Մեր հայրենակիցները հնարավորություն ունեցել են լսելու Մեծն Նարեկացու անմահ պոեմը լոռեցի ճանաչված դերասան, ասմունքող, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ջիվան Սարգսյանի կատարմամբ: Վանաձորի «Արթ» ստուդիայում ավարտվեց Վազգեն Գեւորգյանի՝ գրաբարից արդի հայերեն թարգմանած պոեմի ընթերցման ձայնագրությունը: Նույն ստուդիայում կատարվեցին նաեւ երաժշտական ձեւավորման աշխատանքները: Այս լավ գործի հովանավորն է Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Արդեն թողարկվել է նաեւ ձայնակավառակը, օրերս կազմակերպվեց շնորհանդես:
Հայ առաքելական սուրբ եկեղեցին այս տարի եւս նշեց Սրբոց Թարգմանչաց տոնը։ Ի հիշատակություն Սուրբ Գրիգոր Նարեկացու՝ ուխտի սուրբ պատարագ մատուցվեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում։ Պատարագիչն էր եկեղեցու հոգեւոր հովիվ արժանապատիվ տեր Վահան ավագ քահանա Ազարյանը։ Ավարտին եկեղեցու հանդիսությունների դահլիճում կայացավ ձայնասկավառակի շնորհանդեսը:
Տերունական աղոթքից հետո Նարեկացու փառավոր կյանքը ներկայացրեց տեր Վահան ավագ քահանա Ազարյանը: Հովնան սրբազանն իր խոսքում հանգամանորեն ներկայացրեց համաշխարհային ճանաչման արժանացած եւ Վատիկանի կողմից սրբադասված Գրիգոր Նարեկացու հսկայական դերը հայ ազգի հոգեւոր վերելքի գործում:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի