Լրացավ բանաստեղծ, հրապարակախոս, Արցախում «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակից Դավիթ Միքայելյանի ծննդյան 70-ամյակը: Այդ առթիվ մեր լավագույն բարեմաղթանքներն ենք հղում հարգարժան հոբելյարին՝ ցանկանալով նրան ստեղծագործական չմարող եռանդ, նոր ոգեշնչումներ, խաղաղ ու անամպ երկինք: Միանալով մեր գործընկերոջ հասցեին այս օրերին հղվող շնորհավորանքի ջերմ խոսքերին ու ողջույններին «ՀՀ»-ն միաժամանակ լիահույս է, որ Դավիթ Միքայելյանի նվիրական ու արգասավոր գործունեությունը հավուր պատշաճի, ըստ արժանվույն կգնահատվի պատկան (հատկապես՝ պետական) մարմինների կողմից:
Ընթերցողներին ենք ներկայացնում բանաստեղծությունների մի շարք հեղինակի՝ տպագրության պատրաստած «Հայացք ձմեռնամուտի» ժողովածուից:
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Բուքը ոռնում է
Կեղեւդ բաց արա, ծառ,
Առ ինձ կեղեւիդ մեջ…
Ռ. Դավոյան
Հողմը խուժեց մեկեն,
Ցրտերը եկան կրկին,
Քուն չի գալիս անգամ նորածնի աչքին,
Մղձավանջից
Զարթնել է ժողովուրդն իմ զարկված.
Խավարի մեջ
Լույս է որոնում կրկին…
Այս էլ քանիերորդ անգամ
Գազանացած ու նենգ
Կրակեցին վերից նրա խոցված վերքին։
Բա՞վ չեղավ դավել,
Կեղեքել, ստել,
Անմեղ արյուն են դարձյալ ուզում հեղել…
Այսքան դաժանություն երբեք չենք տեսել,
Աստված իմ,
Ախր քեզ ի՞նչ է եղել…
Հավատա,
«Տերը» մերկ է էն գլխից,
Եվ զուր ես նրան մեզ մատաղ տալիս…
Տես,
Թշնամին է ոռնում գայլի պես,
Զոհասեղանին
Նոր զոհ տեսնելու տենդով հղփացած,
Ու ժանիքներին յաթաղանից էլ սուր,
Արյան շիթերը դեռ չեն չորացել…
Սթափվիր, աշխարհ,
Ուշքի եկ, Աստված։
Թե զղջաս հետո՝ շատ ուշ կլինի։
Իսկ այսօր ահա,
Նոր գորշ ամպեր են տանիքիս նստել,
Ու բարուրի մեջ
Նորածին մանչն իմ չի ուզում քնել…
Հողմը խուժեց մեկեն,
Ցրտերը սաստկացան,
Հայաստան,
Ա՛ռ ինձ քո տաք կեղեւի մեջ,
Բուքը ոռնում է…
Աշնան վերջին գիշերը
Իրիկնային դժոխքից
Դեռ քաղաքն իմ չէր սթափվել,
Ու մինչ երկինքը
Հուսո աստղեր կմաղեր ծխացող տներին
Եվ մղձավանջի միջից
Կթարթեր աչքերն իր ամպամած,
Կրկին պայթեց արկը վայրագ թշնամու։
Աշնան վերջին գիշերը դողաց,
Ու ցավից
Մերկացան աշնան ծառերը…
Ձմեռ է գալիս,
Սոսկալի ձմեռ,
Գոտեպնդվիր ու տոկա, Արցախ երկիր…
Կարմիր ձիավորը Դիզակը կփրկի…
Ես մեղավոր չեմ,
Որ սիրահարված եմ Դիզակ աշխարհին
Եվ կորստի ցավից
Կորցրել եմ գլուխս,
Հանգիստս, քունս…
Ինչ չար կատակ է ներխուժել տունս:
Ինչպես թե՝
Դիզակը գերեվարված է թշնամու կողմից,
Եվ մեր հինավուրց Արցախի հողում
Թուրքերն են վխտում օրուցերեկով
Վանք ու մատուռներ սրբապղծելով,
Օջախներն հայոց
Հրի մատնելով,
Մոխիր դարձնելով…
Վիշտն այնքան խորն է,
Որ առաջվա պես
Իշխանագետը էլ չի խոխոջում,
Ասես պապանձվել
Զարկված տղերքի կորուստն է ողբում…
………………………………………………..
Արեւսարի կատարին
Ասում են՝ իբրեւ,
Երեկ գիշերը
Կարմիր ձիավոր է երկնքից ցած իջել
Դավթի սուրը՝ ձեռին,
Ում հետեւել են քառսուն հայ քաջեր…
Եվ ուխտ են արել
Չվերադառնալ տուն,
Մինչեւ թշնամին սրախող չարվի,
Ոտնակոխ չարվի
Ու երկրից քշվի…
Փրկության համար
Չկա ուրիշ ելք,
Միանալ է պետք
Քաջ ձիավորին…
12.08.2021 թ.
Վերադարձ
Աչքը՝ ճամփին,
Սպասել է մայրը որդու վերադարձին:
Պատերազմից հետո
Շուրջ մեկ տարի է անցել:
Ասել են,
Թե գերեվարվել է տղան թշնամու կողմից
Եվ իբրեւ պատանդ պահվում է
Բաքվի բանտերից մեկում…
Մայրը
Չի հավատացել բամբասանքներին
Եվ շարունակել է հավատով սպասել…
Երբ օրեր առաջ
Նրա մասունքներն են հայտնաբերել
Փրկարարները,
Ու երկյուղով
Մի օր նրան տուն են բերել,
Մայրը հուսահատ գրկել է տղայի գոցված դագաղը
Եվ արցունքների միջից
Շշնջացել,
– Փառք քեզ, Աստված,
Որդիս վերադարձել է պատերազմից…
05.08.21 թ.
Շուշիի անկումը
Բերդաքաղաքի համար մղվող մարտերը
Լուսադեմին թեժացան:
Թշնամին
Ճեղքել էր մեր պաշտպանությունը
Ու հայտնվել Շուշիի մատույցներում:
Թեեւ անհավասար էին ուժերը,
Ու հակառակորդն արդեն պաշարել էր քաղաքը,
Դրժելով հրամանատարների հորդորը՝
Հայ զինվորը չէր լքում քաղաքը
Ու արյունաքամ շարունակում էր դիմադրել թուրքերին:
Ավելի համառ էր
20-ամյա մի երիտասարդ,
Ով վեճի էր բռնվել հրամանատարի հետ
Եվ սպառնում էր… կրակել:
-Ասում եք՝
Իբրեւ նահանջի հրաման կա՞
Ու պետք է արագ հետ քաշվե՞լ…
Դուք հասկանո՞ւմ եք,
Թե ինչ եք խոսում…
1992-ին
Հայրս է ընկերներով Շուշին ազատագրել
(Նա Բեկորի ջոկատում էր կռվում)
Եվ հաղթանակից րոպեներ առաջ
Անշնչացած ընկել
Բերդաքաղաքի պարիսպների տակ…
Հիմա ասացեք, ես ոնց թողնեմ Շուշին,-
Փոթորկվում է զինվորը
Եվ ինքնաձիգի փողը հրամանատարին ուղղում…
-Չի կարող «կենտրոնից»
Նման հրաման արձակվել,
Հետ քաշվելու պահանջը բացառվում է,
Լսո՞ւմ եք…
Դա որոգայթ է
Թշնամու կողմից մեր դեմ հյուսված,
Ինչպե՞ս կարող ենք
Բերդաքաղաքը թշնամուն հանձնել…
Ու մինչեւ տղան
Իր ընկերներով
Հետ կմղեր ասկյարների հերթական գրոհը,
Անօդաչուի հարվածից
Տապալվում է գետնին,
Աջը՝ դեպի երկինք բռունցքված…
Ասում են,
Թե բզկտված մարմինը
Փրկարարները հայտնաբերել են «Հունոտի ձորում»
Շուշիի ընկնելուց մեկ շաբաթ հետո:
Իսկ ծոցագրպանում նրա կիսավեր
Սիրած աղջկա լուսանկարի հետ
Հայրենիքի զինվորը
Սիրտ կեղեքող երկտող էր թողել.
«Մինչեւ քաղաքը չազատագրենք,
Ես տուն դարձողը չեմ»…
15.11.2020 թ.
Պատերազմ
Այգիներդ
Շիկնել էին աշնան բուրմունքից,
Ուր այգեպաններդ պատրաստվում էին
Անուշահամ բերքն ամբարել,
Երբ երկնում
Ժայթքեցին թշնամու հրթիռները,
Եվ առավոտդ
Արյունոտվեց
Խաղողաքաղին շտապող
Աղջիկների խոցված ժպիտներից…
Սերմնացանը չհասցրեց
Ակոսված հողին
Պահ տալ հունդերը,
Ու թշնամու արձակած գնդակից
Անշնչացավ նրա մարմինը՝
Չհասցնելով արտաբերել խոսքն իր օրհնանքի՝
«Մեկը՝ հազար դառնա»…
Անավարտ մնաց
Եվ նորապսակ զույգերի համար
Կառուցվող տունը,
Ուր լույս աշխարհ պիտի գար առաջնեկ որդին,
Ով խինդով կլցներ օջախը հայի…
Վտանգված է վերստին
Արցախ աշխարհի խաղաղ անդորրը,
Եվ զորակոչ է երկրում հայտարարված:
Թշնամին դարձյալ
Պատերազմ է սանձազերծել,
Ու տղերքն անհերթ
Ռազմաճակատ են մեկնում…
27. 02. 2020 թ.
* * *
Հողս բզկտված է,
Հայրենիքս՝ արնածոր,
Ինձնից ուժով խլել,
Հոշոտել են փորձում
Արցախատունս:
Սավառնող արծիվներն այս ո՞ւր մնացին…
Գիշանգղների պես
Բայրաքթարներն են
Երկնում վնգստում,
Իսկ պահապան արծիվները
Ուշանում են…
06.11.2020 թ.
* * *
Հողս արյունոտվել է
Պատերազմում զարկված տղաների
Սառն համբույրից…
Հողս արցունքոտվել է
Որդեկորույս մայրերի
Սրտակեղեք լացից…
Հողս ծխում է
Հրդեհված արտերի
Մոխրացող ստվերներից…
Հողս ոռնում է
Վիրավոր մասրենու
Ճչացող ցավից…
Հողս մխում է
Հայասպան թշնամու
Լիրբ հռհռոցից…
Ինչպե՞ս ամոքեմ երկրիս վերքերը,
Որ վերընձյուղվի,
Վեր հառնի մոխիրներից…
12.01.2022 թ.
Աշխարհը կույր է…
Ցավից
Ցնցվել է ըմբոստ երկիրն իմ,
Խառնվել են իրար կրակ ու կայծակ,
Մոլորվել են երկնում
Աղավնիները ճերմակ,
Կտուցներին
Մահաբեր ռումբեր են կախվել…
Դաժան կռիվ է Արցախի հողում,
Թիրախում թշնամու
Մայրաքաղաքն է իմ նորից հայտնվել:
Հրդեհ է ամենուր,
Հրթիռների ոռնոց,
Ամենուր մահվան տեսիլներ են շրջում…
Սեւազգեստ մայրն է
Մինուճար որդու կորուստը ողբում,
Զարկված ծերուկն է
Մահճում խուլ տնքում,
Բարուրի մեջ
Նորածին մանչուկն է նեղվում…
Արցախիս ճիչը
Հասել է անգամ ծով տիեզերքին,
Սակայն անօգուտ:
Աշխարհը կույր է,
Աշխարհը խուլ է,
Ոչինչ լի լսում…
12.10.2020 թ.
«Սեւ աշուն»
Մանկության տարիներից
Ուղեղներիս մեջ,
Մեր պատկերացումներում
Աշնանային խտացումները՝
Գույների եւ բույրերի համադրմամբ,
Մեկ անուն էին հիշեցնում՝
«Ոսկե աշուն»…
2020-ին, սակայն,
Ամեն ինչ վերափոխվեց:
Կոխկրտվեցին բարության բոլոր սահմանները,
Ու չափազանց «քմահաճ» գտնվելու համար
Այն «սեւ աշուն»
Տխրահռչակ անունը ստացավ
Արցախում:
Հայի ճակատագի՞ր է…
Ու այսօր
Տղերքին՝ նշանվելու առիթով
Օրհնելու փոխարեն,
Գլխիկոր, թաց աչքերով
Եռաբլուր ենք շտապում՝
Նրանց կարոտն առնելու
Եվ հիշատակը խնկարկելու համար…
Ծանր է, անչափ ծանր հայի ճակատագիրը,
Անասելի դաժան:
05.10.2021 թ.
Խոստովանություն
Ես երկյուղում եմ,
Երբ մտերիմ մարդիկ
Հիշատակում են ծննդյանս տարեդարձի մասին
Եվ շնորհավորում
Վայ,- ասում եմ,- ամոթ է,
Մի հիշեցրեք ինձ
Նոյեմբերի 7-ի աղետալի օրը,
Որ ողբերգական էր Արցախիս համար,
Ճակատագրական…
Տղերքը
Չնայած կռվում էին հերոսաբար,
Եվ քաջի մահով
Շատերը ընկան
Բեդաքաղաքի պարիսպների տակ,
Հրադադարից րոպեներ առաջ…
Սակայն
Սկուտեղի վրա այն հանձնվեց թշնամուն,
Անարգվեցին
Նահատակված տղաների հիշատակը,
Սրբությունները բոլոր…
Այսօր էլ
Շարունակվում է մղձավանջը դաժան,
Ու հավատալ չի լինում,
Սթափվել չի լինում,
Մեղավորի պես գլուխս կախել
Վախենում եմ
Նախկին հպարտությամբ
Փողոցով քայլել,
Մարդկանց աչքերին աներկյուղ նայել…
Հանցանքի տերը
Ասես ես լինեմ,
Շշկռվել եմ ու
Հանդիմանում եմ հաճախ ինքս ինձ…
Չգիտեմ ինչպես «մեղքերս» քավեմ
Եվ հպարտ քայլեմ…
Բարեկամներս,
Ծննդյան առիթով
Մի շնորհավորեք ինձ,
Ձեզ շատ եմ խնդրում,
Ավելի լավ է
Հանդիպման պահին
Բարեւ տաք, անցնեք…
07.11.2021 թ.