրա աշխատությունների պսակը՝ «Հայերեն բացատրական բառարանը», չորս ծավալուն հատորներ՝ բազմաբովանդակ, ընդգրկուն բառամթերքով։ Առաջաբանում Ստ. Մալխասյանցը նշում է. «Բառարանը պարունակում է հայերենով գրված ու խոսված բոլոր բառերը մեր մատենագրության սկզբից մինչեւ մեր ժամանակները, այսինքն՝ բառամթերքները գրաբարի, ստորին գրաբարի, ռամկորենի, արդի գրական լեզվի եւ գավառական բարբառների՝ իրենց ոճաբանություններով, հին եւ նոր ժամանակի փոխառյալ բառերը եվրոպական կամ արեւելյան լեզուներից, ցույց տալով նրանց ծագումը, գրական լեզվի ու բարբառների բառերի ամեն նշանակության համար համապատասխան օրինակներ, քերականական ցուցումներ եւ այլն»։ Բառարանի նշանակությունն այնքան մեծ էր, որ այն հրատարակվեց Հայրենական մեծ պատերազմը չավարտած, երբ դեռ չէին լռել թնդանոթների համազարկերը, եւ երկիրը սուղ կարիքի մեջ էր. այն լույս տեսավ 1944-45 թթ.՝ Մալխասյանցի հանրաճանաչ աշակերտ Անաստաս Միկոյանի անմիջական աջակցությամբ, ով այդ նպատակի համար 20 վագոն ընտիր թուղթ ուղարկեց Մոսկվայից։
Ականավոր հայ բանասեր, լեզվաբան, բառարանագետ, դասական հայոց լեզվի վերաբերյալ աշխատությունների հեղինակ, հայոց լեզվի բացատրական բառարանի հեղինակ, թարգմանիչ, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս, Ստալինյան առաջին աստիճանի մրցանակի դափնեկիր, Հայաստանի դրոշի հեղինակներից Ստեփան Մալխասյանցը լուրջ մտավորական էր, պարտաճանաչ, պատասխանատու գիտնական, հայրենանվեր գործիչ. նրա մտածողության հիմքում պատմական հավաստիությունն էր, ազգային արժեքների պահպանության ու մատուցման խնդիրը։ Նա էր, որ թարգմանելով Խորենացու «Հայոց պատմությունը»` մանրակրկիտ ուսումնասիրեց այն, ծանոթագրեց ու ներկայացրեց արժեքավոր առաջաբանով՝ ճշգրտելով աշխատության ու հեղինակի ապրած ժամանակաշրջանը, որ է 5-րդ դարը, հակառակ շրջանառվող կարծիքի, որ Խորենացուն բերում էր միջնադար։ Ստ. Մալխասյանցը գիտնականի բարեխղճությամբ է վերաբերվել ցանկացած նախաձեռնության, այդ թվում եւ վերոհիշյալ աշխատանքին, որ առաջին անգամ լույս է տեսել 1940 թ., սակայն, չգիտես ինչու, այնուհետեւ գրքի վերահրատարակումների ժամանակ խմբագիրները՝ Աշոտ Ա. Աբրահամյանը եւ Վարագ Առաքելյանը, որոշել են մի լավ «խմբագրել» Մալխասյանցին։ Այդ առթիվ միանգամայն իրավացիորեն իր բողոքն է արտահայտում գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սուրեն Շտիկյանը՝ նշելով այն անհեթեթությունները, որ բարբարոսաբար թույլատրել են խմբագիրները։ Անկախ գիտնականի հետ համաձայն լինել-չլինելուց, անկախ ժամանակի վերաբերմունքից, անթույլատրելի է որեւէ կամայականություն գիտական աշխատության եւ նրա հեղինակի վերաբերյալ, մանավանդ անհիմն ու գործի էությունը աղավաղող։ Հեղինակն ինքն է պատասխանատու թե՛ իր դիրքորոշման, թե՛ արտահայտած մտքերի համար, իսկ նրա հետ համաձայն չլինելու դեպքում պետք է ձեռնպահ մնալ նրան «խմբագրելու» անշնորհակալ աշխատանքից եւ սեփական դիրքորոշումը ներկայացնել սեփական հեղինակությամբ…
Այնպիսի բնագավառ, ինչպիսին գիտությունն է, լեզուն եւ նրա խնդիրները միշտ էլ վեճերի առիթ են տալիս, միմյանց բախվում են մեծերի կարծիքները, բայց որեւէ մեկը չի փորձում աղավաղել դիմացինի միտքն ու դիրքորոշումը, ինչպես որ Մանուկ Աբեղյանի հետ հայցական հոլովի շուրջ Մալխասյանցի բանավեճը տեւեց շուրջ 10 տարի, եւ նրանցից յուրաքանչյուրը մնաց սեփական կարծիքին։ Պաշտպանելով հայցական հոլովի անհրաժեշտությունն աշխարհաբարի մեջ` Մալխասյանցը դրան նվիրված բազմաթիվ հոդվածներում առաջնորդվում էր «Մեկ հնչյունին` մեկ գիր» նշանաբանով։
Հուլիսի 21-ը Ստեփան Մալխասյանցի հիշատակի օրն է։ Նա վախճանվել է 1947 թ., Երեւանում։