Շրջանցելով Եզնագոմեր-Լեռնահովիտ գյուղը՝ իջնում ենք Հոչանց գետի ավազան՝ Սպիտակաջուր գյուղ։ Սպիտակաջուրը ծովի մակերեւույթից բարձր է 1700-1800 մ, Հոչանց գետի ավազանի հյուսիսային եւ ամենաբարձր գյուղն է՝ փռված գետի աջակողմյան որոշակի հարթ տարածք ունեցեղ ձորակում։ Գետի եւ գյուղի մեջտեղում՝ կիրճի ափին, պահպանվել է վաղ միջնադարյան ամրոցատեղի, որը ձգվում է կիրճի ափով մոտ 4-5 կմ։ Պահպանվել են ամրոցի պարիսպների հիմքերը, որոշ հատվածներում՝ 1-2 մ բարձրությամբ պատեր, ամբար-փոսորակներ։ Նույն կիրճում ժայռերին միջնադարում մեր նախնիները խաչեր են քանդակել։ Այս խաչերի տեղն ինձ ցույց էր տվել գյուղի պատանիներից Գեւորգ Խոջոյանը։
Ըստ Ստեփանոս Օրբելյանի «Ժամանակագրության» հավելվածի՝ Տաթեւի վանքին հարկ է մուծել 2900 պտղաչափ։ Եղել է շեն ու մարդաշատ բնակավայր, ունեցել եկեղեցի։ Հայաթափումից հետո քրդերը թարգմանել են գյուղի անունը՝ կոչելով Աղբուլաղ։ Խորհրդային տարիներին հիմնահատակ քանդել են եկեղեցին, իսկ, ինչպես ընդունված է, հայկական գերեզմանոցի շիրմաքարերը կամ օգտագործել են որպես շինաքար, կամ կոտրատել։ Գտնված մոտ 10 շիրմաքար հետագայում հավաքված էին «Հայրենասեր» ՀԿ-ի կողմից գյուղում կառուցած պուրակում։ Սակայն տների բակերում, պատերի մեջ դեռ շատ պատմական քարեր կային։ Սպիտակաջուրն առավել ուշագրավ է նաեւ իր աղբյուրներով, որոնք բխում են գյուղի վերին հատվածից՝ ժայռերի մեջից եւ դառնում գետակ ու հոսում դեպի Հոչանց գետ՝ թռչելով ժայռից, ստեղծելով շատ գեղեցիկ ջրվեժ։ Նույն ջրվեժի հարեւանությամբ՝ Հոչանցի կիրճի աջ ափին է պատմական մեկ այլ գյուղ՝ Շրվականը՝ ծովի մակերեւույթից 1700-1750 մ բարձրության վրա։ Վերջին 3 գյուղերը՝ Լեռնահովիտ-Եզնագոմերը, Սպիտակաջուրը, Շրվականը, ինչպես նաեւ Ուղտաձորը, մտնում էին Լեռնահովիտ գյուղական համայնքի մեջ, ունեին 1 դպրոց՝ Լեռնահովիտում։ Այս դպրոցի շենքը հիմնանորոգվեց «Հայրենասեր» ՀԿ-ի կողմից, բայց…
Շրվականում նույնպես գյուղի տների բակերում պահպանվել են Հայոց մասին հիշատակող խաչքարեր ու տապանաքարեր։ Իսկ գյուղի հյուսիսային կողմում՝ ձորի անտառապատ լանջի բարձր ժայռի վրա խաչեր կան քանդակված։ Գյուղում գտնվող տապանաքարերի ու գետափնյա ժայռերին քանդակված խաչերի մասին նույնպես գյուղի պատանիներից էի իմացել, միասին ուսումնասիրել էինք։ Ցավ է՝ նույն պատանիներից Թունյան Սարոն, ով արցախյան վերջին պատերազմում հերոս նշանառուներից էր, նահատակվեց։ Վերջին տարիներին այս հատվածում փոքր ՀԷԿ-եր են կառուցվում, ինչի համար ճանապարհ է բացվել Սպիտակաջրից դեպի Հոչանց գետի հովիտ։ Նույն ճանապարհով իջնում ենք։ Գետի ձախակողմյան լանջերը հիմնականում ժայռակերտ են, որոնց վրա են այժմ Դրախտաձոր եւ Անի կոչվող գյուղերը։ Միջնադարում այս բնակավայրերի կապը Աղահեճք-Քաշաթաղի հետ եղել է գետի վրա կառուցված 3 կամուրջներով։ Դրանցից մեկը վերջին տարիներին կանգուն էր, ուներ 3.7 մ լայնություն, 12.5 մ երկարություն։ Ցավոք, մի քանի տարի առաջ կամրջի կամարը քանդվեց։ Այս տարածքում, գետափին, պահպանվել են միջնադարյան բնակատեղիներ։ Հոչանցի ձորում ամենահայտնի Հայոց պատմական հուշարձանը Կատոսի վանքն է՝ 9-րդ դար։ Ձորի պռնկին համանուն գյուղն է՝ Շրվականից մոտ 2 կմ հարավ։ Այստեղ 1567 թ. «Ավետարան» է գրվել։ Այս մասին տեղեկացնում է Ս. Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում՝ վկայակոչելով «Ցուցակ ձեռագրաց»-ը (հատոր Ա. 1965 թ. ձեռագիր՝ թիվ 4932)։
Ըստ հուշարձանագետի՝ Կատոսը նույն Գետուզ բնակավայրն է եւ անվանափոխվել է հետագայում՝ քրդերի կողմից։ Գյուղից ցած՝ Հոչանց գետի ափին, կանգուն է միջնադարյան Հայոց սրբատան ավերակը։ Այն եղել է միանավ բազիլիկ եկեղեցի։ Կառուցված է կոփածո քարով ու կրաշաղախով։ Եկեղեցին ունեցել է ավանդատներ, սակայն՝ դրսի կողմից։ Սրբավայրը, հնարավոր է, եղել է վանական համալիր, մենաստան՝ գետի ափին։ Այդ են վկայում եկեղեցու ավերակի հարեւանությամբ գտնվող ավերակները։ Մոտակայքում է եղել նաեւ գերեզմանատունը, որից խաչքարեր ու տապանաքարեր են պահպանվել արդեն խիտ անտառում։ Եկեղեցու պատերի հաստությունը 1 մ-ի չափ է։ Ունեցել է մոտ 17 մ երկարություն եւ 7 մ լայնություն։ Շինությունից պահպանվել են արեւելյան մասը՝ Սուրբ խորանի կեսը, հարավային ու հյուսիսային պատերը, մուտքը՝ հարավից։ Վերջին տարիներին տարածքում հայտնաբերվեցին նոր խաչքարեր։ 2020 թ. օգոստոսի կեսերին Բերձորի երիտասարդների մասնակցությամբ այստեղ ուխտագնացություն կազմակերպեցի։ Միասին տասնյակ խաչքարեր գտանք, մաքրեցինք։ Ցավ է՝ ամբողջը մնաց գերության մեջ, եւ անհայտ է դրանց ճակատագիրը։ Եկեղեցուց մոտ 800 մ հարավ՝ գետի 2 ափերին, պահպանվել են միջնադարյան բացառիկ կամրջի հենասյուն-խելերը։ Աջակողմյան խելից պահպանվել են 2 պատեր, մոտակայքում՝ շինությունների ավերակներ։ Ձախակողմյան խելը սրբատաշ քարից է՝ բացառիկ շինություն։ Ունի 7.5 մ լայնություն։ Կամրջի թռիչքը 12 մետրից ավելի է։ Հնարավոր է՝ կամուրջը կառուցվել է Կատոսավանքի հետ՝ Սյունյաց սրբատունը կապելով նաեւ Արցախ աշխարհի հետ։ Վերջին տարիներին տարածքում ճանապարհ է բացվել եւ խողովակաշար անցկացվել։ Այս պատճառով որոշակի վնասվել է կամրջի խելը։ Բացի այդ, նույն ափին՝ կամրջից մոտ 20-30 մ արեւելք, պահպանվել են միջնադարյան շինությունների, հավանական է՝ իջեւանատան ավերակներ։ Այս կամուրջն իրար է կապել մեր հայրենիքի Սյունիք եւ Արցախ աշխարհները։
Հոչանց գետի վրա մինչեւ վերջերս գործել է մի քանի ջրաղաց, որոնցից 3-ի ավերակները պահպանվել են։ Գետի աջակողմյան ափով ժամանակին անցել է պատմական ճանապարհ՝ Կատոսավանքից դեպի այլ բնակավայրեր։ Գետի նույն ափին գտնվող այժմ Դրախտաձոր կոչվող գյուղի տարածքում տարիներ առաջ՝ ձորի մեջ, նույն գյուղի բնակիչները գտել էին խաչքարերի բեկորներ։ Դրանց մասին ժամանակին անդրադարձել եմ առանձին լրատվությամբ։ Հոչանցի ձորի այս մասում է նաեւ միջնադարյան մի ամրոց՝ Քարաբերդը կամ Նորաբերդը։ Իհարկե, պայմանական անուններ են։ 2019 թ. Գագիկ Սարգսյանի եւ Բակուր Կարապետյանի հետ բարձրացանք ամրոց, կատարեցինք չափագրումներ, նկարահանումներ՝ նաեւ դրոնով։ Ըստ հնագետ Գ. Սարգսյանի՝ ամրոցը 11-14-րդ դարերում է գոյություն ունեցել, եղել է պարսպապատ դղյակ։ Հայտնի է եղել դեռեւս խորհրդային տարիներին եւ մտել է Ղոչասու, այժմ՝ Դրախտաձոր գյուղի վարչական տարածքի մեջ։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ N. 39 44 04.4 E. 46 23 12.1։ Բարձրությունը ծովի մակերեւույթից՝ 1344 մ։ Դիրքը բնակավայրի նկատմամբ՝ 4.9 կմ հարավ-արեւելք։ Նորաբերդ-Քարաբերդը Քաշաթաղի շրջանի ամենահայտնի ու նշանավոր ամրոցն է: Այն պատմական Քաշաթաղ գավառում է եւ որոշ մասնագետների կողմից նույնացվում է համանուն ամրոցի հետ: Տեղակայված է Հոչանց գետի անդնդախոր կիրճի ձախ՝ արեւմտահայաց ափի զառիթափի միջնամասում վեր խոյացող եռանկյունաձեւ բարձր հրվանդանում եւ զբաղեցնում է 0.16 հա. տարածք:
Ամրոցանիստ հրվանդանը երկու կողմերից եզերվում է ուղղահայաց կտրվող ժայռածերպերով եւ գործնականում անմատչելի է: Միայն հարավային՝ գետահայաց կողմից ունի մոտեցում խիստ զառիթափ լանջով: Ամրոցը հատակագծում եռանկյունի է, որտեղ հյուսիսային ամենաբարձր գագաթին տեղակայված է մոտ 8-10 մ տրամագծով կլորավուն աշտարակ-դիտակետը: Գանձախույզների փորած խրամատում երեւում են նրա հարավային պարսպապատի հիմքերը: Ամրոցն արեւելյան ու արեւմտյան կողմերից անմատչելի է, ուստի պարիսպներ չունի եւ միայն հարավային կողմից է պաշտպանված երկշարք հզոր պարսպապատերով: Արտաքին՝ հիմնական պարիսպը՝ 68 մ երկարությամբ, գրեթե ուղղաձիգ հետագծով միացնում է արեւելյան եւ արեւմտյան ուղղահայաց իջնող ժայռածերպերը: Այն կառուցված է ճեղքած, խորանարդի բերված մեծ, անմշակ քարերից՝ ամրացված կրաշաղախով: Պարսպից պահպանվել է մինչեւ 6.0 մ բարձրությունը: Արտաքին պարիսպն ուժեղացված է 4 տարբեր չափերի ուղղանկյուն որմնահեծերով, որոնցից կենտրոնականի չափերն են 3.0 X 3.5 մ: Չի բացառվում, որ այս եւ մյուս որմնահեծերը վերեւում պսակվում էին սնամեջ աշտարակներով: Հիմնական պարսպին զուգահեռ, 16-20 մ վերեւ, գնում է երկրորդ պարսպագիծն: Այն կառուցված է նույն շինտեխնիկայով, ուղղաձիգ է, որմնահեծեր չունի եւ բաժանում է ամրոցի ներսի տարածքը երկու տարբեր մակարդակներին նստած անհավասար դարավանդների: Երկու դարավանդների պարսպամերձ հատվածներում նկատվում են կառուցապատման հետքեր: Երկու պարիսպներից էլ երեւում են միայն արտաքին ճակատները, եւ ակնհայտ է, որ նրանք, բացի պաշտպանականից, ունեցել են նաեւ տարածքը լայնացնող ու հարթեցնող հենապատերի գործառույթ։ Ամրոցի գլխավոր մուտքի տեղն ու կառուցվածքը չեն պահպանվել, բայց դատելով տեղանքից՝ այն պետք է որ լիներ հիմնական պարսպի ծայր հարավ-արեւելյան անկյունում: Արեւելյան անկյունում էր նաեւ երկրորդ պարսպի մուտքը, որտեղ այսօր բացվում է ազատ անցումը:
Ամրոցի եւ պարսպապատերից դուրս որեւէ շինության հետքեր չեն նկատվում: Վերգետնյա նյութը սակավ է, բայց գանձախույզների փորած փոսից եւ խուզահորից հայտնաբերված խեցեղենը հուշարձանը թվագրում են 11-14-րդ դդ.: Չի բացառվում, որ ամրոցն ավելի վաղ շրջանից է, բայց այսօր դրա ապացույցները չկան։ Նույն ամրոցից ներքեւ՝ գետի վրա, եղել է 12-13-րդ դարերում կառուցված տարածքի երրորդ կամուրջը, որի ձախակողմյան խելն է պահպանվել։ Ունի մոտ 3 մ լայնություն։ Այս կամրջի հարեւանությամբ է գործել 4 վիշապաքանդակով զարդարված քարով ջրաղացը՝ 11-13-րդ դարերում։ Նշված ջրաղացի ավերակն էլ քանդվել է ՀԷԿ-ի կառուցման ընթացքում։ Գետափնյա ճանապարհով իջնում ենք ցած եւ ոլորանով բարձրանում դեպի Բերձոր-Հոչանց ճանապարհ։ Արդեն Հակարիի ափով վերադառնում ենք Բերձոր։