Սպիտակի թիվ 5 դպրոցում տեղի ունեցավ «Ժամանակի վկան» գրքի շնորհանդեսը։ Բացման խոսք ասաց եւ այնուհետեւ հանդիսությունը բարձր ճաշակով ու գեղեցիկ վարեց դպրոցի տնօրեն Մարինե Յարմալոյանը։
Սպիտակի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Օվսեի տերունական աղոթքից հետո դպրոցի աշակերտները եւ տնօրենը կարճատեւ տեսանյութերի ուղեկցությամբ համառոտ ներկայացրեցին Սպիտակի պատմությունը՝ անդրադարձ կատարելով երկրաշարժին, նրա թողած հետեւանքներին եւ վերականգնման ընթացքին։ Այնուհետեւ ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող՝ Իվան Անտոնյանի «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի Ֆահրադ Ափուջանյանին նվիրված ֆիլմը, որի առաջնադիտումը տարիներր առաջ տեղի է ունեցել Երեւանի «Նարեկացի» արվեստի միությունում: Այնուհետեւ անցան գրքի շնորհանդեսին:
Գրքի վերաբերյալ եւ Ֆահրադ Ափուջանյանի գործունեության մասին բնորոշիչ խոսքեր ասացին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ Սամվել Խալաթյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թերեզա Շահվերդյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանդոս Ղարագյոզյանը, գյումրեցի գրող Գագիկ Վարդանյանը, բանաստեղծ, «Լոռու մարզ», «Երկունք» թերթերի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանը, ՀԿԿ Սպիտակի շրջկոմի նախկին քարտուղար Հայկուհի Լամբարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, «Արվեստագետ» կրթամշակութային հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, երգիչ Ստեփան Դալլաքյանը, «Արվեստագետ» հանդեսի գլխավոր խմբագիր, պատվավոր պրոֆեսոր Իվան Անտոնյանը, ով Ֆահրադ Ափուջանյանին պարգեւատրեց «Հովհ. Թումանյան-150» հուշամեդալով: Այնուհետեւ խոսք ասաց նաեւ վաստակաշատ մանկավարժ Գյուլվարդ Համբարյանը, Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի անունից Ֆահրադ Ափուջանյանին հանձնվեց շնորհակալագիր։
Ստեփան Դալլաքյանը եւ Գագիկ Վարդանյանը հանդես եկան երգչական կատարումներով, Իվան Անտոնյանը ասմունքեց Հրաչյա Սարուխանի «Կրկնաղերս» բանաստեղծությունը, որն ընդունվեց հանդիսատեսի չդադարող ծափահարություններով։ Վերջում շնորհակալանքի խոսքով հանդես եկավ գրքի հեղինակ, ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանը։