«Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար: Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի՝ տհաս, եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի տկար է…»:
Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ
Գուցե լինեն շատերը, որոնց բախտ չի վիճակվել դիտելու բոլոր ժամանակների խոշորագույն ողբերգակ Շեքսպիրի «Համլետի» էկրանավորման հայերեն թարգմանության տարբերակը: Եվ գուցե շատերն են ծանոթ ֆիլմում Համլետի սքանչելի դերակատար Ինոկենտի Սմոկտունովսկու այն խոստովանությանը, թե՝ հայերեն թարգմանությունն ավելի բարձր է, քան իր խաղը: Եվ դա՝ շնորհիվ մեծատաղանդ Խորեն Աբրահամյանի փառահեղ կրկնօրինակման, իսկ դրանից առաջ՝ շնորհիվ շեքսպիրյան գործերի անգերազանցելի թարգմանիչ Հովհաննես Խան Մասեհյանի:
Իրանի Թեհրան քաղաքում է ծնվել թարգմանիչ, պետական-հասարակական գործիչ, դիվանագետ, հրապարակախոս, մանկավարժ եւ խմբագիր, Շեքսպիրի, Ջորջ Բայրոնի ստեղծագործությունների հայերեն առաջին թարգմանիչ Մասեհյանը: Նրա հայրը՝ Ծերունի աղա Մասեհյանը, եղել է պարսից Նասրեդդին շահի արքունական ոսկերչապետը: Փոքրիկ Հովհաննեսի առաջին կրթարանը եղել է սուրբ Թադեւոս-Բարդուղիմեոսի եկեղեցուն կից վարժարանը: Միջնակարգ կրթությունն ստացել է հայաշատ Թեհրանի Հայկազյան դպրոցում եւ Թավրիզում, ապա ավարտել Փարիզի ֆրանսիական քոլեջը:
Տիրապետելով բազմաթիվ լեզուների՝ հայերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, ռուսերեն՝ 20 տարեկանում նշանակվում է շահի պալատական թարգմանիչ, միաժամանակ ուսուցչություն անում իր ուսանած Հայկազյանում: 1887-ին, որպես Նասրեդդին շահի պատվիրակության ավագ թարգմանիչ, մեկնում է Լոնդոն: 1886-ից ղեկավարում է Հայկազյան դպրոցը, ընտրվում Ուսումնասիրաց ընկերության նախագահ, հիմնում եւ խմբագրում է իրանահայ առաջին տպագիր պարբերականը՝ «Շավիղ» շաբաթաթերթը: 1894-ին մեկնում է Պետերբուրգ՝ որպես Իրանի թագավորի պատվիրակության թարգմանիչ, 1897-ին՝ Լոնդոն՝ պատվիրակության առաջին քարտուղար: 1895-1901 թթ. Իրանի արտաքին գործերի նախարարությունում վարում է մամուլի բաժնի վարիչի, արեւելյան երկրների բաժնի պետի, օպերատիվ տեսչի պաշտոնները՝ շարունակելով մնալ թագավորի թարգմանիչը:
Չնայած բնությունը Մասեհյանին շնորհել էր գրելու, բանաստեղծելու ակնհայտ տաղանդ, սակայն նա իր ամբողջ գիտակցական կյանքը, դիվանագիտական փայլուն գործունեությանը զուգահեռ, նվիրելու էր թարգմանական արվեստին: Հայտնի է, որ Մասեհյանն Ավետիք Իսահակյանի խորհրդով է սկսել շեքսպիրյան գլուխգործոցների հայացումը: Առաջին թարգմանությունը՝ «Համլետը», լույս է տեսել 1894-ին: Դրան յուրաքանչյուր տարի հաջորդում է մի նոր թարգմանություն՝ «Ինչպես կուզեք», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Վենետիկի վաճառականը», «Արքա Լիր»: Շուրջ քառորդ դար անց՝ «Օթելլոն» եւ «Մակբեթը»: Ինչպես վկայում է երախտաշատ Ռուբեն Զարյանը՝ Մասեհյանի կատարած թարգմանությունները նշյալ գործերով չեն սահմանափակվում. թարգմանչի մահից հետո նրա թղթերի մեջ գտնվել են ուրիշ թարգմանություններ եւս՝ «Անտոնիոս եւ Կլեոպատրա», «Իզուր աղմուկ», «Փոթորիկ», «Հուլիոս Կեսար», «Կորիոլան»: Սրանց հետ միասին նաեւ «Ռոմեո եւ Ջուլիետի» վերախմբագրված թարգմանությունը: Վերջին երեքը լույս են տեսել Վենետիկում եւ Թեհրանում: «Ըստ անդրանիկ կենսագրի հաղորդած տվյալների,- գրում է Ռուբեն Զարյանը,- Մասեհյանի թարգմանություններից վեցը՝ «Թիմոն Աթենացի», «Ձմեռային հեքիաթը», վերամշակված «Արքա Լիրը», «Ինչպես կուզեքը» ու երկու այլ, մեզ անհայտ գործեր, կորել են: Նշանակում է՝ Մասեհյանը Շեքսպիրից կատարել է ոչ թե յոթ թարգմանություն, ինչպես մինչեւ հիմա էր հայտնի, այլ տասնչորս: Նկատի ունեմ՝ 12-ը, որոնք հրապարակի վրա են եւ երկուսը, որ թեեւ կորել են, բայց հայտնի է, թե ինչ պիեսներ են եղել…»: Դեռեւս արքունի թարգմանիչ եղած տարիներին Մասեհյանը եվրոպական մի շարք գրողներից թարգմանություններ է կատարել նաեւ պարսկերեն լեզվի:
Մասեհյանը, ըստ զբաղմունքի, դիվանագետ էր: Երկար տարիներ դեսպանատներում բարձր պաշտոններ է վարել եւ հակառակ Պարսկաստանում ընդունված այն կարգի, թե՝ այլազգին, այն էլ ոչ մահմեդականը, չի կարող պետությունը ներկայացնել մեկ այլ պետության առաջ, եղել է բարեկամ Պարսկաստանի լիազոր դեսպան Բեռլինում, Լոնդոնում եւ Տոկիոյում: Վարած պաշտոնները նրան ոչ միայն պատիվ ու հեղինակություն են բերել, այլեւ այնպիսի արտոնություններ, որոնց հազվադեպ են արժանացել ոչ մահմեդականները, համենայնդեպս, Պարսկաստանում: « Եվ, այնուամենայնիվ,- ընդգծում է խորագիտակ Ռուբեն Զարյանը,- Խան Մասեհյանի անունը մեր գրականության մեջ անմահանալու էր ոչ թե նրան արված այդ պատիվների շնորհիվ, այլ շեքսպիրյան թարգմանությունների: Եթե իմ միտքը կամենամ պատկերավոր արտահայտել, ապա պետք է ասեմ, որ այո, նա որպես դեսպան անմահացավ, բայց որպես անգլիական հանճարի լիազոր դեսպան՝ հայության մեջ…»:
Անուրանալի է այս մեծ հայորդու երախտիքը պարսկական դպրոցների հիմնադրման եւ ընդարձակման գործում: Նրա նախաձեռնությամբ է 1899-ին Թեհրանում բացվել քաղաքական գիտությունների դպրոցը, որտեղ եղել է միջազգային իրավունքի եւ ընդհանուր պատմության ամբիոնի վարիչը եւ դասախոսը: 1901-ին սկսվելու էր նրա կյանքի եվրոպական փուլը, որը նշանակալից էր ոչ միայն դիվանագիտական աշխատանքի, այլեւ ստեղծագործական եւ ազգային-հասարակական-քաղաքական գործունեության տեսակետից. նույն այս թվականին նշանակվում է Գերմանիայում Իրանի դեսպանի խորհրդական, 1905-ին՝ գործերի հավատարմատար: Իրանը ներկայացնում է միջազգային մի շարք խորհրդաժողովներում՝ Բեռլին, Փարիզ, Լոնդոն, այլուր: 1912-ին դեսպան է նշանակվում Գերմանիայում, 1916-ին Լոնդոնում մասնակցում է Շեքսպիրի մահվան 300-ամյակի հանդիսություններին: Նույն թվականին մտնում է Պողոս Նուբարի գլխավորած հայկական ազգային պատվիրակության կազմի մեջ: 1927-ին նշանակվում է Իրանի դեսպան Անգլիայում, 1930-ին՝ Ճապոնիայում:
Բուռն ու հունձքառատ կյանք, որ արարումների եւ գործունեության նոր շրջափուլերով կարող էր հարստանալ: Մինչդեռ անողոք է իրականությունը՝ մեծ հային ապրելու շատ քիչ ժամանակ էր մնացել. 1931 թ., ծանր հիվանդության պատճառով, հրաժարական է ներկայացնում եւ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 19-ին, Ճապոնիայի մայրաքաղաքից Թեհրան վերադառնալու ճանապարհին՝ Չինաստանի Խարբին քաղաքում, մեծանուն թարգմանիչն ու լիազոր դեսպանը հրաժեշտ է տալիս երկրային կյանքին…