Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Գավառ-Գյումրի. մենք նույն երդիկի ծուխն ենք…

Մարտի 24, 2022
Մշակույթ
Գավառ-Գյումրի. մենք նույն երդիկի ծուխն ենք…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
251
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Գավառն այդ տարիներին Սեւանի ափի, հիրավի, ամենամարդաշատ քաղաքն էր։ Եվ այդ օրը քաղաքում մի փոքր տոն էր. պիտի տեսնեին եւ լսեին իրենց հյուր եկած Վարպետին, հայ գրողներին։ Հանդիպումը ժողովրդի հետ նաեւ Իսահակյանի սրտով էր, նա կարոտ էր լսել ժողովրդի անկեղծ խոսքը։

Պապին Հայրապետյանն իսկապես կոլորիտով լի, բարձրահասակ, կատակասեր ու հետաքրքիր մարդ էր, տիպիկ գավառեցի, ժողովրդի ծոցից ելած պարզ ու մարդամոտ։

-Վարպետ ջա՛ն, ինձ ասացին, որ մարտունեցիք չնեղանան, Դուք որոշեցիք Գավառ մտնել Վանեվանի դռնով։

-Ինչպես դու գիտես, Պապին ջա՛ն, մենք՝ գյումրեցիներս, եւ դուք՝ գավառցի, բայազետցիներդ, ունենք նույն արմատները՝ հին Բայազետից, Դարոյնք աշխարհից։ Այնպես որ, ես եկել եմ իմ երկրորդ հայրենիքը։

Այս խոսքերի վրա նրանք մեկ անգամ էլ գրկախառնվեցին. «Վարպե՛տ, թե իմ տուն, թե ողջ Գավառ քեզ հալալ»։

-Իմ պապը՝ Նիկողայոս Իսահակյանը, իր քարավանը տարավ Դարոյնքից Գյումրի, Շիրակի շրջան։ Ձեր պապը՝ Գրիգոր Արծրունին, այդ քարավանի մյուս կեսը բերեց Նոր Բայազետ, Գավառ-Սիսուանի շրջան։ Մենք նույն երդիկի ծուխն ենք…

Այս խոսքերի վրա զիլ թնդաց զուռնա-դհոլի ձայնը՝ շվիով համեմված։

-Սիրելի՛ Վարպետ, մեր Գավառում էլ կան շնորհալի երաժիշտներ, իսկ մեր թատրոնի դերասաններն այսօր իրենց ուժերը Ձեզ կներկայացնեն։

-Պապին ջա՛ն, զուռնա-դհոլն ու մանավանդ դուդուկը իմ ամենասիրելի երաժշտությունն են հնչեցնում, ուրիշ բան պետք չէ…

-Հիմա, որ մենք տան շեմին ենք, հանդիպումից առաջ մի փոքր հաց կուտենք, ու խնդրում եմ` ներս անցեք։

Եվ Պապինը մեզ տուն առաջնորդեց ու ծանոթացրեց իր ընտանիքի անդամների հետ։

-Ահա կինս, Վարպետ ջա՛ն, Հասմիկը, բժշկուհի է, ահա աղջիկս՝ Նատալյան, ապագա բժշկուհի, եւ տղաս՝ ապագա դատավոր Էդվարդը։

-Պապի՛ն, էդ Նատալյա անունը որտեղի՞ց է միտդ ընկել, չլինի՞ ջահել տարիներին Ռուսաստան ընկերուհի ես ունեցել։

-Չէ, Վարպետ ջա՛ն, Պուշկինից, դե դու գիտես, նրա գեղեցկուհի կնոջ անունն է։

-Դե որ էդպես է, ուրեմն Էդվարդն էլ Անգլիայի թագավորի ատտաշն է։

-Հա՛, Վարպետ ջա՛ն, Աստված ձայնդ լսի։

Նատաշան ու Էդիկը ինձնից մի քանի տարի մեծ էին, աղջիկը կլիներ 15 տարեկան, տղան՝ 12։ Նատաշան, իսկապես, շատ լավ բժշկուհի դարձավ, իսկ տղան՝ գյուղատնտես, գիտությունների թեկնածու։ Մենք Էդիկի հետ շատ մոտ ընկերներ դարձանք։ Նա ջահել տարիներին տեղափոխվեց Մոսկվա, որտեղ մենք մշտապես հանդիպում էինք։ Ավա՜ղ, արդեն մի քանի տարի է` ընկերս չկա…

Ուրեմն մենք սեղան ենք նստում Պապինի հարկի տակ, Գավառ, 1953 թ., հուլիս, «Կրեմլյան տիրանը» չկա, նրա սատրապը կալանավորված է։ Վարպետը նոր-նոր պիտի վայելի այդքան երկար սպասված ազատության առաջին ձնծաղիկները։ Ամեն ինչից երեւում է, որ տրամադրությունը լավ է։ Նա իր Սեւանի ափին է, ողջ ընտանիքը` կողքին, իր ընկեր գրողները կողքին են։ Պապինենց տանը գեղեցիկ սեղան էր գցված։ Գավառցի ժողովուրդն իր սրտովն է…

-Վարպետ ջա՛ն, իմ հատուկ պատվերով մեր ձկնորսները Ձեր պատվին իսկական յաբանի իշխան են բռնել։ Ձկան մեծությունը որ Դուք տեսնեք, այն խաշել ենք ամբողջությամբ եւ տեղադրել երեք ափսեների վրա։ Մի տես ի՜նչ գեղեցկություն է։

Վարպետը ուշադրությամբ նայեց հազվագյուտ մեծությամբ յաբանի իշխանին, որը, իրոք, հազիվ էր տեղավորվել երեք մեծ ափսեների վրա։

-Սուտ չեմ ասի, Պապին ջա՛ն, սա աշխարհի ամենահամեղ ձուկն է եւ էլի մեր Սեւանի պարգեւն է։ Ո՞ր մի զարմանահրաշ պարգեւը մեր Սեւանի ասեմ՝ ջու՛րը, ա՛րեւը, գույնը, համը, ձայնը։ Ես երջանիկ եմ, որ տեսնում եմ Սեւանը եւ Աստծուց պիտի խնդրեմ, որ Սեւանը հավերժ ապրի։ Աստված է նրան ստեղծել, պարգեւել մեր քարոտ ու ժայռոտ երկրին եւ Աստված է որոշելու, թե որքա՜ն նա պիտի ապրի։ Դե հիմա, էս կարմիր գինին լցրեք բաժակները, ու ես իմ գավառցի եղբայրների հետ պիտի խմեմ Սեւանի կենացը։

Ու նորից հենց այս խոսքերի վրա թնդաց դհոլ-զուռնան։ Խնջույքը սկսվեց…

Վարպետը սիրում էր քեֆ անել, հաճախ ինքն էր թամադա լինում, բայց այս անգամ առաջարկեց թամադա ընտրել Հրաչյա Քոչարին։

Վարպետն ասել էր, եթե Քոչարը գրեր այնպես, ինչպես պատմում է, նրան ոչ մի գրող չէր հասնի։ Չնայած մենք մի ընդարձակ սենյակում էինք, բայց տպավորությունն այնպիսին էր, թե Գավառի կեսն այստեղ է։

Սա իսկապես ժողովրդական տուն էր, այստեղ ելք ու մուտք էին անում կանայք, երեխաներ, ծերեր՝ գավառցիք, ինչպես իրենց տուն։

-Վարպետ ջա՛ն, ժողովուրդը չի համբերում, ուզում է քեզ տեսնել։

Պապինը, իրոք, սիրված ղեկավար էր, ժողովրդի ծոցից ելած մարդ, ժողովրդի դարդերն ու հոգսերն իմացող։ Մինչեւ օրս էլ Գավառում նրա անունը սիրով են հիշում։

Տիկին Հասմիկը, իրոք, շատ համեղ սեղան էր գցել։ Երբ ճաշակում էին յաբանի հազվագյուտ չափի իշխանը, Իսահակյանը, տեսնելով հավաքված ժողովրդի քանակը, ասաց. «Դու, Պապի՛ն, այսօր պիտի կարողանաս մեր մեծ Փրկչի օրինակով մեկ ձկով այսքան մարդ կերակրել…»։

-Վարպետ ջա՛ն, էս յաբանին միայն Ձեզ ու Ձեր ընկերների համար է։ Ես իմ ժողովրդի համար մի ուռկան ձուկ եմ քաշել տվել, ոչ ոք առանց հացի չի մնա։

Իմ կողքին նստած Էդիկը հարցրեց, թե ես ո՞ր դասարան եմ գնում:

-Առաջինն ավարտեցի,- հպարտ պատասխանեցի ես։

-Իսկ ես՝ չորրորդ,- ավելի հպարտացավ Էդիկը։- Ի՞նչ ես անելու դպրոցն ավարտելուց հետո։

-Գրող պիտի դառնամ։

-Իսկ ես՝ ֆուտբոլիստ։

Ու այս զրույցից սկսած` մենք ընկերացանք երկար տարիներ։ Դժվար է հիշողությամբ վերարտադրել յոթ տասնամյակ առաջ տեղի ունեցած խնջույքը։ Բայց եւ հենց դրա համար էլ ես որոշել էի գրող դառնալ։ Աշխարհի ամենադժվար եւ ամենաազատ մասնագիտությունը։

Դե, պատկերիր այն քեֆը, որի սեղանի գլխին նստած էր Վարպետը, իսկ գավառցիք արդեն որերորդ անգամ մեծ բաժակներով խմում են անընդհատ առաջարկվող Վարպետի կենացը…

-Այսօր ուրիշ կենաց չի լինելու մեր սեղանի օրակարգում,- վճռել էր թամադան  մասնակիցների միահամուռ համաձայնությամբ։

Ես նստած էի հորս եւ մորս մեջտեղը։ Ծովային երկար ճամփորդությունից լավ սովածացել էի։ Մայրս մի պատառ յաբանի իշխան դրեց պնակիս մեջ։

-Զգույշ կե՛ր։

Ես նայում էի պնակում դրված ձկանը, նախ ինչ գեղեցկություն էր՝ մաշկը արծաթագույն, կապտավուն խալերով, միսը վարդագույն։ Մեղք էր ուտելը… Կողքիս նստած Էդիկն ասաց.

-Ձեռքով կեր, մեզ մոտ ձուկը ձեռքով են ուտում։

Ձուկը, իրոք, շատ համեղ էր, հյութեղ ու քնքուշ։ Շատ ավելի համեղ էր, քան սովորական իշխանը։ Մեր սեղանին նստած Վախթանգ Անանյանը հարցրեց.

-Այս չքնաղ գեղարքունի յաբանին, ընկե՛ր Պապին, որտեղի՞ց են ձեր ձկնորսները բռնել։

-Վախթանգ ջա՛ն, հունիս-հուլիս ամիսներին յաբանին լինում է միայն Գավառ գետի գետաբերանում, բայց այստեղ մեծ դեր է խաղացել Վարպետի գալու հանգամանքը։

Ես առաջին անգամ էր, որ այդպիսի մեծ իշխան էի ուտում, իսկապես, աշխարհի ամենահամեղ ձուկը, եւ նա մեր Սեւանի հպարտությունն է։  Յաբանի իշխանին հաջորդեց հենց նախորդ գիշեր «խփած» Քյավառա նշանավոր քյուֆթան։ Երբ կանայք մեծ սպասքների վրա բերեցին բուղը վրան կապած քյուֆթան, խնջույքը նոր թափ ստացավ։ Մեր թամադան՝ Քոչարը, նոր կենաց առաջարկեց.

-Այս էլ մի քանի ամառ ես բախտ եմ ունենում Վարպետի կողքին գտնվել Սեւանի ափին, ու քանի Վարպետը Սեւան է գալիս, նա ավելի երիտասարդ է եւ առույգ, մեր Սեւանը մեր Նահապետին, մեր Վարպետին կյանք է տալիս ու կորով, ուրեմն, քանի կա մեր Սեւանը, կլինի եւ մեր Վարպետը, ուրեմն անենք ամեն ինչ, որ հավետ լինեն Սեւանն ու մեր Վարպետը։

Կենացը բոլորի սրտով էր։ Պապինն էլ թե՝

-Սեւանը շա՜տ խորն է, խորն է եւ Վարպետը, երկուսն էլ անծեր են, մեր սերն են։

Ա՛յ քեզ Պապին բանաստեղծ-քարտուղար։ Քեֆն էլ ասես ընդգծում էր ամեն ինչով, որ մենք Գավառում ենք… Մի երիտասարդ գեղեցիկ կին էլ հնչեցրեց. «Քույր իմ նազելի…» երգը։

Հետզհետե արեւը մայր էր մտնում, կենացներն ու երգերը սեղանից անպակաս էին, բայց տանտերը՝ Պապինը, ստիպված էր հիշեցնել, որ ուղիղ ժամը յոթին Գավառի ակումբում տեղի պիտի ունենա հանդիպումը հայ գրողների հետ։ Վարպետն օջախին ամենայն բարին մաղթելով` առաջինը վեր կացավ. «Մի մոռացեք, որ հիմա մեզ ահագին ժողովուրդ է սպասում»։

Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ

2022 թ. հունվար

Թեգեր: Ավետիք ԻսահակյանԱվիկ ԻսահակյանմշակույթՍեւան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պռոշյանի առածանին

Պռոշյանի առածանին

Ֆյոդոր Դոստոեւսկին եւ հայ քննադատությունը

Ֆյոդոր Դոստոեւսկին եւ հայ քննադատությունը

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist