Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Խորանաշատ

Հոկտեմբերի 29, 2022
Մշակույթ
Խորանաշատ
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
576
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայոց աշխարհի ցանկացած անկյուն ունի իր առավելությունը, գեղեցկությունը։ Սակայն մեր երկրի գողտրիկ անկյուններն առավել են սրբանում, դառնում ուխտավայր մեր պապերի՝ բազում դարերի ընթացքում թողած սրբավայրերով, ամրոցներով, կամուրջներով, այլ հուշարձաններով։ Այս առումով մի տեսակ առանձնանում է Տավուշ աշխարհը. ամենուրեք անտառապատ լեռներ ու ձորեր, սարալանջեր։ Եվ այս անտառներում ծառերից վեր էլ երեւում են 12-13-րդ դարերում կառուցված վանական համալիրների (Մակարավանք, Նոր Վարագավանք, Սրվեղի վանք եւ այլն) եկեղեցիների գմբեթները։

Վերջերս քաշաթաղցի 4 ընկերներով բախտ ունեցանք այցելելու նույն Տավուշի միջնադարյան մեկ այլ գոհար-վանական համալիր, որը սահմանին է՝ ժայռապատ ու անտառապատ սարալանջին։ Հյուրընկալվել էինք տարածքի Արծվաբերդ գյուղում՝ Ռոբերտի տանը, ով մեզ ուղեկցեց սրբավայր, որի հիմնադրման 800-ամյակը նշվեց այս տարի՝ 2022-ին։ Խորանաշատ գեղեցիկ ու խոսուն անունն է կրում սրբավայրը՝ ճանաչված, սակայն դժվարահաս, ճանաչված, սակայն վտանգված՝ թշնամու թիրախ, խիստ վթարային… Պատմական Մեծ Հայքի Ուտիք աշխարհի Փառիսիս գավառում է։ Այժմ՝ Տավուշի Մարզի Չինարի գյուղից 2.5 կմ հյուսիս-արեւելք՝ Ախնջի գետակի աջակողմյան անտառապատ սարի արեւմտահայաց լանջին՝ փոքր մակերեսով հարթությունում, նախկինում Շամշադինի շրջանում՝ շրջկենտրոն Բերդ քաղաքից մոտ 25 կմ հարավ-արեւելք։ Վանքի հիմնադրման մասին հետաքրքիր հիշողություն է թողել այստեղ ուսում ստացած ու միջնադարում հայտնի մտավորական, հայ պատմիչ եւ եկեղեցական գործիչ Կիրակոս Գանձակեցին (1200-1271 թթ., Գանձակ)։

«Հայոց պատմություն» գրքի «Սուրբ վարդապետ Վանականի վախճանի մասին» (ԾԳ) գլխում ներկայացնելով այս նշանավոր հոգեւորականի մահը՝ գրում է. «Արդ՝ նա որ այս բոլոր բարիքներն ստացած ուներ իր անձի մեջ, ինքն էր ստեղծում եւ ուրիշներին միեւնույնը ուսուցանում, Տիրոջ մոտ փոխադրվեց՝ բնության պարտքը հատուցելով։ Նրա վախճանը հետեւյալ ձեւով եղավ։ Իր իսկ շինած Խորանաշատ կոչված վանքում, որ իր մեջ շատ եկեղեցիներ ունենալու համար այս անունն ընդունեց եւ գտնվում է Երգեվանք բերդի դիմաց Գարդմանի թիկունքի կողմից, նա նշանավոր կառուցումներ արեց. կոփածո քարերից իր իսկ կառուցած մեծ եկեղեցու դռանը գավիթ շինեց, եւ վարդապետական խոսքն էր սովորեցնում նրանց, որ ամեն գավառից հավաքվում էին նրա մոտ…»։ Այնուհետեւ պատմիչը տեղեկացնում է, որ սրբազան այրը մահացել է. «…Արեգ ամսի 10-ին, ըստ նոր ստույգ տոմարի՝ մարտի 18-ին, ըստ հռոմեական տոմարի՝ գարնանամուտից 2 օր առաջ՝ շաբաթ օրը…»։ Պատմիչը հիշատակում է նաեւ. «…Նրան տարան թաղեցին վանքի վերեւը արեւելյան կողմից, ամենափոքր եկեղեցու մոտ, որտեղ աղքատների գերեզմաններն էին գտնվում, քանի որ ինքն այդպես հրամայեց…»։ Սրբազանի թաղմանը մասնակից են եղել շատերը. «Անդր էր եւ եպիսկոպոս գաւառին տէր Սարգիս բազում վարդապետօք եւ երիցամբք։ Չոգաւ եւ կաթողիկոսն Աղուանից տէր Ներսէս, եւ եպիսկոպոսն տէր Յովհաննէս յետ միոյ աւուր յիշատակի նորա. եւ ողբացեալ եւ լացեալ յոյժ ի վերայ գերեզմանի նորա, եւ մխիթարեալ զեղբարսն որ անդ՝ դարձան յիւրաքանչիւր տեղիս։ Եւ կալաւ զառաջնորդութիւն վանիցն եղբօրորդի նորա Պօղոս քահանայ, եւ  զվարդապետական ուսումն՝ Գրիգորիս վարդապետն, նորին աշակերտ եւ ազգական։ Եւ այս եղեւ ի թուին եօթն հարիւր (1251)։ Արդ աղօթիւք նորա տացէ աստուած խաղաղութիւն ամենայն աշխարհի եւ մեզ մասն ի յարութեան նորա եւ ի պսակիլն»։

Այսպիսով տեղեկանում ենք՝ այս հրաշք-վանքը հիմնել է Մխիթար Գոշի աշակերտ Հովհաննես Վանական Վարդապետը, ով ծնվել է 1181 թ., վախճանվել՝ 1251-ին։ Սրբավայրի կառուցումը հովանավորել է Վահրամյանների իշխանատիրույթի կողմնակալ-հրամանատար Վահրամ Բ Գագեցին։ Վանքի հիմնադրման մասին հիշատակված է նաեւ 1224 թ. մի ձեռագիր հիշատակարանում։ Կ. Գանձակեցին իր գրքում 2 անգամ է անդրադարձել Խորանաշատ վանքին՝ դարձյալ ներկայացնելով Վանական Վարդապետին, ով բանադրվել է այդ ժամանակ իրեն երկրորդ Քրիստոս հռչակած ոմն Դավթի։ Խորանաշատը, ըստ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի» (հ. 2, Եր., 1988: ՀՀՀ, հ. 2, Եր., 1995), հայտնի է նաեւ Խորանաշատ վարդապետարան, Խորանշատ, Խորենաշատ, Խորենաշատի վանք Վանականի, Վանական Վարդապետի վանք անուններով։ Վանքի անվան հետ կապված տարբեր աղբյուրներում կան իրարամերժ վարկածներ։ Սակայն, տեսնելով վանքի գլխավոր եկեղեցու ավագ խորանի բազմախորշ կիսաբոլորակ պատը, ինչպես նաեւ հյուսիսային եւ հարավային պատերի մեջ կառուցված խորանները, կարելի է եզրակացնել անվան պատճառը։ Ամեն դեպքում, Կ. Գանձակեցին գրում է. «…իր մեջ շատ եկեղեցիներ ունենալու համար այս անունն ընդունեց…»։ Կ. Գանձակեցին նույնպես եղել է Հովհաննես Վանական Վարդապետի աշակերտը եւ միջնադարի այս նշանավոր հոգեւոր ու մշակութային կենտրոնի մասին ասել է. «…գալիս էին առ նա ուսման աղագաւ ո՛չ միայն վարդապետական բանի, այլ ամենայն կեանք նորա եւ շարժումն անգիր օրէնք էին տեսողացն»։

Այստեղ ուսանել են Վարդան Արեւելցին, Գրիգոր Ակներցին, Ստեփանոս Աղթամարցին, Առաքելը, Արտազ գավառի թեմակալ, դավանաբանական հարցերում մեծ հեղինակություն վայելող Հովսեփ վարդապետը, Խաչենի քաղաքական կյանքում ակնառու գործիչ Մարկոս վարդապետը, ականավոր փիլիսոփա Սոսթենեսը, Հայսմավուրքային ժողովածուների խմբագիր՝ Ներքին Խաչենի արքեպիսկոպոս Իսրայելը, Գրիգոր Աղթամարցին եւ ուրիշներ։ 13-րդ դարակեսից, երբ վախճանվել է Խորանաշատի հիմնադիր վարդապետը, վարդապետարանի փառքը գնալով խամրել է, սակայն Վանական Վարդապետի սաներն արդեն հայոց տարբեր նահանգներում ու գավառներում են սկսել գործել եւ բարձրագույն ուսումնագիտական կենտրոններ բացել։ Ինչպես նշվեց, Խորանաշատը 13-րդ դարում եղել է գրչության նշանավոր կենտրոն։ Մեզ են հասել այնտեղ գրված ձեռագրեր (մեծ մասը՝ 13-րդ դարից)։ Վանական Վարդապետն արժեքավոր գործեր է թողել, որոնցից են «Հարցմունք եւ պատասխանք», «Բարոյախոս» եւ «Մատյան ողբերգության» ձեռագրերը (1283 թ.)։ Դրանցից պահպանվել ու այժմ Երեւանի Մատենադարանում պահվում են մի «Ժողովածու»՝ գրված 1223-ին (գրիչ Ստեփանոս Աղթամարցի, «Նարեկ»-1283 թ.), գրիչ Մարտիրոս, «Ավետարան»-ԺԵ դարում «Ժամգիրք»-1672 թ., «Մաշտոց»-1774 թ., գրիչ Ավետիս, Ավետարան, գրիչ՝ Մելքիսեթ, Խորանաշատի վանք, 1477 թ.։ Այդ ժամանակ Վանքի փառքի անկումը որոշ գիտնականներ կապել են մոնղոլ-թաթարական արշավանքների հետ։ Սակայն Հաղբատ-Սանահնի փոխարեն գիտական կենտրոն դարձած Խորանաշատի մասին գիտական հոդվածում Արտաշես Շահնազարյանը տեղեկացնում է. «1251 թ. մարտի 18-ին «անձամբն չափահասակ, մեծերես եւ փոքրաքիթ, լայնամօրուս եւ փառահեղ» Վանական վարդապետի մահվանից հետո Խորանաշատի վարդապետարանի ուսուցչապետությունը ստանձնեց Գրիգորիս վարդապետը։ Սակայն նրա օրոք այդ հռչակավոր ուսումնական կենտրոնի փառքն սկսեց աստիճանաբար մարել։ Դա պայմանավորված էր ոչ միայն մոնղոլական տիրապետության աստիճանական ծանրացման հետեւանքով վարդապետարանի բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանների վատթարացմամբ։

Ցավոք, նրա նոր ուսուցչապետը զուրկ էր իր նախորդի գիտամանկավարժական ու կազմակերպական կարողություններից եւ, որ ոչ պակաս կարեւոր է, հեղինակությունից»։ Այսպիսով երեւում է՝ չնայած 13-րդ դարում խամրել է Խորանաշատի փառքը՝ որպես գրչության կենտրոն, սակայն այդ գեղեցիկ ավանդույթը պահպանվել է, եւ միջնադարի շատ գրիչներ գործել են հենց Վանական Վարդապետի հիմնած վանքում։ Արտաշես Շահնազարյանը գրում է նաեւ. «Ինչպես հայտնի է, հայկական միջնադարյան բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնագիտական ուղղվածությունն իբրեւ կանոն պայմանավորված էր նրա հիմնադիր ուսուցչապետի գիտական հիմնական նախասիրությամբ։ Այդ առումով Խորանաշատի վարդապետարանը բացառություն չէր։ Այն ուներ պատմագիտական ուղղվածություն, որի հիմքում Վանականի գլխավոր նախասիրությունը՝ պատմությունն էր։ Եվ բնավ պատահական չէ, որ 13-րդ դարի հայ նշանավոր պատմիչներ Կիրակոս Գանձակեցին, Վարդան վարդապետն ու Գրիգոր Ակներցին ուսանել են Խորանաշատի վարդապետարանում՝ կրելով իրենց ուսուցչի պատմագրական հայացքների խոր ազդեցությունը»։

Վանական համալիրում այժմ պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, Ս. Կիրակի մատուռը, Սուրբ Ճգնավոր եկեղեցին, պարսպի մնացորդներ, գերեզմանաքարեր եւ այլն: Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1211-1222 թթ., վարդագույն սրբատաշ քարից: Պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպին։ Արտաքինից ուղղանկյուն (12.7 մ x 11 մ), ներքուստ խաչաձեւ հատակագծով, բեմի երկու կողմերում կրկնահարկ ավանդատներով կառույց է։ եկեղեցու արեւմտյան մուտքի վերնամասի արձանագրությունը հուշում է, որ մուտքը կառուցվել է ոմն Սերոբի հովանավորությամբ՝ 1211 թ.։ 12 խորշերով զարդարված ավագ խորանի երկու կողմերում տեղադրված են երկհարկանի ավանդատներ: Այստեղ պահպանվել են 1216 թ. եւ 1220 թ. արձանագրություններ: Ուղղանկյուն հատակագծով (16.8 մ x 16 մ), արեւելյան կողմում տեղադրված երկու կրկնհարկ ավանդատներով գավիթը կից է գլխավոր եկեղեցու արեւմտյան ճակատին եւ պատկանում է կենտրոնական հորինվածքով 4 սյունանի գավիթների տիպին։ Կառուցումն սկսվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու շինարարության ավարտից ամիջապես հետո։ Այդ մասին գավթի առաջին հարկի ավանդատների բարավորներին պահպանվել են 1222 թ. փորագրված վիմագիր արձանագրություններ, որոնցից հարավարեւելյան ավանդատան բարավորի արձանագրությունը շինարարական է. «ԵՍ ՍԱԻՂՈՄՈՆ ՄԻԱԲԱՆԵՑԱ Ի ՎԱՆՍ ԽՈՐԱՆԱՇԱՏՈ ԵՒ ԵՏՈՒ ԶԾԱԽՍ ՇԻՆՈՒԹԵԱՆ ԽՈՐԱՆԻՍ ԵՒ ՎԱՐԴԱՊԵՏՆ ՀԱՍՏԱՏԵՑ Բ ԺԱՄ Ի ՏԱԻՆԻ ԱՌԱՔԵԼՈՑՆ ՊԱԻՂՈՍԻ ՈՀԱ»։

Գավթի շինարարությունը ընդհատումներով շարունակվում է մինչեւ 1251 թ.։ Գավթի արեւելյան կողմում կան երկու երկհարկանի խորաններ: Արեւմտյան որմը եկեղեցու ավագ խորանի նման խորշազարդ է: Արեւմտյան շքամուտքը հարդարված է կենդանակերպ բարձրաքանդակներով, իսկ հարավային պատին պահպանվել է արեւի ժամացույցը՝ բավական գեղեցիկ քանդակով: Ս. Կիրակի մատուռը Սուրբ Աստվածածին եկեղեցուց 4 մ հարավ է։ Ուղղանկյուն հատակագծով (արտաքինից՝ 4.3 մ x 3 մ), գմբեթավոր կառույց է։ Նրա կառուցման վերաբերյալ տեղեկություններ չեն պահպանվել։ Այն կառուցվել է 13-րդ դարում։ Համաձայն Կիրակոս Գանձակեցու՝ գավիթը կառուցվել է «ի դուռն մեծ եկեղեցւոյն», այսինքն այդ ժամանակ եղել է նաեւ փոքր եկեղեցին։ Խիստ վթարային վիճակում է, սակայն այդ տեսքն էլ շատ ասելիք ունի մեր միջնադարյան ճարտարապետության մասին։ Վանքից արեւելք պահպանվել են Ս. Ճգնավոր մատուռի մնացորդներ, մեծ քանդակազարդ թեւավոր խաչքար, միջնադարյան գերեզմաններ: Հավանական է, որ այստեղ է Հովհաննես Վանական Վարդապետի շիրիմը: Խիստ վթարային վիճակում է նաեւ գլխավոր եկեղեցու գմբեթը, որի վերին մասում ծառեր են աճել եւ վնասել կառույցը։ Եկեղեցու հարավային պատի արտաքին հատվածը նույնպես քանդված է, սակայն ժամանակին ճիշտ հաշվարկներով կառուցված պատն իր վրա է կրում գմբեթն ու այլ ծանրություններ։ Վանքի շինությունների պատերի մեջ ագուցված են կենդանակերպ քանդակներ՝ հիմնականում արձանագրություններով։ Վանքի տարածքում կան շատ շիրմաքարեր՝ խաչքար ու տապանաքար, զարդանախշ բեկորներ։ Գավթի մուտքի դիմաց՝ ձորապռնկին տեսանք մի գեղաքանդակ քար։ Սուրբ Ճգնավոր եկեղեցին պարսպից մոտ 150 մ արեւելյան ուղղությամբ է։ Ներկայումս կիսավեր վիճակում է։ Պահպանված բեկորները ցույց են տալիս, որ եկեղեցին իր հատակագծային (արտաքինից՝ 4.7 մ x 3.4 մ) եւ ծավալատարածական հորինվածքով նման է եղել Սուրբ Կիրակի եկեղեցուն։ Նրա շրջակայքում պահպանվել են մի շարք տապանաքարեր։ Հնարավոր է, որ այնտեղ եղել է գերեզմանոց։ Մի քանի մետր հեռավորության վրա՝ դեպի հարավ-արեւմուտք, ընկած է 3 մ երկարությամբ, խոշորաչափ թեւերով մի խաչքար, որն ամրացված է եղել պատվանդանին։ Այն կանգնեցվել է Վանական Վարդապետի գերեզմանին։

Վանքից քիչ ներքեւ սառնորակ ջրով աղբյուր կա, որի մոտ հանգստանալու համար պայմաններ են ստեղծվել, եւ ուխտավորները կարող են այստեղ նաեւ ժամանակ անցկացնել։ Սակայն տեղանքը դիտարկվում է թշնամու կողմից։ Աղբյուրի մոտ հուշաքար կա, որի վրա գրված է. «Խաչատուչ Հակոբի ՍաղՍյան. 1892-19. Էյ, անցորդ, կանգ առ, հիշիր անվանի համեստ վարպետին»։ Մենք էլ կանգ առանք վարպետի հուշաքարի մոտ, հիշեցինք մեր արարչագործ պապերին, ովքեր ցանկացած խաղաղ պահ օգտագործել եւ կերտել են արվեստի գլուխգործոցներ, ինչպիսին է Խորանաշատը։ Աղբյուրի մոտ նաեւ սեղան ու պահարան կա։ Ուխտավորները խմիչք ու քաղցրավենիք են թողնում։ «Արարատ» կոնյակի կիսատ շիշ կար։ Ըմպեցինք կոնյակը՝ փառք տալով մեր քաջարի զինվորներին, որ պահպանում են մեր սահմանը, որ թշնամու դիրքին մոտ գտնվող Չինարի գյուղն ապրում է, չնայած շատ տների տանիքներին զգացվում էին թշնամու կրակոցների հետքերը։ Փառք տվեցինք միջնադարի մեր հանճարեղ մտավորականներին, որ մեզ գանձեր են ժառանգել։ 

Թեգեր: մշակույթՏավուշի մարզ
Կիսվել2Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հազարամյակների պատմության խորքերից մինչեւ մեր օրերը

Հազարամյակների պատմության խորքերից մինչեւ մեր օրերը

Դաշնամուրային արվեստի տիրուհին

Դաշնամուրային արվեստի տիրուհին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist