Երեւանում՝ Ազգային պատկերասրահում, օրերս բավեց «Սարգիս Մուրադյան. Իմ Կոմիտասը» ցուցահանդեսը, որը նվիրված է ՀՀ վաստակավոր նկարիչ (1961), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972), ՀՀ ժողովրդական նկարիչ (1978) Ս. Մուրադյանի 95-ամյակին։ Ներկա էին արվեստասերներ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, նկարչի հարազատներ, այլք։
Ցուցահանդեսի բացման խոսքով հանդես եկավ եւ ներկաներին ողջունեց Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։ Տեղեկացրեց, որ ցուցահանդեսին, բացի պատկերասրահում եղած կտավներից, ներկայացված են 2 աշխատանք Էջմիածնի Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարանից, ինչպես նաեւ կտավներ, որոնք նկարչի ժառանգների սեփականությունն են։ Մ. Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նշված կտավները ցուցադրությանը ներկայացնելու համար եւ կարեւորեց Սարգիս Մուրադյան նկարչի դերը հայ մշակույթում։ Ցուցահանդեսի համադրող Մարգարիտա Խաչատրյանն իր խոսքում ասաց, որ ցուցադրությունն ընդգրկում է Կոմիտասին պատկերող կտավներն ու դրանց էսքիզները. ստեղծագործություններ, որոնք մեծ հետք են թողել հայ գեղանկարչության պատմության մեջ: Նշեց՝ ցուցադրությանը ներկայացված կտավների մի մասը հանրությանը հայտնի է դառնում առաջին անգամ։ «Կոմիտասի կերպարին անդրադառնալը Մուրադյանի համար կարծես ազգային ինքնության, միգուցե պահպանության դրսեւորման մի ձեւ էր, ամեն անգամ յուրովի է մեկնաբանել, փոխվել է աշխարհընկալումը, մտածողությունը, ամբողջությամբ ուրիշ Կոմիտաս է ներկայացրել, զուտ պատմողականությունից դեպի սիմվոլիկա, այլաբանական մոտեցումներով։ Եթե համեմատենք «Կոմիտաս 1915 թ. Ապրիլ» (1965 թ.) ստեղծագործության հետ, մեզ համար բացահայտվում է նրա մի էսքիզը, որը արվել էր մի փոքր շուտ, դա «Սգամայր» կտավն է՝ անմեղ զոհերի հիշատակը սգացող մոր կերպարն է։ Սա կարծում եմ շատ շատերի համար նույնպես բացահայտում կլինի, որը գեղանկարչական բարձր արժեք է ներկայացնում։ Շատ հետաքրքրական են նկարչի «Անտունի» (1969 թ.) աշխատանքը եւ դրան ուղեկցող էսքիզները, որոնք արդեն հոգեբանական շեշտադրումներով արագ կատարված աշխատանքներ են։ Այս էսքիզներից մեկը խորհրդային տարիներին գնվել է գերմանացի կոլեկցիոներ, գործարար Պիտեր Լյուդվիգի կողմից։ Կտավը Քյոլնում է՝ Լյուդվիգի թանգարանում։ Պ. Լյուդվիգը խորհրդային տարիներին գնել է 2 գործ, որոնցից մեկը սա էր»,- խոսքը շարունակեց Մ. Խաչատրյանը։
Ս. Մուրադյանի «Հայ մտավորականների գողգոթա» ստեղծագործությունը 1975-88 թթ. աշխատանք է, որտեղ արտացոլված են նաեւ սումգայիթյան ջարդերը։ Հայոց մեծ եղեռնին վերաբերող կտավները վերատպվել են լեհ հասարակական գործիչ, հրապարակախոս, արեւելագետ, գրող, թարգմանիչ Բոգդան (Ալեքսանդր) Անտոնիի Գեմբարսկուբ (1905-1978 թթ,) «Հայոց ցեղասպանություն» ուսումնասիրությունում։ Մ. Խաչատրյանը հավելեց նաեւ. «Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանից բերված «Հովհաննես Հովհաննիսյանը եւ Կոմիտասը զրուցում են գյուղացիների հետ» (1957 թ.) ու «Կոմիտասը եւ Հովհաննես Հովհաննիսյանը Էջմիածնում» (1957 թ.) գործերը յուրօրինակ վերադարձ են մեր դասական վարպետներին՝ Գեւորգ Բաշինջաղյան, Փանոս Թերլեմեզյան, Եղիշե Թադեւոսյան, որովհետեւ նրանք այլ կեպ էին մեկնաբանում Կոմիտասին, եւ այս ստեղծագործությունների մոտեցումը նման է մեր դասականների աշխատանքներին»։ Սարգիս Մուրադյանի դուստրը՝ Զարուհի Մուրադյանը, ով տնօրինում է «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը, տեղեկացրեց, որ հոր ծնողները փրկվել են ցեղասպանությունից։ Իսկ Հայոց ցեղասպանության թեմայով խոսելը խորհրդային տարիներին արգելված էր։ Հայրը՝ Ս. Մուրադյանը, Մեծ եղեռնի մասին լսել է ծնողներից եւ այդ թեման հետագայում արտահայտել իր կտավներում, որոնց հիմնական մասը նվիրված է Կոմիտասին։
Խոսելով ներկա օրերի մասին՝ Զ. Մուրադյանն ասաց. «Երեւի դաժան բան եմ ասում, բայց ուրախ եմ, որ հայրս այսօր չկա, քանի որ վերջին տարիներին մենք մի նոր ցեղասպան դրսեւորում տեսանք մեր ազգի նկատմամբ։ Եվ այս ցուցահանդեսը եկեղեցական զանգի նման մեզ պետք է անընդհատ հիշեցնի՝ այս պահին մեր ժողովրդի գլխին սուր է կախված… »։ Ելույթներից հետո ներկաներն անցան ցուցասրահ, որտեղ կտավներում Կոմիտասն էր։ Ցուցադրության առանցքային աշխատանքը նկարչի «Կոմիտաս. վերջին գիշեր» հանրահայտ կտավն է, որով հայ գեղանկարչության մեջ առաջին անգամ մեծ երգահանի անձը դիտարկվում է ցեղասպանության համատեքստում։ Այս կտավը նկարիչը նկարել է 1956 թ., եւ անցած տասնամյակների ընթացքում Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության մաս է կազմում։ 1951 թ. Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի (ներկայիս Գեղարվեստի ակադեմիայի) շրջանավարտ Սարգիս Մուրադյանը որպես դիպլոմային աշխատանք ներկայացնում է «Ավարայրի ճակատամարտը»: Սակայն էսքիզը մերժվում է եւ փոխարինվում ստալինյան թեմայով (ներկայումս ցուցադրվում է «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում): 5 տարի անց Ս. Մուրադյանը նկարում է «Կոմիտաս. վերջին գիշերը» կտավը։ Սա խորհրդային տարիներին առաջին կտավներից էր, որ անդրադարձ էր հայ ազգային թեմային եւ խախտում էր Հայոց ցեղասպանության հիշողության երկարատեւ լռությունը: Այս աշխատանքը ճակատագրական եղավ թե՛ նկարչի հետագա գործունեության համար՝ լայն ճանաչում բերելով նրան, եւ թե՛ Հայոց ցեղասպանության թեմայի բարձրաձայնման առումով: Կտավն առաջին անգամ ցուցադրության է ներկայացվել 1956 թ. Մոսկվայում կայացած «Հայ արվեստի եւ գրականության տասնօրյակի» շրջանակներում: Սկզբում, իհարկե, հայկական ժյուրին մերժել է կտավի ներկայացումը մոսկովյան ցուցադրությանը: Խնդիրն այն էր, որ «Կոմիտաս. վերջին գիշերը» եւ դրանում արտահայտված Հայոց ցեղասպանության թեմատիկան բացահայտում էին լինելու ռուս հասարակության համար: Այնուամենայնիվ՝ ՀԽՍՀ մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ Հակոբ Խանջյանի պնդմամբ կտավն ուղղարկվել է ցուցադրության, որտեղ էլ արժանացել մեծ ուշադրության եւ քննարկումների:
Նկարիչը հետագայում սկսել է պարբերաբար անդրադառնալ Կոմիտասի կերպարին, եւ յուրաքանչյուր կտավ ուրույն ձեւով է ներկայացնում մեծ հային՝ Կոմիտասին։ Ցուցահանդեսում ներկայացված է նաեւ «Խոսող կտավներ» ներառական նախագծում տեղ գտած «Կոմիտաս. վերջին գիշեր» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Սարգիս Մուրադյանը ծնվել է 1927 թ. հունվարի 23-ին Երեւանում: 1951-ին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 3 տարի անց դարձել Հայաստանի նկարիչների միության անդամ: 1964-68 թթ. եղել է Հայաստանի գեղարվեստական խորհրդի նախագահը, 1982-87 թթ.՝ նկարիչների միության նախագահը: ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էր 1985-90 թթ., դրան հաջորդած 5 տարիներին էլ՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Երկար տարիներ դասավանդել է Երեւանի գեղարվեստի ակադեմիայում: Նա գործուն մասնակցություն է ունեցել 1965-ին եւ 1988-ին հայկական ցեղասպանության ճանաչման ու արցախյան հիմնախնդրի արդար լուծման պայքարին: Երեւանում հիմնադրել է «Վերածնունդ» բարեգործական կազմակերպությունը (1989-2005)։ Վախճանվել է 2007 թ. հուլիսի 12-ին։ 2014 թ. Երեւանում բացվել է «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը։