Այդ իմ Լոռին է` Դեբեդի կանչով,
Լալվարը գլխին որպես կանաչ թագ,
Մոր ձեռքի նման իր գիրկը կանչող,
Հարազատ աշխարհ, մտերմիկ ու թանկ:
Սուրեն Մուրադյան
1930 թ. նոյեմբերի 26-ին ակներցի կոլտնտեսականներ Ստեփան եւ Վարսենիկ Մուրադյանների ընտանիքում աչքալուսանք է եղել: Աշխարհին մանկական ճիչի տեսքով բարի լույս է ասել մեկը, որ տարիներ հետո` 1974 թ. մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի «Սեզամ, բացվիր» գիրքը պիտի ստանար «Սիրելի Սուրեն Մուրադյանին` 1-70 տարեկան ընթերցողների տաղանդավոր բանաստեղծին» մակագրությամբ ու ինքը շարունակեր բացել դեպի անմահություն տանող իր ստեղծագործական աշխարհի յուրատիպ գաղտնիքները:
Սուրեն Մուրադյանը միջնակարգ կրթությունը ստացել է Ալավերդիում` Ս. Սպանդարյանի անվան դպրոցում: 1952 թ. ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, իսկ 1957-ին` Մոսկվայի ժուռնալիստիկայի բարձրագույն դասընթացները: Նրա մանկական անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1953 թ.` «Առաջին երգ» վերնագրով: Գրողը տարբեր տարիների աշխատել է «Պիոներ կանչ», «Ավանգարդ» թերթերի, «Ոզնի» երգիծական հանդեսի, «Խորհրդային Հայաստան» ամսագրի, ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրություններում, «Արեւիկ» հրատարակչությունում: Տասը տարի նաեւ դասախոսել է «Հայբուսակ» համալսարանի հոմանիտար ֆակուլտետում: Մանկական, քնարական, երգիծական ժանրի 100-ից ավելի գրքերի հեղինակը տպագրվել է աշխարհի 17 լեզուներով, այդ թվում` ռուսերեն, ուկրաիներեն, արաբերեն, պարսկերեն, վրացերեն…
…Թերթում ես նրա ստեղծագործության էջերը եւ կրկին ու կրկին համոզվում, որ գրական խոշոր դեմքերի հետ համեմատելու փոխարեն պետք է կարողանալ նկատել, որ նա հետաքրքիր է իր ոճային, հոգեբանական-վերլուծական, զգայական եւ բանաստեղծական ինքնատիպությամբ:
Ահա «Մանկական երգարանը»` Սուրեն Մուրադյանի խոսքերով գրված 70 երգերով: Եվ դա չէ միայն, որ երգում են մանուկները: Նրա տեքստերով տարբեր սերունդների կոմպոզիտորներ ձոնել են 250-ից ավելի երգեր, որոնցից էլ մրցանակներ են շահել Սայաթ-Նովայի անվան համազգային երգի փառատոնում, երգչախմբային ընկերության, մշակույթի նախարարության եւ «Արեւիկ» համույթի հայտարարած մրցույթներում: Դրա հետ նաեւ Սուրեն Մուրադյանի պոեզիան է զուլալ եւ վարար աղբյուրի նման հորդում դեպի մանկական շուրթեր եւ մեծահասակների սրտեր…
Ջրաղացպան պապից եւ ջրաղաց եկողներից լսածն է, որ նրա հեքիաթների տեսքով գալիս է ազդարարելու կյանքի շարունակականությունը: Նրա հեքիաթները բանաստեղծական են, հեքիաթի լավատեսությամբ, բանաստեղծական խոհեմությամբ ու ռիթմով, նրա բանաստեղծությունները հեքիաթի նման բարի են, ուսուցանող…
Իսկապես, արեւազօծ ծաղկանոց է Սուրեն Մուրադյանի պոեզիան, եւ հենց այդպես է արժեւորել նրա «Արեւազօծ ծաղկանոց» գիրքը «Ազգ» թերթի 23. 12. 2009 թ. գրախոսականում Մելանյա Բադալյանը. «…Ամանորի շեմին` գեղեցիկ ընծա. բանաստեղծը իր հոգու կապույտ մանուշակներն ու «հոգեթով շուշաններն» է բաժանում մանկությանը, ինչու չէ` նաեւ մեզ` մանկության ժպիտին վերադարձի ակնկալիքով.
Եթե քնքշորեն
Ես սիրել գիտեմ,
Գիտեմ երազել,
Այրվել, կարոտել,
Ձեզ եմ պարտական,
Կակաչներ սարի,
Շուշաններ ճերմակ
Ու սիրի-սիրի»:
Հավատարիմ իր պատգամին` նա հրաշալի ընտանիք ուներ: Ափսոս, որ գրողի 80-ամյակի շեմին բնությունն այնքան էլ բարեհաճ չգտնվեց եւ իր շռայլորեն տված շնորհներից կտրեց ու տարավ իր կյանքի կեսին, Երեւանի Ստեփան Զորյանի անվան համար 56 դպրոցի 40 տարիներ մանուկների հոգիներում լույս ու բարություն սփռած, մարդկային ամենաբարձր առաքելությամբ օժտված ուսուցչուհուն` Մարո Իսահակյանին: Նա ամեն ամառ նաեւ սպասված հյուր էր իր սիրած Ակներում ու սիրով էր շարունակում իր ամառային դասերը` առանց զանգի, առանց դասամիջոցի: Գրողի ապավենը այսօր երկու հրաշալի դուստրերն են` ճանաչված ռեժիսոր Սյուզաննան եւ Երեւանի մանկավարժական համալսարանի սիրված դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինեն, ինչպես նաեւ մտավորական ստեղծագործողի ընտանեկան ավանդույթների ճանապարհով քայլող չորս թոռները, պապի ստեղծագործությունների առաջին ունկնդիրը` շնորհալի ծոռնուհին:
…Սուրեն Մուրադյանի մանկական գրքերն արժանացել են ՀՀ գրողների միության Ստեփան Զորյանի, Վախթանգ Անանյանի անվան մրցանակների: Նա պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով, գրողների միության «Գրական վաստակի համար», «Եղիշե Չարենց», մանկավարժական համալսարանի «Խաչատուր Աբովյանի անվան ոսկեզօծ» մեդալներով: Նաեւ արժանացել է «Լոռվա ձոր» հայրենակցական միավորման «Հովհաննես Թումանյանի պատվավոր հետնորդ» կոչման: «Թումանյանի հետնորդ» գնահատականը նրա հասցեին հնչել է դեռեւս շատ առաջ երջանկահիշատակ Ալբերտ Փարսադանյանի «Սուրեն Մուրադյան» աքրոստիկոսում եւ այն եզրափակող «Եվ նա իրավամբ կոչվում է այսօր մեր ժամանակի ընտրյալ մանկագիրը» գնահատականով:
Իսկ գնահատանք ու պարգեւ չէ՞, արդյոք, որ նրա ստեղծագործությունները տեղ են գտել Մոսկվայի «Աստրել» հրատարակչության տասը անուն շքեղազարդ կազմերով եւ նկարազարդումներով գրքերում` Ա. Պուշկինի, Ն. Նեկրասովի, Ա. Բլոկի, Ս. Եսենինի, Ս. Միխայլովսկու եւ այլ մեծերի ստեղծագործությունների կողքին: Դրանցից բացի, նույն հրատարակչությունը լույս է ընծայել Սուրեն Մուրադյանի չափածո հեքիաթները` «Նապաստակի մուշտակը» վերնագրով: Այս բոլոր գրքերը լույս են տեսել մեր օրերի համար եզակի` տասը հազարական տպաքանակով:
…Այս տարիքում ամեն մի բանաստեղծություն գրելիս ունենում եմ նույն զգացումը.
Ինչ երգ գրեմ այս տարիքում,
Գուցե վերջին երգս լինի,
Դադարի կյանքս փոթորկուն
Ու գրիչս դավաճանի:
Այս տողերն ընդգծված էին Սուրեն Մուրադյանի «Բաց նամակ այսօրվա ու գալիք ընթերցողին» շարադրանքում: Իսկ ահա «Իմ մահից հետո» բանաստեղծության մեջ ասում է.
…Ինձ փնտրեք բարի մարդկանց սրտերում:
Ցորենի անծայր, ոսկե արտերում,
Արծիվների բույն` բարձր եթերում,
Հայոց գալիքի հպարտ երթերում,
Ժիր մանուկների զվարթ երգերում,
Իմ ձեռքով գրած բազում գրքերում…
Դեկտեմբերին կլրանա նրա մահվան երկրորդ տարելիցը: Գյուղի հայրական օջախիս գրադարանում կողք կողքի շարված են Սուրեն Մուրադյանի կյանքի վերջին տարիներին մեկը մյուսին հաջորդած բազմաբովանդակ եւ ստվարածավալ ժողովածուները` սրտաբուխ եւ պարտավորեցնող ընծայագրերով: Ես հիմա այդ գրքերից եմ առնում գրողի կարոտը ու ցրում, մեղմում նրանից բաժանվելու խոր ցավը: Բարձրաձայնելով գրողի «Լոռին իմ գունագեղ մանկությունն է ու ուղեկցել է իմ պոեզիային» խոսքերը եւ երբեք չմոռանալով անձնական ջերմ վերաբերմունքը նրա օջախում հյուրընկալվելիս՝ ծննդյան օրվա առթիվ ցանկացա ընթերցողի հետ կիսել հակիրճ խոսք-գնահատանքս:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ