Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան երիտասարդական երգչախումբը 30 տարեկան է: Այն հիմնադրվեց բերդաքաղաքի ազատագրումից գրեթե օրեր անց: Երեւանից ժամանած դասախոսների եւ ուսանողների խմբում էր նաեւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ, բեյրութահայ Զաքար Քեշիշյանը: Քաղաքի փողոցներում շրջելու ժամանակ նա հանդիպեց ազատագրված իրենց օջախները վերադարձած երկու տասնյակ երեխաների, եւ հենց այդ պահին էլ ծնվեց մանկապատանեկան երգչախումբ ստեղծելու գաղափարը: Նրա խոսքով. «Անունն էլ ինքնաբուխ կայացավ՝ «Վարանդա»: Մնում էր հավաքագրել երաժշտական ընդունակություններով օժտված առավել շնորհալիներին եւ օրնիբուն աշխատել՝ փորձելով կտրել փողոցից ու չորացնել որբացած երեխաների արցունքները, հաղորդակից դարձնել երգ-երաժշտությանը, զարգացնել նրանց ընդունակությունները եւ ճանապարհ բացել դեպի լուսավոր հորիզոններ»…
Իսկ թե 30 երկարաձիգ տարիների ընթացքում ինչպիսի դիմագիծ ունեցավ «Վարանդան», ինչպիսի ճակատագիր բաժին հասավ նրան ու թիմի անդամներին, ինչպես «խաչվեցին» ճանապարհները՝ այս եւ նոր ծրագրերի մասին հոբելյանական հաշվետու համերգի ժամանակ դահլիճում ներկա գտնվողներին գեղարվեստական հնարքներով եւ մեկնաբանություններով ներկայացրեց երգչախմբի հիմնադիր եւ խմբավար, դիրիժոր Զաքար Քեշիշյանը: Ափսոսանք հայտնելով, որ «Շուշիի զարկման պատճառով» ելույթը տեղի է ունենում (արդեն երկրորդ անգամ) Ստեփանակերտում, նա հավելեց, թե ինքը հավատում է այն պայծառ եւ լուսավոր օրվան, երբ հերոս հայ որդիների կողմից վերստին կազատագրվի բերդաքաղաքը, եւ «Վարանդան» իր վերածնունդը կազդարարի հարազատ տանիքի տակ…
Հիմնադրման օրվանից ավելի քան 700 պատանիներ ու երիտասարդներ են անդամագրվել կոլեկտիվին, որին 20 տարի առաջ պետական կարգավիճակ է շնորհվել: Շատերի համար երաժշտությունը դարձել է կյանքի ուղի, եւ մասնագիտական կրթություն ստանալով՝ դարձել են երգիչներ ու երաժիշտներ, ընդգրկվել են տարբեր համույթներում: «Վարանդան» համերգային ծրագրերով 200-ից ավելի ելույթներ է ունեցել Արցախում, Հայաստանում եւ արտերկրում: 30 տարվա մեջ կատարվել է հայ եւ օտար դասական, ժամանակակից կոմպոզիտորների շուրջ 500 խմբերգ:
Հոբելյանական հաշվետու համերգը, որ կայացավ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատի լեփ-լեցուն դահլիճում՝ «Երգող ամառ» ծրագրի ներքո, վարում էր «Վարանդայի» հիմնադիրն ու կնքահայրը՝ Զ. Քեշիշյանը: Համառ աշխատանքի արդյունքում 120-ից ավելի պատանիներ եւ աղջիկներ են բեմ բարձրացել խմբերգերի նոր փնջով: Հնչում են Ռոբերտ Ամիրխանյանի, Երվանդ Երկանյանի, Արմենուհի Կարապետյանի, Ժիրայր Շահրամանյանի ստեղծագործությունները, Մելիք Մավիսակալյանի մշակմամբ՝ հայրենասիրական երգաշարը:
Դահլիճը թնդում է ծափերից եւ ջերմ ողջույններից: Հուզմունքն ու ուրախությունը միահյուսվել են իրար եւ անմոռանալի հիշողություններ արթնացրել կոլեկտիվի անցած ուղու մասին: «Ապրում ենք մեր պատմության ամենից ճակատագրական եւ հուզառատ պահերը,- դիմելով ներկաներին՝ ասաց երգչախմբի ղեկավարն ու դիրիժորը:- Կամ ազգովին կզարթնենք, կմիավորվենք, վերստին կիմաստնանանք, կգոտեպնդվենք, թշնամու աչքի առաջ կկերտենք մեր հայրենիքի ապագան, կամ էլ Աստված մի արասցե, մեր մասին էլ հաջորդ դարերում մարդկությունը կկարդա եւ կսովորի պատմության դասագրքերից… Մի կողմից Շուշիի հերոսական ազատագրումը, մյուս կողմից՝ արյամբ ձեռք բերածը մեկ օրում կորցրած լինելու անպարագծելի ցավը չեն թողնում, որ խոհը բառ դառնա, ապրումը՝ նախադասություն, մտածումը՝ խոսք: Բայց վստահ եմ, որ թախիծն ու տրտմությունը շուտով մեզ կլքեն, եւ ազգովի վերածնվելու, զորանալու եւ հպարտանալու առիթներ կունենանք»:
Շնորհակալություն հայտնելով հանդիսատեսին՝ փոխադարձ սիրո եւ վստահության համար, Զաքար Քեշիշյանը եւս մի ուշագրավ եզրահանգում արեց. «Այս անգամ երգչախմբում ավագ սերնդի (երիտասարդության) թվակազմը սակավ էր: – Պատճառը սերն է՝ որդեծնությունը: Հիշո՞ւմ եք, անցյալ տարի բեմում հայտարարեցի, որ աղջիկներից 10-ն ամուսնացել են, երեքն էլ այս ամառ ամուսնացան, ընտանիք կազմեցին: Մի քանիսն էլ նշանվել են… Մնացածները՝ սիրահարվել: Ասել է թե՝ մեր ընտանիքի միակ «թշնամին»՝ Սերը, հաղթեց»: Նա համոզմունք հայտնեց, որ նորածինները եկող ամառ երիտասարդ, սիրասուն մայրիկներին «թույլ կտան» հաճախել երգչախմբի փորձերին եւ իրենց զիլ ձայնով խաղաղություն ղողանջել Արցախ աշխարհում…
Հ.Գ. Զաքար Քեշիշյանը հանդիսատեսին հայտնի է նաեւ որպես շվիահար եւ դուդուկահար: Եվ որպեսզի նրանց «հուսախաբ չանի», դաշնակահար Նադեժդա Հակոբյանի նվագակցությամբ հանդես է եկել համերգային նոր ծրագրով՝ երաժշտասերներին հնարավորություն ընձեռելով ըմբոշխնել հայ անվանի կոմպոզիտորների սքանչելի ստեղծագործությունները: