Հայրենի Արցախ աշխարհը մեծանուն զավակների պակաս երբեւէ չի ունեցել՝ փառահեղ զորականներ, աշխարհահռչակ գիտնականներ, գրողներ, պատմաբաններ, արվեստագետներ, մարզիկներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Ունեցել է նաեւ վաստակաշատ ու համաժողովրդական սիրո արժանացած դուստրեր, որոնցից մեկն էլ Ղարաբաղի «նախշուն բաջին» է՝ աշխարհի բեմերը «ոտնատակ տված» փայլուն պարուհի-երգչուհի Արեւ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ ծնված հայոց շքեղ ու անառիկ բերդաքաղաք Շուշիում:
Ինչպես երգչուհու արիստոկրատ զարմից սերված մայրը՝ Սիրանուշն է վկայել. «Նորածին աղջիկս այնքան շիկահեր եւ սպիտակամաշկ էր, որ թվաց, թե շրջապատում ամեն ինչ արեւի պես պայծառացավ: Այդ պատճառով էլ անունը Արեւ դրեցինք…»:
Ապագա «նախշուն բաջին» երեք տարեկան էր, երբ նրանց՝ վարպետ Գրիգորի ընտանիքը տեղափոխվում է հայաշեն ու հայաշատ Բաքու: Զրուցասեր, մարդամոտ մարդ էր վարպետ Գրիգորը, ինչը պայման էր օջախի մշտապես մարդաշատության, հանպատրասից երգի, խոսք ու զրույցի: Իսկ Արեւի համար, թերեւս, բարեբախտություն ու ճակատագրական էր լինելու այն, որ հորեղբայրը ճանաչված երգասաց էր՝ աշուղ Աշխույժը, ով ի սկզբանե նկատել էր իր եղբոր դստեր աստվածատուր շնորհը եւ հաճախ էր կրկնում. «Քո անսովոր երաժշտականությունը ժամանակին քեզ վեր կտանի, փոքրիկս…»:
Այդ վերընթացի ճանապարհն սկիզբ էր առնելու այն օրվանից, երբ Արեւը ոտք է դնում Բաքվի պարի ուսումնարան: Ճանապարհը ճիշտ էր ընտրված. ուսումնառությունից հետո առաջին բարձունքը, որ նվաճում է՝ 1936-ին Դոնի Ռոստովի երգի եւ պարի օլիմպիադայում տարած հաղթանակն էր՝ առաջին մրցանակ: Սրան հաջորդում է թերեւս անհավանական թվացող իրողությունը՝ տաղանդավոր հայուհին ընդունվում է Ադրբեջանի պարի պետական անսամբլ՝ որպես մենապարուհի: Բացառիկ մի բան, որը խոսում է պարարվեստում արդեն իսկ կայացած արտիստի վաստակած մեծ հեղինակության մասին: Այսուհանդերձ, զարմանալի է եւ այն, որ երգի-պարի համար ծնված օրիորդն այդ ընթացքում ընդունվում եւ 1937-ին ավարտում է ոչ այլ ինչ հաստատություն, քան Բաքվի տնտեսագիտական ինստիտուտը:
1938 թվական. հանդիպում Ավետիք Իսահակյանի հետ՝ Մոսկվայում: Վարպետը շուշեցի սիրունատես աղջկան խորհուրդ է տալիս տեղափոխվել Հայաստան: Երեք տարի անց, երբ սկսվել էր Մեծ հայրենականը, Արեւ Բաղդասարյանը դառնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար: Պատերազմի տարիներին ընդունված էր՝ մարտնչող զինվորներին ոգեշնչելու համար խրամատներ ու առաջնագիծ էին մեկնում հայտնի երգիչներ, երաժիշտներ, արվեստագետներ ու գրողներ: Պարուհին, որ արդեն ճանաչված էր նաեւ որպես երգչուհի, պատերազմի ամբողջ ընթացքում պարբերաբար հանդես է գալիս 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկների խրամատներում ու դիրքերում, վերադառնում՝ բազմաթիվ մեդալներով, շքանշաններով կուրծքը զարդարած:
Պատերազմի ավարտից հետո աշխատանքի է անցնում Արտեմի Այվազյանի ղեկավարած ջազ նվագախմբում, համերգներով հանդես գալիս նախկին միության բազմաթիվ քաղաքներում, արտերկրում՝ Վիետնամ, Բիրմա, Չինաստան, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, Ինդոնեզիա, Նեպալ, Հնդկաստան, Պակիստան, Բեյրութ, Եգիպտոս, Կանադա, այլուր: Այսինքն՝ ողջ մոլորակով մեկ: 1981 եւ 1991 թթ. հյուրախաղերով մեկնում է նաեւ Միացյալ Նահանգներ, ելույթներ ունենում մայրաքաղաք Վաշինգտոնում:
Բեմական կեսդարյա արգասաբեր գործունեության ընթացքում վաստակաշատ արտիստուհին շուրջ 32 տարի ղեկավարել է «Բարեկամություն» երգի եւ պարի անսամբլը, մայրցամաքից մայրցամաք ունկնդրին ներկայացրել աշխարհի մոտ 70 ազգերի տասնյակ երգեր ու պարեր:
Իսկ իր երգած երգերից ո՞րն էր ամենահոգեհարազատն իրեն՝ շուշեցի «նախշուն բաջիին»: Իհարկե՝ իր իսկ հեղինակած «Ղարաբաղա նախշուն բաջի»-ն, որի հորինման եւ երգելու համար մայրը խոստացել եւ ականջի գինդեր՝ օղեր էր նվիրել շիկավարս իր դստրիկին: Երգ՝ առավել քան շքեղացած նազանքով լի իր գեղեցիկ պարով…
Արեւ Բաղդասարյան արցախածին հայուհին ապրեց գեղեցկով լեցուն 81-ամյա մի կյանք: 1994-ին իջավ նրա կյանքի վարագույրը՝ ժողովրդի հոգում թողնելով երգեցիկ իր սրտի տրոփյունը: Եվ մայր հողին փարվեց «Նախշուն բաջու»՝ ամենքիս հայտնի ու հարազատ տարազով…