Անկախությունը բարձրագույն արժեք է, որը ժողովուրդներն ու ազգերը նվաճում են պայքարի եւ արյան գնով։ Անկախ պետականության շնորհիվ է հնարավոր պահպանել սեփական ինքնությունը, ազգային արժեքներն ու կրթել այդ անկախությանը տեր կանգնելու պատրաստ սերունդներ։
Գրող, գրականագետ Կարո Վարդանյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ մեր անկախության հիմքը դրվեց 1990 թ. օգոստոսի 23-ին, երբ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը։ Դրանով կյանքի կոչվեց մեր համազգային, համահայկական երազանքը՝ հայկական անկախ պետականության վերածնունդը։ Մինչ այդ բոլոր նրանք, ովքեր գիտակցում էին անկախության արժեքը, սփյուռքի մեր հայրենակիցների նման նշում էին մայիսի 28-ին Առաջին հանրապետության ստեղծման օրը. դա թույլ էր տալիս հպարտանալ, որ մենք ոչ վաղ անցյալում անկախ ինքնիշխան հանրապետություն ենք ունեցել։ «Ոգեւորիչ էր, որ մեր ժողովուրդն էլ աշխարհի մյուս ազգերի եւ ժողովուրդների կողքին իր արժանապատիվ տեղը գրավեց՝ վերածնելով անկախ պետականությունը։ Այսօր ցավով եւ սրտի կսկիծով եմ նշում, որ վերջին տարիներին այնպիսի զգացողություն ունեմ, ինչ խորհրդային տարիներին, երբ կարոտով էինք նշում մայիսի 28-ը՝ հիշելով, որ անկախություն ենք ունեցել»,- ասաց նա։
Այսօր վտանգված են մեր անկախությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, այնուամենայնիվ, կան պետականության հիմնասյուն արժեքներ, որոնք պետք է ամեն գնով պահպանենք։ Վարդանյանն առանձնացրեց Հայոց բանակն ու ազգային դաստիարակությունը։ «Մեր պետականության առաջին խորհրդանիշը, իհարկե, բանակն է։ Մենք ոգեւորվում էինք, թե ինչպես կամավորական ջոկատներից կանոնավոր բանակ է ստեղծվում։ Բանակը մեր հպարտությունն է, դրանք սին խոսքեր չէին։ Հայկական բանակն ամենամարտունակն էր տարածաշրջանում, եւ դրա շնորհիվ էլ երկու տասնամյակից ավելի հարաբերական խաղաղություն եւ կայունություն կար մեր տարածաշրջանում»,- ասաց նա՝ հավելելով, որ բանակի, սպայի եւ զինվորի հասցեին ցանկացած բացասական խոսք, վարկաբեկիչ վերաբերմունք նախեւառաջ հարված է հայոց պետականությանը։
Պատմությունից գիտենք, որ բանակում ծառայելն ազնվականների, ընտրյալների առաջնային պարտքն է եղել։ Բոլոր ժամանակներում վտանգավոր են հասարակության ներսում տեղ գտած այն միտումները, երբ խուսափում էին բանակում ծառայելուց։ Զրուցակիցս ականատեսն է եղել, թե ինչպես նվիրյալների կողքին եղել են մարդիկ, որոնք 90-ականների օրհասական պայքարի օրերին խուսափել են բանակում ծառայելուց, այդ թվում՝ երկրից հեռանալու տարբերակով, սակայն հաջորդող տասնամյակներին բանակի զգացողությունն սկսեց արմատավորվել հանրության եւ հատկապես երիտասարդության մեջ։ Խուսափելու երեւույթը կար, բայց այն նվազագույնի հասավ։ Վարդանյանը վտանգ է տեսնում գումարի դիմաց չծառայելու մասով, ընդհակառակը մենք պետք է հիմքեր ստեղծենք մեր ամբողջ ազգաբնակչությանն ըստ իր հնարավորությունների եւ անհրաժեշտության բանակաշինության կարեւոր գործին անմիջական մասնակիցը դարձնելու համար. «Աշխարհում կա 15 պետություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իր բանակի զինվորն է կին, թե տղամարդ։ Պարտադիր չէ միայն զենք բռնելով ծառայել բանակին։ Ազգ-բանակի գաղափարը պետք է խրախուսվեր, ամրապնդվեր մեր հանրության գիտակցության մեջ, որպեսզի ամեն հայ գիտակցեր, որ անկախ իր զբաղմունքից՝ ինքն իր բանակի զինվորն է։ Մեր ճակատագիրն ու աշխարհագրական դիրքն են պարտադրում»։
Պետականության հիմքը համարվող մյուս կարեւոր գործոնն ազգային դաստիարակությունն է, քանի որ կրթական միջավայրն է որոշիչ դառնում, թե ինչ մթնոլորտում է մեծանում հայ մարդը։ Ըստ Վարդանյանի՝ մեր մշակութային, գրական ժառանգությունը լուրջ հիմք կարող էր դառնալ դրա համար, ինչպես նաեւ Անդրանիկի, Նժդեհի եւ մյուսների թողած ժառանգությունը։ «Սերունդներին պետք է դրանով կրթել եւ դաստիարակել, հայ պատանին պետք է այդ արժեքներով մեծանա, որպեզի գիտակցի եւ հասկանա, թե ինչ են զինված ուժերը, բանակը, անկախությունն ու ինքնիշխանությունը։ Ամուր բանակի հիմքում ընկած է հոգեւորը, որն էլ երաշխիքն է տեւական անկախություն ունենալու համար:- ասաց գրողը, ապա շարունակեց,- Մենք լիարժեք չգիտակցեցինք՝ ինչպիսի երկնային պարգեւ էր անկախությունը, դրանից թանկ բան չկա։ Այսօր էլ չենք գիտակցում, մինչդեռ անհրաժեշտ էր մշտապես կարեւորել անկախության փաստը, սակայն ոչ ինքնանպատակ»։
Վարդանյանի կարծիքով՝ միասնական, հավաքական լինելուն ուղղված կոչերը պետք է միտված լինեն գաղափարների, նպատակների շուրջ համախմբմանը։ Ի վերջո, պետք է հստակեցնենք, հասկանանք, թե հնամյա ազգն ինչ տեսլական է ձեւավորել հազարամյակների ընթացքում կամ առնվազն վերջին դարերի ընթացքում, ինչպես է պատկերացնում իր ապագան, իր կենսունակությունը։ Այդ հարցերի շուրջ մեր մեծերը նույնպես մտածել են, պատասխան փնտրել։ Հիշենք Եղիշե Չարենցի հարցադրումը՝ «ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ո՞ւր ենք գնում»։ «Այսօր այդ հարցն ավելի է մշուշվել, այսօր էլ մենք չունենք այդ հարցի պատասխանը։ Չնայած դրան, ամենամեծ խնդիրն այն է, որ ի տարբերություն նախորդ դարասկզբի, այսօր չունենք Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի պես անհատներ։ Այսօր մենք առավել խոցելի ենք, ճշմարտությունն էլ «վիրավոր» է։ Մենք չունեցանք համընդհանուր մի գաղափարախոսություն, որն ընդունելի կլիներ համայն հայության համար»,- ասաց զրուցակիցս՝ հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում «ջրերը» կզուլալվեն, եւ «տիղմը» կրկին կնստի հատակին։