«Թե՛ սրճարաններում, թե՛ իրենց տանը որմնադիր-վարպետները Թորամանյանին նստեցնում էին սեղանի գլխին, ամեն կերպ իրենց հարգանքն էին արտահայտում նրա նկատմամբ։ Նրան պարզապես «Ճարտարապետ» էին անվանում։ Կային մարդիկ, որ երբեք էլ չէին իմացել նրա իսկական անունը։ «Ճարտարապետ» բառը առավել հաճախ ընկալվում էր որպես հատուկ անուն, եւ մերձակա գյուղերում կային դեպքեր, երբ նորածիններին կնքում էին հենց այդ անունով»:
Ավ. Իսահակյան
Թորոս Թորամանյանի հետ Իսահակյանը ծանոթացել է 1903 թ. աշնանը` Ալեքսանդրապոլում, բանասեր Կարապետ Բասմաջյանի միջոցով. նրանք դեռ ամռանն էին Եվրոպայից եկել` Անիի ճարտարապետական կոթողներն ուսումնասիրելու։ Կարապետ Բասմաջյանը Իսահակյանին խնդրում է ամեն կերպ օգնել ճարտարապետին, ով հայ ճարտարապետության մեջ բացում էր տեսաբանության ուղին, հիմնադրում ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրությունը` վերականգնելու հայոց կիսավեր կամ ավերված կոթողների պատկերները։ Այնուհետեւ Իսահակյանը հաճախ էր Թորամանյանին տեսնում հասարակ սրճարաններում` որմնադիրների հետ շինարարական արվեստի թեմաներով զրուցելիս… Բանաստեղծի վկայությամբ, Թորամանյանն արտաքինով գրեթե չէր տարբերվում սովորական, ավանդապաշտ, ինքնուս վարպետներից. չսափրված, պարզ հագուկապով, մեծ, ծաղկավոր թաշկինակով, թիթեղյա ծխախոտատուփով… Գուցե, սա էր պատճառը, որ մեծահարուստները նրան չէին ընդունում իրենց միջավայրում, փոխարենը նրան գնահատում ու մեծարում էին մտավորականները, որպիսին էին Թումանյանը, Իսահակյանը, Սարյանը, Մառը, Թամանյանը եւ շատ-շատերը։
Թորամանյանը ապշել էր` առաջին անգամ տեսնելով Անին. այդ ժամանակ ո՛չ հայերը, ո՛չ էլ, առավել եւս, եվրոպացիները գաղափար չունեին հայոց ճարտարապետության` որպես առանձին տեսակի մասին։ Անին այդ իմաստով հայտնություն էր, իսկ հայ ճարտարապետության արմատները պարզելու եւ այն վերականգնելու համար անհրաժեշտ էր ուսումնասիրել պատմությունը, ճարտարապետական տեսության հիման վրա վերականգնել ավերված կոթողները, հավաքել տվյալներն ու գրել այդ մասին։
Թե ինչպես ընդունեցին եվրոպացի գիտնականները Թորամանյանի` հայոց ճարտարապետական տեսության ձեռնարկումը, Թումանյանը հիշում է. «Եվրոպական նշանավոր գիտնականներից մինը մի մասնավոր նամակում գրում է. «Մենք ճանապարհ ենք բաց անում Թորամանյանի թնդանոթների համար»։ Խոշոր գործիչներին համեմատելով զորավարների հետ, Թումանյանը համաձայնում է եվրոպացի գիտնականի գնահատականի հետ եւ մեկնաբանում, որ նրանց ձեռքի գործիքն էլ նման է թնդանոթի, որով նվաճում են տարածություններ ու ժամանակներ, ու հենց այդ պատճառով էլ հանճարեղ գրողը կարծում է, որ ինչպես զորավարների, այնպես էլ գործիչների թիկունքում պետք է «ոգեւորված ու հավատարիմ» բազմություն լինի, սատարող ուժ, «ամեն մի գործիչ պետք է զգա ու գիտենա, որ դատարկ չի իր թիկունքը», եւ, բացի այդ` «թող գան հայերը, տեսնեն ու համոզվեն, որ իրենք միշտ էն ժողովուրդը չեն եղել, ինչ որ հանդիսանում են էսօր, տեսնեն, թե ի՛նչ են ստեղծել ու ի՛նչ են եղել անցյալում, որ հոգեպես բարձրանան ու լցվին հավատով դեպի իրենց ազգային ապագան»։
Նիկողայոս Մառի, Ալեքսանդր Թամանյանի, Խաչիկ վարդապետ Դադյանի, մեր հոգեւոր գործիչների եւ շատ ու շատ մտավորականների բարոյական ու նյութական օժանդակությամբ Թորոս Թորամանյանին հաջողվեց հատակագծերի հիման վրա վերականգնել Անիի, Զվարթնոցի եւ այլ վայրերի ավերակված տաճարների նախնական տեսքը, հավաքել հայ ճարտարապետության յուրահատկությունն ու առանձնակիությունը ապացուցող անհրաժեշտ նյութեր այդ մասին նախատեսված գրքի համար։ Ճարտարապետի կատարած աշխատանքի մասին Մարտիրոս Սարյանը գրում է. «Տիտանական ջանքերի, մտքի ու զգացմունքների լարման գնով, համաշխարհային եւ հայ կուլտուրայի իմացության հողից ելնելով, նա թափանցել էր ժամանակի խորքերը եւ բյուրեղյա մաքրությամբ դուրս հանել այն մարգարիտները, որոնք զուտ ազգային են։ Ողջ աշխարհին ապացուցեց հայկականը…»:
Հայկական ճարտարապետության մասին միատեղ կապիտալ աշխատություն գրելու նպատակով 1913 թ. Թորամանյանը ավստրիացի պատմաբան Յոզեֆ Ստրժիգովսկու հրավերով մեկնում է Վիեննա` տանելով այն բոլոր նյութերը, որ հավաքել էր տարիների ընթացքում, սակայն որոշ ժամանակ անց դարձյալ ինչ-որ նյութերի կարիք է զգացվում. դրանք հայթայթելու նպատակով Թորամանյանը վերադառնում է Հայաստան` եղածը թողնելով Ստրժիգովսկուն, սակայն վերադառնալ չի հաջողվում` սկսված Առաջին համաշխարհայինի պատճառով։ 1918 թ. Ստրժիգովսկին ինքնուրույն հրատարակում է «Հայերի ճարտարապետությունը եւ Եվրոպան» իր երկհատորանոց աշխատությունը` ամբողջությամբ հիմնվելով Թորամանյանի նյութերի վրա, հիշատակելով նյութերի հեղինակին։
Թորոս Թորամանյանը մի շարք հոդվածների, ինչպես նաեւ «Հայկական ճարտարապետություն» երկհատորյա աշխատության հեղինակ է։ Նա հեղաշրջում է կատարել համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ, ներկայացրել հայերի ճարտարապետության ծագումը եւ զարգացման շրջանները` հայկական ճարտարապետությունը դարձնելով համաշխարհայինի անքակտելի մասնիկ։
Մարտի 18-ը Թորոս Թորամանյանի ծննդյան օրն է. նա ծնվել է 1864 թ.` Շապին Գարահիսարում, հավերժական հանգիստն առել 1934-ին` Երեւանի Կոմիտասի անվան զբասայգու պանթեոնում։