Ծերենցի առաջին` «Թորոս Լեւոնի» վեպը (1877 թ.) պատկերում է Կիլիկիայի պատմական իրադարձությունները, քննադատելով հայ ֆեոդալների կենտրոնախույզ ձգտումները: 1879-ին հրատարակել է «Երկունք Թ դարու» պատմական վեպը: «Ժողովրդի մարդը»` Խութեցի Հովնանը Բագրատունյաց պետությունը վերականգնելու համար ոտքի է հանում ժողովրդին: Ըստ վեպի հերոսի՝ երկրի անվտանգության գլխավոր հենարանը «Ժողովրդոց բանակն» է: Վեպն ավարտվում է լավատեսությամբ, հաղթում է ժողովուրդը` վերականգնվում է երկրի անկախությունը: 1881-ին լույս է տեսնում «Թեոդորոս Ռշտունի» վեպը, որտեղ արտահայտված են Ծերենցի ըմբռնումները կապված հայ ֆեոդալական իշխանության ներքին հակասությունների եւ պետության անկման հետ: Թեման վերցրված է 7-րդ դարի պատմական իրողություններից: Ծերենցը ժողովրդին կոչ է անում դուրս գալ պայքարի ընդդեմ բռնակալների: Նշանակալի է Ծերենցի դերը պատմառոմանտիկական վեպի ստեղծման եւ զարգացման գործում: Ուսանելի են Ծերենցի դասերը` չյուրացված դասերը:
Ծերենցը (Հովսեփ Շիշմանյան) ծնվել է 1822 թ. սեպտեմբերի 16-ին Կոստանդնուպոլսում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում։ Ուսումն ավարտելուց հետո հրաժարվել է հոգեւոր կոչում ստանալուց եւ 1837 թ. վերադարձել է Կոստանդնուպոլիս, ծավալել ազգային-լուսավորչական գործունեություն։ 1843 թ. մեկնել է Կովկաս, այցելել Արեւելյան Հայաստան։ 1848 թ. մեկնել է Փարիզ, ընդունվել Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետ, միաժամանակ դասավանդել է Սամվել Մուրադյան վարժարանում։
1852 թ. Ծերենցն ավարտում է Պիզայի համալսարանը, 1853 թ. վերադառնում Կոստանդնուպոլիս, հանդես գալիս կրթադաստիարակչական բնույթի հրապարակախոսական հոդվածներով, մասնակցում ազգային սահմանադրության մշակմանը, պայքարում դավանաբանական վեճերի դեմ, դառնում հակահասունյան շարժման պարագլուխ։ 1853 թ. փետրվարին Կ. Պոլիս վերադառնալու ճանապարհին Միլանում ոստիկանությունը թյուրիմացաբար ձերբակալել է նրան, քանի որ դեմքով նման է եղել իտալական ազգային-ազատագրական շարժման ղեկավար Ջուզեպպե Մաձձինիին։ 1853 թ. վերադարձել է Կ. Պոլիս եւ զբաղվել բժշկությամբ։
1860-ական թվականների սկզբներին, լինելով Կոստանդնուպոլսում կազմակերպված «Բարեգործության ընկերության» հիմնադիրներից մեկը, զբաղվել է հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով, հարել Սվաճյան-Նալբանդյան խմբին։ 1862 թ. Զեյթունի ապստամբության նախօրեին մեկնել է Կիլիկիա, մշակութային, կրթական աշխատանք ծավալելու, գյուղատնտեսական դպրոց բացելու առաջադրանքով, սակայն քաղաքական հալածանքների ենթարկվելով, հարկադրաբար վերադարձել է Կ.Պոլիս։
1872 թ. Գրիգոր Օտյանի միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել Կ. Պոլսի հիվանդանոցներից մեկում՝ բժիշկ։ 1874 թ. մահացել է կինը՝ իր խնամքին թողնելով 14-ամյա դստերը՝ Թագուհուն։ 1875 թ. գարնանը, ֆրանսիացի կաթոլիկ մայրապետների՝ քաղաքական հիմք ունեցող բանսարկությունների հետեւանքով, հիվանդանոցի տնօրենը նրան հեռացրել է աշխատանքից, ինչը նրա հոգեկան տառապանքներն ավելի է ծանրացրել։
Ենթարկվելով նոր հալածանքների՝ 1876 թ. բժշկի պաշտոնով մեկնել է թուրքական կառավարության աքսորավայրերից մեկը հանդիսացող Կիպրոս կղզի եւ բնակչության ու աքսորյալների բժիշկ աշխատել։ 1878 թ. դստեր հետ տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ անցկացրել է կյանքի վերջին տարիները։ Նա հայոց պատմություն է դասավանդել Ներսիսյան դպրոցում։ Այդ ընթացքում բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու առաքելությամբ եղել է Վանում, Ալաշկերտում, Բասենում եւ այլուր։ Բժշկական եւ ազգային-հասարակական աշխույժ գործունեությանը զուգահեռ զբաղվել է գրական-ստեղծագործական աշխատանքով։ Մահացել է 1888 թ. փետրվարի 17-ին Թիֆլիսում՝ 66 տարեկանում։
Ծերենցի դեգերումներով լի կյանքը եւ ստեղծագործական աշխարհը մեր պատմության լուսավոր ու անմոռաց էջերից են, այսօր էլ արդիական ու ուսանելի: Հոբելյանական լույսով արժեւորվող Ծերենցի գործերը շարունակենք կարդալ, չմոռանանք մեր մեծերին ու նրանց կյանքի դասերը:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ