Բանաստեղծ, մշակութաբան, հրապարակագիր Գրիգոր Ծատուրյանը մոտ երեք տասնամյակ աշխատել է հանրապետական լուսաշխի (նախկինում՝ ուսուցչի) տան տնօրենի տեղակալ: Բովանդակալից ու հագեցած կյանքով է ապրել իր ժամանակի կրթամշակութային կյանքում կարեւոր դեր խաղացած այս ճանաչված, համբավավոր օջախը, որի հարկի ներքո բազմաթիվ հետաքրքիր ու հիշարժան դեպքեր են տեղի ունեցել:
Այդպիսի մի դեպքի, արժանահիշատակ իրադարձության մասին է մշակույթի վաստակաշատ գործչի՝ Գրիգոր Ծատուրյանի հուշ-պատմությունը, որը «ՀՀ» օրաթերթը մեծ սիրով ներկայացնում է իր ընթերցողների ուշադրությանը:
«Վիլյամ Սարոյանի այցը Հայաստան իրադարձություն էր մեզ համար, այն էլ՝ ինչպիսի՜ իրադարձություն: Ընդհանրապես, նրա յուրաքանչյուր այցելություն տոն էր հայ ժողովրդի համար, եւ նրա չորս այցելությունների (1935, 1960, 1976 եւ 1978 թթ.) մասին հիշում են մինչեւ այսօր, ժամանակին դրանց վերաբերյալ առանձին գրքեր են տպագրվել, հրապարակումներ եղել: Այո՛, բախտավորություն էր յուրաքանչյուրի համար թեկուզ հեռվից հեռու տեսնել մեծ հային, էլ չեմ ասում նրա հետ անմիջական շփման ու մոտիկից հաղորդակցվելու մասին:
Այդպիսի բախտ վիճակվեց մեզ մի օր, երբ մնջախաղի թատրոնը, որ մեր՝ լուսաշխի տանն էր բեմադրում իր ներկայացումները, հերթական այցելության ժամանակ մեծանուն հայորդուն հրավիրել էր դիտելու իր «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» եւ «Սովյալները» ստեղծագործությունների բեմականացումները: Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպիսի պատիվ էր թե՛ թատրոնի եւ թե՛ մեզ՝ լուսաշխի տան աշխատակիցներիս համար: Չէ՞ որ Վիլյամ Սարոյանն իր երազանքներով ու խոհերով, իր ողջ էությամբ կապված էր մայր հայրենիքին՝ Հայաստանին, հայ ժողովրդին…
Պայմանավորված ժամին եկավ մեծարգո հյուրը, եւ մենք նրան հրավիրեցինք դահլիճ: Դիտեց ներկայացումները, իսկ ավարտից հետո ներկաների հետ միասին հոտնկայս ծափահարեց դերասաններին: Բոլորի հայացքները, կամա թե ակամա, նրա կողմ էին թեքված, եւ դահլիճն, ասես, ինչ-որ բան՝ խոսք, վերաբերմունք կամ չգիտես ինչ էր նրանից սպասում, ակնկալում: Սարոյանը կարծես զգաց դա (ինչպե՜ս կարող էր նման անհատը չզգալ) եւ մեկեն համեստորեն խոստովանեց, որ ինքը բառերով չի կարողացել այնքան բան ասել, որքան ասացին դերասաններն իրենց խաղով, մնջախաղի միջոցով: Իսկ խոսքի վերջում (մեջս լավ տպավորվել են նրա այդ բառերը) ասաց. «Աղվոր էր, շա՜տ աղվոր…: Հատկապես՝ «Անոթիները» («Սովյալների» սարոյանական «թարգմանությունը».- Գ. Ծ.)»:
Պարզ է, որ առանց հյուրասիրության մենք մեր մեծ հայրենակցին բաց թողնողը չէինք: Առանձնակի բավականությամբ, կում-կում կոնյակ վայելեց, իսկ երբ հերթը թեյին հասավ, չկարողացավ զարմանքը զսպել՝ աս ինչ աղվոր է, ասիգա ինչի՞ թեյ է, ի՞նչ խոտ է… Ասացինք, որ ուրց է, մեր՝ հայկական ուրց: Այդ «բացահայտումից» մի ուրիշ տեսակ հպարտություն ճառագեց նրա դեմքին: Ես առանձնասենյակումս մնացած ուրցը թղթով փաթաթած, երկյուղածորեն հանձնեցի նրան: Մի ուրիշ տեսակ (սարոյանակա՜ն) հոտ քաշեց ու դրեց իր հայտնի սպիտակ անձրեւանոցի գրպանը…
Դրանից ոգեւորված, բարեպատեհ առիթն օգտագործելով, համարձակություն ունեցա նրա մակագրությունը խնդրել մոտս եղած իր «Խաղողի այգին» գրքի («Հայաստան» հրատարակչություն, Երեւան, 1971 թ., անգլերենից թարգմանությունը՝ Խաչիկ Դաշտենցի) համար: Լավ զգաց իրեն, կարելի է ասել, դրանից, հարցրեց անունս եւ պատասխանը լսելով՝ անկեղծ ուրախացավ՝ լավ անուն է, ապրիս… Ապա գրպանից հանեց գունավոր գրիչը եւ մակագրեց մեկնածս գիրքը, ինչը սրբությամբ եմ պահում-փայփայում:
Վերջում, բաժանվելուց առաջ, իհարկե, բոլորս միասին լուսանկարվեցինք, սակայն, ցավոք, ոչ մի լուսանկար այդ օրվա հանդիպումից չի մնացել, ավելի շուտ՝ չի պահպանվել ինձ մոտ, ինչի համար շատ եմ ափսոսում: Շատ, շատ եմ ափսոսում նաեւ, որ նրա բաժակն ու կոնյակի շիշը, որ սրբությամբ պահել էի սենյակումս, լուսաշխի տան լուծարումից հետո չգիտես ինչպես, ուր անհետացան…
Շատ բաներ այդ օրվա հանդիպումից մանրամասնորեն, իհարկե, չեմ հիշում, բայց մտապատկերումս պահպանված այդ քիչն էլ հոգուս խորքում է մնացել՝ սարոյանական վեհ ու ազնվացնող կերպարի հավերժական ուղեկցությամբ…»: