Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Արցախի երկու շրջանում

Դեպի Հադրութ-1

Սեպտեմբերի 17, 2022
Մշակույթ
Արցախի երկու շրջանում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
380
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հաջորդ օրը մեկնում ենք Արցախի Հադրութի շրջանի ազատագրված բնակավայրեր։ Մեկնում ենք Բերձոր-Շուշի-Կարմիր Շուկա-Հադրութ մայրուղով։ Ճանապարհի որոշ հատվածներ արդեն 1 ամսից ավելի է՝ հիմնանորոգվում են։ Վարանդա գետի կամրջով թեքվում ենք աջ, անցնում Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքով եւ մտնում Հադրութի շրջան։

Առաջինն անցնում ենք Դրախտիկ գյուղով։ Մինչ գյուղ հասնելը՝ մոտ 1 կմ հյուսիս-արեւելք, ձախակողմյան բլրակի գագաթին, N 39, 38, 18.5 եւ E 47, 00, 15.3, Alt 932 կոորդինատներում՝ «Կախան» սրբատեղիում, 13-14-րդ դարերի մատուռ-եկեղեցու ավերակներ կան։ Լեւոնի հետ բարձրանում ենք։ Փոքր չափերի մատուռ է եղել սրբատունը, այժմ՝ ավերակ։ Մուտքը՝ հարավից։ Սուրբ խորանում պահպանվել է ոչ մեծ չափերով մի խաչքար, կողքին՝ վերջերս տեղադրված մեկ այլ խաչքար։ Սրբատան ավերակի մեջ ծառեր են աճել, հյուսիսային կողմում կից շինության ավերակ կա։ Արցախյան գոյամարտի տարիներին մատուռի մոտ խրամատներ են փորվել, եւ այստեղից մեր տղաները հսկել են Ֆիզուլիի շրջանից ասպատակող ազերիների շարժը։ Հաջորդ՝ Ազոխ գյուղը հատկապես հայտնի է իր քարանձավով։ Ժամանակի սղության պատճառով քարանձավ չենք այցելում։ Տարիներ առաջ մի քանի անգամ եղել եմ Ազոխի քարանձավում՝ գյուղի դպրոցի աշակերտների ուղեկցությամբ։ Մեր հիմնական նպատակը այժմ Ջրաբերդ կոչվող գյուղի մոտակա ամրոց բարձրանալն էր, սակայն մեքենայի ճանապարհը չգտանք. տարիների ընթացքում փակվել է, իսկ ոտքով հասնելու համար ժամանակը սուղ էր։ Այս գյուղի ճանապարհին է Քարագլուխ գյուղը, որն արցախյան գոյամարտի տարիներին հայաթափ էր եղել խորհրդա-թուրքական համատեղ ուժերի ձեռնարկած «Օղակ» ռազմագործողության ընթացքում։ Այդ օրերին՝ 1991թ. մայիսի կեսերին, հայաթափ եղան նաեւ Դոլանլար-Արեւշատ, Ցոր եւ տարածքի այլ բնակավայրեր, ինչպես նաեւ Շուշիի Բերդաձորի ենթաշրջանը։

Իմանալով տեղահանության մասին՝ շտապեցի Գորիսի շրջանի Խնձորեսկ եւ Տեղ գյուղեր։ Խնձորեսկի դաշտերում եւ հարեւանությամբ Կուբաթլուի ու Լաչինի այն ժամանակների շրջանների տարածքում էին Հադրութի շրջանի տեղահանված բնակիչները։ Այդ օրերի մասին «Երեկոյան Երեւան» թերթում ռեպորտաժ հրապարակվեց՝ իմ հեղինակությամբ։ Հադրութ քաղաքից արդեն հողապատ, սակայն բավական հարթ ճանապարհը տանում է քաղաքի աջակողմյան սարալանջի գյուղեր, որոնցից է Վանքը։ Այստեղ՝ գյուղի կենտրոնում՝ N 39, 30, 46,5 եւ E 47, 01, 16,0, Alt 830 կոորդինատներում, կանգուն է 13-17-րդ դարերի Սպիտակ խաչ եկեղեցին կամ, ինչպես ասում են Վանքը։ Գյուղի անունը կապված է վանքին մոտ լինելու հետ: Հնագետների մի մասը վանքը համարում է 9-10-րդ դարերի կառույց, որոշները՝ 14-րդ դարի՝ պատճառաբանելով, որ այդ մասին են վկայում նրա մասերից շատերը: Վանքը կամ միայն նախասրահը՝ տիմպանի (նկարազարդ կամ քանդակազարդ ճակատամաս) գրառումների հիման վրա, վերանորոգվել է 1735 թ.: Եկեղեցու արտաքին չափերն են՝ երկարությունը՝ նախասրահի հետ միասին, 15.75 մ, լայնությունը՝ 7.1մ: Հուշարձանը փոքր գմբեթավոր շենք է՝ 6 սյունից ու բրգանման տանիքից բաղկացած: Զանգակատնից արեւմուտք դրված է քանդակազարդ խաչքար, որն ունի ավելի քան 2.5 մ բարձրություն: Եկեղեցու մուտքի տակ 3 խաչերով սալաքար է, իսկ շրջանակը բարավոր չունի, կամարակապ փակվում է։ Ցավալի է՝ Սուրբ խորանի պատերին անուններ ու սիրո խոստովանություններ են գրված՝ մի արատավոր երեւույթ, որ գոյություն ուներ հատկապես խորհրդային տարիներին։ Այս առումով առավել շատ է տուժել Գտչավանքը։ 

Սպիտակ խաչի տարածքում պահպանվել են տապանաքարեր եւ հետաքրքիր մի հուշարձան՝ որմնափակ խաչքար, որը կառուցվել է 1735 թ. եւ որոշ ժամանակ ուխտավորների համար ապաստարան է ծառայել: Հուշակոթողի դիմաց աճած սուրբ-ծառը խանգարում է ամբողջությամբ լուսանկարել։ Վանքի տարածքում պահպանվել է մոտ 104-70 սմ չափերով միջնադարյան խաչքար։ Կան 19-20-րդ դարերի տապանաքարեր, որոնց մեծ մասը գեղաքանդակ են։ Դրանցից մեկը պատկանում է Միրզաջան Սարգսյանին, ով ապրել է 104 տարի՝ 1866-1970 թթ։ Վանքի տարածքից բացվում է Հադրութ քաղաքի համայնապատկերը։ Գյուղի ներքեւում սառնորակ աղբյուր կա։ Մակար Բարխուդարյանն իր «Արցախ» գրքում (Տպարան «Արոր» Բագու, «Մունք» Ստեփանակերտ 1995 թ., էջ՝ 44) Վանք գյուղի եւ Սպիտակ խաչ եկեղեցու մասին գրում է. «ՎԱՆՔ ԳԻՒՂ. Հիմնուած է նոյն սարի հիւսիսահայեաց լանջի վերայ՝ Հատրութ գիւղի հարաւային հանդէպ. բնակիչք բնիկ, հողն բէկական, սակաւ եւ կարի նուազ արդիւնաբեր, ամենայն ինչ նոյն, եկեղեցին Սպիտակ-Խաչ-Վանք, քահանայ՝ մի։ Ծուխ 35. ար. 155, իգ. 114. ՍՊԻՏԱԿ-ԽԱՉ-ՎԱՆՔ. Հիմնուած է Վանք գիւղից ներքեւ մի տեսարանաւոր հարթակի վերայ, շինուած է անտաշ քարով եւ կրացեխով։ Վանքս ունի փոքր կաթուղիկէ եւ գաւիթ։ Տաճար եւ գաւիթ ի միասին չափելով երկարութիւնն է 15 մ. 75 սանթ. լայնութիւնն 7 մ. 10 սանթ.։ Վանքս, որ եկեղեցի համարուած է Վանք գիղացւոցն, բայց միեւնոյն ժամանակ մեծ ուխտատեղի է գաւառիս՝ հայ բնակչաց։ Տաճարիս ներսում հիւսիսային խաճարձանի վերայ, որ հաստատուած է կամարի տակ։ -68-«Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. ՉՁԲ. (1333)»։ Դրան հարաւային կամարի վերայ. «Շինեցաւ ՌՃՁԴ. այն տարին էր Թահմազ խան»։ Զանգակատան յիշատակարանն. «Յիշատակ է զանկատունս Սուրապի որդոյ Ավանէս եպիսկոպոսին»1։ Արեւմտեան լուսամտի տակ արտաքուստ. «Տէր Աստուած Յիսուս Քրիստոս… Վրդանէս Թ. ՌՃԽԳ»։ ԲԵՄ. Տաճարիս արեւմտեան կողմում, դրան մօտ հանգստարանում կայ մի բեմ, որ շինուած է սրբատաշ քարով։ Բեմիս արեւմտահայեաց երեսին մէջ զետեղուած է մի գեղեցկաքանդակ խաչարձան, որի գլխին փորագրուած է. «Ես աջամի որդի իշխանայ կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգոյ որդոյ իմոյ Ասուդարայ, որք կարդէք, յիշեցէք ի սուրբ աղաւթս ձեր, աղաչեմ. ի թվիս ՉՂԷ.»։

Թեգեր: ԱրցախՀադրութմշակույթ
Կիսվել2Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Հայրենի՛ք,-սեղան սրբութեան»

«Հայրենի՛ք,-սեղան սրբութեան»

Բանաստեղծը, որ նման էր առաջին սիրո…

Բանաստեղծը, որ նման էր առաջին սիրո...

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist