Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Արցախի երկու շրջանում

Քաշաթաղ-3

Օգոստոսի 31, 2022
Մշակույթ
Արցախի երկու շրջանում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
166
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ճանապարհին նկարահանում ենք հեթանոսական շրջանի դամբարանադաշտ, որի կենտրոնում, ցածր բլրի վրա, ըստ հնագետների, հեթանոսական տաճարի հիմքեր կան։ Այն եղել է պարսպապատ տարածք, արեւմտյան կողմում խոր ձորակ կա, որի ափերին նույնպես պատեր կան կառուցված՝ մեծ-մեծ քարերով։ Տարածքի արեւմտյան կողմում՝ ձորի մեջ, կա վաղ միջնադարյան ամրոցատեղի, որի 3 կողմով անցնում է Աղավնո գետը։ Իսկ ամրոցի դիմաց՝ արեւմտյան կողմում՝ պատմական Հակ գյուղից 1.5-2 կմ հարավ՝ նեղ հրվանդանի վրա Աղվեսհաքի-Աղբաթխերտ անվանումով բնակավայրն է եղել, որը հիմնովին քանդվել է օտարների կողմից: Պահպանվել է բնակավայրի տեղը, մոտը՝ Հայոց հանգստարանից տեղահանված տասնյակ շիրմաքարեր՝ արվեստի գործ խաչքարեր ու տապանաքարեր։

Խորհրդային տարիներին ադրբեջանցիները տարածքով ջրատար խողովակ են անցկացրել եւ ավերել հայկական հանգստարանը։ Խաչքարերից մեկը վերաբնակեցման տարիներին տեղափոխվել եւ տեղադրվել է Տաք ջրերում։ 190-90-20 սմ չափերով գեղաքանդակ խաչքարի վերին մասում կա քառատող արձանագրություն, որի առաջին տառը վերին անկյունի կոտրվելու պատճառով չի երեւում։ Տարածքի գիտակ, պատմաբան Ալեքսան Հակոբյանն արձանագրությունը վերծանել է. /Զ/ԳԻՆՈՍ ՅԻՇԵՑԵՔԹՎ/ԻՆ/ ՊԿԲ-1413թ.։ ԵՍ ԱՂԲԱՏԽԵՐՏՈՒ ՇԱՏԽԵՐՍԿԱԿՆԵՑԻ ԶԽԱՉՍ ՀՕՔՕՅՆ ՄԱՒՐՆ ՄԵՐՈԲԵՇՔԵՆԱ ՄՍՐԻԿԱ։ Ա. Հակոբյանն առաջնորդվելով արձանագրության տեղանվան նշումով՝ համարում է, որ բնակավայրի պատմական անունը եղել է Աղբաթխերտ։ Տեղեկացնում է նաեւ՝ այս բնակավայրի մասին որեւէ տեղեկություն չկա հայ մատենագրության մեջ։ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքում Սյունիք աշխարհի Հաբանդ գավառի բնակավայրերի անվանացանկում նշված է ԱՂՎԵՍՀԱՔԻ-Աղախիրտ կամ Աղախիրդ բնակավայրը։ Հաշվի առնելով այն, որ Հաբանդ գավառը Աղահեճք-Քաշաթաղից հարավ է, հնարավոր չէր, որ Աղբաթխերտը մտներ Հաբանդի մեջ։ Հնարավոր է՝ Ստ. Օրբելյանի մատյանի ընդօրինակողները սխալմամբ Աղահեճքի բնակավայրերի ցանկում եղած վերջին անվանումը տեղափոխել են Հաբանդի բնակավայրերի ցանկ։ Աղբաթխերտը պահող ջրբաժան-հրվանդանի հյուսիսային կողմում՝ գետի վրա, պահպանվել է միջնադարյան կամարակապ քարե կամուրջ, որի հարեւանությամբ բավականին հաստ պատերով ավերակ կա՝ շրջապատված պարսպով։ Հնարավոր է՝ այն եղել է մաքսատուն, իջեւանատուն։ Ավերակի սենյակներից մեկում խաչքար կա, իսկ մուտքի ձախ կողմում բավական մեծ քարի վրա արձանագրված է. 

    ԿԱՄԱՒՆ ԱՍՏԾՈՅ, ԵՍ ՄԱՆՎԵԼ ՔԱՀԱՆԱՅ ՀԵՏՈՅ ՆՈՐՈԳԵՑԻ ԶՏԻՐԱՄԱՅՐ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ Ս ԵՒ______________ ԶՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐՍ ՅԻՇԱՏԱԿ ՀՈԳՈՅ ԻՄՈՅ, ՀԱՒՐ ԻՄՈՅ ԿԻՐԱԿՈՍ ՔԱՀԱՆԱՅԻՆ, ՄԱՅՐ ԻՄ ՄԻՆԱՅԻՆ, ԵՂԲԱՐՑ ԻՄՈՅ ՏԷՐՏԷՐ ՏԻՐԱՑՈՒ ԹԱԹԵՈՍԻ: ՅԻՇԵՑԵՔ Ի ՔՐԻՍՏՈՍ ԵՒ ԶՁԵԶ ՅԻՇԷ ԱՍՏՈՒԱԾ: ՎԱՐԴԱՆ ՍՊԱՍԱՒՈՐ ԵԿԵՂԵՅՑՈՍ ՔԱՀԱՆԱՅ ՅԱՂԱՒԹ-Ս ՅԻՇԵՑԵՔ: ԹՎԻՆ ՊԿԸ-1419թ.: Արձանագրության վերծանումը՝ Ալեքսան Հակոբյանի:

Հակ պատմական գյուղն Աղավնոյի վերին հոսանքում է՝ գետի ձախափնյա ձորակում։  Այստեղ հայերն ապրել են մինչեւ 1918 թ. եւ ստիպված հեռացել Սուլթանովի ավազակների հարձակման պատճառով: Գյուղում պահպանվել է հայկական թաղամասը, որում իր շքեղությամբ աչքի է ընկնում Սուրբ Մինաս եռանավ բազիլիկ եկեղեցին. արտաքին չափերն են՝ 22.6×12.6 մ: Կառուցված է կոփածո դեղնավուն քարով: 2010 թ. այն հիմնանորոգվեց: Հարավային կողմում միակ կամարակապ մուտքի վրա պահպանվել է երեք տողանոց արձանագրություն.

ՇԻՆԵՑԱՒ Ս(ՈՒՐ)Բ ԵԿԵՂԵՑԻՍ ՆՈՐԱԿ

ՆՈՒՆՔ ՀԱԿԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՍ

ԹՎ(ԻՆ) ՌՃԻԴ(1124+551=1675թ.):

Հակը կոչվում էր նաեւ Մինքյանդ, որ նշանակում է հազար գյուղ: Ըստ պահպանված ավանդության՝ Լենկ Թեմուրն իր արշավանքի ճանապարհին հազարերորդը կործանել է Հակ գյուղը, որը հետագայում վերստին շենացել է տերերի կողմից, երբ Հակարիի ողջ ավազանը հայաթափվել էր: Այստեղ հայերը շարունակել են ապրել մահմեդականների հարեւանությամբ, ունեցել են դպրոց, խանութներ: Գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, պահպանվել են տարածքի հայոց հանգստարանի շիրմաքարեր, որոշները՝ արձանագիր: Սակայն բազում գեղաքանդակ ու արձանագիր տապանաքարեր ու խաչքարեր կոտրվել են թրքաքրդերի կողմից ու դարձել շինաքար: Գյուղի շատ տների պատերում կհանդիպենք շիրմաքարերի բեկորների: Լավ է, որ քանդակներն ու տառերը հիմնականում դրսի կողմում են թողել: Հակի դպրոցի ուսուցիչ Յուրա Պողոսյանը (արցախյան վերջին պատերազմի ժամանակ անհայտ կորել է. կամավոր առաջնագիծ էր մեկնել) տեղեկացրել էր, որ գյուղի հարավային մասում՝ Աղավնոյի մեծ վտակի ափերին, խաչքարեր է տեսել: Նրա ուղեկցությամբ հասանք բնակավայրի բանջարանոցներ, որոնցից մեկի ցանկապատի մոտ ընկած է սպիտակավուն մի խաչքար: Հավանաբար, այստեղ է բերվել եկեղեցու մոտից. երկարությունն է՝ 1.14 մ, լայնությունը ներքեւի մասում՝ 71 սմ, ներքեւում՝ 51 սմ, հաստությունը՝ 20 սմ: Քարի երեսին մեծ խաչ է քանդակված, արձանագրություն չկա: Տարածքում կան կենցաղային նշանակության քարե գործիքներ, ձիթհանի կլոր քար: Սակայն իր գեղեցիկ նախշերով հետաքրքրություն է առաջացնում ժայռաբեկորի ծաղկաձեւ խաչաքանդակը: Այն, հավանաբար, քանդակված է եղել ամբողջական ժայռի վրա, որը հետագայում կամ բնականորեն է մասերի բաժանվել, կամ կոտրել են, որ օգտագործեն որպես շինաքար: Բարեբախտաբար, խաչաքանդակը պահպանվել է եւ հիացնում է իր գեղեցկությամբ: Մոտակայքում՝ գետի ձախ ափին, պահպանվել են հնամենի շինության պատեր եւ հայակերտ տների ավերակներ:

Թեգեր: ԱղավնոՔաշաթաղ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Ես չեմ կարող ապրել առանց հայ լինել…»

«Ես չեմ կարող ապրել առանց հայ լինել…»

Առաջին կին դասախոսը Փարիզի «College de France»-ում

Առաջին կին դասախոսը Փարիզի «College de France»-ում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist