«Ներկայացումը սկսում է թատրոնի շենք մուտք գործելու պահից։ Դուք առաջինն եք դիմավորում եկող հանդիսատեսին…» (Կոնստանտին Ստանիսլավսկի): 1933 թ. Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի հանդերձապահներին ուղղված Ստանիսլավսկու նամակի` հիշյալ տողերից ծնվեց թեւավոր խոսք. «Թատրոնն սկսվում է հանդերձարանից», ինչը նշանակում է, որ թատրոնում չկան կարեւոր ու երկրորդական դերեր ու խնդիրներ, իսկ հանդիսատեսի համար, ես կասեի, ներկայացումն սկսվում է թատրոնի ազդագրից. հենց այդ պահից այն տեղավորվում է հանդիսատեսի սրտում` կանխորոշելով նրա դերն ու ներկայության յուրօրինակ մասնակցությունը…
Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, որ նշվում է 1961-ից, մարտի 27-ին եւ խորհրդանշում թատրոնի դերը` «որպես ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման եւ փոխըմբռնման միջոցի», Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի օրինակով (թերեւս, ամենամիջազգայինը` իր տեսակով) խոսենք թատերական արվեստին առնչվող խնդիրների շուրջ, թատրոն, որ այսօր ներկայանում է բազմազան խաղացանկով` ինչպես ազգային, այնպես էլ միջազգային գլուխգործոցներ բեմականացնելով` ներառյալ մանկական ներկայացումները։
Իսկ թատրոնը, ինչպես որ սկսվում է վարագույրը բացվելուց առաջ, այնպես էլ շարունակվում է վարագույրը փակվելուց հետո` հանդիսատեսի տպավորություններում, կիսվելու ցանկություն առաջացնում… Որպես հանդիսատես` հենց այդ մասին էլ ուզում եմ խոսել մի քանի ներկայացումների շուրջ, որոնց ներկա եմ եղել, ընդամենը մի քանի շտրիխ, որոնք, հույս ունեմ, մտածելու առիթ կտան… Հիշյալ թատրոնում ներկայացվում են հիմնականում դասական գործեր, փորձ է արվում դրանց ժամանակակից շունչ հաղորդել, նոր պատկերներ կամ ինչ-որ խորհրդանիշներ մտցնել. պետք է ասել` որոշ պատկերներ ու խորհրդանիշներ հաջողված են, տեսարժան, երբ չափի մեջ են ու թեմայի հետ ներդաշնակ, ինչպես «Անուշում»` ներկայացման ավարտը, կամ «Գայանեում»` Գայանեի որոնման տեսարանը, սրան հակառակ` անհարիր է «ժամանակ» կոչվածի չարաշահումը «Կարմենում», ինչը ոչ մի կապ չունի ներկայացման բուն տեքստի հետ եւ աղավաղում է այն` թուլացնելով դրամատիզմը եւ կերպարների խառնվածքը (խարակտեր)։ Տեքստում հնչում է Միքայելայի բնութագիրը, եւ նրան հիշելիս շեշտվում է` «կապույտ զգեստով աղջիկ» արտահայտությունը, ում սիրահարված են շատերը, այդ թվում եւ Խոսեն, մինչդեռ ներկայացման ողջ ընթացքում այդ «կապույտ զգեստով աղջիկը» այդպես էլ չի երեւում, փոխարենը ինչ-որ սալվադորդալիական զգեստավորմամբ անհասկանալի, առավել եւս` դերին անհամապատասխան արարած է ելումուտ անում, այնինչ «կապույտ զգեստն» ընդգծում է աղջկա հմայական կերպարը, ռոմանտիկ, երազային լինելը, անարատ ու նվիրված սերը, նուրբ ներաշխարհը, հավատարմությունը։ Կարմենի կերպարը եւս բացահայտված չէ` դարձյալ ժամանակի անիմաստ շեշտադրման ու անհարիր զգեստավորման, սանրվածքի պատճառով, այնինչ Կարմենը գունեղ, կրքոտ, խելքահան անող կերպար է, որի գայթակղությանը չի դիմանում անգամ հմայիչ Միքայելային սիրահարված Խոսեն. չէ որ ներկայացման մեջ կարեւոր է յուրաքանչյուր դետալ. այն պետք է մանրակրկիտ ու ճշգրիտ մշակել, քանի որ գրականությունը եւս մաթեմատիկական ճշգրտություն է պահանջում` հետեւողական տրամաբանություն։
«Կարմենում» բախումը եթերային էակի ու կրքոտ, արկածախնդիր, ազատ ու անփույթ էակի միջեւ է, որոնց միջեւ էլ իր հերթին, կիսվում են Խոսեի ապրումներն ու հույզերը. այստեղ ժամանակը որեւէ դերակատարություն չունի, թերեւս, միայն զինվորական պահակախմբի` ժամանակի ընթացքում միմյանց փոխարինելն է, եւ ներկայացման սկզբում հեռապատկերին երեւացող ժամացույցի մերկ մեխանիզմը բավարար է ներկայացումը խորացնելու հենց բուն տեքստի ուղղությամբ, այն, որ ժամանակը չի ազդում մարդկային բնութագրի վրա, այլ հենց մարդկային տիպն է ինքն իր ձեռքը կրակն ընկել, քանզի Միքայելան այդպես էլ չի ընկալում ու հաշտվում Խոսեին կորցնելու մտքի հետ, իսկ Կարմենի համար սեր կոչվածը քմահաճույքներն իրականացնելու միջոց է ընդամենը, եւ նրա զգեստավորումը պետք է համապատասխան լիներ նրա գնչուական ազատ վարքի, համարձակության, կրքոտության հետ, իսկ սանրվա՞ծքը… Մի՞թե Կարմենին բնութագրական է կոտոշավոր սանրվածքը, որ սկզբից եւեթ վանում է հանդիսատեսին. չպետք է փչացնել նրա գայթակղիչ հմայքը, եւ Խոսեն այն տիպը չէ, որ կարող էր գլուխը կորցնել նման Կարմենի պատճառով, եւ ինչո՞ւ միայն Խոսեն, որ հրաշալի է ներկայացնում տառապանքն ու զգացմունքները (դերակատար` Հովհաննես Անդրեասյան). նա կիսվում է երկու` իրարամերժ սիրո ու զգացմունքների, երկու աշխարհների միջեւ եւ ի վերջո, մերժում, սպանում է զգացմունքները ծաղրող աշխարհը… Դասական գործերն ինքնին այնքան գաղտնիքներ են պարունակում, որ ինչքան էլ ուսումնասիրվեն, նոր խորքեր են բացահայտվում, այնպես որ, պետք չէ շտապել դրանց արհեստականորեն «ժամանակակից» հնչողություն հաղորդել. դրանց հենց միայն խորքը թափանցելն արդեն իսկ ժամանակակից է ու շահեկան…
«Անուշի» առնչությամբ եւս հարկ է նշել մի կարեւոր հանգամանք. հիշենք կոխի տեսարանը, որն էլ հենց դառնում է հերոսների ողբերգության ու կործանման պատճառ։ Նախ` հարսանիքի սեղանի սփռոցը` իր ողջ պարունակությամբ, գետնին շպրտելն ու Սարոյին ու Մոսիին հանել սեղանի վրա, արդեն իսկ աբսուրդի ժանրից է, քանզի տեսարանն անհարիր է գյուղական այն ադաթի հետ, որն այնքան կարեւոր դերակատարություն ունի ներկայացման մեջ (եթե անգամ դա վերագրել դեկորների վերադասավորմանը, չափազանց կոպիտ է), երկրորդ` գոտեմարտի ժամանակ Սարոն հանկարծ է նկատում «փարդի քամակից» նայող Անուշին (այնինչ` Անուշը այդ ողջ ժամանակ հենց այնպես բեմի վրա է) եւ ակամա` սիրո գլխապտույտի մեջ, գետնում է Մոսիին` մոռանալով ընկերախաղն ու ադաթը. այս կտորը հարկ էր առավել դրամատիկ ներկայացնել, ինչպես որ Թումանյանի գործում. ներկայացումը դրանից միայն կշահեր։
Այսպես էլ «Գայանե» բալետն է զրկվել դրամատիզմից, երբ «Սուսերով պարը» կտրվել է տեքստից ու վերջին գործողությունում ներկայացվել պարերի շարքում` սոսկ որպես տղամարդկանց պար, հանդիսատեսին նվիրված «բոնուս», այնինչ` «Գայանեի» այլ մեկնաբանություններում, երբ «Սուսերով պարը» ներկայացման մաս է, առավել ազդեցիկ ու խոսուն է եւ կուլմինացիոն դերակատարություն ունի, որտեղ բացահայտվում են հերոսուհու անհատականությունն ու խիզախ կերպարը, երբ նա մերկ ձեռքերով համարձակվում է միջամտել միմյանց դեմ սուսերով մարտնչող երկու սիրահարների խմբային պայքարին ու բաժանում միմյանցից` վաստակելով սուսեր կրելու պատիվը։
Ներկայացման ուժը սկզբից մինչեւ վերջ դրամատիզմը պահելն է, անգամ սիրո ու քնքշանքի այնպիսի դրսեւորման մեջ, ինչպես «Սպարտակում» հրաշալիորեն ներկայացնում է Ֆրիգիայի դերակատար Անահիտ Վասիլյանը. նրա յուրաքանչյուր` երկյուղածորեն հպում սիրած էակին ասես հերոսի ողբերգական վախճանի կռահում է. չափազանց նուրբ ու խոր մեկնություն, պարային լեզվի անթարգման մատուցում… Իսկ այնպիսի ներկայացում, որպիսին «Տրավիատան» է, թատրոնին միայն պատիվ է բերում, երբ բեմի վրա ոչ միայն երգում են, այլեւ խորապես ապրում կերպարը (Սոֆյա Սայադյան, Տիգրան Մելքոնյան, Առնոլդ Քոչարյան, Սոֆիա Թումանյան եւ մյուսները). բեմականացման մասնակից ողջ կոլեկտիվը բարձրության վրա է…
Հանդիսատեսը սիրում է թատրոնը, գնահատում անգամ թերություններով աշխատանքը. նրան չպետք է զրկել թատրոն հաճախելու հաճույքից: Խնդիրն սկսվում է դրամարկղից. գնային սխալ քաղաքականության պատճառով պարտերի աջ ու ձախ թեւերը, որպես կանոն, շարքերով թափուր են մնում. ներկայացումն ընթանում է կիսադատարկ դահլիճում, իսկ դրսում հանդիսատեսն արդեն չի էլ երազում հանդիսատես լինելու մասին…