Հայոց բերդաքաղաք Շուշին՝ ժամանակին հայ մշակույթի ծաղկուն կենտրոններից մեկը, այնքա՜ն փառավոր զավակներ է պարգեւել մեր ժողովրդին: Նրանցից է ժողովրդական նկարիչ Ստեփան Աղաջանյանը՝ դիմանկարչության բնագավառի վարպետների դասին պատկանող արվեստագետ, որի ընտրանին կազմելու դեպքում, ստեղծագործությունների գերակշռող մասն ու լավագույն կտավները կտեղավորվեն հենց այս շրջանակում:
Համեստ կյանքով ապրող ընտանիքում է լույս աշխարհ եկել ապագա նկարիչը: Սակայն, անկախ կենցաղային սուղ պայմաններից, նրա հյուսն հայրն ամեն կերպ ջանացել է անգամ զոհողությունների գնով ուսման տալ զավակներին: Ստեփանը նախ ուսանում է Շուշիի թեմական հայտնի դպրոցում, ապա ռուսական ռեալական ուսումնարանում: Այնուհետեւ հայրը նրան ուղարկում է նավթաքաղաք Բաքու՝ գորգերի առեւտրով զբաղվող քեռիների մոտ, որոնց համար առաջնայինը առեւտրային գործերն էին, քան նկարչական ակնհայտ օժտվածությամբ եւ ուսման ծարավով Բաքու հասած պատանու նվիրական իղձերն ու երազանքները: Եվ անում են ամեն ինչ, որպեսզի Ստեփանն էլ ներգրավվի իրենց գործնական աշխատանքներում, գորգերի վաճառքի գործերով ուղարկում են միջինասիական Բուխարա քաղաք, ապա եւ Թիֆլիս: Որոշ ժամանակ անց շուշեցի հյուսնի որդին, նույն մորեղբայրների նախաձեռնությամբ, մեկնում է Ֆրանսիա՝ մյուս քեռու՝ Ասլանի մոտ, ով գերադասում է պատանուն ուղարկել… մեքենագիտական ինստիտուտ: Բարեբախտաբար, այս հաստատության նկարչության ուսուցիչը նկատում է նորեկ սանի նկարչական տաղանդը եւ նամակով հորդորում նրա խնամակալ քեռուն՝ թույլատրել Ստեփանին սովորելու Մարսելի նկարչական ստուդիայում: Նա հետո համոզվելու էր, որ իր զարմիկը կոչված է ծառայելու արվեստին, եւ այլեւս չի սահմանափակում գեղարվեստի հանդեպ նրա մղումները:
Մարսելի նկարչական ստուդիայում հիմնավոր կրթություն ստանալուց հետո Ստեփան Աղաջանյանը մասնագիտական բարձրագույն ուսումնառության դասերն առնում է Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում սովորելիս: Եվրոպայի ամենահայտնի ակադեմիաներից մեկում, որտեղ կրթություն են ստացել նաեւ հայ անվանի նկարիչներ Փանոս Թերլեմեզյանը, Էդգար Շահինը, այլ վարպետներ:
Նյութական սուղ պայմանները, սակայն, ստիպում են տաղանդավոր նկարչին վերադառնալ ծննդավայր Շուշի, երկու տարի անց այստեղից էլ նորից մեկնել Բաքու՝ աշխատելու նպատակով: Սակայն հայաշեն, բայց հայակեր այս քաղաքում սկսված արյունալի դեպքերը թույլ չեն տալիս երկար ժամանակ մնալ ու ստեղծագործել դեղին ոսկու՝ այն օրերի այդ դժոխքում: Եվ հերթական հանգրվանը դառնում է հայաշատ Դոնի Ռոստովը: Նկարիչն այստեղ եւ ստեղծագործում է, եւ նկարչություն դասավանդում հանրակրթական դպրոցներում, պետական նկարչական ստուդիայում: Այդ շրջանում են ծնվում նրա փայլուն գործերից շատերը՝ «Նկարչի քրոջ աղջիկը», «Մարուսյան», «Ինքնանկար», «Մտորումներ», «Գլխարկով տղան», «Տղայի դիմանկարը»: Բնանկարներից՝ «Տեսարան Ղարաբաղից», «Կտուրներ. Դոնի Նախիջեւան» եւ այլն:
1921-ին Աղաջանյանը տեղափոխվում է մայր հայրենիք, աշխատանքի անցնում գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում, որն այսօր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ անվանումն ունի:
Շարունակելով Հակոբ Հովնաթանյանի եւ Ստեփանոս Ներսիսյանի արվեստի ուղղությունը, գեղանկարիչը զարգացնելու էր դիմանկարչության ժանրը՝ նշանավորելով այն նոր ձեռքբերումներով: Աղաջանյանական դիմանկարներն առանձնանում են հոգեբանական սուր բնութագրումներով, անհատական կերպարների ռեալիստական արտահայտությամբ: Իր ստեղծագործական համապատկերում նկարիչն անդրադարձել է հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների կերպարներին՝ բանվորների, արհեստավորների, մտավորականների, նաեւ երեխաների: Նա առաջինն է, ով առաջ է մղել մանկական դիմանկարի թեման հայ գեղանկարչության մեջ եւ կերտել կերպարի արտաքին տեսքի նմանության ու ներաշխարհի, բնավորության ու խառնվածքի սերտ միասնությամբ ռեալիստական խոսուն դիմանկարներ: Հոգեբան նկարիչը, մարդու կերպարը դիտելով որպես մարմնավոր եւ հոգեւոր նկարագրի միասնություն, առավել լուսավոր ու թափանցիկ հնչերանգով է վրձնում նրան: Այս ընկալումով են ստեղծվել նրա լավագույն ստեղծագործությունները՝ Ֆրանսիայից վերադառնալուց անմիջապես հետո վրձնած հոր եւ մոր սքանչելի դիմանկարները, «Հյուսնը», «Բարոնիկինան»,« Գրիգոր Էմին Տեր-Գրիգորյանը», «Ղարաբաղցի կինը», «Դերասանուհի Ե. Ծ. Բարոնիկինայի դիմանկարը», «Նկարչի կինը», «Նկարչի քույրը», «Վասիլը», տասնկակ այլ կտավներ, որոնք իրենց մնայուն ու առանձնանալի տեղն ունեն հայկական կերպարվեստի շքեղ պատկերասրահում…