«Ես խենթ էի: Ես հիվանդ էի կինոյով: Շնչում էի կինո, ապրում էի կինոյով, սովորում էի կինո: Շատ փոքր ժամանակից: Փոքր տղա էի, հայրս Մոսկվայից ինձ նվեր էր բերել կինո ցուցադրելու սարք: Շարժական կինո չէր. ապակիներով սարքած նկարներ էին, որոնք ըստ սյուժեի հաջորդում էին իրար, ընթացքում տեքստ էր գրվում: Սարքը տեղադրեցի մեր տանը: Բակի բոլոր երեխաները, աթոռներ շալակած, գալիս-լցվում էին մեր տուն, ու սկսում էի ցուցադրությունները…»:
Ժիրայր ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լավ բան է խենթությունը, որը հետո վերածվում է ինչ-որ նախասիրության հանդեպ հիվանդության, այնուհետեւ դառնում նպատակ ու կոչում: Եթե այդպես չլիներ գոնե կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանի պարագայում, ապա այսօր դժվար թե ունենայինք հայկական կինոժառանգության այնպիսի փայլուն ստեղծագործություններ, ինչպիսիք են յուրաքանչյուր հայի հոգին փոթորկող «Ձորի Միրո» նախադեպը չունեցող ֆիլմը, «Ջրհորի մոտ», «Շրթներկ համար 4» ծերություն չունեցող կինոնկարները: Այսօր, երբ ամենատարբեր հեռուստաալիքներ նյարդեր սղոցող ու անհամ-անիմաստ հեռուստասերիալներով մարդկային ուղեղներ են ջրիկացնում, մեծարժեք ֆիլմերի կարոտ մարդիկ երազում են երկնած տեսնել մի նոր «Ձորի Միրո», մի նոր «Մենք ենք, մեր սարեր», մի նոր «Հին օրերի երգ» եւ հավատով լցվել հայ կինոարվեստի վաղվա օրվա հանդեպ: Ինչեւէ, հուսալով, որ վաղ թե ուշ այդպես կլինի, գանք վաստակաշատ ռեժիսորին ու կրկին լսենք նրան. «Երբ պատանի էի, սովորում էի ռազմական օդաչուական դպրոցում: Կինոյից բացի, սիրահարված էի օդանավերին: Դպրոցն ուներ ակումբ, որը ես էի ղեկավարում, մշակութային միջոցառումներ էի կազմակերպում եւ, իհարկե, կինո էի ցուցադրում: Պատերազմի ժամանակ էր, Հայաստան էին բերել վնասված օդանավեր՝ նորոգելու, վերականգնելու համար, ես էլ գնում նայում էի: Մի անգամ քանդած օդանավի վրա մի շարժիչ տեսա ու հասկացա, որ դրա արագությունն այնքան է, որքան պետք է ակումբի էկրանի առջեւ վարագույր բացել-փակելու համար: Երկու այդպիսի շարժիչ տարա տեղադրեցի բեմի երկու կողմերում: Վարագույրը պատրաստ էր: Հիմա պիտի կինո ցուցադրեմ: Նստած են զինվորները, հրամանատարները, գոռում են՝ Ժիրի՜կ, տուր ֆիլմը: Հանկարծ վարագույրը երկու մասի բաժանվեց, ու բացվեց էկրանը: Մի ծափահարությու՜ն, մի գոռո՜ց…»:
Ահա այսպես՝ արկածային պատանեկություն, որից հետո ավարտելու էր Երեւանի մանկավարժական ուսումնարանը, գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը եւ 1956-ից աշխատելու հայկական հեռուստատեսությունում, հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայում: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ նոր-նոր էր կայանում հայկական հեռուստատեսությունը, որի հիմնադիրներից մեկն էլ ինքն էր դառնալու: Եթերաշրջանի սկզբում նա անփոխարինելի էր՝ եւ՛ ռեժիսոր, եւ՛ օպերատոր, եւ՛ մոնտաժող: Նրա անմիջական մասնակցությամբ էին եթեր հեռարձակվելու առաջին հաղորդումները՝ ամանորյա հանդեսը 1957-ի հունվարի 2-ին, գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի կյանքին ու գործունեությանը նվիրված հաղորդումը: Հայկական հեռուստատեսության առաջին բազմապլան ներկայացումներից մեկի՝ «Մարդու ճակատագրի» հաջողությունը եւս մեծապես պայմանավորվելու էր Ժիրայր Ավետիսյանի մոտեցումներով:
«Առաջին նամակը» նրա նկարահանած առաջին կինոնկարն է, հայկական հեռուստատեսության առաջին հեռուստաֆիլմը: Իսկ առաջին բեմադրությունը՝ «Դեպք անտառում» մանկական ներկայացումը՝ մասնակցությամբ Խորեն Աբրահամյանի եւ Իշխան Ղարիբյանի: Հայկական առաջին խաղարկային՝ «Դեպի բարձունքներ» ֆիլմը նույնպես նա էր ստեղծելու: Նա էր հեղինակելու նաեւ հայկական հեռուստատեսության անդրանիկ լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը, որում, որպես գլխավոր դերակատար, առաջին անգամ նկարահանվել է խոշոր դերասան Արմեն Ջիգարխանյանը, ինչպես նաեւ Վարդուհի Վարդերեսյանը, այլք: Ընդհանրացնելով ռեժիսորի վաստակը՝ նշենք. բեմադրել է երեսունից ավելի փաստագրական եւ խաղարկային ֆիլմեր, որոնցից լավագույններին բախտ է վիճակված մնալու հայկական կինոյի ոսկե ֆոնդում, ինչպես Մուշեղ Գալշոյանի նույնանուն վիպակի էկրանավորումն է: Իսկ արդյոք հե՞շտ է եղել այդ հունձքը տարբեր նախասիրություններ ունեցած արվեստագետի կյանքում. չէ՞ որ ժամանակին նաեւ երկինքն էր կանչել նրան. «Կինոն հաղթեց երկնքին: Սկսեցի կինո ցուցադրելուց, հասա կինո նկարահանելուն: Ֆիլմ նկարահանելու ժամանակ ես տարվում եմ դրանով մինչեւ վերջ, անջատվում եմ ամեն ինչից՝ տուն-տեղ, հարազատ, երեխա… Որովհետեւ բան չկա, որ գերիշխող լինի: Գերիշխողը կինոն է, ժապավենն է, նկարահանման ընթացքը, դերասանները: Իմ ամեն կինոն այնքա՜ն տառապանք է ինձ պատճառել… Այդ ժամանակ ոչ ոք ինձ խանգարելու իրավունք չունի»:
Այդպես են ստեղծվում իսկական արժեքները՝ մնալով որպես չափանիշ:
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ