Նրա հայրը քաղաքական գործիչ էր, մայրը՝ դասախոս, բայց դա պատճառ չէր, որ ընտանիքը չճանաչվեր որպես արվեստասեր: Սարգսյանների օջախը հաճախակի էր հյուրընկալելու ամենատարբեր բնագավառներում հայտնի դարձած արվեստագետների, սիրված ու հեղինակավոր մարդկանց: Բավական է նշել երկու մեծերի՝ Արամ Խաչատրյանին եւ Վազգեն Ա Վեհափառին, երեւելի այլ դեմքերի, որ այցելել են նրանց: Ասել է թե` ապագա լուսանկարիչը, որին որոշակի առաքելություն էր վերապահված՝ հետագայում հիմնել եւ տնօրինել «խենթ ծերուկի»՝ հանճարեղ Փարաջանովի տուն-թանգարանը, մեծացել է գեղեցիկ միջավայրում, շփվել առինքնող դեմքերի հետ: Գուցեեւ հենց այդ օրերին էր արթնացել սերն առ լուսանկարչությունը, որպեսզի կարողանար որսալ պահերն ու հավերժին հանձներ աշխարհահռչակ մարդկանց դիմանկարները, հայրենի բնության հմայիչ տեսարանները, հայոց հնօրյա մշակութային կոթողներն ու հուշարձանները, մամռակալած խաչքարերն ու կիսավեր կամուրջները, Վանա ծովն ու Աղթամարի Սուրբ Խաչ անձեռակերտ եկեղեցին, Անիի Մայր տաճարը, բվերի ապաստան դարձած բերդապարիպներն ու խոնարհված տաճարները: Բայց, մինչ այդ, Զավեն Սարգսյանը խենթորեն սիրահարվելու էր երաժշտությանը՝ ջազն ու դասական երաժշտությունը նրան տանելու էին իրենց աշխարհը: Եվ արդեն պոլիտեխնիկական ինստիտուտում ուսանելիս ստեղծելու էր բուհական «Երազողներ» անսամբլը՝ ասես ինքն իր համար կանխանշելով իր՝ երիտասարդ երաժշտի անցնելիք ուղին:
Իսկ լուսանկաչությամբ զբաղվել սկսել էր տակավին դպրոցական տարիքից՝ նկարում էր աչք շոյող ամեն ինչ, դպրոցական ամեն մի միջոցառում: Ասում էին՝ Զավենը ֆոտոապարատը հետն է լուսաշխարհ եկել: Իհարկե, դա լինելիք բան չէր, բայց որ մի ամբողջ կյանք այդ սարքն անբաժան էր լինելու ապագա լուսանկարչից՝ իրողություն է:
Ինստիտուտն ավարտելուց հետո Զավեն Սարգսյանն աշխատում է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ավագ տեխնիկ, ապա Աբովյանի «Սիրիուս» գործարանում՝ ինժեներ: 1974-1986 թթ.՝ հանրապետության նախարարների խորհրդի գործերի կառավարչության արտաքին կապերի բաժնի ավագ ռեֆերենտ: Պատմում են, որ այստեղ աշխատելու տարիներին, երբ հաճախ ուշանում էր գործից, եւ այդ մասին տեղեկացնում էին վերադասին՝ պետական հայտնի ու սիրված գործիչ Ալեքսան Կիրակոսյանին, նա ժպիտը դեմքին պատասխանում էր. «Զավենը չի ուշանում, նա լուսանկարում է մեր սիրելի հայրենիքը…»:
Այդուհետ՝ 1986-ին, ռեֆերենտ Սարգսյանը նշանակվում է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրեն: Եվ արվեստի այդ միջավայրն էլ, թերեւս, նպաստավոր պայմաններ է ստեղծում ծանոթանալու, ապա նաեւ մտերմանալու աշխարհահռչակ կինոռեժիսորի՝ Սերգեյ Փարաջանովի հետ, հետագայում դառնալու նրա անձնական լուսանկարիչն ու կենսագիրը: Լուսանկարչի հրավերով է, որ Փարաջանովն առաջին անգամ գալիս է Հայաստան եւ ժողստեղծագործության թանգարանում բացում իր ցուցահանդեսը: Իսկ 1991 թ. Զավեն Սարգսյանի անմիջական ջանքերով հիմնադրվում է մեծանուն կինոռեժիսորի թանգարանը, որը ղեկավարելու էր մինչեւ իր երկրային օրերի վախճանը:
Լուսանկարչական ավելի քան 30-ամյա գործունեության ընթացքում Զավեն Սարգսյանը վավերագրել է հազարավոր անձանց ու բնապատկերներ: Սակայն նա նախեւառաջ հայտնի է որպես պատմական, մշակութային եւ ճարտարապետական կոթողների սքանչելի լուսանկարների հեղինակ, այդ թվում՝ նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների: Նա երազում էր կազմել «Նռան գույնը» ֆիլմից խուզված-դուրս մնացած բոլոր կադրերի ալբոմը: Մեծ էր ցանկությունը, որ Երեւանն ունենա ֆոտոթանգարան, որտեղ կամփոփվեր մեր երկրի պատմությունը՝ լուսանկարների տեսքով: Չեղավ, այդպես էլ չտեսավ: Բայց ինքն արեց հնարավոր ամեն ինչ՝փարաջանովյան արվեստի աշխարհն ամբողջացնելու համար իր տնօրինած թանգարանում, այն մեծ արվեստագետի, որի մեկ խոսքն հաճախ էր վերհիշում. «Ես մի խենթ ծերունի եմ, ով ծաղիկներ է նկարում…»:
Ճանապարհորդության սիրահար լուսանկարիչը ոչ թե անմահացնում էր պահը, այլ կյանք էր տալիս գեղեցիկ այդ պահին: Նա եղել էր Ամերիկայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, եզակի պատկերներով ու դիմանկարներով հարստացրել լուսանկարների իր հավաքածուն, ցուցահանդեսներ ունեցել վերոնշյալ երկրներում, Չինաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Սերբիայում, մայր հայրենիքում, այլուր: Կյանքի վերջին շրջանում սիրում էր կրկնել «Աստված շատ չհամարի» արտահայտությունը: Այսինքն՝ արած-դրած գործից ինքը գոհ էր, թեեւ շատ երազանքներ այդպես էլ մարմին չառան…