Եթե աշխարհի գեղարվեստական ընկալման եւ արտահայտման էության եւ ձեւերի առումով Հովհաննես Թումանյանի արվեստն անցել է փոփոխության եւ զարգացման որոշակի փուլեր (հանգամանորեն վերլուծված մի շարք գրականագետների աշխատություններում), ապա անհատի ձեւավորման, արժեքային համակարգի կայունացման, կենսափիլիսոփայության հաստատուն հիմքերի առումով արդեն 19–21-ամյա երիտասարդը մեզ ներկայանում է որպես լիովին հասուն, ամբողջական անձնավորություն՝ կուռ աշխարհայացքով եւ բարոյական հստակ դիրքորոշմամբ:
Ահավասիկ այդ տարիների նամականիում հընթացս արված մի քանի ինքնա-գնահատական. «թող ես խաբված լինեմ, բայց ունենամ իմ սեփական եւ հաստատ հույսս ու համոզմունքս», «ես տանող չեմ ոչ մի բռնություն, ոչ մի բարոյական ճնշում», «գլխիս զորագնդեր էլ կանգնացնեն, ո՛չ ոքից վախենալու չեմ», «խու ձու չեմ, որ կոտրվեմ», «իմ նամակները իմ գրելու րոպեի տրամադրության նկարագիրներն են. ես չեմ կարող կեղծ նամակ գրել»:
Ընդ որում, այդ շրջանի նրա զավեշտախառն ինքնագնահատականների մեջ արդեն ցայտուն է ուրույն թումանյանական հումորը: «Այն էլ գիտես,-«խոստովանում է» ընկերոջը,- որ ես ինձանից խելոքների հետ եմ ընկնում. ասած ա է, թե քոսոտ էծը պարզ աղբրի ակնիցը կխմի»: «Սրանք ինձ ասում են, հավատացնում են, որ ես շատ բանջարեղ (հանճարեղ) բանաստեղծ եմ»: Կամ՝ «Իմ չունեցած պատվին չգիտեմ ինչու ես դիպչում», «եւ ես ուշքի եկա. ասենք խելք չունեմ, որ ասեմ խելքի եկա», «շատ կարճ ժամանակ ունեցանք իրար հետ խոսելու երկու տիեզերափչակ բանաստեղծներս» եւ այլն:
Արդեն իսկ եղած կենսափորձը հիմք է տալիս երիտասարդ բանաստեղծին ըմբռնելու այն ճշմարտությունը, որը մեզանից ամեն մեկը վաղ թե ուշ «բացահայտում է», այն է՝ կյանքի բնականոն ընթացքը միալար չէ. ծնունդ եւ մահ, վերելք եւ վայրէջք, ոգեւորություն եւ հիասթափություն, ձեռքբերումներ եւ կորուստներ…. Եվ ահա երբ առիթ է լինում սեփական կենսափիլիսոփայությանն անդրադառնալու, Հովհ. Թումանյանը դիմում է բնության պատկերներին, հորդորում զրուցակցին սովորել բնության իմաստությունից, խորամուխ լինել նրա առեղծվածների մեջ. սա մի վերաբերմունք է, որը հասնելու է պաշտամունքի եւ դառնալու է նրա մտածելակերպի անքակտելի տարրը: Նայիր ու տես, գրում է նա ընկերոջը, թե ինչպես եւ ինչու է տարերքը հուզվում եւ հանդարտվում. «Ինչի նման կլիներ, եթե ալեկոծված օվկիանոսի ալիքները հախուռն հորձանքով գնան միալար եւ ներկայացնեն մշտական անվերջ ալեկոծում: Դորա համար նրանց սպասում է ափին բարեկամը՝ ժայռը, որ այդ մոլեգնության կամ տանջանքի ժամին ցրվում է նրան ցավերը, մեղմացնում կրքերը եւ խաղաղություն տալիս»:
Այդ ժայռ-խորհրդանիշը, ըստ իս, շատ բան է բացատրում, պարզում Հովհաննես Թումանյանի հետագա ամբողջ կյանքի եւ ազգային-հանրային գործունեության գլխավոր առանձնահատկություններից մեկը՝ նրա պատրաստակամությունը զորավիգ լինելու բոլոր կարոտյալներին, հարազատի պես տիրություն անելու գաղթականներին, հանդարտեցնելու ազգամիջյան բախումները եւ միջկուսակցական պայքարը, իր սուղ միջոցները տրամադրելու սկսնակ գրչակիցներին…
Հիրավի, կրքերը մեղմող եւ խաղաղություն տվող Համազգային Ժայռ էր մեծն Թումանյանը… Թեպետ Ժայռն ինքն էլ (իր իսկ խոստովանությամբ) կարոտ մնաց խաղաղ ու հանդարտավետ մի հանգրվանի, հոգսազերծ մի ժամանակաշրջանի, որ կարողանար ազատորեն տրվել ստեղծագործական վայելքին, անկաշկանդ արարեր իր եւ հարազատ ժողովրդի համար: Ավա˜ղ…
Բանաստեղծությունների առաջին ժողովածուն եւ հետագա հրապարակումները Հովհաննես Թումանյանին ճանաչում են բերում, նա թողնում է ատելի կոնսիստորիան՝ իր հոգեհան հինգ տարիներով, անցնում խմբագրական, հրատարակչական աշխատանքների (թեպետ այդպես էլ երբեք չի ազատվում նյութական հոգսերից): Միջավայրն էլ է փոխվում, եւ բանաստեղծն աստիճանաբար ձեռք է բերում վստահություն, գտնում իրեն գնահատող եւ նվիրված համախոհների ու ընկերների: Բայց եւ դարձյալ հույժ պերճախոս է այդ շրջանի նրա ինքնագնահատականը. «Այն շրջանում, ուր մուտք են գործում բանաստեղծություններս, մի տեսակ համակրանք եւ հարգանք եմ նկատում դեպի ինձ, բայց ես ինձ դեռ շատ անարժան եմ գտնում այս վերաբերումներին»:
Միեւնույն ժամանակ, հանճարին բնորոշ գերզգացողությամբ՝ Հովհաննես Թումանյանը ստույգ բնութագրել է մարդու եւ ստեղծագործողի իր տեսակի առանձնահատկությունը, երբ, թվում է, սոսկ գրական միջակությունների պարտադրած մի բանավեճի տրամաբանությամբ, սակայն իրականում որպես ճշմարիտ ինքնաբացահայտում, ասում է. «…Ես իսկի չեմ զարմանում, որ զարմացրել եմ ձեզ: Մենք հենց նրա համար ենք, որ զարմացնենք ձեզ ու ձեր նմաններին: Դուք էս պետք է վաղուց գիտենայիք, եւ եթե չեք իմացել, այժմ իմացեք»:
«Մենք»-ը, անտարակույս, Հովհաննես Թումանյանին հոգեհարազատ ստեղծագործական միջավայրն է, հայ երեւելի մտավորականների խումբը, այն մարդիկ, որոնք ոչ միայն առաջինը գիտակցեցին բանաստեղծի հանճարը, այլեւ իրենց դրվատանքով, քաջալերանքով, օժանդակությամբ հնարավորինս նպաստեցին նրա կայացմանը: Հիշենք ստեղծագործության (կարող ենք, թերեւս, ասել՝ «համաստեղծագործության») քուրա դարձած նշանավոր «Վերնատան» անդամներին՝ «վերնականներին», Հովհ. Թումանյանի հետ երկարատեւ կամ կարճատեւ շփում ունեցած բազում այն գրողներին, դերասաններին, նկարիչներին, ազգային գործիչներին, որոնցից ամեն մեկը լուսավոր հետք է թողել հայ մշակույթի մեջ՝ Ղազարոս Աղայան, Ավետիք Իսահակյան, Լեւոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Նիկոլ Աղբալյան, Պերճ Պռոշյան, Մուրացան, Լեո, Վահան Տերյան, Գեւորգ Բաշինջաղյան, Զորավար Անդրանիկ, Զապել Եսայան, Վրթանես Փափազյան եւ այլք: Նրանցից մի մասը բառացիորեն Թումանյանի ընտանիքի անդամ էր դարձել, շաբաթներով ապրում էր նրա տանը, իսկ Ավետիք Իսահակյանը Թումանյանի ամենափոքր դստեր՝ Թամարի կնքահայրն էր:
Մեր մեծ բանաստեղծի համար բախտորոշ եղավ կնոջ ընտրությունը. Օլգա Մաճկալյանը լավատես, համբերատար, տոկուն, ամուսնուն եւ զավակներին անսահմանորեն նվիրված մարդ էր, ամենակարեւորը՝ հրաշալի հասկանում էր, թե ի՛նչ ականավոր անհատի հետ է իրեն միացրել ճակատագիրը: Եվ չմոռանանք նաեւ նրա բացառիկ դերը Հովհ. Թումանյանի ժառանգության անկորուստ պահպանման, հատկապես Երեւանում Հովհաննես Թումանյանի թանգարանի կայացման գործում: Եվ, իհարկե, «մենք»-ը ներառում է բանաստեղծի բոլոր տասը երեխաներին՝ կիրթ, զարգացած, հայրենասեր, իրենց երեւելի հոր արժանի զավակներ. իսկ վերջինիս եւ միմյանց գրած նրանց նամակներից մեր առջեւ, ամեն ինչից զատ, հառնում է սիրող եւ սիրված, հոգատար եւ պահանջկոտ հայրը՝ որպես «հսկող աչք, սիրող ձեռք եւ գթառատ սիրտ» (Նվարդ Թումանյան):
Անտարակույս, շատերն են գնահատել Հովհաննես Թումանյանի տաղանդը, քիչ չեն եղել համակիրները, աջակիցներն ու հովանավորները: Բայց հանճարի կյանքը նաեւ անխուսափելիորեն տառապանքի ուղի է դառնում. Հովհ. Թումանյանի կյանքն այդ ցավալի օրինաչափության հերթական վկայությունն է: Իհարկե, մեծ գրողի մեղմ ու բարի ժպիտը, հանգիստ ու վստահություն ճառագող հայացքը, նրա կերտած գեղարվեստական աշխարհի լավատեսական պաթոսն առերեւույթ տպավորություն են ստեղծում բանաստեղծի անհոգ եւ անխոչընդոտ կյանքի, ստեղծագործելու բարենպաստ պայմանների:
Մինչդեռ ամբողջ կյանքում Հովհ. Թումանյանը միշտ նեղվել է նյութական անապահով վիճակից, միշտ երազել է մեկուսի եւ փոքրիշատե բարվոք պայմաններում իր տաղանդն առարկայացնելու, թղթին հանձնելու հնարավորություն ունենալու մասին: Բազմանդամ ընտանիքի կեցության վայելուչ ապահովումը, տասը զավակներին կրթելու խնդիրը, սեփական գրքերը տպագրության տալու համար անհրաժեշտ միջոցների հայթայթումը, պարբերաբար սրվող հիվանդություններն արդեն բավական էին Հովհ. Թումանյանի, ինչպես որ այդ շրջանի հայ շատ գրողների, լիարժեք աշխատանքը խաթարելու:
Բայց նա դեռ ժամանակ եւ եռանդ էր գտնում նաեւ գործուն մասնակցություն ունենալու հայության կյանքի բախտորոշ իրադարձություններին, ստանձնելու հանրային եւ գրական կազմակերպությունների գործունեության համակարգումը: Այդքան եռանդուն մտավորականը չէր կարող չհայտնվել ցարական պահնորդական ծառայությունների ուշադրության կենտրոնում, ուստի զարմանալի չէ, որ Հովհ. Թումանյանը երկու անգամ անհիմն բանտարկվում է, փաստորեն մեկ տարի զրկվում արարելու հնարավորությունից (իսկ Մետեխի բանտում, զգուշանալով հսկիչների վերահաս ստուգումից, հարկադրված ոչնչացնում է գրվածքները, ինչի մասին հետագայում ցավով էր հիշում):
«Հովհաննես Թումանյան» երեւույթը՝ մարդուն, բանաստեղծին եւ քաղաքացուն, լիարժեք հասկանալու համար պետք է տեսնել նաեւ նրա տառապանքի խորությունը, որ արտահայտված է նամակներում, երբ սրտակից ընկերներին վստահել է իր տարակուսանքը, երկմտությունը, ցավն ու մտահոգությունը: 1890 թ. կնոջն է հաղորդակից դարձրել իր խոր ընկճվածության, կենսական ծանրագույն ապրումների մասին. «Ես մի այնպիսի անմխիթար եւ տխուր տրամադրության տակ եմ, որ պատրաստ եմ ամեն րոպե առանց խղճալու ինձ եւ ուրիշների հետ վերջացնել կյանքի հաշիվը, այն կյանքի, որ չժպտաց իմ դիմաց, որի տմարդի եւ ստոր խաղերն ու միջոցները նպատակին հասնելու ինձ այնքան են զզվեցրել, որ ես ստիպված եմ բացականչել՝ մեռնել-քնել, հանգստանալ»:
Հուսահատությունը, ցանկալի հեռանկարի բացակայության ծնած տառապանքը, ընտանեկան փոքրիշատե բավարար պայմաններ ստեղծելու անզորությունը դեռ երկարատեւ են փակուղու առաջ կանգնեցնելու ամբողջ հոգով արարելուն ուղղված, բայց նյութական դաժան իրականությանը հարկադրաբար ենթարկվող բանաստեղծին: Ահա թե որքան պատկերավոր է նա վիճակը պատկերել 1891 թ. սրտակից ընկերոջը՝ Անուշավան Աբովյանին գրած նամակում. «Այնքան թախծահար եմ, որ եթե կարողանայի սրտիցս մի քանի խոսք հանել այս թղթի վերա քեզ հասցնելու, համոզված եմ, որ թուղթը կայրվեր»:
Եվ այդ կենսական թախիծը, մշտական տագնապը, ելքի որոնումները բնավ էլ զուտ անձնային ապրումների հետեւանք չեն: Հանրային եւ ազգային կյանքի առանձնահատկությունները, անհատի եւ ժողովրդի փոխհարաբերությունները, ստեղծագործող մարդու համարժեք գնահատման պակասը, ավելին՝ հարազատ միջավայրում չհասկացված եւ նույնիսկ հալածված լինելու ողբերգական վիճակը հենց սկզբից մտահոգել են Հովհաննես Թումանյանին: Եվ ահավասիկ ինչ է գրում 1903 թ. իր բարյացակամ հովանավորին՝ իշխանուհի Մարիամ Թումանյանին. «Ես ականատես եղա դեպքերի, որոնք դարձյալ հաստատեցին, թե շատ տարբեր բաներ են մտածող անհատն ու բազմությունը, ժողովուրդը, որ իր մեջ պարունակում է ամեն, ամեն բան, ավելի շատ խավար, քան պայծառ. բոլորովին տարբեր բաներ են, բայց իրար կապված ճակատագրական կապերով: Եվ մարդ երբեմն իրեն զգում է Գրիգոր Լուսավորչի դրության մեջ, Խոր Վիրապի անդունդի մեջ ընկած, շուրջը՝ օձեր ու կարիճներ»: Եվ, իհարկե, բոլորին օգնելու պատրաստակամ մարդու համար առավել ծանր է մարդկային ապերախտությունը, լավության փոխարեն վատությամբ վարվելու եղկելի արարքը. «Տարօրինակն այն էր, որ իմ դեմ վկայություն էին տվել մի հայ, որը իր կյանքով միայն ինձ է պարտական, եւ մի քանի թուրքեր, որոնց հետ թե ինչքան եմ լավ վարվել՝ իրենք են աղաղակում այժմ եւ աշխարհքը գիտի»:
Իսկ որքա˜ն են նրա կյանքը կերել, ժամանակը՝ խլել, առողջությունը՝ քայքայել տարատեսակ «քննադատները»՝ տգետ, նախանձ, մանրախնդիր գրչակները. այնքան որ նա հարկադրված է եղել գրիչ վերցնելու եւ այդ ոչնչություններին տեղը դնելու, որ չապականեն ազգի առողջ հոգին եւ մտածողությունը: Գաղտնիք չէ, որ այդպիսիք շատ ժրաջան են, զրպարտություններով լցնում են մամուլի էջերը, թունավորում հանրային կարծիքը, այն աստիճանի, որ առնվազն հարկադրում են հանիրավի մեղադրված մարդուն, Հովհ. Թումանյանի ձեւակերպմամբ, գոնե «ցույց տալու, թե անաղարտ գործելուց հետո էլ ինչքան դժվար է մաքուր անուն պահելը մեր միջավայրում»:
Եվ հասկանանք, թե ի˜նչ վիթխարի տաղանդ, անկոտրում ոգի, կենսունակ խառնվածք է ունեցել, որ հրաշալի իմանալով իրեն դավաճանած (մասնավորապես՝ իր դեմ ստահոդ ցուցմունքներ տված) մարդկանց նենգությունը, ապերախտությունը, կեղծավորությունը, այնուամենայնիվ, կարողացել է անգամ դրանց «տանել, ներել ու սիրել», իսկ ամենակարեւորը՝ կարողացել է պարգեւել մեզ անմահ պոեմներ, բալլադներ, բանաստեղծություններ, պատմվածքներ, հեքիաթներ…
Մեծ բանաստեղծից մեր ստացած ոչ պակաս արժեքավոր պարգեւ է սեփական կենսափիլիսոփայության այն հստակ ձեւակերպումը, որն այժմ էլ ամեն մեկիս կարող է ծառայել որպես կենսական վարքականոն. «Ինձ համար արդեն կյանքի մի անսասան օրենք կա-եղիր անկեղծ, շիտակ ու բարի, դու էլ զինվիր էս զենքերով, եւ նրանից հետո անպարտելի ու ապահով ես ամեն չարության եւ չարախոսության դեմ, որովհետեւ ամեն գործ հրապարակ է գալու, որ անկյունում էլ թաքնված լինի եւ ամեն ճանապարհ մի վերջ ունի, ու վերջն է գովելի»:
Հիրավի, Հովհաննես Թումանյանի պես անհատը չէր կարող ընկճվել ո՛չ իր դեմ գործած անարդարացի եւ հանցավոր արարքներից, ո՛չ էլ առհասարակ մարդկանց վարքագծի հոռի տարրերի գիտակցումից: Կնոջը 1912 թ. փետրվարին սանկտ-պետերբուրգյան բանտից գրած նամակը դրա վկայություններից մեկն է. «Էսպես է աշխարհքի բանը-լավությունն էլ է պատժվում-էն էլ ավելի շատ: Բան չկա. ամեն բանին վերջ կա, իսկ արդարությունը եւ անմեղությունը միշտ հաղթանակել են աշխարհքում ու պիտի հաղթանակեն. եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում: Դուք էլ հանգիստ կացեք»:
Թումանյան մարդու վեհանձնության ցայտուն վկայություն է այն խոսքը, որ պայմանականորեն ասած՝ նրա կտակն է: Ինչպես հայտնի է, 1922 թ. մարտի 7-ի երեկոյան նա գալիք վիրահատությանն ընդառաջ հավաքում է տնեցիներին եւ հայտնում վերջին ցանկությունները, մասնավորապես, ասում է. «Նախ, ինչ էլ պատահի ու լինի ինձ հետ, դուք ձեզ հասուն մարդու նման պահեցեք, խելոք ու զուսպ եղեք: Բժիշկների վերաբերմամբ, եթե նույնիսկ մի սխալ անեն ու նրանք պատճառ դառնան իմ կյանքի վերջին, ոչինչ չասեք, ոչինչ չանեք ու մեր լավ հարաբերությունները բոլորի հետ միշտ լավ պահեցեք: Տունը լինի միշտ համերաշխ, իրար հետ մոտ ու խաղաղ, սիրով եւ միշտ միասին, իրար օգնեցեք, հավասար նայեցեք, զիջող ու ներող եղեք: Տունը պահեցեք էնպես, ինչպես հիմա է. ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ: Տունը պահեցեք եւ իրար լավ նայեցեք….»:
Ցավալիորեն քիչ է ապրել Հովհաննես Թումանյանը, իր իսկ վկայությամբ՝ քիչ է հասցրել ստեղծագործել: Բայց աներկբա է մի բան՝ լիովին կատարել է այն, ինչը մեծ գրողին ի վերուստ սահմանված պարտականությունն է, կենսական եւ հանրային գլխավոր դերակատարումը. «Գրողը մնայուն, հավերժական գործեր պիտի տա՝ խիտ, խորը, ուժեղ»:
Հովհ. Թումանյանի կյանքն ու գործը ասվածի լավագույն հաստատումն են: Հանճարեղ հայի, հիրավի «մեծերի մեծի» (Պ. Սեւակ) կերտած աշխարհը հայոց մշակույթի կենսահաստատ էջերից մեկն է, հայկական աշխարհի հավերժական տարրը, հայոց կենսունակությունն ու հոգեւոր անպարտելիությունը սնուցող անմահ ակունքը:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ. գ. դ., պրոֆեսոր