Մարդկության պատմության դեռեւս վաղ շրջանում, երբ ձեւավորվել է առեւտուրը, եւ սկսվել շփումը տարբեր ցեղերի ու ժողովուրդների միջեւ, տարանցիկ ճանապարհների վրա կառուցվել են իջեւանատներ, քարավանատներ, պանդոկներ։ Իսկ Հայոց լեռնաշխարհը գրեթե բոլոր հատվածներով առեւտրական ճանապարհների խաչմերուկներում էր։
Ք. ա. 4-րդ դարում՝ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից հետո, հայոց երկրով էր անցնում նաեւ «Մետաքսի ճանապարհը»։ Այդ ժամանակից սկսած՝ Հայաստանը կապող օղակ էր Արեւելքի, մասնավորապես՝ Չինաստանի եւ Արեւմուտքի մեջ: Առավել բանուկ ու կարեւոր ճանապարհներից մեկն անցել է Սյունիքով, որի կազմում էին ժամանակին նաեւ Վայոց ձոր եւ Գեղարքունիք գավառները։ Նույն «Մետաքսի ճանապարհը» ձգվել է Որոտանի հովտով, անցել Վայոց ձոր՝ Արփայի ավազան, այնուհետեւ՝ Վարդենյաց լեռնանցքով իջել Արգիճի գետի ավազան։ Այս տարածքով էր անցնում նաեւ Դավրեժ-Պարտավ տարանցիկ ճանապարհը։ Բնական է՝ ճանապարհի ապահովության, ուղեւորների համար բարեկարգ օթեւաններ, անասունների համար կեր, գոմեր եւ այլ հարմարություններ ստեղծելու հարցով մտահոգվում էին արքաները, կալվածատեր իշխանները, վաճառական-առեւտրականները, ճանապարհորդները։ Նշված ճանապարհին միջնադարում գործել են մի քանի քարավանատուն-իջեւանատներ, որոնք հիմա էլ հիացնում են իրենց ճարտարապետական հորինվածքով, վաղեմությամբ։
Նույն պատմական ճանապարհը գործում է նաեւ այսօր՝ Վարդենիսի լեռնաշղթայի արեւմտյան հատվածում, ծովի մակերեւույթից ավելի քան 2400 մ բարձրությամբ գտնվող Վարդենյաց լեռնանցքով, որը Վայոց ձորի մարզը կապում է Սեւանա լճի ավազանին։ Իտալացի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն (15. 09. 1254-08. 01. 1324 թթ.) նույնպես անցել է այս տարածքով եւ իր «Աշխարհի հրաշքների մասին» գրքում նկարագրել է՝ ինչպես էին հայերն ապրում դժվարանցանելի լեռների մեջ։ Հաճախ ենք հատկապես ձմռանը լսում Վարդենյաց լեռնանցքի բաց կամ փակ լինելու մասին։ Դեռ մանկուց է ինձ ծանոթ այս լեռնանցքը։ Պապերս, հայրս հաճախ էին պատմում՝ ինչպես էին ձմեռները մեծ դժվարությամբ Եղեգնաձորի տարածքից եկել տուն՝ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղ։ Կապը Եղեգնաձորի ու Մարտունու տարածաշրջանների միջեւ մշտապես եղել է ու կա, իսկ Վարդենյաց լեռնացքը դժվարանցանելի էր հատկապես ձմռանը, երբ ձյան շերտը հասնում էր մինչեւ 2-3 մետրի։ Ըստ մի ավանդույթի՝ Սմբատ Օրբելյան իշխանի որդին ձնաբքի ժամանակ կորել է այդ լեռներում, եւ իշխանը, ի հիշատակ
որդու, կառուցել է տվել մի քարավանատուն, որը ժողովրդի մեջ հիշատակվում էր նաեւ Սելիմի կամ Սուլեմայի քարավանատուն։ Իմ հիշողության մեջ ծննդավայրիս՝ Գեղհովիտի բնակիչները, նաեւ պապերս, հայրս, այն կոչում էին «Խան»։
Գրեթե 10 տարի է, ինչ քարավանատունը կոչվում է Օրբելյանների իջեւանատուն՝ ի պատիվ այն կառուցող իշխանատոհմի։ Օրերս հերթական անգամ անցա Վարդենյաց լեռնանցքով։ Առաջին անգամ հունվար ամսին ճանապարհը բաց է՝ ոչ սառցակալած կամ ձյունապատ։ Այցելեցի նաեւ Օրբելյանների քարավանատուն, որը, ի տարբերություն միջնադարյան նմանատիպ կառույցների, լավ է պահպանվել։ Կառուցվել է 1332 թ. իշխան Չեսար Օրբելյանի միջոցներով։ Ամբողջությամբ բազալտե կառույց Քարավանատունն ունի ճարտարապետական մեծ ընդհանրություն գյուղական բնակելի տան հետ։ Հատկապես գլխավոր դահլիճը, որը 13×26 մ ուղղանկյունաձեւ սենյակ է եւ յոթ զույգ մույթերով բաժանվում է միջին (5.3 մ) եւ կողային (3.05 մ, 3.02 մ) նավերի։ Դահլիճի լուսավորությունն ապահովված է 3 երդիկներով, որոնք ներսից ունեն գեղեցիկ քանդակներ։ Բազիլիկաձեւ քարավանատան ընդհանուր երկարությունը 35.5 մ է, տարածքը՝ 298 քմ: Շենքը կառուցված է սրբատաշ բազալտով: Երկթեք տանիքը պատված է կղմինդրանման շարվածքով մեծ բազալտե սալաքարերով, ինչը պատմում է ժամանակի՝ հայ ճարտարապետների, շինարարների, վարպետների արհեստավարժության մասին: Գլխավոր սրահի կամարաձեւ մույթերի միջեւ կառուցված են մսուրները՝ 64 ձիերի, ուղտերի համար։ Միջին մասի մեջտեղում ողջ երկարությամբ, մոտ 1 մ լայնություն, 20 սմ խորություն ունեցող ավազանն է։ Վերջում կան 2 փոքրիկ սենյակներ՝ հյուրերի համար։ Դրանցից մեկը քանդված է։
Քարավանատան միակ մուտքը հարավային կողմից է։ Այն գեղաքանդակներով զարդարված շքամուտք է։ Բարավորին եղել է շինարարության մասին արձանագրություն, որ կառուցվել է 1326-1327 թթ.։ Արձանագրությունը վնասված է, լավ չի ընթերցվում։ Քարավանատան նախասենյակը գլխավոր սրահից մոտ 1 մ դուրս է ընկած։ Ներսում՝ արեւելյան պատին էլ կա արձանագրություն քարավանատան կառուցման վերաբերյալ. «Հանուն ամենազոր եւ զորեղ Աստծու, ԹՎ. ՉՁԱ (781+551=1332 թ.), աշխարհի տիրակալ Բուսայիդ խանի օրոք, ես` Չեսար, իշխանաց իշխան Լիպարիտի որդին, եւ մայրս` Աննան, Իվանեի թոռը, եւ իմ եղբայրները` առյուծների պես գեղեցկատես իշխաններ Բոիրթելը (Բուրթել) Սմբատը եւ Էլիկումը Օրբելյանների ազգից, եւ իմ կինը` Խորիշան՝ Սերիկարիմանների Վարդանի դուստրը [եւ…], կառուցեցինք այս հոգեւոր տունը մեր միջոցներով` մեր, մեր ծնողների եւ Քրիստոսին ապավինող մեր եղբայրների հոգիների փրկության համար, նաեւ իմ կենդանի եղբայրներ եւ որդիներ` Սարգիսի, Հովհաննես քահանայի, Քուրդի եւ Վարդանի համար։ Աղաչում ենք ձեզ, անցորդներ, մեզ հիշել Քրիստոսի մեջ։ Կառուցումը սկսվել է Եսայու քահանայությամբ եւ ավարտվել նրա աղոթքների շնորհիվ, ԹՎ. ՉՁԱ (1332թ.) տարում»:
Նախասենյակի պատերին կան քանդակներ, ոչ մեծ խորությամբ քանդակազարդ խորշեր, որոնցում այժմ նաեւ մոմ են վառում։ Շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ, արեւելյան մասում՝ ցուլ, արեւմտյան մասում՝ մարդու դեմքով առյուծ՝ թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում։ Այս բարձրաքանդակներն Օրբելյան տոհմի զինանշաններն են։ Վերին հատվածը եռանկյունաձեւ է՝ ներս ընկած հրաշակերտ քանդակներով զարդարուն։ Այդ դարերում ներկայիս Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերն ամբողջությամբ՝ ներառյալ նաեւ Արցախի Քաշաթաղի շրջանի արեւմտյան հատվածը, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի Մարտունու եւ Գավառի տարածաշրջանները, Վարդենիսի հարավարեւմտյան մասերը պատկանում էին Սյունիքի թագավորությանը, որին տիրում էին Օրբելյանները։ Նրանց օրոք Սյունիքը վերելք է ապրել: Նույնիսկ երբ 13-րդ դարի կեսերին Հայաստան են ներխուժել մոնղոլները, սարերում թաքնված Սյունիքը շատ քիչ է տուժել: Բացի այդ, խորամանկ եւ հմուտ դիվանագետներ Օրբելյանները Չինգիզ խանի թոռից ոչ միայն հետ են վերցնում իրենց հողերը, այլեւ կարողանում են ազատորեն զբաղվել ներքին գործերով, մասնավորապես` շինարարությամբ: Եվ նրանց կառուցած քարավանատունը, բացի հյուրանոց լինելուց, նաեւ պետք է տարբերվեր ճարտարապետական ոճով, զարդաքանդակներով։ Քարավանատանը կից՝ արեւելյան կողմում Սյունիքի իշխանները նաեւ մատուռ էին կառուցել, պահպանվել է սրբատան ավերակը։ Քարավանատունն ավերվել է 15-16-րդ դարերում, վերանորոգվել` 1956-1959 թթ.։
Այս քարավանատնից ներքեւ՝ Աղնջաձոր գյուղից մոտ 2 կմ հյուսիս՝ ձորի մեջ պահպանվել է նմանատիպ մեկ այլ քարավանատուն, որը կիսավեր վիճակում է։ Ունի միանավ հորինվածք, որի կիսաշրջանաձեւ թաղը ներքուստ պահում են 6 զույգ որմնասյուների վրա հենված թաղակիր կամարները։ Միակ մուտքը բացված է դեպի հարավ- արեւմուտք նայող վաղուց ի վեր փլուզված ճակատից։ Կառուցված է սրբատաշ բազալտ քարով։ Արտաքին չափերն են 23.3×10.6 մետր։ Լուսավորությունը, ինչպես մյուս քարավանատան, ապահովվել է 2 երդիկներով։ Պատերին արձանագրություններ չեն պահպանվել, սակայն շինարարական առանձնահատկությունները հուշում են՝ իջեւանատունը կառուցվել է 13-րդ դարի վերջին, 14-րդ դարի սկզբին։ Աղնջաձոր գյուղը Եղեգնաձոր քաղաքից ուղիղ գծով 17.2 կմ հյուսիս-արեւմուտք է՝ ծովի մակերեւույթից 1630-1675 մ բարձրության վրա՝ դեպի Գեղարքունիքի մարզի Մարտունի ձգվող ճանապարհին։ Գյուղը 13-14-րդ դարերում կոչվել է Դրունք (Տրունք) եւ Դեզպանարտ։ 19-րդ դարի վավերագրերում հանդիպում է եկվոր թյուրքական ցեղերից ժառանգված օտարոտի՝ Աղքենդ կամ Ենգիջա անվանումով։ Այնուհետեւ կոչվել է Լեռնանցք, իսկ 1968-ին վերանվանվել է Աղնջաձոր։