«Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տրված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, եւ ահա ամեն ինչ՝ ամպ ու մշուշ, արեւ ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում: Եվ թվում էր, թե Լոռու հսկաներն ամեն կողմից՝ եւ Դվալը, եւ Լալվարը, եւ ուրիշ հարյուր ու մի գագաթներ այս միեւնույնն էին ասում՝ մռայլ ժպիտներ հագած…»:
ԼԵՈ
Այսօր ընդամենը հիսունչորս տարի ապրած Ամենայն հայոց բանաստեղծի հիշատակի օրն է, նրա, ում կյանքն ու գործը հայրենապաշտության անժամանցելի ու ամենակատարյալ դասն են եղել ապրած, այսօր ապրող ու գալիք սերունդների համար: Մեր այս հրապարակումը միտված չէ անդրադառնալու նրա կախարդական գրչին, տիեզերաշունչ նրա գրականությանը, քանզի երիցս ավելորդ է ասել, թե ով է Թումանյանը յուրաքանչյուր հայի համար: Ուստի այս հրապարակումը թող լինի «խճանկարային», եւ առաջինը լսենք իրեն՝ ասես հենց այսօր մեզ հետ իր մտորումները կիսող մեծն Լոռեցուն:
«Ուրիշ ճանապարհ չկա…»
«Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը: Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ: Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում՝ եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում: Էսպես է բնության օրենքը: Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո, շատ բան, եւ «հառաջադիմություն» եւ «կուլտուրա», եւ «մամուլ» եւ «գրականություն» եւ «դպրոց», եւ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են եւ տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի: Էդ տեսակ կյանքը կտա եւ տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան: Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց էն, ինչ որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ-մի ժողովուրդ թանկ ու համակրելի…
Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած…
Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ եւ դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը, անցել է անթիվ ու անհամար փորձերի ու փորձությունների միջով եւ չի հասկացել, խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձություններից, չի ստեղծել մի անհատական-զուտ ազգային օրենք…»:
Պատմում է դուստրը՝ Նվարդը
Վահան Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձեւը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը:
Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի գանձերից: Մինն ասի՝ դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի՛նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. Էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում. ուզում է համոզի, թե սա է ճիշտը: Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա, բան հասկանա…
Հուշի երկու պատառիկ
Թումանյանի տանը Անդրանիկն իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում, եւ բանաստեղծը կլանված լսում էր.
-Թուրս քաշեցի…,- ասաց Անդրանիկը եւ կանգ առավ:
Նա ուներ այդպիսի սովորություն. այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս, որպեսզի լսողն ընդգրկի պահը:
Բայց Թումանյանը չհամբերեց եւ սկսեց գոռալ.
-Խփի՜ր, խփի՜ր…
…
Խնկո Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին: Թումանյանը վեր կացավ.
-Երբ մեկը հրացանը քաշում է եւ ուզում է մի ուրիշին խփել՝ եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում: Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեց ու… վախեցավ…
Բոլորն սկսեցին ծիծաղել: Խնկո-Ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երեւում…
Խնկարկում է Ամենայն հայոց զորավարը
Մագնիսական ուժ մը քաշած կապած էր զիս իրեն ավելի սիրելու, ավելի մտերմանալու, ավելի հիանալու եւ հարգելու: Բաց էին իր տան դռները բոլորին առջեւ: Վանքի մը պես ամեն օր ուխտավորներ եւ այցելուներ կմտնեին ու կելնեին՝ վայելելով այդ նահապետական տան ճոխ բարիքներն ու սեղանները: Առանց հյուրի սեղան չէր նստեր եւ ոչ ալ օրը կփակեր առանց բարի գործ մը կամ ծառայություն մը կատարելու: Վրեժխնդրություն, քեն, ատելություն, չարիք, նախանձ՝ կյանքի այս զգացումները անծանոթ էին իրեն: Բյուրեղի պես մաքուր եւ պարզ էր իր սիրտն ու հոգին, ու մանիշակի չափ խոնարհ ու քնքուշ: Տիպար հայ էր՝ ազգասեր ու գործունյա: Այս գեղեցիկ ու բարձրագույն հատկանիշներով օժտված բանաստեղծը ոչ միայն սիրելի ու հարգելի էր հայ ժողովրդին, այլեւ կհարգվեր եւ կսիրվեր ռուս, վրացի, պարսիկ եւ թաթար ժողովուրդներեն…
Բանաստեղծի «գողացված» սիրտը
Բանաստեղծը, որ վախճանվել է 1923-ի այս օրը, Մոսկվայում, ապրիլի 15-ին իր վերջին հանգրվանն է գտնում Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Սակայն կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտեին: Դա այն էր, որ դեռ Մոսկվայում դիահերձման ժամանակ բանաստեղծի որդին՝ Արեգը, բժիշկներից խնդրել էր, որ իրեն հանձնեն հոր սիրտը: Եղբորը՝ Համլիկին ուղղված նամակում նա գրել էր. «Ես մի քայլ արեցի… Ես հայրիկիս սիրտը գողացա: Ճիշտ է, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում է ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իր՝ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ է, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեր հետ է ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ է, եւ հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:
Տարիներ շարունակ հարազատները բանաստեղծի սիրտը պահում էին նրա առանձնատանը, մի փոքրիկ պահարանի մեջ: Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի է գալիս Ավետիք Իսահակյանը: Պատվելի հյուրին օթեւան են տալիս իր ընկերոջ առանձնասենյակում: Երբ լույսը բացվում է, տան տերերը նկատում են, որ Վարպետը չափազանց անհանգիստ է: Հետո նա խոստովանում է, որ ողջ գիշեր չի քնել. պատճառը Թումանյանի սրտի ներկայությունն է եղել…
Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվում է մայրաքաղաքի բժշկական ինստիտուտի անատոմիկումի թանգարան: 1994 թ. այն մայր հողին հանձնվեց հայրենի տան բակում: Այդ սրբազան արարողությանը բախտ վիճակվեց մասնակից լինել նաեւ տողերիս հեղինակին… Եվ հայոց հողի վրա ավելացավ եւս մեկ ուխտատեղի:
Իսկ թե ինչե՛ր տարավ այդ մեծ սիրտն իր հետ, միայն ինքը գիտեր, քանզի ինչ գրել էր՝ «գրել էր ոտի վրա…»:
Հայոց համազգային սերը քեզ ընծա, հայ քերթության լուսապսակ Արարատ…