Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Տավուշի բերդի տարածքում

Հոկտեմբերի 19, 2022
Մշակույթ
Տավուշի բերդի տարածքում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
301
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ Տավուշի մարզի հյուսիսային հատվածը, հիմնականում՝ Նոյեմբերյանի տարածաշրջանը, համապատասխանում է պատմական Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Կողբափոր գավառին, կենտրոնական և արևմտյան մասերը, Իջևանի  տարածաշրջանը՝ նույն մարզի Կայեն և Կանգարք գավառներին։ Հարավային հատվածը՝ Դիլիջան քաղաքն ու շրջակայքը, մտել են Այրարատ աշխարհի Վարաժնունիք գավառի մեջ։ Նախկին Շամշադինի շրջանը կամ Բերդի տարածաշրջանը, որը մարզի արևելյան կողմում է, եղել է Ուտիք աշխարհի Աղվե և Տուչքատակ գավառների կազմում։

Ուտիք աշխարհի այս հատվածը նույնպես հարուստ է պատմաճարտարապետական ժառանգությամբ՝ ամրոցներ ու վանքեր, որոնք ունեն հազարամյակների պատմություն և այսօր էլ հիացնում են իրենց էությամբ։ Պատմական Ուտիքը, ըստ Խորենացու և «Աշխարհացույցի»՝ Ուրարտու պետության (Արարատյան թագավորություն) ժամանակաշրջանում (Ք. ա. IX-VI դդ.) կոչվել է Էթիունի և զբաղեցրել է երկրի հյուսիս-արևելքը՝ մինչև Կուր գետը։ Մարզի արևելյան հատվածը, որ ժամանակին եղել է Ուտիք նահանգի մեջ, կոչվել է Տուսքուստակ գավառ, որ նշանակում է Տուսի գավառ։ Տավուշ անվան ստուգաբանությունը հենց կապվում է Տուսի հետ, որի մասին հիշատակություններ են պահպանվել պատմիչներ Մովսես Խորենացու, Հովհաննես Դրասխանակերտցու աշխատություններում։ Հայոց կաթողիկոս (898-929), պատմիչ և գրող Հովհաննես Դրասխանակերտցին (840-ականներ-929, Վասպուրական), պատմելով Սմբատ Բագրատունի թագավորի արշավանքների մասին, գրում է. «…Իսկ այնտեղից էլ հասնելով մինչև հարավային կողմը, այն է՝ Կուր գետով մինչև Տփղիս քաղաքը, ինչպես նաև Ուտի գավառը, մինչև Հունարակերտ քաղաքը և Տուս ու Շամքոր…» («Հայոց պատմություն». Երևան 1996 թ., էջ՝ 165)։

Բերդ քաղաքում՝ Տավուշ գետի աջ ափին է միջնադարյան Հայաստանի կարևոր ամրոցներից մեկը՝ Տավուշի ամրոցը, որը ժողովուրդն անվանում է Ցլիկ Ամրամի բերդ։ Սա կապված է այն բանի հետ, որ իշխան Ցլիկ Ամրամը, երբ ապստամբում է Աշոտ Երկաթ թագավորի դեմ, գրավում է Տավուշի բերդը։ Այս մասին Հովհ. Դրասխանակերտցին գրում է. «… մինչդեռ նա (Աշոտ Թագավորը,- Զ. Ը.) ճանապարհն էր գնում, այն երկրից նրան հասավ գույժի ձայն, որ այն Ամրամ կոչեցյալը, որ իր ուժեղության համար շատերի կողմից հորջորջվում էր Ցլիկ անունով, և Շահնշահն էլ հենց նրան էր հրամանատար կարգել երկրի գործերի վրա… դուրս է գալիս Շահան կոչված շահի հնազանդության տակից։ Եվ լքելով… իր բնիկ տերությունը… համաձայնում է մտնել ոչ բնիկ Գամիրի աշխարհի իշխանաց իշխան Գուրգենի լծի տակ։ …Ապա անմիջապես գրավելով Տավուշ ամրոցը՝ նա ապահով կերպով այնտեղ է պահում իր տան անդամներին…» (էջ 321-323)։ 13-դ դարի հայ պատմիչ և եկեղեցական գործիչ Կիրակոս Գանձակեցին (1200 -1271, Գանձակ) իր «Հայոց պատմություն» գրքում մի քանի անգամ անդրադարձել է Տավուշին ու Տավուշ ամրոցին։ Նկարագրել է այլազգի (մոնղոլ) զորավար Մոլարի արշավանքի մասին, ով գրավել է Շամքորը և տարածքի այլ բնակավայրեր, պաշարել Տավուշ, Կածարթ, Նոր բերդ Գագ և այլ ամրոցներ։ «Վանական Վարդապետի ու նրա հետ եղածների գերության մասին» ԻԴ գլխում (Երևան 1982 թ., էջ՝ 176) գրում է. «Այն ժամանակ Վանական կոչված մեծ վարդապետը մի շատ բարձր քարի գագաթին իր ձեռքով իր համար քարայր էր փորել, որը գտնվում էր Լորուտ կոչված գյուղի հանդեպ՝ Տավուշ բերդի հարավային կողմից։ Այս այրում շինել էր մի փոքրիկ եկեղեցի ու այնտեղ գաղտնի դադար էր առել, երբ Ջալալադին սուլթանի ավազակների կողմից Երգեվանքի բերդի հանդեպ գտնվող նրա առաջին վանքը (խոսքը Խորանաշատի մասին է,- Զ. Ը.) ավերվեց…»։ Այդ իրադարձությունների ժամանակ էլ Գանձակեցին այլ հոգևորականների հետ գերեվարվել է։

Տավուշի ամրոցի մասին իր «Հայոց պատմություն» գրքում (Երևան, 1986 թ., էջ 308) հիշատակում է նաև Ստեփանոս Օրբելյանը. «…Գեորգիի որդի հզոր Դավթի թագավորության շրջանում Օրբելյան Իվանե մեծ սպասալարը ռազմապես շատ ուժեղացավ ու ընդարձակեց Վրաստանի սահմանները՝ պատերազմ մղելով սելջուկ-թուրքերի դեմ։ Սրանցից հետ վերցրեց Տփղիսը, Տավուշը, Գագը, Տերունականը, Լոռեն, Անին՝ հինգ հարյուր յոթանասուներկու թվականին (1123 թ.)»։ Տավուշ բերդի տարածքում 2020-ից ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը՝ հնագետ Տիգրան Ալեքսանյանի ղեկավարությամբ, պեղումներ է իրականացնում։ Արշավախմբի կազմում են հնագետ Հարություն Բադալյանը և ճարտարապետ Արտակ Հախվերդյանը։ Բանվորական ուժը Բերդ քաղաքի բնակիչներ են։ Այս առումով կարևորվում է մի հանգամանք։ Ընդհանրապես բոլոր հնավայրերում շատերը կարծում են՝ ոսկի կա թաքցրած, և հաճախ են քանդում պատմական հուշարձանների հատվածներ՝ ոսկի գտնելու հույսով։ Այժմ հանրապետության տարբեր հնավայրերում պեղումներ իրականացվում են, և հիմնականում հնավայրի մոտակա բնակավայրերի բնակիչներն են բանվորական աշխատուժը, և նրանք էլ տեսնում են՝ ոսկի չկա։ Պեղումների ժամանակ այցելեցի հնավայր, ծանոթացա կատարված և կատարվող աշխատանքներին, զրուցեցի Տ. Ալեքսանյանի հետ, ում հետ հնագիտական ուսումնասիրություններ ենք կատարել Արցախում, հատկապես՝ Քաշաթաղի շրջանում։ 

Պատմելով պեղումների ընթացքի մասին՝ ասաց. «2020 թ. հիմնականում աշխատել ենք երկու հատվածում՝ միջնաբերդում՝ գագաթին և ստորին բերդում՝ եկեղեցու շրջակայքում: Ամրոցում մասնակի պեղումներ են կատարվել 1988-1990-ական թթ.՝ հնագետ Հայկ Եսայանի ղեկավարած արշավախմբի կողմից, բայց հետո դադարեցվել են, հնարավոր է՝ սկսված պատերազմի պատճառով: 2020-ին, Տավուշի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու ծրագրի շրջանակներում արդեն լայնամասշտաբ պեղումներ սկսեցինք»։ 2020 և 2021 թթ. հնագետներին հաջողվել էր պեղումներն իրականացնել և ավարտել ամրոցի ստորին մասում գտնվող, 1019 թ. կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում և ամրոցի ստորին հատվածում։ Իհարկե, 44-օրյա պատերազմն էլ խանգարեց, և 2020-ին պեղումները դադարեցվեցին։ Եկեղեցու պեղումների ժամանակ բացել են պատերը ներսի ու դրսի կողմից։ Հայտնաբերվել են տապանաքարեր, որոնցից մեկը եղել է արձանագիր։ Կառուցումից 120 տարի անց եկեղեցին վերակառուցել է Տաշիր Ձորագետի թագավոր Կյուրիկիեի որդի Աբասը, որին այդ ժամանակ էլ պատկանել է Տավուշ ամրոցը:

Մեր այցի պահին՝ հուլիսի կեսերին, հնագիտական արշավախումբն աշխատում էր արդեն միջնաբերդի տարածքում։ Գտնվել էին խեցեղեն, մետաղյա ու ապակյա տարբեր նյութեր՝ դաշույն, դանակ, մեխ, գամ, պղնձե զարդ, քարե գործիքներ՝ երկանք, սանդ և այլն, ինչպես նաև՝ դրամ, որը պատկանում է Գանձակի կառավարիչ Փադլուն I իբն Մուհամմադին (985-1031 թթ.)։ Շատ են գտնվում կղմինդրներ, որոնք ոչ մեծ չափերի են, ունեն տարբեր ձևեր։ Ըստ հնագետների՝ այս կղմինդրներն օգտագործվել են ամրոցի հիմնադրման առաջին փուլում։ Չնայած Տավուշի ամրոցը, ինչպես նշեց Տ. Ալեքսանյանը, հիմնվել է 10-րդ դարի 20-ական թթ., պեղումներից հայտնաբերվել են նաև երկաթեդարյան կենդանակերպ անոթներ, բեկորներ։ 2022 թ. պեղումների արդյունքում բացվել են ամրոցի ներսը, պարիսպները՝ ներսի կողմից։ Հողի շերտի տակից բացվել են նաև կառույցների պատեր, հիմքեր։ Ըստ հնագետի՝ այս կառույցները ծառայել են տնտեսական նպատակներով, եղել են բնակելի։ Կառույցներում առկա են նաև կրակարաններ՝ թոնրաձև, օջախներ։ Նկարագրելով ամրոցի մուտքը՝ Տ. Ալեքսանյանն ասաց՝ ժամանակին բերդ կառուցողները դիմել են խորամանկության։ Մինչ հիմնական մուտքին հասնելը՝ կառուցել են մի տարածք, որպես միջանցք կամ ներքին բակ։ Արտաքին մուտքից մտնողը բուն ամրոց մտնելու համար պետք է անցներ նաև երկրորդ, արդեն հիմնական մուտքով՝ թեքվելով ձախ։ Սա արված է ռազմական նպատակով, որ ամրոց պաշարողներին եթե հաջողվեր մտնել ներս դրսի մուտքից, նրանց կդիմավորեին արդեն այսպես կոչված միջանցք-ներքին բակում, որը կդառնար ծուղակ։ Իսկ ինչու ձախ, որովհետև զինվորի ձախ ձեռքին վահանն էր, իսկ աջին՝ սուրը. թեքվելով ձախ, որ մտներ ներս՝ աջ ուսը կմնար անպաշտպան, և դարանակալ զինվորները կնետահարեին։ Ամրոցի միջնաբերդը զբաղեցնում է մոտ 500 քմ տարածք, կառուցված է բնական ժայռի գլխին։ Թույլ տեղերում պարիսպներ են շարել։ Ժամանակին ամրոցի միջնաբերդը եղել է հիմնականում կայազորային, բնակչությունը եղել է ամրոցի ստորին մասում, և միայն վտանգի պահին պատսպարվել են միջնաբերդում։ Պեղումների արդյունքում պարզվել է նաև, որ ամրոցն ունեցել է շինարարական 3 շրջան, գոյատևել է մինչև 13-րդ դարը, կործանվել է մոնղոլ-թաթարների կողմից 1236 թ.։ Բացի ժամանակից ու պատերազմներից, ամրոցը շատ է տուժել նաև 1139 թ. մարտի 17-ին Գանձակում տեղի ունեցած երկրաշարժից։ Այդ են վկայում մեծ ժայռերի տատանումները։

Երկրաշարժի մասին Կ. Գանձակեցին իր գրքում գրում է. «Այն օրերում հանկարծակի մեգ ու մառախուղ եղավ և պատեց առհասարակ լեռ ու դաշտ. մեծ երկրաշարժ եղավ, ու կործանվեց Գանձակ մայրաքաղաքը… Փլվեց նաև Ալհարակ լեռը, փակեց իր միջով անցնող ձորակը, և գոյացավ լիճ…» (էջ 147)։ Երկրաշարժից հետո կրկին վերականգնվել է Տավուշի ամրոցը։ Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից՝ կավե փողրակներով (մնացորդները պահպանվել են)։ Միջնաբերդի արևմտյան մասում պեղումների աշխատանքներն արդեն ավարտվել են։ Տ. Ալեքսանյանն ասաց, որ 2023-ին կշարունակեն աշխատանքները, զուգահեռ կիրականացվեն նաև ամրաշինման աշխատանքներ, որպեսզի ամրոցը դառնա ապահով, դառնա զբոսավայր։ Գտնված հնագիտական նյութերը բերվել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի լաբորատորիա, ենթարկվել են մաքրման, ցուցակագրվել և շուտով կհանգրվանեն Բերդ քաղաքի թանգարանում։

Թեգեր: ամրոցՏավուշի մարզ
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Կրթվել չցանկացող ժողովուրդը թուլացնում է իր իմունիտետը փափուկ ուժի հանդեպ

Կրթվել չցանկացող ժողովուրդը թուլացնում է իր իմունիտետը փափուկ ուժի հանդեպ

Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist