«Կան բաներ, որ մարդու մեջ արթնանում են իրենք իրենց, գլխավոր անելիքները մենք ոչ մեկից չենք սովորում: Ես եկել եմ այն եզրահանգման, որ երաժշտությունը ծնվել ու համառորեն ապրում է իմ մեջ: Գալիս է մի տարիք, երբ մարդու մոտ հարց է առաջանում՝ դեպի ո՞ւր գնալ, ի՞նչ մասնագիտություն ընտրել: Իմ մեջ, երաժշտությունից բացի, որեւէ այլ մասնագիտություն ընտրելու ցանկություն չկար, չնայած նրան, որ հայրս պարբերաբար հարցնում էր՝ դպրոցն ավարտելուց հետո որտե՞ղ եմ ընդունվելու, ես էլ վախից պատասխանում էի՝ բժշկական ինստիտուտ: Ի դեպ, դպրոցն ավարտելուց հետո որոշեցի բժշկական ուսումնարանում սովորել, բայց չընդունվեցի. պարզվեց՝ քննության հարցաշարում կային հարցեր, որոնց չէի պատրաստվել…»:
Ռոբերտ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
Եվ ինչպե՞ս պիտի պատրաստվեր ու բժիշկ դառնար ապագա մաեստրոն, երբ, տակավին երեխա, հոր ծնկներին նստած, նրա երգած երգերն էր լսելու, որոնք ներթափանցելու ու մնալու էին իր մանուկ հոգու վճիտ ավազանում: Հետո, շատ հետո հիշելու էր Հիպոկրատի երդվյալ կամ ինչ-որ լուրջ գործով զբաղվելու հայրական հորդորները եւ բարձրաձայն մտորելու. «Ես չհասցրի նրան ասել՝ հայր իմ, չէ՞ որ դու քո երգերով արդեն ինձ ուղղորդել ու տարել էիր դեպի երաժշտության աշխարհը…»:
Եվ դպրոցավարտ պատանին գնում է իր երազի հետեւից. դիմում եւ ընդունվում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, յուրացնում է դաշնամուր նվագելու արվեստը, խենթորեն սիրահարվում ջազին: «Ես մի ժամանակ տարվել էի ջազով: Մայրս ասում էր՝ կան մարդիկ, որոնց ղուշբազ են ասում, դու էլ ջազբազ ես, տղաս…»,- վերհիշում է մաեստրոն: Ու թեեւ այդպես, պատանի Ռոբերտը փափագում էր դիրիժոր դառնալու մասին, սակայն ճակատագիրն ի վերուստ այլ ոլորտ էր նախանշել՝ ուսումնառությունը շարունակում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում՝ Էդվարդ Միրզոյանի դասարանում: Անցնելու էին ժամանակներ, եւ հանրահայտ էր դառնալու Ռոբերտ Ամիրխանյան կոմպոզիտորի անունը: Նրա գրած երգերից շատերն արժանանալու էին մրցանակների՝ Առաջին մրցանակ «Կոմիտասին» երգի համար՝ Բեյրութում, «Լավագույն երգ» մրցանակ «Ո՞ւր եք, տղաներ» երգի համար՝ Բեռլինում, «Տարվա լավագույն երգ»՝ «Քո աչքերի հետ» երգի համար՝ Մոսկվայում: Հաղթանակներ հաղթանակների հետեւից Բելգրադում, Սոչիում, այլուր: Բայց միայն դրանցով չէ, որ արժեւորվում է երաժշտի վաստակը. հաճախ ծնվում են շռնդալից ծափողջույններով ընդունվող երգեր, որոնց, սակայն, վիճակվում է թիթեռնիկի կյանք, եւ հաջորդ օրը ժամանակի փոշին մոռացության է մատնում եւ երգահանին, եւ այն ներկայացնողին: Մանավանդ վերջին տասնամյակներում նման «դժբախտ» երգերի, դրանք կատարող «աստղերի» ու «աստղիկների» պակաս, ցավոք, չունեցանք: Մինչդեռ ամիրխանյանական հոգեպարար տասնյակ երգեր եկան ու լցվեցին մեր հոգիները եւ փոխանցվեցին սերնդից սերունդ: Համերգների ժամանակ տասնյակ ու տասնյակ ունկնդիրներ, կկոցած աչքերով, վայելում են երգը եւ կիսաձայն, գրեթե անլսելի հնչերանգով ձայնակցում երգիչներին: Այդպիսին է հոգեհարազատ դարձած երգի հմայքն ու ներուժը: Հենց այդպիսին է Ռոբերտ Ամիրխանյան արվեստագետի ստեղծագործության հմայքը: Հիշատակենք նրա երբեւէ չծերացող-«չգունաթափվող» երգերից մի քանիսը միայն՝ «Երազ իմ երկիր երկիր հայրենի», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Ո՞ւր եք, տղաներ», «Թողած Կարսում», «Կարոտ», «Այնպես ուզում եմ», «Անձկություն»: Երգաշարերը՝ «Քաղքենին՝ ազնվական», «Քարը», «Առաջին խոսքն իմ», «Հուշ»: Այլ ոճի ստեղծագործություններ՝ «Կանտատ սիրո» սիմֆոնիկ նվագախմբի համար, մանկական սքանչելի երգեր ու մյուզիքլներ՝ «Ատամնաբույժն արեւելյան», «Դինգ-դոնգ», «Շախ եւ մատ»: Խմբերգեր՝ «Հայր մեր», «Սեգ աշխարհ հայոց», «Ավետյաց երկիր»… Չմոռանանք «Երեւանյան ռապսոդիան», որն արժեւորվել է եզակիներին հասանելի Պետական մրցանակով:
Ազգային երգարվեստում մեծակշիռ է սիրված կոմպոզիտորի ստեղծագործական հունձքը՝ շուրջ 300 երգ, երաժշտություն 16 խաղարկային, 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար: Հայ կինոարվեստի լավագույն նմուշներից հիշատակենք «Հեղնար աղբյուր», «Հայրիկ», «Հնձան», մուլտֆիլմերից՝ «Պույ-պույ մուկիկ», «Խոսող ձուկը», մշտապես սիրված այլ ժապավեններ:
Իսկ ինչպե՞ս է ծնվում երգը… «Երգը գալիս է գաղտնի,- ասում է մաեստրոն,- գալիս է՝ իր մութ աշխարհից լույսը բերելով»: Նրա երգերում ապրող ու ապրեցնող հենց այդ լույսը կա, որ թափանցում է գեղեցկի ծարավ մեր հոգիներն ու «բնավորվում» այնտեղ: Եվ դրանից է, որ հարյուր անգամ լսածդ նրա երգը նորից է լսվում, որ չերգվող երգեր գրեթե չկան նրա երգացանկում: Նրանից է, որ ազնիվ է նրա երգը ու մերված մեր արյան կանչին…
Բարձր է գնահատվել կոմպոզիտորի արվեստը՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան, Ռուսաստանի «Դաշնության Աստղ» շքանշան, ինչպես արդեն նշեցինք՝ ՀՀ Պետական մրցանակ, ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:
Իր երգերի հանգույն երկարակեցություն մաղթենք մաեստրոյին՝ ակնկալելով գեղեցիկ ու մնայուն, իրենց հետ լույս ու հիացում բերող նորանոր արարումներ: