Եռօրյա Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որ կոչված էր քննարկելու Հայաստանի եւ սփյուռքի առջեւ ծառացած օրակարգային հարցեր, նախանշելու զարգացման նոր հնարավորություններ ու ռազմավարություններ, առանձնացնելու առաջնահերթություններ, գտնելու փոխշահավետ գործակցության նոր ձեւաչափեր ու եղանակներ, երեկ ավարտեց իր աշխատանքները: Տեղի ունեցավ պանելային 8 քննարկում, 17 համաժամանակյա նիստ՝ քննարկելով մեր երկրի անվտանգությունից մինչեւ աշխարհում հայկական շահերի պաշտպանություն, հայրենադարձությունից մինչեւ կրթություն, առողջապահություն եւ գյուղատնտեսություն, ճգնաժամային համայնքներից մինչեւ սփյուռքի երիտասարդությանն առնչվող հարցեր: Գագաթնաժողովին ներկա էին հինգ տասնյակ երկրներից ժամանած շուրջ 600 մասնակիցներ:
Պատեհ առիթն օգտագործելով՝ զրուցեցինք Ֆրանսիայի Վիեն քաղաքի փոխքաղաքապետ Լեւոն ՍԱՔՈՒՆՑԻ հետ, ով այդ պաշտոնում է 2014-ից: Նախ խնդրեցինք խոսել գագաթնաժողովի մասին:
-Մանավանդ աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների այս փուլում, մեր հայրենիքի առջեւ ծառացած հիմնախնդիրների ու վտանգավոր մարտահրավերների առկայության պայմաններում անչափ կարեւոր էր համահայկական գագաթնաժողովի կազմակերպումը: Սա անհրաժեշտ ձեռնարկում էր՝ հասկանալու համար, թե ինչ վիճակում են սփյուռք-հայրենիք փոխհարաբերությունները, ինչ ներուժ ունի աշխարհասփյուռ հայությունը, ինչպես պետք է ուղղորդել այդ ուժը՝ ի շահ հայրենի ժողովրդի եւ սփյուռքաբնակ միլիոնավոր հայորդիների ապավեն մեր միակ հայրենիքի:
-Մեր երկիրը դիմակայում է աշխարհաքաղաքական տարբեր մարտահրավերների: Ո՞րն եք համարում դրանցից ամենածանրն ու առաջնայինը:
-Իմ համոզմամբ՝ դա մայր հայրենիքի անվտանգության խնդիրն է, որպեսզի ունենանք կայուն սահմաններ, երկրին այլեւս չսպառնա պատերազմական վտանգը, կարգավորվեն հարաբերությունները հարեւան պետությունների հետ:
-Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք եւ դրա կողմնակից, իսկ մեր կողքին պատուհասվածները՝ ճիշտ հակառակը: Դուք հավատո՞ւմ եք, որ վաղ թե ուշ կունենանք խաղաղություն:
-Ես կողմնակից եմ տարբերակելու խաղաղություն եւ բարեկամություն հասկացությունները: Հաճախակի եմ լսում մարդկանցից, ովքեր պնդում են, թե այսքանից հետո ինչպես կարելի է խաղաղ ապրել մեկի հետ, որի դեմ պատերազմ ես մղել… Ես ուզում եմ արձանագրել, որ խաղաղություն ասելով՝ հասկանում ենք ոչ պատերազմին, թեեւ խաղաղությունն էլ վերջնական լինել չի կարող: Եվ քանի որ այդպես է, պիտի կարողանաս հզորացնել քո երկիրը, այնքան հզորացնել, որ թշնամիներդ չհամարձակվեն աչք ունենալ դարերի խորքից եկող հայրենիքիդ վրա: Կամ պիտի ունենալ միջազգային երաշխիքներ, որը չի կարող լինել մի պետության կողմից: Եթե երաշխիքը մեկ պետության կողմից է, ապա դա ոչ թե երաշխիք է, այլ կախվածություն նրանից:
-Խոսենք ֆրանսահայ համայնքի մասին:
-Ֆրանսահայ համայնքն սկսել է հիմնավորվել անցյալ դարի 20-ականների սկզբից եւ մեր բարեկամ երկրում ձեւավորել հայի դրական կերպար: Այն էապես ձեւավորվել է հետեղեռնյան տարիներին եւ այդուհետ տարբեր երկրներից այստեղ հանգրվանած հայերի հաշվին: Այն լիարժեքորեն ինտեգրվել է իր նոր հայրենիքին: Շատ բարձր՝ անգամ կառավարական մակարդակներում հայ համայնքը բնութագրվում է իբրեւ ինտեգրման օրինակ: Եթե այլ համայնքներ ինչ-ինչ խնդիրներ են առաջացնում, ֆրանսիացիները մեզ են մատնացույց անում՝ տեսեք, կա հայ համայնքը, որը հեռու է նման բաներից, նորմալ ինտեգրվել եւ ապրում է, ինչպես Շառլ Ազնավուրն էր ասում, «հարյուր տոկոս ֆրանսիացի, հարյուր տոկոս հայ» սկզբունքով:
-Շատ է խոսվում սփյուռքի համախմբվածության անհրաժեշտության մասին: Ինչպիսի՞ն է Ձեր ընկալումը:
-Սփյուռքի համախմբվածությունը հարաբերական հասկացություն է. արդյոք Հայաստանի ազգաբնակչությունը համախմբվա՞ծ է: Նույնը Ֆրանսիայի կամ որեւէ այլ երկրի առումով. եթե մարդիկ տարբեր կուսակցությունների մեջ են, եթե չունեն նույն տեսակետներն ու մոտեցումները որեւէ հարցի շուրջ, գործում են տարբեր կազմակերպություններում, արդյոք այս իրողությունները կարելի՞ է համարել պառակտվածություն: Բնավ ոչ: Ես այն կարծիքին չեմ, որ պարտադիր է ունենալ մեկ կազմակերպություն, ղեկավար մեկ մարմին, մեկ ներկայացուցիչ, եւ որ բոլորը համախմբված լինեն այդ մեկի շուրջ: Դա կարող է նաեւ լճացում առաջացնել: Մի խոսքով՝ թող լինեն այդպիսի կառույցներ, լինի առողջ մրցակցություն եւ, ամենակարեւորը, չլինի թշնամություն: Սա արդեն աններելի է:
-Ինչպե՞ս եք նայում մեր երկրի վաղվա օրվան:
-Ես էությամբ լավատես մարդ եմ: Հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու՝ մեր երկիրը ոտքի է կանգնելու, սերտանալու են սփյուռք-հայրենիք կապերը, եւ մեր ժողովուրդն ապրելու է ստեղծագործ կյանքով: