«Տիգրան Չուխաջյանն առաջին երգահանն էր, որ կիրառեց եվրոպական երաժշտության տեխնիկան արեւելյան երաժշտության մեջ։ Նրա խիստ յուրահատուկ մտքերը, երաժշտական լեզվի թարմությունը, փայլուն գործիքավորումը, ամեն ինչ ներծծված է Արեւելքի լույսով։ Նրա հորինվածքը լի է հմայքով եւ իշխանությամբ, առանձնանում է համադրության եւ փոխլրացման կատարելությամբ»:
Ադոլֆո Տարրասո (երաժշտական քննադատ)
Երբ 1891-92 թթ. Չուխաջյանն այցելեց Փարիզ, եւ այնտեղ բեմադրվեցին նրա օպերետները, ֆրանսիական մամուլը նրան համեմատեց ֆրանսիական օպերետ ժանրի ստեղծողներից մեկի հետ` կոչելով նրան «արեւելյան Օֆենբախ»։
Չուխաջյանը հայկական երաժշտական թատրոնի հիմնադիրն է. նա գրեց առաջին հայ ազգային օպերան` «Արշակ 2-րդ»-ը։ Նրա շնորհիվ հայկական երաժշտության մեջ առաջին անգամ հայտնվեցին բազմաձայնության ինքնատիպ ձեւեր… Հայկական երաժշտությունը նոր չէ, որ սկզբնավորվել էր. այն նախաքրիստոնեական մշակույթ էր եւ, ըստ Խորենացու ու Բուզանդի, գոյություն ուներ դեռեւս Ք.ծ.ա. 2-րդ հազարամյակում, իսկ Ք.ծ.ա. 3-րդ հազարամյակում ձեւավորվել էր հայկական երաժշտության որակային առանձնահատկությունը, հիշատակվում են երաժշտական գործիքները` փանդիռ, թմբուկ, սրինգ, քնար, շեփոր։ Հեթանոսական շրջանի երգերը պատմում են Արա Գեղեցիկի եւ Շամիրամի, Արտաշես թագավորի եւ Սաթենիկի, ավանդազրույցների այլ հերոսների մասին։ Քրիստոնեության մուտքի հետ Հայաստան՝ ծագում է հայկական քրիստոնեական եկեղեցու երաժշտության անհրաժեշտությունը։ Այնպես որ, Չուխաջյանի համար հայկական երաժշտությունը զարգացնելու եւ նոր աստիճանի բարձրացնելու հիմքերը կային հնուց ի վեր։ Բացի այդ, ծնվելով ու ապրելով այնպիսի միջավայրում, որպիսին բազմազգ Կոստանդնուպոլիսն էր, որտեղ ծաղկում էին տարբեր ժողովուրդների տարատեսակ արվեստներն ու արհեստները, բարենպաստ հող կար նաեւ հարստացնելու սեփականը, ազգայինը` համաշխարհային մշակույթի ձեռքբերումներով։ Օպերայի ստեղծման հարցում կոմպոզիտորը հետեւել է իտալական դպրոցին, իսկ օպերետի` ֆրանսիականին։
Տիգրան Չուխաջյանի հայրը` Գեւորգը, արքունական ժամագործ էր. տիրապետելով իր նուրբ արհեստին` նաեւ մեծ արվեստասեր էր ու, նկատելով որդու երաժշտական տաղանդը, սկսեց ամեն կերպ աջակցել նրան համապատասխան կրթություն ստանալու հարցում։ Տիգրանն արդեն 15-16 տարեկանում գրավել էր ունկնդրին դաշնամուրային կատարումներով, սակայն երաժշտությունն անընդհատ սովորելու ու կատարելագործվելու արվեստ է։ Նրա երաժշտական ուսումնառության հարցում մեծ դեր կատարեց կոմպոզիտոր Գաբրիել Երանյանը, իսկ մասնագիտական կրթությունը խորացրեց իտալացի դաշնակահար Չ. Մանձոնին, ումից Չուխաջյանը երկար տարիներ սովորում էր դաշնամուր եւ երաժշտական տեսություններ։ Սակայն դա էլ բավական չէր, եւ Մանձոնին խորհուրդ տվեց սանին մեկնել Իտալիա` առավել կատարելագործվելու։ 1861-64 թթ. Տիգրանն ապրեց ու սովորեց Միլանում։ Արեւելյան ոգին ու եվրոպական կրթությունը ներդաշնակ համաձուլվածքով արտահայտվեցին նրա երաժշտական ստեղծագործություններում` դառնալով առանձնակի ուշադրության ու հետաքրքրության առարկա` ճանաչում բերելով նրան ոչ միայն հայկական, այլեւ եվրոպական երաժշտական միջավայրում։
Սակայն միշտ եւ ամեն ինչ չէ, որ ստեղծագործական կամ հարթ էր Չուխաջյանի կյանքում. նա նույնպես հայ էր, ազգասեր ու ազգանվեր, եւ նրան նույնպես հուզում էր սեփական ազգի ճակատագիրը, եւ նույնքան հալածանքի թիրախ էր, որպես ժամանակին Օսմանյան կայսրությունում ապրող ամեն մի հայ կամ այլազգի, մինչդեռ Չուխաջյանը, կարելի է ասել, բնույթով ու գործունեությամբ ինտերնացիոնալ էր, որպիսին կարող էր լինել ցանկացած ազգի բարձր մտավորականը, ու թեեւ, ինչպես նշվում է «Օպերայի համառոտ պատմության» եւ «Օքսֆորդի օպերային բառարանի» էջերում, Չուխաջյանը թուրքական լծից Հայաստանի ազատագրման մոլի համախոհ էր եւ ազատագրական շունչ էր հաղորդում իր ստեղծագործություններին, այնուամենայնիվ, չի սահմանափակվել նեղ-ազգային մոտիվներով։ Նա հեղինակել է սերբ-թուրքական պատերազմի վերաբերյալ «Ալեքսինազ» երաժշտական դրաման։ Գոգոլի «Ռեւիզորի» սյուժեի հիման վրա Չուխաջյանը գրում է առաջին հայ դասական` «Արիֆ» օպերետը (լիբրետո` թուրքերեն, սակայն հայերեն տառերով), քանզի այլ կերպ հնարավոր չէր այն բեմադրել Թուրքիայում։ Այն դարձավ թուրքերենով առաջին օպերային գործը, որի պրեմիերայից հետո (1872) հայտնի թուրք բանաստեղծ, լրագրող Նամիկ Քեմալը «Իբրետ» թերթում գրեց. «Սա մեր օպերային լեզվով առաջին գործն է։ Նրա կառուցվածքը գեղեցիկ է, իսկ երաժշտությունը՝ հիասքանչ։ Կոմպոզիցիային տրված է իր քնարականությանը համապատասխան կառուցվածք։ Մենք շնորհակալ ենք օսմանյան թատրոնի հիմնադիր Գյուլ Ագոպին, օպերետի հեղինակներ Ալբերտոյին եւ Տիգրան Չուխաջյանին՝ իրենց աշխատանքի, ինչպես նաեւ՝ դերասաններին՝ լավ բեմադրության եւ հմուտ խաղի համար»։ Այնուամենայնիվ, Չուխաջյանի ստեղծագործությունները շնչում են ազգային-ազատագրական պայքարի, հայրենասիրության, հերոսականության, քաջության ոգով։ Նա երաժշտություն է գրել այնպիսի թեմաների վրա, որոնք ներծծված էին Օսմանյան կայսրության ռեժիմի դեմ քաղաքական բողոքով, որպիսիք էին Ռ. Սեֆեջյանի «Վարդան Մամիկոնյան՝ հայրենյաց փրկիչ»-ը, Ե. Բարվարտի, «Մենք հայ ազգի զավակներն ենք» ստեղծագործությունը, «Համիդիե քայլերգը», իսկ «Զեյթունցիների քայլերգը» համարժեք էր ազգային-ազատագրական պայքարի հիմնի։
Չուխաջյանի երաժշտական ստեղծագորությունները հեղինակի ոչ միայն ոճային առանձնահատկություններով են աչքի ընկնում, այլեւ իրենց բազմակերպությամբ, ինքնուրույն կոլորիտով` տարբերվելով մեկը մյուսից, որպիսիք են «Արշակ 2-րդ»-ը, «Ինդիանան», «Զեմիրեն», «Լեբլեբիջին» եւ այլն։ Տիգրան Չուխաջյանի մարդկային եւ ստեղծագործական որակները բարձր է գնահատել եւ ռուսաց կայսր Ալեքսանդր 2-րդը, ով Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագրի կնքման առիթով նրան պարգեւատրվել է Սուրբ Ստանիսլավի շքանշանով։
Որքան էլ Օսմանյան կայսրությունում ծաղկեին արվեստները` տարբեր ազգերի ժողովուրդների` բարեկամության ու մարդասիրության ստեղծագործական մոտիվներով, թուրքական իշխանություններն անառողջ խանդով սոսկ մի մոտիվ էին զարգացնում` ամեն կերպ հալածել ու վերացնել այլազգիներին` խտրականություն չդնելով բարբարոսական միջոցների մեջ։ Այդպես էլ` 1896 թ. սաստկացած հակահայկական բռնությունների հետեւանքով Չուխաջյանը մայրաքաղաքից տեղափոխվեց Իզմիր. շատ չանցած՝ 61 տարեկանում, 1898 թ. մարտի 23-ին, մահացավ քաղցկեղից` ծայր աղքատության մեջ։ Հուղարկավորությունը կազմակերպեց «Կարիքավորների միությունը»։ Այդ մասին «Մշակ» թերթը գրեց. «Մահ աղքատության մեջ եւ փառահեղ թաղում»։