«…Բայց ես, ընդհանուր առմամբ, դժգոհ չեմ իմ բախտից, որոշ առումներով նույնիսկ շնորհակալ եմ: Պիտի ասեմ, որ որքան էլ մեր կյանքն այսօր ծանր է ու հոգսաշատ, տանել չեմ կարող անվերջ տրտնջացողներին ու հայհոյողներին, իրենց վիճակի համար շեֆին, հարեւանին, երկրին, նախագահին, Աստծուն, Ռուսաստանին կամ Ամերիկային մեղադրողներին, մանավանդ նրանց, ովքեր չեն փորձում ստեղծված իրավիճակում իրենց կյանքը հնարավորինս կարգավորելու, մի բան դեպի լավը փոխելու համար գոնե մի քայլ անելու: Ամեն մարդ պիտի արժանապատվորեն տեր կանգնի իր բախտին, փորձի շտկել ճակատագիրը՝ նշանաբան դարձնելով Սեւակի հայտնի տողերը. «Բախտ բերելս ո՞րն է, բախտը ձեռք են բերում…»:
Լեւոն ԲԼԲՈՒԼՅԱՆ
Այս տողերն իր՝ ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող Լեւոն Բլբուլյանի «Խոսք ու զրույց» ծավալուն ու ընթերցողին անմիջապես ձգող, «իրենով անող» գրքից են, տասնամյակների հունձք՝ հագեցած մեր ապրած ժամանակների, իր եւ հայ երեւելի մեծերից շատերի շնչառությամբ: Նաեւ լրագրողական պատկառելի վաստակ ունեցող հեղինակը կազմել, իմի է բերել տասնամյակներ շարունակ իր վարած հարցազրույցները մեր «ազգային ոգին առավելագույնս կրող» մտավորականների, արվեստագետների, մշակութային գործիչների հետ, խորիմաստ ու տարողունակ հարցադրումներով «բացել» նրանց հոգու դռներն ու առնչվել ներաշխարհի գույներին, անցած ճանապարհին, հոգսերին ու մտորումներին: Նոր այս գիրքը բնույթով նման է հեղինակի նախորդ՝ «Ժամանակ եւ դեմքեր» ու «Տարիների միջով»՝ ընթերցողին քաջածանոթ գրքերին,ավելի ճիշտ, ժանրային, կառուցվածքային առումով այդ երկուսի յուրահատուկ միավորումն է, դարձյալ հրապարակախոսական ուղղվածությամբ, անշուշտ, արդիական, ժամանակահունչ նոր նյութերով:
«Խոսք ու զրույց»-ն առանձնանում է ժանրային ու կառուցվածքային շահեկան լուծումով. առաջին բաժնում բազմափորձ լրագրողի հարցազրույցներն են ամենատարբեր բնագավառներ ներկայացնող հայտնի մարդկանց հետ՝ սիբիրյան աքսորավայրերում կյանքը մաշեցրած բանաստեղծ, ազգային գործիչ Բոգդան Ջանյան, համբավավոր քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյան, հեռուստաէկրանից մարդկանց տներն ու հոգիները «թափանցող» Հրաչուհի Ջինանյան, իր տաղանդը հերքողներից հենց ի՛ր տաղանդո՛վ «վրեժ լուծող» Գեւորգ Էմին, հայ երգը «տաշի-տուշի» չհամարող ու չընդունող մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար ու դիրիժոր Կոնստանտին Օրբելյան, «բարոյականության դիկտատուրայի» երդվյալ գրող Պերճ Զեյթունցյան, մայրենիի պաշտպանության նվիրյալ, փարիզաբնակ բանաստեղծուհի Հիլդա Գալֆայան, հրապարակախոս, թարգմանիչ, իր ղեկավարության օրոք ՀԳՄ-ն վերաշնչավորած հրապարակախոս, թարգմանիչ Լեւոն Անանյան, գրականագետ Դավիթ Գասպարյան, տարբեր ոլորտներում հայտնի այլ դեմքեր՝ հյուրընկալված ու ներկայացված տարանուն թերթերում ու հանդեսներում:
«Գրողը եւ ժամանակը» խորագրի ներքո իր՝ «երկու ժամանակների մեջ ապրած» բանաստեղծի խոհերն ու մտորումներն են մեզ բաժին հասած ոչ նախանձելի ժամանակների, այլասերող իրողությունների, անպատժելիության, մերժելի այլ դրսեւորումների շուրջ: Ու նաեւ իր՝ բանաստեղծի կայացման ընթացքը, պատանեկան տարիքում իր նախասիրած հեղինակներն ու նրանց գրքերը, իր համար «պոեզիայի աշխարհը բացած» Պարույր Սեւակի «Մարդը ափի մեջ» ժողովածուն. «Կարելի է ասել, որ հենց Սեւակի «խորհրդով ու միջամտությամբ» ես մուտք գործեցի Նարեկացու, Սայաթ-Նովայի, Չարենցի, Վարուժանի, Մեժելայտիսի աշխարհը…»: Այնուհետեւ՝ ուշագրավ անդրադարձ իր մասնակցությամբ Ռումինիայի պոեզիայի միջազգային փառատոնին, անմոռաց տպավորություններն ու հանդիպումներն օտարազգի գրչակիցների հետ: «Թե Կուրետա Դե Արջեշում ու Բուխարեստում, թե մոսկովյան հանդիպումների ծամանակ ես նորից ու կրկին համոզվեցի, որ երիցս ճշմարիտ է ասված, թե պոեզիան, մշակույթն առհասարակ, միավորում է ազգերին, ու այդ քաղաքականությունն է, որ բաժանում, պառակտում է շարունակաբար: Հազա՜ր երանի, ուրեմն, որ, ի վերջո, պոեզիան, մշակու՛յթը հաղթանակեն աշխարհի բոլո՛ր հորիզոնականներում…»,- գրում է բանաստեղծը: Այնուհետեւ՝ մտորումներ «ֆեյբուքյան» բանավեճի, մայրենի լեզվի, կոչումով արվեստագետի, ակամայից «արարման մղող» համավարակի՝ քովիդ կոչված չարիքի ու դրանից պաշտպանվելու շուրջ:
Գրքի հերթական «կանչող» բաժինը՝ «Ժպիտներ՝ հեռու ու մոտ օրերից», փոքրիկ մանրապատումներ են՝ քննություն գյուղինստիտուտում, հուշի պատառիկ՝ Աղավնաձորի ճամբարում գրողների հետ հանդիպումից, ծառայություն բանակում եւ հոսպիտալ, ծովափնյա գիշերներ, գեղեցիկ հուշեր, հանդիպումներ, տպավորություններ Փարիզից: Կարծում եմ, նաեւ իմ ա՛յս հուշումները դեպի գիրքը «կձգեն» բանաստեղծի հարյուրավոր ընթերցողներին:
Լեւոն Բլբուլյանի բանաստեղծական գրչին շատ «գրականագետներ» կարող են նախանձել: Ահա նրա ջերմ, անշահախնդիր անդրադարձները գրչակից ընկերներին՝ Հրաչյա Սարուխան, Լիպարիտ Սարգսյան, Արամայիս Սահակյան, Մարո Մարգարյան, Երվանդ Պետրոսյան, Համլետ Կարճիկյան, Հովիկ Վարդումյան, ուրիշ հեղինակներ: Նրանց մասին ասված խոսքը՝ անկեղծ, պատկերավոր, անշինծու, մտերմիկ: Եվ այս գեղեցիկ, խոսքաշեն փունջը՝ «Գրական բարեկամություն» խորագրի ներքո: Շատերը նրան կարող են նախանձել հատկապես որպես հարյուրավոր երգերի տեքստերի հեղինակի. երգարվեստի դաշտում բանաստեղծը համագործակցել է Կոնստանտին Օրբելյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Տիգրան Մանսուրյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի, Արամ Սաթյանի, այլ կոմպոզիտորների հետ: Եվ անդրադարձել է նրանց հետ համագործակցությանը հարցազրույցներով կամ ակնարկային հրապարակումներով:
Բանաստեղծին առավել խորքով ես սկսում ճանաչել՝ ընթերցելով իր տված հարցազրույցներն ամենատարբեր լրատվամիջոցների: Սրանցում արդեն բանաստեղծն ինքն է բացում իր «հոգու» վարագույրները՝ խոսելով իր ակունքների, անցած գրական, լրագրողական ճանապարհի, գրական դաշտի, իր ծավալած թարգմանչական աշխատանքի, մեր կյանքում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների, դրական կամ մերժելի երեւույթների, հրատապ ու ամենքիս հուզող այլեւայլ հարցերի մասին: Եվ այս բոլորը՝ գրքի «Ինձ մոտենալով ու հեռանալով» բաժնում:
Անժխտելի է Լեւոն Բլբուլյանի ներդրումը թարգմանության ոլորտում. ռուսական պոեզիայից՝ Վլադիմիր Վիսոցկի, Աննա Ախմատովա, Վլադիսլավ Խոդասեւիչ, Բուլատ Օկուջավա, ժամանակակից ռուս այլ բանաստեղծներ: Նաեւ՝ պարսկական պոեզիայի փառքերից մեկը՝ Օմար Խայամ: Եվ ինչպիսի կատարյալ «հայացում», մայրենիի ինչպիսի պանծացում: Եվ ինչպիսի գեղեցիկ ու տարողունակ խոսք՝ իր թարգմանած հեղինակների, նրանց յուրովի արժեւորման խորհրդով: Գիրքն ամփոփվում է հենց այս՝ «Հոգեւոր կամուրջներ» մասով, որը լեցուն է նաեւ տաղանդաշատ մեր գրչընկերոջ կատարած թարգմանություններով: Դրանցից «առյուծի բաժինն» անմահ Խայամից է: Շնորհավորելով Լեւոն Բլբուլյանին իր «Խոսք ու զրույցի» առիթով՝ ոչ գրականագետի մեր խոսքն ամփոփենք խայամական մի սքանչելի քառատողով.
Որքա՜ն մարդիկ քնում, սակայն առավոտյան չեն զարթնում,
Քանի՜սը կան, որ երբեւէ սիրո աշխարհ չեն մտնում,
Ու որքա՜ն են նրանք, ովքեր զուգված ոսկի-արծաթով՝
Մարդկային դեմքն են կորցրել ու այլեւս չեն գտնում…
Ասես մեր օրերում ասված խոսք, որ գալիս է դարերի խորքից եւ որը, շնորհիվ կատարյալ թարգմանության, շնչում է հայերեն…