«…Հայ արուեստագէտներու շարքին մէջ կը գտնենք կարգ մը փայլուն անուններ, որպէս են Այվազովսքի, Էտգար Շահին, Վարդան Մախոխեան, Թերլէմեզեան եւ այլք, որ կրցած են եւրոպական վարպետներու համաստեղութեան մէջ ուրոյն տեղ գրաւել. բայց՝ որքան որ մեզի ծանօթ է՝ գեղեցիկ սեռէն գեղուարվեստի հետեւող եւ եւրոպական հրապարակի վրայ անուն շահող միայն մէկը ունինք, որ է օրիորդ Զապել Գ. Պօյաճեան: Դէմք մըն է Զապել Պօյաճեան, զօր ամեն հայ ճանչնալու է, եւ ճանչնալով՝ անունով հպարտ զգալու է: Բազմակողմանի կարողութիւններով օժտուած անձնաւորութիւն մըն է ան: Նոյն ատեն նկարիչ է, գրագետ է, բանաստեղծ է, խորազնին ուսանող եւ իմաստասէր…»:
Այսպես է մեծարել անցյալ դարասկզբի հայկական մամուլը նոր ժամանակներում շատերիս անծանոթ առինքնող այս հայուհուն՝ մեկը այն հայուհիներից, որի անունը հիշատակվում է վերոնշյալ մեծերի անունների կողքին: Ուրեմն գանք ակունքներից. ծնվել է 1872-ին, Դիարբեքիր վերանվանված հայկական Ամիդ քաղաքում: Ծննդյան անունը եղել է Իզաբել Քեթրին: Հայրը՝ Թովմաս Բոյաջյանը, Օսմանյան կայսրությունում Անգլիայի հյուպատոսն էր, մայրը՝ Քեթրին Ռոջերս Բոյաջյանը՝ անգլուհի, որ տիրապետում էր հայերենին:
Իզաբելն ունեցել է անհոգ մանկություն, ամառներն անցկացրել Խարբերդում, հորաքրոջ տանը: Նրա անամպ օրերն ավարտվում են 1895-ին, երբ արյունարբու Աբդուլ Համիդի կազմակերպած ջարդերի ժամանակ աղջիկը կորցնում է հորը: Մայրը որդու՝ Հենրիի եւ որպես ծառաներ իրենց հովանու տակ վերցրած հինգ հայերի հետ մեծ դժվարությամբ հեռանում է Թուրքիայից եւ ապաստանում Լոնդոնում: Այստեղ Իզաբելն ստանում է գերազանց կրթություն, սովորում հռչակավոր Սլեյդ գեղարվեստի դպրոցում, անգլերենից եւ մայրենիից բացի՝ տիրապետում բազում լեզուների՝ ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ռուսերեն, շվեդերեն, էսպերանտո: Կարճ ժամանակ անց բազմիմաց հայուհին ճանաչվելու էր որպես էսպերանտոյի միջազգային ընկերության Լոնդոնի մասնաճյուղի հիմնադիրներից: Ավելին՝ որպես դերասանուհի մասնակցելու էր Քեմբրիջում կազմակերպված էսպերանտոյով թատերական ներկայացումների: Պատկանելով երկու ազգերի, իր պարտքն էր համարում քիչ ճանաչված եւ մշտապես հալածված հայկական կողմին ներկայացնել առավել բարեբախտ մյուսին: Այդ իսկ պատճառով իր Իզաբել անունը փոխարինում է դեռեւս միջին դարերում հայացված Զաբելով եւ նվիրվում հայ ժողովրդին անգլիախոս հասարակությանը ներկայացնելու, առավել ճանաչելի դարձնելու գործին: 1901 թ. Լոնդոնում հրատարակում է «Եսթեր. մի կյանքի սիրավեպը» գիրքը՝ նկարագրելով հայության աղետալի վիճակը սուլթանական Թուրքիայում: Այն լույս է ընծայում Վարդենի ծածկանունով, որպեսզի իրենց կոստանդնապոլսեցի ազգականներին հանկարծ չվնասեն: Առաջին իսկ գրքով ունենում է մեծ հաջողություն, վեպը թարգմանվում է գերմաներեն, իսկ մի լրագիր գրում է հեղինակի մասին. «Ո՞վ է սա: Եթե անգլիացի է՝ հայկական կյանքի մասին ինչպե՞ս այսչափ գիտի: Իսկ եթե հայ է՝ ինչպե՞ս կարող է այսպիսի անգլերեն գործածել»:
Ի դեպ, Զաբել Բոյաջյանին գրականությամբ զբաղվելու են մղել նրա մտերիմ բարեկամները՝ Արշակ եւ Արամ Րաֆֆիները՝ անմահ վիպասանի որդիք: Զաբելը ջերմ սիրով կապված է եղել գրողի այրու՝ Աննա Րաֆֆու հետ, անգլիական մամուլում հանդես եկել գրողի մասին հոդվածներով, թարգմանել նրա բանաստեղծություններից, իսկ «Հարեմ» վիպակը վերածել թատերախաղի: Րաֆֆի եղբայրների անմիջական հորդորներով եւ մասնակցությամբ էլ ստեղծվել է իր թարգմանած կոթողային ժողովածուն՝ «Հայկական առասպելներ եւ բանաստեղծություններ» խորագրով: Գրքի առաջաբանը գրել է մեր ժողովրդի բարեկամ Ջեյմս Բրայսը: Այս հատորյակը երկար տարիներ մնացել է անգլերենով հայ գրականության լավագույն ժողովածուն: Բոյաջյանի թարգմանությունները համեմատվել են Ֆիցջերալդի թարգմանությունների հետ, իսկ նրա անգլերեն լեզուն եւ ոճը՝ Միլթոնի հետ, ինչը չափանիշ է անգլիագիր հեղինակների համար:
Բազմաշնոր հայուհին եղել է ճամփորդությունների սիրահար՝ ոտքի տակ է տվել ողջ Եվրոպան, հասել մինչեւ Լապլանդիա, եղել ֆրանսիական ալպինիստների միության անդամ: Հունաստան կատարած ուղեւորության արդյունքում է ծնվել իր տեսակլի մեջ ինքնատիպ մի պատկերագիրք՝ «Գրչով եւ ներկապնակով՝ Հունաստանում», տպագրել է «Գիլգամեշ. հավերժական որոնումը» դյուցազներգությունը, Նյու Յորքում բեմադրված «Էջմիածին» թատերախաղը: Զբաղվել է թարգմանությամբ. անգլերեն առանձին գրքով հրատարակել է Ավ. Իսահակյանի «Աբու լալա Մահարի» պոեմը, որն ունեցել է երեք տպագրություն: Արդեն լայն ճանաչման արժանացած Զաբելը գրական իր ամենանշանավոր հաջողություններից է համարել «Շեքսպիրին ի պատիվ գիրք» ծավալուն հատորյակում ընդգրկվելը, ժողովածու, որում զետեղվել են այլազգի տարբեր հեղինակների հոդվածներ եւ բանաստեղծություններ: Հայ ժողովրդին ներկայացրել է Զաբել Բոյաջյանը՝ մեծ անգլիացուն նվիրված չափածո ձոներգով, որն համարվել է հատորյակի ամենագեղեցիկ գործերից մեկը: Շեքսպիրի ծննդյան 300-ամյակի տոնակատարության ցերեկույթին, որին ներկա են եղել անգլիական կառավարության եւ դեսպանատների ներկայացուցիչները, այդ գրքից կարդացվել է ընդամենը երկու գործ՝ այսօր անգամ մեզ հպարտություն ներշնչող հայուհու եւ նշանավոր Թոմաս Հարդիի բանաստեղծությունները:
Այսուհանդերձ, հայկական Ամիդում ծնված գրողն իր առաջին կոչումն համարել է նկարչությունը, վրձնել է երփնագիր բազմաթիվ աշխատանքներ, առավելապես՝ բնանկարներ ու դիմանկարներ: Ստեղծել է նաեւ Րաֆֆու, զորավար Անդրանիկի յուղաներկ դիմապատկերները:
Բազմաթիվ կարողություններով օժտված՝ բանաստեղծ, վիպասան, նկարիչ, իմաստասեր, անսպառ եռանդով լեցուն հայուհուն, ավաղ, վիճակված էր կյանքի վերջին տարիներն ապրել հոգսերով ծանրաբեռ ու զրկանքների մեջ եւ 1957-ին հրաժեշտ տալ կյանքին Մեծ Բրիտանիայի Սիֆորդ բնակավայրում՝ հեռու ծննդավայրից, հայրենիքից, օտար եզերքներում…