Մեր մեծերի կենսագործունությանն առնչվող ցանկացած պատմություն, դրվագ կամ թեկուզ մանրուք թվացող փաստ, երեւույթ առանձնակի կարեւորություն ու նշանակություն ունի: Որքան ժամանակը մեզ հեռացնում, բաժանում է նրանցից, այնքան այդ անհատների նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, նրանց մասին պատմական յուրաքանչյուր փաստ մեծապես իմաստավորվում ու կարեւորվում:
Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ստորագրությամբ նամակ-փաստաթղթի ի հայտ գալը, այն «ՀՀ» օրաթերթի խմբագրություն հանձնելը, անշուշտ, ցանկալի եւ ուրախացնող էին: Չլիներ բանաստեղծ, հրապարակագիր Գրիգոր Ծատուրյանի նախանձախնդրությունը, առանձնահատուկ վերաբերմունքը մշակութային արժեքների եւ, մասնավորապես, հայ մեծ գրողի անձի ու ստեղծագործության հանդեպ, այն, ինչ խոսք, կարող էր եւ այսօր գոյություն չունենալ: Ժամանակին, ավելի քան 30 տարի լուսաշխի (նախկին ուսուցչի) հանրապետական տան տնօրենի տեղակալ աշխատած արժանապատիվ հայորդին մինչ օրս սրբությամբ պահել-պահպանել է այդ մասունքը եւ նույնպիսի սիրով ու ակնածանքով էլ հանձնեց մեզ՝ խմբագրություն:
Գ. Ծատուրյանին մեր գնահատանքի խոսքը հղելով՝ միաժամանակ պատիվ ունենք Վարպետի նորահայտ խոսք-նամակը ներկայացնելու մեր ընթերցողների ուշադրությանը: Սա, կարելի է ասել, թող առաջին հաճելի անակնկալներից մեկը լինի Ավ. Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի նախաշեմին:
«Երեւան քաղաքի ուսուցչությանը
Նախ եւ առաջ ջերմ շնորհակալություն եմ հայտնում Երեւանի ուսուցչությանը, որոնք ի պատիվ իմ 80-ամյա հոբելյանի կազմակերպել են նման սրտառուչ հավաք: Ներողություն եմ խնդրում եւ խորապես ցավում եմ, որ ժամանակի սղության եւ շատ զբաղված ու հոգնած լինելուս պատճառով չեմ կարողանում ներկա լինել այդքան ցանկալի եւ իմ սրտին մոտ մարդկանց հետ հանդիպմանը:
Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է ուսուցչին: Ինչ որ մանուկ հասակից սովորել ենք, այդ տվել են մեզ մեր ուսուցիչները իրենց նյարդերի գնով, ծանր պայմաններում: Ես միշտ էլ երախտապարտ եմ զգում ինձ իմ ուսուցիչների հանդեպ, որոնք ինձ ուսուցել են եւ ճանապարհ ցույց տվել՝ փոքրիկ հասակից մինչեւ համալսարաններ: Հատկապես իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլորիդ առջեւ իմ մեծ ուսուցիչ բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանին, որն առաջնորդել է իմ բանաստեղծական առաջին քայլերը:
Ուսուցիչը, վստահ կարելի է ասել, որ ժողովրդի կազմակերպողն է, մանուկ սերնդին նա կաղապարում է, ներշնչում է նրան սեր դեպի գիտությունը, դեպի հայրենիքը, դեպի մարդկայնությունը: Ամբողջ մանուկ սերնդի ոգին նրա դաստիարակիչ շնչի տակ է աճում, զարգանում, բարձրանում: Վստահ կարելի է ասել, որ մանուկ սերնդի դաստիարակության շնորհիվ է, որ ստեղծվում է նոր հասարակություն: Հնդկական ասացվածք-առակն ասում է, որ ծնողները տալիս են երեխային մարմինը, իսկ ուսուցիչը՝ հոգին, գիտակից բարի կամքը եւ մարդկայնական բարձր իդեալները:
Հզոր է այն ազգը, որ ունի լավագույն ուսուցչություն:
Բոլոր սրտով ցանկանում եմ մեր ուսուցչությանը ուժ, կորով, տոկունություն եւ սեր դեպի իր սաները:
Նորից հայտնում եմ իմ խորին եւ սրտագին շնորհակալությունը ձեզ, սիրելի՛ ուսուցիչներ»:
27 հոկտեմբերի 1955 թ.,
ք. Երեւան
Հ. Գ. Այս նամակը գրել եմ ես՝ Սուրեն Շլեպչյանս (հաղորդավարուհի Նարա Շլեպչյանի հայրը.- խմբ.), ստորագրել է ինքը՝ Վարպետը:
Ստորագրություն
30 հոկտեմբերի 1955 թ.