«Արվեստի գերխնդիրը մարդուն իդեալ տալն է, երջանկության ու դժբախտության մեջ նրան արժանապատիվ կյանքով ապրեցնելը: Գլխավորը բարձրագույն արվեստն է, ոչ թե բարձրագույն ճարպկությունը: Մաեստրո Քոչարն ասում էր. «Եթե Աստված քեզ տաղանդ է տվել, ինքն էլ հոգ կտանի, որ այդ տաղանդը չկորչի, իսկ եթե կորավ, ուրեմն այնքան էլ մեծ տաղանդ չի եղել»: Ամեն արվեստագետի մեջ մի փոքրիկ գառնուկ է մայում, որ կանխազգում է իր վախճանը: Դա սարսափն է հազար գլխանի վիշապից՝ տգետ պաշտոնյայից, որ կարող է քեզ մեկ րոպեում ոչնչացնել…»:
Տիգրան ԼԵՎՈՆՅԱՆ
Իսկ նրան այդ տաղանդը տրվել էր շռայլորեն, որը ծառայեցնելու էր մեր մշակութային հարստությանը՝ օպերայի եւ բալետի թատրոնի զարգացման գործին: Նրա օպերային բեմադրությունները շողարձակելու էին աշխարհի բազմաթիվ երկրների հռչակավոր բեմերում, նորոգ ճանաչում ու համբավ էին բերելու բարձրակարգ արվեստագետին ու նրա ղեկավարած ազգային ակադեմիական թատրոնին:
Հայաշատ Բեյրութում է ծնվել Տիգրան Խանդիկյան-Լեւոնյանը: Ճեմարանական նրա ուսուցիչը եղել է Լեւոն Շանթը: Երգչային շնորհը, հավանաբար, ժառանգել է հրաշալի ձայն ունեցող մորից, ով առօրյա գործերը հոգալիս կամ խոհանոցում աշխատելիս սիրել է երգել:
Տասը տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվում է Հայաստան: Պատանեկան հասակում ի հայտ են գալիս նախասիրությունները՝ նկարել, գրել բանաստեղծություններ, կիթառ նվագել: Հաճախ էր հայտնվում օպերայի հրապարակում եւ կիթառի նվագակցությամբ կատարում ռոմանսներ՝ իր շուրջ հավաքելով երաժշտության սիրահարներին: Այս ամենով հանդերձ՝ նրան ավելի շատ հրապուրում էր բեմարվեստը՝ հաճախ էր լինում Պատանի հանդիսատեսի թատրոնում, մասնակցում ներկայացումներին: Եվ բնավ պատահական չէր, որ դպրոցն ավարտելով՝ դիմում եւ ընդունվում է գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին՝ բախտ ունենալով աշակերտելու հայ թատրոնի մեծն երախտավորին՝ Վարդան Աճեմյանին: Դերասանական ակնհայտ տաղանդը, բնատուր սքանչելի ձայնը երաշխիք էին տակավին ուսանող երիտասարդին՝ աշխատանքի անցնելու եւ երգելու օպերայի երգչախմբում, ինչը հետագայում ճակատագրական նշանակություն էր ունենալու. այստեղ էլ հանդիպում է Հայաստանի սոխակին՝ Գոհար Գասպարյանին, ով երգեցողություն է ուսուցանում նորեկ երգչին եւ հետագայում մեծ ավանդ ունենում նրա կայացման ու հաղթանակների ճանապարհին: Իսկ մինչ այդ սովորող-ուսուցանող հարաբերությունները, անկախ 14 տարվա տարիքային տարբերությունից, փոխակերպվում են մեծ ու նվիրական սիրո՝ պսակվելով հայ գրականության եւ արվեստի տասնօրյակի օրերին Մոսկվայում տեղի ունեցած ամուսնական արարողությամբ: Այդուհետ, անկախ հարազատների սառն ու օտարոտի վերաբերմունքից, տհաճ խոսակցություններից, բեմական երկու աստղերի համատեղ կյանքն ու գործունեությունը շարունակվելու էին շուրջ քառասուն տարի՝ նոր փայլ տալով հայկական օպերային արվեստին:
Իսկ մինչ այդ հրաշափառ շրջանը Տիգրան Լեւոնյանը համալրում է օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի երգչակազմը: Ղեկավարությունը, նկատելով երգչի վոկալային բացառիկ տվյալները, նրան գործուղում է Միլանի հռչակավոր «Լա Սկալա» թատրոնում վերապատրաստման: Վերադառնալուց հետո ստանձնում է գլխավոր դերերգեր տարբեր ներկայացումներում: 1970-77 թթ. նա արդեն եւ՛ մեներգիչ էր, եւ՛ ռեժիսոր, այնուհետ՝ գլխավոր ռեժիսոր, 1991-2000 թթ.՝ նաեւ գեղարվեստական ղեկավար, ծանր մի շրջան, երբ բոլոր բնագավառներում խաթարվել էր բնականոն կյանքը, երբ շատերը բռնում էին փախեփախի ճանապարհները, երբ թատրոններում մնում էին միայն նվիրյալ մարդիկ: Այդ վիճակն էր նաեւ օպերայի եւ բալետի թատրոնում: Շատերի նման կարող էին երկիրը լքել նաեւ իրենք՝ աշխարհահռչակ ամուսինները, մանավանդ որ հրավերների պակաս չկար՝ կարող էին մեկնել տարբեր երկրներ՝ Ֆրանսիա, Լիբանան, Եգիպտոս, այլուր: Բայց նրանք չլքեցին՝ մնացին եւ արվեստասերին ներկայացրին նոր ու սքանչելի բեմադրություններ՝ «Պողիկտոս», «Անուշ», «Օթելլո», «Պայացներ»: Շռնդալից հաջողությունները շարունակվեցին «Դավիթ Բեկ», «Արշակ Երկրորդ», այլ ներկայացումների հրավառություններով: Եվ այդ հրավառությունները դեռ երկար կշարունակվեին, եթե որոշ ուսյալ-տգետ պաշտոնյաների ձեռքով չփակվեին մշակութային ծաղկուն կյանք ապրող ազգային օպերայի եւ բալետի թատրոնի դռները տաղանդավոր արվեստագետի առաջ: Եթե այդ կերպ չթունավորեին նաեւ աշխարհահռչակ «հայոց սոխակի»՝ Գոհար Գասպարյանի կյանքը, ով «Պայացների» ներկայացմանն էր զոհաբերել իր անձնական թանկարժեք պարագաները՝ ներառյալ Պարսից շահ Ռիզա Փեհլեւիի նվիրաբերած ադամանդակուռ ճարմանդով շղթան…
Ասենք, որ Տիգրան Լեւոնյանը նկարահանվել է «Կարինե», «Հարսնացուն Ջերմուկից» ֆիլմերում, եղել «Ալմաստ» եւ «Արշակ Երկրորդ» ֆիլմ-օպերաների բեմադրող ռեժիսորն ու սցենարների հեղինակը, դասավանդել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Թեեւ ժողովրդական արտիստը դառն ու կեղեքիչ հոգեվիճակով էր հրաժեշտ տալու երկրային կյանքին, սակայն հավատն ու լավատեսությունը իր ժողովրդի վաղվա օրվա հանդեպ երբեք չէին լքել նրան. «Մեր ազգը հաճախ է մոտեցել անդունդներին, բայց միշտ էլ գտել է փրկության շավիղները: Եվ դրանք եղել են հույսի ու լույսի շավիղներ, որոնք նա անցել է հույսի եւ լույսի երգերով, ոգեղեն պայծառ կրքերով, ամեն լավատեսությամբ եւ անկործան հավատով…»:
Նաեւ ներկա օրերի համար ասված խոսքեր: